Սուրբ Ծնունդի Պատգամ՝ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի
ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐ ԼԻՆԵՆՔ ՓՐԿՉԻ ՊԱՐԳԵՒԱԾ ՇՆՈՐՀՆԵՐՈՎ ՎԵՐԱՓՈԽՈՒԵԼՈՒ
«Խաւարի մէջ նստած ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. եւ լոյս ծագեց նրանց վրայ, որ նստում էին մահուան երկրի եւ ստուերների մէջ»։ (Մատթ. 4.16):
Սիրելի՛ հաւատաւոր ժողովուրդ,
Այսօր վերստին Սուրբ Ծննդեան հրեշտակաձայն աւետիսն է թեւածում մեր եկեղեցիներում, մեր ընտանիքներում: Միասնաբար փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, Ով ծնուեց եւ աշխարհ եկաւ մեր փրկութեան համար:
«Խաւարի մէջ նստած ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. եւ լոյս ծագեց նրանց վրայ, որ նստում էին մահուան երկրի եւ ստուերների մէջ»: Աւետարանիչը Աստուածորդու Ծնունդը համեմատում է լոյսի ծագման հետ:
Արդարեւ, «Խորհուրդ մեծ եւ սքանչելի»: Անժամանակն Աստուած անցաւոր աշխարհ եկաւ: Անծայրածիր տիեզերքը ստեղծողը պարփակուեց մարդկային մարմնում, երկնային գահին բազմողը` փոքրիկ ու աղքատիկ քարայրում: Ազգերը հրաւիրուեցին մեղքը թօթափելու, մահուան խաւարից ելնելու եւ յաւիտենութեան ժառանգորդ լինելու: «Աստուած մարդացաւ, որպէսզի մարդը աստուածանայ», ուսուցանում են Եկեղեցու Սուրբ հայրերը: Յիրաւի, Աստծոյ մարդանալը սկիզբն էր մարդու մաքրագործուելու, սրբագործուելու ու աստուածանալու:
Սիրելինե՛ր, Քրիստոսի ուղենշած այս ճանապարհից խոտորուելը աշխարհը դարձնում է անարդարութեան, թշուառութեան ու դժբախտութիւնների թատերաբեմ, ընկղմում մոլորութիւնների խաւարի մէջ, յանգեցնում անձնական ու հասարակական կեանքի խեղման, արժէքների աղաւաղման ու ոչնչացման, որոնց դրսեւորումները տեսնում ենք նաեւ մեր իրականութեան մէջ: Այսօր մեր կեանքում տկարանում են միմեանց հանդէպ հաւատն ու վստահութիւնը, որպէս քաջութիւն է ընկալւում անյարգալից ու անզուսպ պահուածքը, խօսքի ազատութիւնը հակադարձւում է այլակարծութեան անհանդուրժողութեամբ, բանավէճը` վերածւում վիրաւորանքների ու վարկաբեկումների, իսկ հանրային օգուտը, հայրենանպաստ եւ ազգանուէր ծառայութիւնը ստորադասւում անձնական եւ խմբակային նեղ շահերի:
Մեր Սուրբ Եկեղեցին շարունակում է ենթարկուել բռնաճնշումների: Այս իրավիճակը լուրջ հարուած է մեր ազգի ու պետութեան հեղինակութեանը եւ խորը վէրք` հասցուած համայնքներին ու հաւատացեալներին: Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողութիւնների` մեր Սուրբ Եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր ու անսասան է, հաւատարիմ իր տէրունաշնորհ կոչմանն ու առաքելութեանը: Հայոց Եկեղեցին սուրբ է ու սրբարար` հիմնադրուած մեր Տէր Յիսուս Քրիստոսի Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարդուղիմէոս առաքեալների քարոզչութեամբ որպէս «մարդկանց քաւարան, հրեշտակաց բնակարան եւ տուն Աստծոյ: Առաքելական մեր Մայր Եկեղեցին պատմութեան հոլովոյթներում ենթարկուել է բազում յարձակումների, անցել սոսկալի նեղութիւնների ու տառապանքների միջով, մարտիրոսուել ու նահատակուել, բայց երբեք յուսահատութեան գերի չի դարձել, քանզի գիտակցել է, որ ճշմարիտ ազատութիւնը եւ փրկութիւնը Քրիստոսին հնազանդուելու, Նրան ապաւինելու մէջ է: Քրիստոսով կեանքը լցւում է սիրով ու ողորմութեամբ, ազնուութեամբ ու արդարութեամբ: Քրիստոս Ճանապարհն է խաւարից դէպի լոյս, մեղքից դէպի սրբութիւն: Տէրը միշտ հաւատարիմ է` փրկելու խոտորումներից ու անկումներից մեղսակորոյս մարդուն, քանզի ինչպէս հռչակում է Եզեկիէլ մարգարէն, Աստուած չի տենչում մեղաւորի մահը, այլ նրա դառնալը չար ճանապարհից եւ ապրելը (18.23): Քրիստոսով մեր առջեւ բացւում է վերյառնումի, հաւատով նորոգութեան ուղին: Ըստ առաքեալների խօսքի` Փրկիչը մեր կենդանի Վէմն է, որ կարող է մեզ հաստատուն պահել (հմմտ. Ա. Պետ. 2.4, Հռ. 14.24) խռովայոյզ աշխարհի ալեկոծութիւններում: Աստուածորդու փրկարար զօրութեամբ է, որ նահանջում են հեծութիւն, մահ ու կործանում, եւ Փրկչի Սուրբ Ծննդեամբ լոյս է ծագում նրանց վրայ, որ նստում են մահուան երկրի եւ ստուերների մէջ:
Սիրելի՛ բարեպաշտ հաւատացեալներ, Սուրբ Ծննդեան հրեշտակաձայն աւետիսը եւ բեթղեհէմեան աստղի լոյսը այսօր էլ բոլոր մարդկանց ուղղուած հրաւէր են Աստծուն ապաւինութեամբ կեանքը վերափոխելու բարիով ու բարիքով, հաստատելու խաղաղութիւն աշխարհում եւ հաճութիւն մարդկանց մէջ: Երկնառաք այս պատգամին ունկնդիր` ապրենք ու գործենք Տիրոջ հետ` բոլոր բնագաւառներում մեր նախանձախնդիր ու ամբողջանուէր ծառայութեամբ, ի խնդիր անձնական, ընտանեկան ու հայրենական կեանքի ապահով ու բարօր ընթացքի: Վճռակամ լինենք հաստատուն պահելու օրինայարգութիւնը, մերժելու անիրաւութիւնն ու կամայականութիւնը, ատելութիւնն ու քինախնդրութիւնը, որոնք մեծապէս վնասում ու քայքայում են պետական ու ազգային մեր ներուժը: Մեր առջեւ բացուած է ճանապարհը դէպի Տէրը, դէպի երկնառաք պարգեւներ ու յաւիտենութիւն: Այդ ուղիով, տէրունական պատգամների իրագործումով է, որ մեր ժողովուրդը կյաղթահարի տառապանքների խաւարը, եւ, աւետարանչի խօսքի համաձայն, լոյս կծագի մեր կեանքում, մեր նեղութիւնների ու դժբախտութիւնների յաղթահարման ճանապարհին: Արդ, պարզասիրտ հովիւների ու իմաստուն մոգերի պէս անվարան երկրպագենք նորամանուկ Յիսուսին եւ մեր սրտերը բացենք մարդեղացեալ Աստուածորդուն ընդունելու համար: Նախանձախնդիր լինենք Փրկչի պարգեւած շնորհներով վերափոխուելու, որպէսզի ինչպէս Քրիստոս ծնուեց եւ դարձաւ մարդու Որդի, այդպէս էլ մենք ճշմարիտ ընթացքով լինենք Աստծոյ որդիներ` ըստ առաքեալի խօսքի. «Երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց Իր Որդուն…, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք» (Գաղ. 4.4-5): Հաւատարիմ մնանք Աստծուց մեզ ընծայուած այս մեծագոյն շնորհին եւ աստուածահաճոյ նորանոր իրագործումներով կերտենք մեր անվտանգ ու ապահով ներկան եւ սերունդների լուսաւոր գալիքը:
Սուրբ Ծննդեան բերկրալի աւետիսով Մեր ողջոյնն ենք յղում մեր Սուրբ Եկեղեցու Նուիրապետական աթոռների գահակալներին` ՆՍՕՏՏ Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսին, Երուսաղէմի Հայոց պատրիարք ամենապատիւ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք ամենապատիւ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանին: Ի Քրիստոս սիրով ողջունում ենք քոյր Եկեղեցիների Պետերին` հայցելով մարդեղացեալ Փրկչի զօրակցութիւնը իրենց աստուածապատուէր առաքելութեան մէջ: Հայրապետական Մեր օրհնութիւնն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգեւոր դասին եւ համայն հաւատաւոր մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփիւռս:
Սուրբ Ծննդեան եւ Աստուածայայտնութեան յուսառատ այս օրը աղօթք բարձրացնենք առ Փրկիչ մեր Տէրը` խնդրանքով, որ խաղաղութիւնը թեւածի ողջ աշխարհում, հայրենի մեր եզերքներում, եւ ապահովութեան ու շէնութեան մէջ հզօրանայ մեր պետութիւնը, բարօրութեան մէջ յարատեւի մեր ժողովուրդը: Հայց վերառաքենք հայրենազրկուած արցախահայ մեր զաւակների տոկունութեան ու ոգու ամրութեան եւ նրանց ոտնահարուած իրաւունքների վերականգման համար: Աղօթենք հայրենեաց պաշտպան զինուորականների, հայրենիքի համար զոհուած մեր քաջորդիների հոգիների հանգստութեան եւ նրանց ծնողների ու հարազատների մխիթարութեան համար: Աղօթենք ապօրինաբար ազատազրկուած հոգեւորականների, ազգային բարերարի ու նուիրեալ հայորդիների, այլեւ գերության մէջ գտնուող եւ անյայտ կորած մեր զաւակների համար: Թող Բարձրեալի Սուրբ Աջի պահպանութեան ներքոյ մեր կեանքը լուսաւորեալ մնայ աստուածային ներկայութեամբ, զարդարուի հաւատաւոր բարի գործերով, եւ մենք գոհութեամբ փառաբանենք մարդեղացեալ Փրկիչ մեր Տիրոջը այսօր եւ միշտ եւ յաւիտեանս. ամէն:
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:
ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ
6 Յունուար 2026
Էջմիածին

