«ՀԵՏՔ»
«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքեանը
3 փետրուար 2023
Հարցազրոյցը Վարեց՝ Մարինէ Մարտիրոսեան
Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան
Դիւանագէտ. «Տարածաշրջանն այժմ մօտենում է կոնֆլիկտայնութեան (բախման- ՅՄ) բարձրակէտին եւ կը մնայ այդ վիճակում, թերեւս, 2-3 տարի»:
Հ – Պարոն Մելիքեան, Փետրուարի 2-ին, ՌԴ (Ռուսիոյ Դաշնութեան – ՅՄ) արտգործնախարար Սերգէյ Լաւրովի յայտարարած միտքը , թէ Ատրպէյճանը 44-օրուայ պատերազմում վերադարձրել է Հայաստանի կողմից օկուպացուած (գրաւուած – ՅՄ) 7 շրջանները, ակտիվօրէն (աշխոյժօրէն – ՅՄ) սկսեց քննարկուել սոցհարթակներում (ընկերային հարթակներում…..ՅՄ): Մոսկուան առաջին անգամ չէ նման ձեւակերպումներով հանդէս գալիս: Ինչո՞ւ հենց այս փուլում հնչեց այդ յայտարարութիւնը, երբ, կարծես հայ-ռուսական յարաբերութիւններում զգալի լարուածութիւն կայ:
Պ – Այս հարցի միանշանակ պատասխան չունեմ: Ենթադրելի է, որ ռուսական կողմը պաշտօնական Երեւանի քաղաքական պահուածքի հետ կապուած ինչ-ինչ դժգոհութիւններ ունի, որոնք էլ տարբեր ձեւերով հրապարակայնացնում է:
Երկկողմ յարաբերութիւնների սրման այս վերջին փուլի մեկնարկի առիթը եղաւ, հաւանաբար, Երեւանում կայացած ՀԱՊԿ (Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութիւն – ՅՄ ) համաժողովում Հայաստանի Հանրապետութեան տարածք Ատրպէյճանի ներխուժմանը քաղաքական գնահատական տալու անդամ-պետութիւնների մերժումն ու, ի պատասխան դրան, պաշտօնական Երեւանի կողմից այս հարցին նուիրուած փաստաթուղթը չստորագրելը: Դրանից օրեր անց սկսուեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակումը, որով պատանդառուեցին Արցախի տասնեակ հազարաւոր մեր հայրենակիցները: Պաշտօնական Երեւանը հրաժարուեց մասնակցել նաեւ Մոսկուայի հրաւէրով կազմակերպուելիք Հայաստանի ու Ատրպէյճանի արտգործնախարարների հանդիպմանը:
Տեսնում ենք, որ երկկողմ յարաբերութիւններում ճգնաժամը գնալով սրւում է, իսկ Արցախցի մեր հայրենակիցները դարձուել են իրավիճակի պատանդն ու տարաբնոյթ զրկանքների են ենթարկւում:
Հ-Ըստ ձեզ՝ դէպի ո՞ւր են գնում հայ-ռուսական յարաբերութիւններն այս ընթացքի պարագայում: Ի՞նչ է շահում եւ կորսնցնում Հայաստանը ներկայ վիճակում:
Պ- Սա իշխող վերնախաւերի միջեւ առերեւոյթ առճակատման դրսեւորում է, որն, իմ կարծիքով, ունի նաեւ անձնաւորուած նրբերանքներ: Այս իրավիճակում տեսանելիօրէն աւելացել է զուտ ֆիզիքական ճնշումը յատկապէս Արցախի նկատմամբ, որը ՀՀ իշխանութիւնների համար կերպափոխւում է ներպետական լարուածութեան աճով զուգորդուող քաղաքական ճնշման:
Հ- Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Ատրպէյճանն անդրդրուելի է միջազգային հանրութեան կոչերին ու յորդորներին, իսկ Հայաստանի քայլերն առայժմ շօշափելի գործնական արդիւնք չեն տուել: Ունե՞նք կանխատեսելի սցենար (ուրուագիծ -ՅՄ) , թէ որքան երկար է տեւելու այդ հումանիրար (մարդկայնական-ՅՄ) ճգնաժամն Արցախում, ինչպէ՞ս կամ ի՞նչ ուժերի միջնորդութեամբ հնարաւոր կը դառնայ ճանապարհի բացումը:
Պ- Չեմ տիրապետում ՀՀ, ՌԴ իշխանութիւնների ու պաշտօնական Ստեփանակերտի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցող շփումների մանրամասներին, բովանդակութեանը , ուստի այս շրջանակով իրավիճակի հանգուցալուծման իրատեսական տարբերակ այս պահին չունեմ: Այլ հարց է, որ տարածաշրջանում կարող են նոր զարգացումներ տեղի ունենալ, որոնք եւ խթան կը դառնան նաեւ Արցախի շուրջ զարգացումների որակական փոփոխութիւնների համար:
Հ- Պարոն Մելքոնեան, օրեր առաջ սոցցանցի (համացանցի -ՅՄ) ձեր էջում գրել էք, որ Իրանի շուրջ ծաւալուող իրադարձութիւնների ընթացքից կախուած կը լինի Էրտողանի՝ Թուրքիայի նախագահի պաշտօնում մնալ-չմնալու հարցը: Սրանից էլ կախուած կը լինի, ըստ ձեր գրառման, ալիեւեան կլանի (տոհմի – ՅՄ) ճակատագիրը: Ձեր խօսքով՝ Էրտողանի հեռացմամբ հնարաւոր կը դառնան այլ կաեւորագոյն զարգացումներ: Ի՞նչ նկատի ունէք, կարո՞ղ էք փոքր -ինչ մանրամասնել:
Պ- Այս հարցի հետ կապուած այժմ լրացուցիչ դիտարկումներն հրապարակելն օգտակար չեմ համարում: Գրառման նպատակն այն էր, որ ցոյց տրուի Իրանում տեղի ունեցող իրադարձութիւնների եւ Իրանի դէմ նախաձեռնուող գործողութիւնների արդիւնքում առաջանալիք շղթայական ռէակցիայի (հակազդեցութեան – ՅՄ) կարեւորութիւնը: Կ’աւելացնեմ միայն, որ հաւանական այդ զարգացումները նաեւ Ռուսաստանի համար են ճակատագրական հետեւանքներ հարուցելու:
Հ- Ձեր կարծիքով՝ տարածաշրջանում արդեօք նոր սրացումներ կը տեսնե՞նք առաջիկայում:
Պ- Կարծում եմ, որ սրացումներ լինելու են, եւ անգամ մի քանի մասնակիցներով լայնածաւալ պատերազմի հաւանականութիւնն է բաւականին բարձր: Տարածաշրջանն այժմ մօտենում է կոնֆլիկտայնութեան (բախման – ՅՄ) բարձրակէտին եւ կը մնայ այդ վիճակում, թերեւս, 2-3 տարի: