Որպէս Սկիզբ Ազատուել Ապազգային Իշխանութիւնից

0 0
Read Time:5 Minute, 24 Second

«Դրօշակ»-ի Առաջնորդող Յօդուած
Թիւ 12 (1646), Դեկտեմբեր 2020
Ներկայ իրականութիւնը մերժում է այն պատմագիտական տեսակէտը, ըստ որի` անհատների դերը վճռորոշ չէ պատմական գործընթացներում: Եթէ այսօրուայ եւ 100-102 տարի առաջուայ հայաստանեան իրականութիւնը զուգահեռենք, ապա ակնյայտ կը դառնայ, որ մի դէպքում դարերով պետականազուրկ երկրի մի սերունդ, ցեղասպանուած ազգի մէջ ոգի ներարկելով, կարողացել է պետականութիւն կերտել, իսկ միւս դէպքում, հարիւրամեայ պետականութեան ու ինքնազարգացման ճանապարհ անցած նոյն ժողովրդի մի զգալի զանգուածի մէջ բացասական կրքեր գրգռելով, ապազգային եւ օտարասուն տարրը կարողացել է յաղթանակած ու կայուն պետութիւնը տանել կործանման: Այս մասին գրում ենք` բոլորովին հեռու լինելով կուսակցական քարոզչութիւնից եւ արձանագրելով ողբերգական իրականութիւնը: Նոյն այս տարրը` ի դէմս իր առաջնորդի, նեղ անձնական շահերով առաջնորդուելով, ամէն օր իր հայրենիքին յաւելեալ կորուստներ է պատճառում, խարխլում է նաեւ ապագայի հիմքերը` շարունակելով կառչած մնալ իշխանութիւնից: Առաջնորդ Նիկոլ Փաշինեանը նման է այն խեղդուողին, որը, հրաշալիօրէն գիտակցելով իր վիճակը,կառչում է ինչ-որ մէկի ոտքերից եւ իր հետ ջրասոյզ անում վերջինիս, միայն թէ տուեալ դէպքում այդ ինչ-որ մէկը անձ չէ, այլ ամբողջ Հայաստանը:
Որքան էլ որ անհեթեթ թուայ, ժողովրդի առջեւ այսօր ծառացած հիմնահարցը երկիրը մասնատած ու ամէն օր նոր բնագծեր խլող ոսոխը չէ, այլ հէնց դաւաճան ղեկավարը, առանց որի հեռացման` անհնար է նախաձեռնել հակաքայլեր, կանգնեցնել նահանջն ու կորուստները եւ կազմակերպել ազգն ու պետութիւնը` քաղաքական եւ այլ ճակատներում դիմակայելու համար:
Քաղաքական ու բարոյական առումներով սպառուած, կառավարելու հնարաւորութիւնները կորցրած, թշնամիների կողմից ծաղրի ենթարկուող, օտարների ու իւրայինների համար անընդունելի իշխանութիւնը ունակ չէ լուծում տալու ո՛չ ներքին եւ ո՛չ էլ արտաքին մարտահրաւէրներին: Ինչպէս նոյն օրը հաղորդել է «Mediaport» տելեգրամային ալիքը, Անվտանգութեան խորհրդի` Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Փաշինեանն ասել է, թէ դիրքերի փոփոխութիւն է եղել, այժմ ազերիներն աւելի ուժեղ են, հետեւաբար ստիպուած պէտք է համակերպուել այդ վիճակին:
Պատերազմում պարտուած ղեկավարը, կաշկանդուած լինելով հոգեբանօրէն եւ գուցէ այլ առումներով, համակերպուել է, որ թշնամին շարունակելու է գրաւել նորանոր գիւղեր, Հայաստանի սահմանների` ռազմավարական նշանակութեան բարձունքներ, դիրքեր, ճանապարհներ` ընդհուպ մխրճուելով հայկական քաղաքների ու գիւղերի տարածքներ եւ ուժով պարտադրելով իր առջեւ մենակ մնացած տեղացիներին զիջել հայկական բնագծերը, եւ ադրբեջանցի զինուորները ազատօրէն շրջելու են հայկական սահմանային բնակավայրերում, երբ հայկական կողմը դժուարութեամբ է կարողանում վերադարձնել իր գերիներին ու նահատակների մարմինները, իսկ հայ ժողովուրդը պէտք է ոտնահարուած արժանապատուութեամբ համակերպուի այս ամէնի հետ: Ծնկի բերուած ղեկավարը պարտադրում է ողջ երկրին ծնկի գալ թշնամու առաջ` միաժամանակ ճակատագրական պահին հրաժարուելով կարեւոր պարտականութիւնների կատարումից եւ այդ գործն ամբողջութեամբ թողնելով ռուսական իշխանութիւնների ու զինուորականութեան բարի կամքին: Միւս կողմից`միառժամանակ Հայաստանի իշխանութեան ղեկը ձեռքում պահելը բխում է Նոյեմբերի 9-ին կնքուած պայմանագրով շահագրգիռ ուժերից: Վերջիններիս համար լրիւ կանխատեսելի է իրենց ձեռնածուն դարձած անկամ ու յանձնուած առաջնորդը, որի ձգձգուող իշխանութեան պայմաններում հնարաւոր է դարձել ստանալ այն, ինչ նշուած է հապճեպ կազմուած կապիտուլեացիոն ակտում, եւ զիջումներ, որոնք չկան այդ փաստաթղթում ու անհասկանալի են մնում հայ ժողովրդի համար: Այսինքն` յեղյեղուկ փաստաթղթի կամ գուցէ եւ դրա` մեզ համար անյայտ յաւելուածների պայմաններում թրքական առաջխաղացումը շարունակւում է, եւ, միւս կողմից, թշնամին բացայայտօրէն խօսում է Զանգեզուրի նկատմամբ իր յաւակնութիւնների մասին: Ակնյայտ է, որ չէզոք գօտու եւ սահմանային միջանցքների վերացման, անկատար ու անյստակ հաշտութեան յայտարարութեան պայմաններում խիստ մեծացել է գալիք փոքր եւ մեծ բախումների հաւանականութիւնը:
Կարծես թէ ճիշտ պահն է` յիշելու նաեւ Լեւոն Տէր-Պետրոսեանի գլխաւորութեամբ հայ իրականութեան մէջ զարգացուող այն տեսակէտը, ըստ որի` հայկական կողմն է իր ագրեսիւ քաղաքականութեամբ խաթարել հայ-ատրպէյճանական ու հայ-թրքական բարիդրացիական յարաբերութիւնների հաստատման հնարաւորութիւնը, եւ ազատագրուած տարածքների զիջումը պէտք է հնարաւորութիւն ստեղծի այդ յարաբերութիւնների բարելաւման համար: Ինչպէս տեսնում ենք, ազատագրուած տարածքների ետգրաւումը, Արցախի կէսի ու Շուշիի բարձունքի ձեռքբերումը, ինչպէս եւ Մեղրիի միջանցքը ստանալու դարաւոր երազանքի իրականացումը աւելի են գրգռել ազերիների ու թուրքերի ախորժակը` տեսանելի դարձնելով պանթուրքական եւ փանթուրանական ծրագրերի կենսագործման հնարաւորութիւնը: Այս էլ որ քանիերորդ անգամ ակնյայտ է դառնում, որ թուրքազերիների թրքական հաշուարկները քիչ առնչութիւններ ուզեն թուրքերի սեփական հաշուարկների հետ, սակայն սա մէկ այլ ծաւալուն խօսակցութեան թեմա է:
Թուրքերն ու ազերիները գործում են արագ ու ագրեսիւ` փորձելով առաւելագոյնս նպաստաւոր պայմաններ ստեղծել թէ՛ Հայաստանի հետ յետագայ յարաբերութիւնների եւ թէ՛ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական առումներով: Թուրքիան իրեն հաւատարիմ ծայրայեղական իսլամիստներով բնակեցնում է Ատրպէյճանին անցած մերձարաքսեան եւ Իրանին հարող սահմանագիծը: Կասկած չկայ, որ այս տարրը վաղը անկայունութեան ու սադրանքների մշտական գործօն է դառնալու Հայաստանի ինչպէս եւ Իրանի համար: Շատ հաւանական է, որ այս հարցում ատրպէյճանա-թրքական տանդեմին լաւ գործակից կարող է դառնալ նաեւ Իսրայէլը: Միւս կողմից` ահաբեկչական այս նիզակի հակառակ ծայրն ուղղուելու է դէպի արեւելք` բացելու դէպի Կեդրոնական Ասիա տանող թրքական մեծ երազանքի ճանապարհը, ինչպէս եւ թափանցելու Ռուսաստանի մուսուլմանաբնակ եւ ոչ միայն մուսուլմանաբնակ հարաւային գօտի: Այս տարածքներում ռուս-թրքական կոշտ մրցակցութիւնը ոչ հեռաւոր ապագայում սրուելու է ոչ միայն տարածքային ազդեցութիւնն ուժեղացնելու, այլեւ այդ տարածքներով անցնող էներգակիրների գծերի վրայ գերիշխանութիւն հաստատելու համար:
Ռուս խաղաղապահների` տարածաշրջան մուտք գործելու համար անհրաժեշտ եղաւ, որ ազերիական կողմը` բաւարարուած, իսկ հայկական կողմը պարտադրուած լինէր` ընդունելու նրանց ներկայութիւնը: Այդ սահմանագիծը Շուշին էր` Արցախի իրական տէրը լինելու համար անհրաժեշտ ռազմավարական բարձունքը: Աւելին` հայկական շահերի գիտակցումից հեռու եւ ինչ-ինչ գործարքների մէջ խրուած հայաստանեան իշխանութիւնները որպէս վրադիր զիջեցին նաեւ հակամարտութեան հետ առնչութիւն չունեցող Մեղրիի միջանցքն ու չնախատեսուած առաւելագոյնը ԵԱՀԿ փաստաթղթերում տասնամեակներով արձանագրուած նախնական պայմանաւորուածութիւններից:
Ռուսաստանն առայժմ հասել է իր ցանկութիւնների առաջին հանգրուանին, այն է` ոտքատեղ է ձեռք բերել Արցախում եւ այժմ ռազմականօրէն արագ հաստատւում է այնտեղ: Ակնյայտ է, որ ոչ երկար ժամանակ անց հայաբնակ մնացած Արցախում աճելու է նաեւ Ռուսաստանի քաղաքական ազդեցութիւնը: Այսքանը բաւարար կը լինի՞ Ռուսաստանին` դիմակայելու էրտողանական Թուրքիոյ եւ թրքապատկան դարձող ու ռուսական ազդեցութիւնը դանդաղօրէն թօթափող Ատրպէյճանին: Թւում է, որ ոչ. ազատ շարժումներ անելու համար արցախեան ներկայիս միջանցքը շատ նեղ է: Միւս կողմից, ինչպէս ասուեց, իշխելու է նա, որ իրական տէրը կը լինի Շուշիի եւ գուցէ դրան յարակից տարածքների: Ռուս խաղաղապահները վաղը կարո՞ղ են յայտնուել Շուշիում, եւ ենթադրենք` Շուշին դառնա, այսպէս ասած, տարբեր ժողովուրդների համակեցութեան օրինակ: Աշխարհաքաղաքական առումով Ի՞նչ է սպասւում Հայաստանն ու Արցախը ներառող այս տարածաշրջանում տեսանելի ապագայում: Անշուշտ, հարցը մեզ հետաքրքրում է մեր շահերի տեսանկիւնից, եւ այս առումով քիչ չեն նաեւ մտահոգութիւնների տեղիք տուող վարկածները. Հայաստանը ապագայի մեծ հաշիւներում հանդէս է գալու որպէս օպյե՞կտ (առարկայ, խմբ․) , թէ՞ սուպյեկտ (ենթակայ, խմբ․):
Սեփական բախտի ղեկը իր ձեռքով եւ իր ուզած ուղղութեամբ Հայաստանը կը կարողանայ թեքել միայն համարժէք ուժ ունենալու դէպքում: Առայժմ նրա ունեցած նուազ ուժն էլ է ջլատւում: Առայժմ նրան ցանկանում են ներքաշել ոչ պակաս վտանգաւոր արկածախնդրութիւնների մէջ, ինչպիսիք են, օրինակ, ծնկած վիճակում Ատրպէյճանի ու Թուրքիոյ հետ յարաբերութիւնների հաստատման եւ համագործակցութեան պայմանագրերի կնքումը, առեւտրային յարաբերութիւնների հաստատումը եւ այլն: Յիշենք, որ երբ անցած դարի 90-ականներին յարաբերութիւնների հաստատման խաղ էր նախաձեռնում Լեւոն Տէր-Պետրոսեանը, նրա առջեւ դրուեցին հայ-թրքական սահմանը ճանաչելու, ցեղասպանութեան հարցից հրաժարուելու եւ այլ նախապայմաններ: Նոյնը տեղի ունեցաւ նաեւ Սերժ Սարգսեանի նախագահութեան օրերին: Այս հարցում յուշող հանգամանք կը դառնան նաեւ Մոսկուայի ու Կարսի պայմանագրերի կնքման 100-րդ տարելիցները: Եւ այս ճակատագրական մարտահրաւէրների պայմաններում հայ ժողովրդին ներկայացնում է նրա շահերի հաշուին առեւտուր անելու պատրաստակամ ապազգային իշխանութիւնը: Որպէս սկզբնական քայլ` առաջնահերթութիւն է այս աղէտաբեր իշխանութիւններից ազատուելու

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles