Սրբոց Նահատակաց Հայց. եկեղեցին միակն է Արեւելեան ափին Միացեալ Նահանգների մէջ, որ կրում է Նահատակների անունը, որտեղ Ապրիլի 13-ին կազմակերպուեց Յուշահամերգ` նուիրուած Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին:
Համերգից առաջ բացման խօսք ասաց Սրբոց Նահատակաց ամէնօրեայ վարժարանի աշակերտուհի Տանիէլա Աջապահեանը անգլերէն լեզուով, իսկ Նիքոլ Մառքը` Հայերէն: Համերգի ծրագիրը բացուեց Կոմիտասի “Գարուն ա“ ստեղծագործութիւնով, որը ջութակի վրայ կատարեց վարժարանի շրջանաւարտ աշակետուհի` Նիքոլ Մարքը, դաշնակի ընկերակցութեամբ շրջանաւարտ` Արթիւր Իբէքի:
Տիգրան Մանսուրեանի “Նոստալկիա“ն վարպետութեամբ կատարեց ամերիկահայ ճանաչուած դաշնակահարուհի Թանիա Գաբրիէլեանը: Այնուհետեւ հարթակը տրամադրուեց “Զուարթնոց“ լարային կուարտետին, որի կազմում ընդգրկուած էին` Սիսի Պանտիկեանը (առաջին ջութակ ), Նիկիտա Մորոզովը (երկրորդ ջութակ), Ալեքսանդր Նազարեանը (Վիոլա) եւԴաւիթ Պագամճեանը (թաւջութակ): Մասնագիտական սքանչելի կատարողութեամբ հանդիսատեսին բացառիկ վայելքի պահեր ստեղծեցին ներկաներին յաջորդաբար հրամցնելով Եդուարդ Միրզոյեանի եւ Տվորիաքի ստեղծագործութիւններից:
Համերգի Պատուաւոր հիւրն էր` Մեծ Եղեռնէն վերապրած 101 տարեկան Արշալոյս-Շառլոտա Քեչիճեանը, որին ներկաները ընդունեցին երկարատեւ ծափահարութիւններով:
Յայտագրի աւարտին Արթիւր Իբէք արտասանեց Ժագ Յակոբեանին “Ներկա՛յ“ բանաստեղծութիւնը:
“Այսօր բախտ ունեցանք կազմակերպելու մի սքանչելի ձեռնարկ, որն իր բնոյթով թերեւս տխուր է բայց իր էութեամբ ուրախալի: Ցեղասպանութեան հետեւանքով մենք ունեցանք 1,5 միլիոն անմեղ զոհեր, բայց մենք այսօր կանք եւ պէտք է մնանք ու շարունակենք մեր գործունէութիւնն ու ծառայութիւնը` յաւերժացնելու նրանց յիշատակը: Ինչպէս գիտէք այսօրուայ ձեռնարկը կազմակերպել էր Սրբոց Նահատակաց Հայց. եկեղեցին եւ երեք դպրոցների` ամենօրեայ վարժարանի, կիրակնօրեայ դպրոցի եւ շաբաթօրեայ հայոց լեզուի դպրոցների միասնական կազմակերպութեամբ:
“Մենք կարողացանք միասին, թեմիս դպրոցականների եւ նաեւ պրոֆեսիոնալ երաժիշտների մասնակցութեամբ կազմակերպել եւ հայ համայնքին ներկայացնել այսօրուայ ձեռնարկը, որը կայացաւ Նիւ Եորքի մէջ եւ կրում է Սուրբ Նահատակների անունը` յաւերժացնելով 1915 թուականի զոհերի յիշատակը“, – ասաց եկեղեցուոյ հովիւ Արժանապատիւ Տէր Աբրահամ քահանայ Մալխասեանը եւ մասնաւորաբար շնորհակալութիւն յայտնեց ձեռնարկին կազմակերպիչ Յանձնախումբին բոլոր անդամներուն, եւ յատկապէս` Լին Ճէմիին եւ Զարմինէ Պօղոսեանին:
Համերգի աւարտին ներկաները հրաւիրուեցան Գալուստեան Սրահ ուր ներկաներին սպասում էր տպաւորիչ մի նկարչական ցուցահանդէս` երեք վարժարանների բարձր դասարանների աշակերտների աւելի քան երեսուն գործերից բաղկացած, որոնք բոլորն ալ նուիրուած էին մեր Նահատակներուն:
Յանձնախումբը չէր մոռացել նաեւ համեղ ու ճոխ ուտելիքներով եւ ըմպելիներով լի կոկիկ սեղանով մը հիւրասիրել ներկաներին:
Լուսանկարները` հեղինակի
ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ