Գողացուած Ընտրութիւններ, Չաւարտուած Գործընթացներ

«Դրօշակ» թիւ 6, 2026
Առաջնորդող Յօդուած
Հայաստանի 2026 թուականի խորհրդարանական ընտրութիւնները շատերն էին բնորոշում որպէս երկրի ապագայի համար ճակատագրական: Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցութիւնը մարմնաւորող Նիկոլ Փաշինեանի համար նոյնպէս գործընթացը ճակատագրական էր, բայց ոչ թէ ժողովրդի ու պետութեան հեռանկարի, այլ` իր անձի համար: Բոլորին ակնյայտ էր, որ իշխանութեան ընձեռած անպատժելիութեան դիմադրողականութիւնը կորցնելու պարագայում Նիկոլ Փաշինեանն անխուսափելիօրէն յայտնուելու է պատասխանատուութեան առջեւ` Արցախի, Հայաստանի եւ հայութեան դէմ կատարած իր բազում յանցագործութիւնների համար: Այդ իսկ պատճառով շատերը նաեւ կանխատեսում էին, որ օրինական ընտրութիւնների ճանապարհով Նիկոլը երբեք չի զիջի իշխանութիւնը:
Երբ բուն ընտրութիւնների նախօրեակին ՔՊ-ի արբանեակ Հանրապետութիւն կուսակցութիւնը Կեդրոնական ընտրական յանձնաժողովին հայց ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» դաշինքին գրանցումից զրկելու կամ այդ հարցով դատարան դիմելու խնդրով, հանրութեանը թուաց, թէ դա հէնց այն միջոցն է, որով Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը պէտք է անօրինականօրէն կանխի գալիք ընտրութիւնների արդիւնքում ընդդիմութեան յաղթանակի հնարաւորութիւնը:
Նշենք նաեւ, որ Արամ Սարգսեանի գլխաւորած կուսակցութիւնը տուեալ հայցը ներկայացրեց այն բանից յետոյ, երբ դրանից ընդամէնը մի քանի ժամ առաջ, հեռուստաբանավէճի ժամանակ, վարչապետ Փաշինեանը հրապարակաւ յորդորել էր գնալու այդ քայլին: Բարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր ուժին մրցապայքարից դուրս դնելու համար հիմքերը, սակայն, այնքան զրոյական էին, որ իշխանութեանն ամբողջովին ենթակայ ԿԸՅ-ն մերժեց «Հանրապետութեան» այդ պահանջը: Որ տուեալ որոշումը կայացուել էր ԿԸՅ-ի համապատասխան նիստից առաջ, ակնյայտ էր թէկուզ այն գրաւոր ծաւալուն եզրակացութիւնից, որը հաստատ չէր կարող գրուել որոշման կայացման համար յայտարարուած կէսժամեայ ընդմիջման ժամանակ:
Եթէ ընտրութեան արդիւնքներն աղաւաղելու կամ փոփոխելու սադրիչ ջանքերը ծրագրուէին պարտուած ընտրութիւններին յաջորդող օրերի համար, սա եւս կը դիտուէր ոչ հիմնաւոր, եւ Նիկոլ Փաշինեանն այդ բանն արեց ուղղակիօրէն ընտրութիւնների արդիւնքները հաշուելու գիշերը, երբ ընտրական տեղամասերում հաշուել էին քուէարկութիւնների արդիւնքների 10 տոկոսից քիչ աւելին: Նիկոլ Փաշինեանը հրապարակաւ պարտադրեց իր «յաղթանակ»-ը` այդպիսով կանխելով հնարաւոր անցանկալի զարգացումները եւ փրկարար փոփոխութիւնների հարցում հանրութեան ու քաղաքական ուժերի սպասումները:
Աս ելոյթից յետոյ դադարեցուեցին ուղիղ եթերով արդիւնքների հաշուարկի ցուցադրումը եւ դրան զուգահեռ` ընդհանուր արդիւնքների փոփոխուող պատկերի հրապարակումները: Ժողովուրդը համոզուեց նաեւ, որ Եւրոմիութեան առաջնորդների հրապարակային ու գործնական պաշտպանութիւնից յետոյ Նիկոլ Փաշինեանը չի խորշում ընտրական գործընթացում դիմելու ամենաաղաղակող ու յանցաւոր քայլերի: Հայաստանը փոքր երկիր է, եւ տեղի ունեցող գործընթացները տեսանելի ու լսելի են ոչ միայն Նիկոլին ծառայող Ազգային անվտանգութեան ծառայութեան, այլ պետական ծառայութիւնների ու մարմինների, այլեւ հանրութեան համար: Մինչ այդ ժողովրդի շրջանում շրջանառւում էին զանազան ընտրախախտումների, այդ թւում` ՔՊ-ի շտաբների կողմից ընտրակաշառքի բաժանման, ինչպէս նաեւ ընտրութեան օրը տեղական իշխանութիւնների կողմից օգնութիւնների կամ այլ անուանումների ներքոյ գումարների բաժանման մասին խօսակցութիւններ: Այն փաստերը, որոնք այս յօդուածը գրելու պահին ընդդիմութիւնը ներկայացնում է Սահմանադրական դատարանում, կարծում ենք, բաւարար են տեղի ունեցած ընտրութիւնների արդիւնքներն ամբողջութեամբ չեղարկելու եւ նոր ընտրութիւններ նշանակելու համար:
Աւելի՛ն. եթէ նոյնիսկ նկատի ունենանք պաշտօնական նախընտրական քարոզարշաւից շատ առաջ ՔՊ առաջնորդի հրապարակայնօրէն նախաձեռնած մի շարք նախընտրական գործընթացները, ապա կասկած պէտք չէ մնայ, որ օրէնքի գերակայութեամբ առաջնորդուող ցանկացած երկրում նման գործողութիւնները եւ դրանց պատճառով ստացուած արդիւնքները չէին կարող օրինական համարուել: Չէին կարող իւրատեսակ ընտրակաշառք չորակուել` ընտրութիւնների անմիջապէս նախօրեակին պարտադիր զինուորական ծառայութեան կրճատումը մէկ քառորդով, կենսաթոշակների բարձրացումն ու կենսաթոշակառուների համար պարտադիր բժշկական ապահովագրութեան հաստատումը:
Չէին կարող խնդիր չառաջացնել ՔՊ-ի այն հսկայական նախընտրական ծախսերը, որոնց մեծ մասն իրականացուել էր պետական պիւտճէից: Ընդ որում, ինչպէս իրաւաբանները փաստեցին Սահմանադրական դատարանում, պիւտճէից կատարուած խոշոր ծախսերը հիմնականում ձեւակերպուել են ակնյայտ ցածր գներով: Ի դէպ, անյայտ մնաց նաեւ, թէ ինչի՛ վրայ է ծախսուել այն 12 միլիոն եւրօ գումարը, որը Եւրոպական Միութիւնը Հայաստանին յատկացրել էր ընտրութիւններին ընդառաջ, այսպէս կոչուած, հիպրիտային սպառնալիքներին դիմակայելու, կիպեռանվտանգութիւնը բարձրացնելու եւ ապատեղեկատուութեան դէմ պայքարելու նպատակով: Եւ սա, ի հարկէ, միակ նախաձեռնութիւնը չէր, որով Հայաստանի իշխանութիւնն ու Եւրոպայի այսօրուայ ղեկավարութիւնը ձեռք-ձեռքի տուած` իրականացրին ընդդէմ գործող իշխանութեանը մերժող Հայաստանի ժողովրդի, ազգային քաղաքական դաշտի եւ իրենց համար գերակայ հռչակուած օրինականութեան ու ժողովրդավարական արժէքների:
Զանազան «մասնագիտական» աջակցութիւնների կողքին, առաւել ակնառուն Ռուսաստանից բխող, այսպէս կոչուած, «հիպրիտային» սպառնալիքների մասին յօրինուած ջղագարութիւնն էր, այն պարագայում, երբ եւրոպացի առաջնորդների աջակցութիւնը դրածոյ իշխանութիւններին դրսեւորւում էր բացայայտ, պաշտօնապէս` նիւթական եւ քարոզչականքաղաքական աջակցութեան ձեւով: Բաւական է ասել, որ Մոլտովայի, Ռումինիայի եւ այլ երկրների օրինակով ողջ ընտրապայքարն անցաւ Հայաստանի ազգային ուժերին եւ անգամ Հայ առաքելական սուրբ եկեղեցուն «ռուսական ագենտներ» (գործակալներ) որակելու զրպարտչական ու ջղագար մթնոլորտում: Ինչ վերաբերում է քաղաքական-քարոզչական բնագաւառին, ապա Նիկոլ Փաշինեանի եւ իր կառավարած խմբակի գլխաւոր զէնքերը մնում են կեղծիքը, սուտն ու զրպարտանքը:
Գլխաւոր սուտը, ի հարկէ, «վերջնական խաղաղութեան» հաստատման մասին կեղծիքն է, այն պարագայում, երբ համապատասխան փաստաթուղթ ստորագրելու համար Ազրպէյճան շարունակում է Հայաստանին պարտադրել նորանոր պահանջներ: Այդ պահանջները կրկին ուժգնօրէն սկսեցին հնչել անմիջապէս ընտրութիւններից յետոյ, մասնաւորապէս եւ` 300.000 ազրպէյճանցիների «Արեւմտեան Ազրպէյճան վերադառնալու» պայմանը: Նախընտրական շրջանում, ինչպէս եւ դրանից յետոյ, Հայաստանի իշխանութիւնը կոպիտ հակադարձում է ներքաղաքական լսարանին` յայտարարելով, թէ նման հարց գոյութիւն չունի, բայց ինչ-ինչ պատճառներով չի համարձակւում որեւէ կերպ հակադարձել Ազրպէյճանի այդ եւ ակնյայտ զաւթողական յաւակնութիւններին: Նման պարագայում, ցանկացած երկրի կառավարութիւն ամենակոշտ կերպով կը պատասխանէր իր նկատմամբ թշնամական ծրագրեր առաջ քաշող հարեւանին, այնինչ Հայաստանի իշխանութիւնը խուլ ու համրի կամ անմեղսունակի նման ձեւ է անում, թէ չի լսում, չի հասկանում ասուածը եւ մի ողջ ժողովրդի յիմարի տեղ դրած` շարունակում է կրկնել խաղաղութեան մասին սուտը: Աւելացնենք, որ նախընտրական զէնք որպէս գործածուող այս կեղծիքին զուգահեռաբար բորբոքւում էր այն սուտը, թէ իշխանափոխութեան դէպքում Հայաստանի դէմ պատերազմ է սկսուելու:
Նմանը չունեցող Հայաստանի ղեկավարը նոյնիսկ այդ պատերազմի ժամկէտն էր նշում, կարծես թշնամի երկրի գլխաւոր շտաբում մասնակցել էր այդ պատերազմի ծրագրման աշխատանքներին: Պէտք է նշել, որ վախի գործօնն ի սկզբանէ եղել եւ մնում է Հայաստանի իշխանութեան գլխաւոր զէնքերից մէկը` սեփական ժողովրդին հլու-հնազանդ պահելու, քաղաքական-հասարակական գործընթացներից օտարելու եւ սեփական ճակատագրի նկատմամբ անտարբերութեան մղելու համար: Պէտք է ընդունել, որ խաղաղութեան ու պատերազմի այս անբարոյ, որեւէ իշխանութեանն անյարիր խօսոյթը բաւականին ազդեցութիւն ունեցաւ հասարակական տարբեր շերտերի, յատկապէս սահմանային ու հեռաւոր բնակավայրերի բնակիչների վրայ: Սպառնալիքների զինանոցին մաս էին կազմում հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդների, աչքի ընկնող դէմքերի, շտաբների ներկայացուցիչների հետապնդումներն ու ձերբակալութիւնները, որոնք շարունակուեցին ընդհուպ ընտրութեան օրը: Նման բան անհնար կը լինէր պատկերացնել նոյնիսկ ստալինեան կամ հիթլերեան վարչակարգերի պայմաններում:
Չմոռանալով, որ ընտրութեան նախօրեակին իշխանութիւնը մեկուսացրել էր մի շարք ընդդիմադիր ղեկավարների ու գործիչների, որոնք լուրջ ազդեցութիւն ունեն հանրութեան լայն շրջանակներում: Բաւական կը լինէր նշելը միայն, որ միանգամայն անհիմն մեղադրանքով ի սկզբանէ նախընտրական գործընթացից մեկուսացուեց ամենամեծ քուէի յաւակնող ընդդիմադիր ուժի առաջնորդ եւ վարչապետի թեկնածու Սամուէլ Կարապետեանը: Գործընթացներից մեկուսացուածների թւում էին մեծ հեղինակութիւն վայելող Բագրատ արք. Գալստանեան, Միքայէլ արք. Աջապահեան, Մկրտիչ արք. Պռօշեան թեմակալ առաջնորդներն ու այլ հոգեւոր հայրեր, Գիւմրի եւ Մասիս քաղաքների յաղթած ընդդիմադիր քաղաքապետները, հեղինակութիւն վայելող եւ ընտրութիւններում լուրջ դերակատար Անդրանիկ Թեւանեանը, Արթուր Սարգսեանը, Աշոտ Մինասեանը (Երկաթ) եւ ուրիշ գործիչներ: Անյաջողութեան հեռանկարից գազազած` երկրի ղեկավարը տեղում պատիժներ էր թելադրում իր հետ բանավիճել համարձակուող քաղաքացիների նկատմամբ: Նման խելագարութիւնների վրայ նոյնիսկ Ստալինն ու Հիթլերը կը զարմանային:
Կարելի՞ է պատկերացնել, որ աշխարհի որեւէ օրինազանց առաջնորդ ընտրապայքարի ժամանակ կարող էր հրապարակաւ սպառնալ, թէ կը բանտարկի, կը սպաննի իր հիմնական մրցակիցներին: Եւ այսօր էլ, երբ դեռ Սահմանադրական դատարանում վիճարկւում են ընտրութիւնների արդիւնքները, շարունակւում է հիմնական ընդդիմադիր ուժերից մէկի առաջնորդ Գագիկ Ծառուկեանի նկատմամբ հալածանքը, ումից օրը ցերեկով բացայայտօրէն խլուեց ընտրութիւններում կուսակցութեան ձեռք բերած յաղթանակը: Ցաւօք, անվերահսկելի բռնապետի վերածուած Հայաստանի այսօրուայ ղեկավարի անօրինականութիւնները հնարաւոր են դարձել եւրոպացի առաջնորդների քաղաքական հովանաւորութեան պատճառով:
Նախընտրական գործընթացներում դրսեւորուած իշխանութեան չարաշահման աղաղակող երեւոյթ էր վարչական միջոցների լայն կիրառումը: Վերեւից ներքեւ ողջ պետական համակարգին հրահանգուած էր ծառայել իշխող ուժի նախընտրական աշխատանքներին եւ վերջինիս յաղթանակի ապահովմանը:
Տարփողելով կրթական հաստատութիւնները քաղաքական գործընթացներից հեռու պահելու պահանջը` Նիկոլ Փաշինեանի ժողովրդային հանդիպումների «ընտրազանգուածը» ապահովուում էր հիմնականում ուսուցիչների եւ անգամ ան չափահաս աշակերտութեան հաշուին: Ղեկավարութեան խիստ վերահսկողութեամբ այդ միջոցառումներին պարտադրաբար մասնակցում էին նաեւ պետական համակարգերում ծառայողներն ու պարզ աշխատողները, իսկ նրանց չներկայանալու, կամ ընտրողների ցուցակներ չներկայացնելու պարագայում հրահանգուած էր վերջիններիս եւ նրանց հարազատներին հեռացնել աշխատանքից: Ի դէպ, վրէժխնդրութեան այս գործընթացը շարունակւում է նաեւ յետընտրական շրջանում:
Ակնյայտօրէն Նիկոլ Փաշինեանը մտահոգ է հեռաւոր կամ մօտալուտ ապագայի անորոշ հեռանկարներով: Մենք տեսնում ենք, որ իշխանութիւնը բռնազաւթած Նիկոլ Փաշինեանի յետընտրական ջղաձիգ վարքը շատ չի տարբերւում նախընտրական վարքագծից: Այս երեւոյթի պատճառները եւս ակնյայտ են, նախ եւ առաջ բոլոր կեղծարարութիւններով ու խախտումներով հանդերձ, Փաշինեանը չի կարողացել ապահովել 50+1 տոկոսի արդիւնք: Եւրոպացի դիտորդները, նրա «յաղթանակը» ճանաչելով հանդերձ, նշել են բազմաթիւ թերութիւններ ու ընտրախախտումներ, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը փաստացի դեռեւս չեն ճանաչել այդ Պիւռոսեան յաղթանակը: Որքան էլ որ Փաշինեանի համար կարեւորն արտաքին հովանաւորների կարծիքն է, նա չի կարող հաշուի չնստել այն փաստերի հետ, որ հայ ժողովրդի մեծամասնութիւնը մերժում է իրեն եւ ընտրութեան հրամցուած արդիւնքը համարում է կեղծուած:
8 տարի Փաշինեանը երկրի ներսում ու երկրից դուրս իր քաղաքական դրամագլուխն էր դարձրել ժողովրդի բացարձակ աջակցութեան առասպելը, իսկ այժմ նա ներկայանում է որպէս անօրինականօրէն իշխանութեան տիրացած, քաղաքական-բարոյական առումներով խոցելի, իրաւական հնարաւորութիւնների իմաստով թոյլ ղեկավար: Որքան էլ որ վերարտադրուած ղեկավարը ձեւացնի, թէ յաղթահարել է ընտրութեան փորձութիւնը եւ կրկին ներգրաւուել ընթացիկ աշխատանքների մէջ, նա չի կարող ծանր հարուած չդիտել միանգամից եօթ կուսակցութիւնների կողմից ընտրութիւնների անօրինական ճանաչումն ու դրանց չեղարկման պահանջը Սահմանադրական դատարանից: Անգամ թեթեւամտօրէն ժամանակից շուտ իրենց հովանաւորեալներին շնորհաւորած եւրոպացի ղեկավարները չեն կարող համապատասխան հետեւութիւններ չանել այս իրողութիւնից. այս գործելակերպով նրանք իրենք էլ այսօր մաշեցնում են իրենց հեղինակութիւնը սեփական ժողովուրդների աչքերում:
Ընտրութիւններում վերարտադրուելը գերնպատակ դարձրած Փաշինեանը այդ նպատակին պատրաստ էր զոհաբերել ամէն ինչ: Արեւմուտքն ու թուրքազրպէյճանական դաշինքը նրան պարտադրեցին յստակ ցուցադրել իր հակառուսական կողմնորոշումը եւ ստանձնել երկրի համար կործանարար մի շարք պարտաւորութիւններ: Իր համար ոչ դիւրին քաղաքական կացութեան պայմաններում Նիկոլը, ըստ էութեան, հաստատեց, որ դուրս է բերելու երկիրը ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, ՀԷՑ-ից յետոյ, Ռուսաստանի հետ եղած բոլոր կապերից հրաժարուելու նպատակով, վերջինիցս վերցնելու է Հարաւկովկասեան երկաթուղու կառավարման իրաւունքը, նախընտրական հանդիպումների ժամանակ նա ակնարկեց նաեւ հիւլէական կայանի հարցում Ռուսաստանի հետ եղած կապերը խզելու մասին: Հայաստանի համար լուրջ փորձութիւն է լինելու ռուսական կազից հրաժարուելու կամ այն աւելի քան եռակի անգամ բարձրացուած գնով գնելու հեռանկարը:
Ի պատասխան հակառուսական արշաւին Հայաստանի միանալու` ռուսական շուկայի փակուելը եւ որոշ այլ սահմանափակումներ կարճ ժամանակ անց ի ցոյց կը դնեն պարզ աշխատաւորներին պատուհասած ծանր հետեւանքները: Քայլերը, որոնց հետեւանքները Հայաստանի տնտեսութեան ու ժողովրդի համար դժուար յաղթահարելի են լինելու, բացարձակապէս չեն յուզում Արեւմուտքին, որը հակառուսականութեան տենդով մթագնած` ձգտում է Ռուսաստանի դուրս մղմանը Հարաւային Կովկասից, շատ էլ չմտահոգուելով, որ այս գործում կրակից շագանակներ հանող Հայաստանը կարող է այրել ե՛ւ մատները ե՛ւ ողջ մարմինը:
Ընտրութիւնների արդիւնքը դեռեւս չամրապնդած` Փաշինեանից Ազրպէյճանն ու Թուրքիան պահանջում են առանց յապաղելու կատարել ստանձնած բոլոր պարտաւորութիւնները` 300.000 ազրպէյճանցիների տեղաւորում Հայաստանում, անքլաւներից հրաժարում, ԹՐԻՓՓ-ի գործարկում, սահմանադրութեան փոփոխութիւն, Մայր եկեղեցու հետ հաշուեյարդար եւ այլն: Յետընտրական առաջին շաբաթներին Փաշինեանին դեռեւս յաջողւում է հանգստացնել ու խաբել ժողովրդին` իր վարած արտաքին քաղաքականութեան պատճառով ծառացած մարտահրաւէրների հարցում, սակայն կարճ ժամանակ անց դրանք ջրի երես են դուրս գալու` դժգոհութեան տրամադրութիւններով վարակելով անգամ իր նկատմամբ աղանդաւորական համակրանք ունեցողներին:
Փաշինեանը հասկանում է, որ իր բոլոր ցանկութիւնները հլու կենդանու պէս կատարող ուժային ու արդարադատութեան համակարգերի պատրաստակամութեան պայմաններում անգամ դժուար է լինելու վարկից զուրկ, թոյլ ու սահմանափակ իշխանութիւնը պահելը, մանաւանդ երբ երկրի առջեւ ցցուած են տարերային կամ կազմակերպուած ըմբոստացումների ներուժ պարունակող հիմնահարցեր: Այդ իսկ պատճառով նկարուած ընտրութիւններն անգամ նրան հոգեկան հանգստութիւն չեն բերում, շարունակւում են ընդդիմութեան նկատմամբ հալածանքներն ու ձերբակալութիւնները:
Հապշտապ կերպով հին խորհրդարանի կազմով վարչապետ կոչուածը դեռեւս փորձում է իր կառավարման եւ գալիք ընտրութիւնների համար իր վրայով յարմար օրէնքներ կարել: Նա ձգտում է գլխատել ընդդիմադիր ուժերին, որպէսզի հաւանական նոր ըմբոստացումների ժամանակ ժողովուրդը զրկուած լինի կարող եւ հեղինակութիւն վայելող առաջնորդներից: Ութ տարի անընդհատ ժողովրդին սէր բացատրուող ղեկավարը միանգամից կաշառակեր յայտարարեց արձանագրուած կէս միլիոնից աւելի մարդկանց, որոնք ձայն էին տուել ընդդիմութեանը: Փաշինեանը մեծ ցնցում ապրեց նախընտրական շրջանում յանկարծ հասկանալով, որ ժողովուրդը ոչ միայն զզւում է իրենից, այլեւ յաղթահարել է վախի զգացողութիւնը:
Փաստացի այսօր նրա դիմաց մի հասարակութիւն է, որը չի ցանկանում տեսնել իրեն, եւ նման պայմաններում ոչ մի հանճարեղ բռնապետի համար հեշտ չէ երկար ժամանակով կայուն պահել գողացուած աթոռը: Միւս կողմից` հիմնական ընդդիմադիր ուժերը կը պահպանեն ձեռք բերած վարկը, եթէ իսկապէս կազմեն միասնական ճակատ, անկախ խորհրդարան մտնել-չմտնելու հարցից` կը կազմակերպեն ժողովրդական դժգոհութիւնը եւ կը սկսեն երկարատեւ համաժողովրդական պայքար: Ինչպէս ֆիզիքայի յայտնի օրէնքն է հաստատում, բնութեան մէջ ուժը չի կորչում, այլ մի ձեւից փոխակերպւում է մէկ այլ ձեւի: Սա հասկանում է Նիկոլը, վստահ ենք հասկանում են նաեւ ազգային ուժերի այսօրուայ առաջնորդները:

