Յօդուածներ

Աստուածաշնչեան Յոբի Համբերութեամբ Մենք Դեռ Սպասում Ենք

 

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Ոեւէ մէկը կարո՞ղ է բացատրութիւն տալ, թէ ինչո՞ւ Ատրպէյճանի նախագահի օգնական Հաճիեւը Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններից անմիջապէս յետոյ, ընտրութիւնները կեղծած իշխանութեան հրաւէրով, գաղտագողի եկաւ Հայաստան, բայց ոչ Երեւան, այսինքն ոչ նախագահական նստավայրում հանդիպելու «վերընտրուած» ամենայն դաւաճանին, այլ` Դիլիճանում:

Այս մասին լռութիւն տիրեց, ոչ մի պարզաբանում, երկրում ոչ մի ցոյց ընդդէմ Ատրպէյճանի բարձրաստիճան այն ներկայացուցչի, որն անվերջ շեփորահարում է «Արեւմտեան Ատրպէյճան»-ի գոյութիւնը, յատկապէս` 3 հարիւր հազար Ատրպէյճանի քաղաքացիներին ընդունելու, նրանց բնակութիւնը ապահովելու պահանջները:

Ի՞նչ հրատապ հարցեր էր լուծում ինքնահռչակ ընտրեալը թշնամի երկրի բարձրաստիճան ներկայացուցչի հետ, այն էլ` Դիլիճանում, որի հանրայայտ կենտրոններից մէկի ներդնողը ներկայումս իր հիւրի բանտում է, իրենց գերին է այս պահին, որի մասին լաւատեղեակ է իր հրաւիրեալ հիւրը:

Ինչո՞ւ Դիլիճանում: Այդ մասին ոչ մէկ հարցադրում ու պահանջ ներկայացուեց, ինչպէս աննկատ եկաւ, իր պահանջներին վստահաբար գոհացում ստացաւ, որովհետեւ այդպէս էլ առանց ձայն ու ծպտունի, աննկատ հեռացաւ` առանց իր դէմ ցոյցերի, առանց բողոքներ լսելու:

Advertisement Subscribe Today

Այո՛, ժողովուրդը առիթը չօգտագործեց հարցում ուղղելու, նոյնիսկ լրագրողների միջոցով, թէ ինչո՞ւ հարիւր հազարաւոր տեղահանուած արցախցիների թոյլ չեն տալիս վերադառնալ իրենց տները, բայց պահանջում են, որ իրենց 3 հարիւր հազարին ընդունենք իբրեւ «իրենց տներից տեղահանուածների»:

Մինչեւ իսկ վերջերս Նախիջեւանի Օրտուպատ քաղաքում տեղի ունեցած «Վերադարձ Արեւմտեան Ատրպէյճան» անուանումով եռօրեայ փառատօնը, այնտեղ շօշափուած հարցերն ու զեկոյցները նոյնպէս մարսուեցին մեր կերուխումերում, խեղդուեցին մեր փառատօների բարձրախօսների աղմուկներում: Ոչ մէկ արձագանգ` այն դէպքում, երբ նոյն այդ ձեռնարկում քննարկել են այն հիմնական հարցը, որը երբեմն հերքւում, երբեմն էլ լռութեան է մատնւում մեր իշխանութեան կողմից: Յատկապէս օրուայ նիւթ են դարձրել Ալիեւի կենսագրութիւնը: Պարզւում է Ալիեւը իր ողջ տոհմով տեղահանուել է իր «հայրենի» հողից` Սիսիանի շրջանից եւ ողջ գիտակացական կեանքում տեղահանուած լինելը հանգիստ չի տուել երկրի ղեկավարին, տառապել է հայրենի երկրի կարօտախտով, ահա թէ ինչո՛ւ նա պայքարում է հասնել իր տոհմի եւ իր նման հազարաւորների հայրենի երկրի վերադարձին:

Այդ փառատօնում թուարկել են նաեւ մեր ազատարար` Նժդեհի, Անդրանիկի, Դրոյի, Քեռիի եւ այլ հերոսների անունները ոխերիմ ատելութեամբ, որոնց խիզախութեան պատճառով են իրենք «զրկուել» հայրենի Սիսիանից եւ այլ տարածքներից:

Չկարծէք, որ նրանք բաւարարուել են Օրտուպատի հաւաքով, այդ ամէնը նրանք հասցրել են Ամերիկայի Քոնկրեսում քննարկելու, այն վստահութեամբ, որ այդտեղ են լուծւում ժողովուրդների դէմ կատարուած «անարդարութիւնները»: Իրապէս հրաշալի «պաշտպան» են գտել, մեծագոյն ժողովրդասպանը պաշտպանելու է աւելի փոքր ժողովրդասպանին:

Այս ամէնի դէմ մենք անշուշտ ոչ միայն ասելիք չունենք, այլ մեր իշխանութիւնում թաքցնում են այս ամէնը այնպէս, ինչպէս իրենց բոլոր անցեալ եւ ներկայ գործարքները թշնամու հետ` մեղադրելով սուտ լուրեր տարածողներին:

Մենք դեռ իրար բզկտելով երկրի կեղծուած ընտրութիւնների «արդիւնքներին» ենք սպասում, կարծելով, որ հրաշագործութիւն պիտի լինի արդէն 3 անգամ կեղծած ու «յաղթած» իշխանութեան օրէնքում:

Իրապէս այս իշխանութիւնը գիտի ինչպէս սքօղուած աշխատել, ինչպէս խաբել, զրպարտանքն ու բռնութիւնը զէնք դարձնել, ժողովրդին յիմարացնել, իր ծրագրերի գործիքը դարձնել: Նա ողն ու ծուծով գիտի իր ժողովրդին, եւ այդ բնագաւառում ներկայ իշխանութեան ողջ վոհմակը անմրցելի է:

Մինչ ընտրութիւնները երկրի վարկաբեկուած ղեկավարը պատերազմով էր ահաբեկում ժողովրդին, որ իր ընտրութեան դէպքում կը կանխուի այն, կարծես ինքը պատերազմ կանխող է, երբ 2020-ին ոչ թէ կանխեց, այլ ինքը հրահրեց, որ կազմակերպուած ձեւով Արցախը յանձնի, հիմա պարզւում է` իր ինքնահռչակ վերընտրութիւնից յետոյ Ատրպէյճանը բոլորովին էլ պատերազմելու մտադիր անգամ չէ: Եւ ինչո՞ւ պատերազմի, երբ ամէն ինչ առանց պատերազմի արդէն ստացել է:

Տեսնո՞ւմ էք, ինչպիսի, թէ «հզօր» ղեկավար ունէք, ստրկամիտ ժողովուրդ, Ատրպէյճանը վախենում է Նիկոլի իշխանութեան դէմ պատերազմելու:

Այս ամէնի մէջ ողբալին ոչ թէ իր սուտերն են, այլ այդ սուտերը կուլ տուող ու դրանցով ապրող զանգուածն է, որի թիկունքում ներկայ ողորմելի իշխանութիւնը իր երկրակեր վոհմակով լուռ ու մունջ, ամենայն պատրաստակամութեամբ իրագործում է Ատրպէյճանի անվերջանալի պահանջները` չմիջամտել նրա ոտնաձգութիւններին մեր տարածքներում, չօգտագործել Արցախի անունը, դրա փոխարէն` ժողովրդին ընտելացնել «Արեւմտեան Ատրպէյճան» իրողութեանը, իրաւազրկել արցախցիներին, բայց հիւրընկալել ներխուժող Ատրպէյճանցիներին, ընդունել երկրի սահմանադրութեան փոփոխութիւնը` յօգուտ թշնամու, ջնջել մեր լինելութեան բոլոր հաւաստիքները, ամենավերջին այլանդակութեամբ ժողովրդին տրամադրել կաթողիկոսի դէմ, պղծել մեր եկեղեցական արարողակարգը` իր եսի տգէտ պարտադրմամբ:

Իրապէս, այս ինչերից է անցնում մեր անգլուխ, անառաջնորդ մնացած ժողովուրդը, եւ դրա համար թշնամի իշխանութեան լեզուն ու ձեռքերն են երկարել, երկիրը աստիճանաբար հալւում, փոփոխւում, անհետանում է մեր ոտքերի տակ:

Արդէն բացայայտօրէն մեր երկրի ողջ խորհրդարանը, մեր ողջ օրէնսդիր մարմինը ծառայում է թուրք Ատրպէյճանին, ում ողջ նպատակը, ինչպէս գիտէք, մեր երկրի ու հայութեան ի սպառ ոչնչացումն է:

Այս իրականութեան մէջ մենք դեռ հանդուրժում ենք թուրքահպատակ իշխանութիւնը մեր երկրում, որն օրէ օր աւելի բացայայտ լկտիութեան է դիմում, առաւել ամրապնդում իր բռնակալութիւնը:

Միւս կողմից` ժողովրդին յուսադրող ընդդիմադիրների վարմունքը առաւել անորոշ ու պահպանողական է դառնում` ծոյլ սպասումներով, չիրականացրած գործողութիւնների խոստումներով: Հիմա էլ իրենց այդ տարտամ ուշացումները ուղղում են ժողովրդին` նրանց որոշումներով իրենց հետագայ գործընթացը ճշդելու, այն դէպքում, երբ ժողովուրդը իր ձայնը տալով ընտրել ու վստահել է իրենց, որ առաջնորդեն, երկրի ապագան ճիշդ ուղու վրայ դնեն:

Հիմա էլ մանտաթների ընդունել-չընդունելու տատանումներով են ժամանակ վատնում, մինչ թշնամի իշխանութիւնը ժամանակ չի կորցնում է՛լ աւելի ամրապնդուելու:

Խորհուրդ եմ տալիս ընդդիմադիրներին` վերջնական որոշում տալուց առաջ գուցէ վերանայեն նախկին ընդդիմադիրների գործունէութիւնը, նրանց ներդրումը` երկրի փրկութեան համար, որով արդիւնքի չհասան: Նրանք նոյնպէս 2021-ին ամպագոռգոռ խօսքերով, իրենց ազդեցութեան ուժը գերագնահատելով մի խորհրդարանում, որը ոչ թէ երկրի օրէնսդրութեան, նրա իրաւունքների, նրա պահպանման վրայ էր հիմնուած, այլ թշնամու կողմից նշանակուած մի տասնեակ աւազակների որջ է, ուր կարծում էին կասեցնելու էին, որ երկրի գահավէժ կործանումը:

Սակայն որքան էլ քննադատեցինք, նաեւ պիտի ընդունենք, որ այդ ընդդիմադիրների շնորհիւ հնարաւորինս բացայայտուեցին ներկայ իշխանութեան յօգուտ թշնամու, նրանց հրամանով կատարուող բոլոր կեղծիքները, դաւաճանութիւնները, նրանց հետ ձեռք բերուած մեր երկրի համար ճակատագրական դարձած գործարքները: Ցաւօք, ժողովուրդը հաւատաց իշխող վոհմակի հակադարձ զրպարտուութիւններին, որովհետեւ ամենափողոցային հայհոյանքներով ու ջղագարութեամբ երկրի վարձկալ ղեկավարը լռեցնում էր երկրին բերած բոլոր կործանումների փաստարկները` դրանք անամօթաբար վերագրելով նախկիններին: Եւ քանի որ ժողովուրդը դեռ ապրում է նախկինների դէմ կուտակուած թշնամութեամբ, հեշտ էր նրանց հաւատացնելը:

Միւս կողմից` այդ բացայայտումները աւելի անհանգստութիւն էին պատճառում համատարած խրախճանքների սովորած ժողովրդին, ուստի նրանց չէր հետաքրքրում երկրի օրէ օր փոքրացող սահմանները, նոյնիսկ` սահմանամերձ շրջաններում, նրանք ուզում էին հանգիստ ապրել, իսկ ընդդիմադիրների բացայայտումները միայն խանգարում էին իրենց հանգիստը:

Եթէ այս նոր ընդդիմադիրները կարծում են, որ իրենց ֆիզիքական ներկայութեամբ իրենք կարող են փոփոխութիւն բերել թուրքական այդ որջում, բարի երթ իրենց:

Հետեւում եմ աշխարհում կատարուող իրադարձութիւններին, մի փոքրիկ, աննշան երկիր` 40 տարուց աւել պատերազմի եւ սովի մատնուած Եմէնը, իր երկրի ծանր վիճակը արհամարհելով` պաղեստինցիների ազատագրման համար է պայքարում, մեր սահմանակից Իրանը Լիբանանի խաղաղութիւնն է դարձրել իր դիւանագիտութեան հիմնաքարը, եւ այդ երկրների ժողովուրդները չեն ասում, թէ Պաղեստինի եւ Լիբանանի համար ինչո՞ւ են կոտորուելու, երբ Ամերիկայի հսկողութեան տակ հանգիստ կ՛ապրեն, մինչդեռ մենք մեր սեփական երկրի ոչնչացման լուռ մասնակիցներն ենք դառնում, միայն թէ մեր հանգիստը չխաթարենք, մեր հացից ու ուրախութիւններից, համերգներից չզրկուենք:

Իսկ ո՞ւր մնաց մեր այնքան պարծեցեալ հայրենասիրութիւնը:

Պատեհ, անպատեհ առիթով հայրենասիրական բանաստեղծութիւններից մէջբերում անող, դրանց հեղինակներին պաշտամունք դարձրած ժողովուրդը:

Ինչո՞ւ մեր անկախութիւնից մինչ այսօր մենք չունեցանք ողջ էութեամբ, առանց հայրենասիրական բանաստեղծութիւնների, իրական հայրենասէր, իր երկրի ամէն մի թիզ հողի, համայն հայութեան համար մտահոգ ու հոգատար ղեկավար: Ղեկավար, որը ոչ թէ արտաքին ազդեցութիւնների ճնշումներով նրանց շահերը պաշտպանէր, այլ գիտակցումով, իր հոգու ողջ էութեամբ իր երկրին ու ժողովրդին ծառայէր:

Ընդունենք, որ այսօրուայ մեր պատկերը հաստատում է, որ հայրենասիրութիւնը միայն բանաստեղծութիւններից եկած զգացում է եղել մեզ համար, որն այդպէս էլ ոգի չառաւ, չկենդանացաւ մեր հոգիներում, մեր էութեան մասնիկը չդարձաւ, ինչպէս առանց բանաստեղծութիւնների այն վառուեց ու ապրեց մեր նախնիների մէջ:

Մենք միայն խօսում ենք հայրենասիրութեան մասին, մէջբերում ենք բանաստեղծների տողերն ու քառեակները` մեր անտարբերութիւնը արդարացնելու, երբեմն դրանցով ոգեւորուելու, նաեւ պաշտպանուելու, մեր անհոգութիւնը կոծկելու համար: Իսկ իրական, կոշտ, շօշափելի հայրենասիրութիւնը, երբ երկիր է յանձնում ղեկավարդ, թշնամու հետ պայմանաւորուած պատերազմ է սկսում քո իսկ երկրի դէմ, քո որդիներիդ զոհում է յանուն իր աթոռի, քո հողիդ պաշտպանութեան համար քո որդիների կեանքով ականապատ տարածքներ է ականազերծում ու յանձնում թշնամուն, երբ արհամարհում է իր շահի համար զոհած զինուորների փողոցում ու նկուղներում նետուած դիերը, երբ անտարբեր է թշնամու բանտերում գտնուող գերիների, այն էլ երկրի նախկին բարձրաստիճան ղեկավարների հանդէպ, երբ ժողովուրդ ջան ասելով` գաղտնօրէն, թիզ առ թիզ քո զաւակների հողը, վաղուայ հացն է յանձնում թշնամուն` իբրեւ նրանց դարաւոր սեփականութիւն, երբ ամէն վայկեան ահաբեկում է քեզ պատերազմով, երբ բանտերն է լցրել իրական հայրենասէրների, քո իրաւունքը պաշտպանողներին, ու դու լուռ ես, է՛լ ինչ հայրենասիրութեան մասին կարող ես խօսել: Այո՛, միայն կարող ես արտասանել, մէջբերումներով հանգստանալ ու դրանով քո պարտքը կատարած համարել, քեզ հայրենասէր զգալ:

Հետեւելով այլ երկրներում կատարուող իրադարձութիւններին, ուր ժողովուրդը միահամուռ մերժում է նոյնիսկ աշխարհակալ Թրամփի դստեր դրամն ու ներկայութիւնը իրենց երկրի վաճառքում, փնտռում եմ գտնել նրանց հայրենասիրական բանաստեղծութիւններով ոգեւորուելու դէպքեր եւ, կը ներէք, բայց չեմ գտնում: Նրանք իրենց ջղերով, իրենց արեամբ, իրենց կեանք տուած հողի գոյութիւնն են գնահատում, գիտեն, որ այդ փոքրիկ հողակտորով են աշխարհում ճանաչւում ու ապրում, այնտեղ են իրենց արմատները ու անգամ ոչնչանալու գնով փորձում են պահպանել այն:

Հայրենասիրական բանաստեղծութիւններ շեփորահարող ժողովուրդը պէտք է որ նոյնիսկ մէկ ձայնի չարժանացնէր իր երկիրը վաճառողին, որքան էլ դրամով լեցնէր իրենց կոկորդները, որքան էլ ճնշում բանեցնէր իրենց վրայ:

Որոշները նոյնիսկ անհասկանալի կերպով արդարացնում են գիւղերում ու շրջաններում ձայն տուածներին, բայց ինչպէ՞ս որակաւորենք քաղաքներում եւ նոյնիսկ արտերկրում ապրող այն խաւին, որոնք դեռ ապրում են նախկիններին դատավճիռ կայացնելու մոլուցքով` պաշտպանելով կոկորդ պատռող ճղճղոցներով ու փողոցային ամենավերջին հայհոյանքով իր ժողովրդի հետ խօսող, քուէարկութիւն գողացող, իր երկիրը վաճառողին:

Այդ մարդիկ, այդ կուսակցութիւնները մի՞թէ չեն տեսնում, որ երկիրը եւ խորհրդարանը դարձրել են հաշուեյարդարի ամպիոն, ուր միահեծան բռնապետը փողոցային իր ողջ կարողութիւնը ներդնում է իր դէմ խօսողներին լռեցնելու, երկրի գոյատեւման համար պայքարողներին վերացնելու, երկրի հարստացմանը նպաստողների հարստութիւնը խլելու: Այն տպաւորութիւնն է, որ կուլակաթափութիւնը վերադարձել է 21-դարի նիկոլաթափութիւն անուանումով: Չեմ ուզում գրութիւնս կեղտոտել իր բառերը մէջբերելով, թէ ի՛նչ կատաղութեամբ էր յայտարարում, որ բանտերում փտեցնելու, սնանկացնելու է նրանց, բայց աւելի զարհուրելին նրա այդ ջղագարութիւնը լսողների ուրախութիւնն ու ծափահարութիւններն էին: Մարդ սարսռում էր այդ տեսարանից, 1937 թուական ծափերով ետ էին բերում:

Երկրի իշխանութիւնը ջնջում է մեր պատմութիւնից մեր դէմ կատարուած Ցեղասպանութիւնը, փորձում է մեր երկրի տեսադաշտից հանել, մեր փաստաթղթերից ջնջել մեր երկրի ու ժողովրդի անհերքելի վկայականը` Արարատ լեռը, մենք պաշտպանւում ենք միայն Արարատին նուիրուած բանաստեղծութիւններով: Եթէ իրապէս այդ բանաստեղծութիւններով մեր ձեռքից խլուած, մեր աչքերի առջեւ գերեվարուած լեռը դարձել էր մեր արեան մասը, վաղուց այդ իրականութիւնը ժխտող երկիրը ղեկավարող ողորմելին պատժուած պիտի լինէր: Իսկ բանաստեղծութիւններ սիրող մեր ժողովուրդը ծպտուն անգամ չհանեց, հրապարակ դուրս չեկաւ` պաշտպանելու իր լինելութեան դրոշմը, իր դարաւոր վկայագիրը:

Որքա՜ն ճիշդ էր բնորոշել մեր ազգին երիտասարդ Վ. Տէրեանը, երբ գրում էր հոգեւոր Հայաստանի անհրաժեշտութեան մասին: Ուրեմն մենք միշտ ենք կանգնել այդ անհրաժեշտութեան առջեւ, մեր հոգեւոր Հայաստանը չենք հարստացրել, ամրացրել: Եթէ այն դատարկ է, բնականաբար ի զուր են մեր երկիրը, մեր ինքնութիւնը պահպանելու համար մեր թափած ջանքերը:

Այս օրերին յատկապէս մենք հաստատեցինք մեր ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ սնանկութիւնը, ի սպառ բացակայութիւնը, այլապէս մենք հանգիստ ու գլխիկոր կրկին չէինք ընդունի երկիրը կործանում տանող ներկայ իշխանութեան ինքնապարտադրումը:

Ազգի փրկութիւնը դրսի միջամտութեամբ չի լինում, դա ստրկացում է, այլ` ժողովրդի համախմբով:

Բացայայտ խարդախութիւններով տեղի ունեցած ընտրութիւններից անմիջապէս յետոյ, նոյն գիշեր, ոչ թէ ծուլօրէն սպասէինք, պէտք էր ազգովին ոտքի կանգնէինք, ամէն ինչ կանգ պիտի առնէր երկրում եւ ամէն ինչ պիտի ծառայէր ինքնահռչակ, թուրքահպատակ այս իշխանութեանը դուրս նետելուն: Իսկ հիմա նա այնքան է ամրացել, է՛լ աւելի լպիրշացել, որ ինքն է դուրս նետում բոլոր նրանց, որոնք համարձակուեցին համախմբել ժողովրդին, որոնք բացայայտեցին թուրքին ծառայող իր իշխանութեան մանրամասնութիւնները: Մինչդեռ մենք, չգիտեմ, ինչին ենք սպասում Յոբի համբերութեամբ:

Արդէն հաւատում եմ, որ Յոբը հայ է եղել…

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button