
Արսէն Խառատեան
«Aliq Media»
Յուլիս 19, 2021
Մեսրոպէան Ուղղագրութէան Վերածեց` Յարութիւն Մըսրլեան
Յուլիս 18-ին եղանք հայ-ատրպէյճանական սահմանին Բերդ խոշորացուած համայնքի եօթը գիւղերում: Յուլիս 12-ից սկիզբ առած ռազմական էսկալացիայի (սաստկացման – Յ.Մ.) չորս օրերի ընթացքում շրջանի 15 գիւղերի՝ սահմանին առաւել մօտ գտնուող մի շարք համայնքներ ենթարկուել են 90-ականների պատերազմիզ ի վեր աննախադէպ հրետակոծութեան: Ընդ որում, եթէ սահմանին առաւել մօտ տեղակայուած գիւղերը՝ Չինարին, Մովսէսը, Այգեպարն ու Ներքին Կարմիրաղբիւրը տարբեր տրամաչափերի զէնքերով հրետակոծութիւնների թիրախում են յայտնուել հենց սահմանից, ապա տարածաշրջանի միւս գիւղերը, ներառեալ նաեւ Բերդ քաղաքային համայնքը, Ատրպէյճանի կողմից կիրարուող անօդաչու թռչող սարքերից են տուժել:
Մեզ հանդիպած մարդկանց մեծ մասը պարբերաբար դէպի երկինք էր նայում զգուշանալով հնարաւոր նոր ԱԹՍ-ի (Անօդաչու Թռչող Սարք – Յ.Մ) «ժամանումից»: Իրենց պատմելով՝ սա այս օրերին սովորական է դարձել: Ու չնայած բերդեցիների համար ատրպէյճանական կրակի տակ յայտնուելը վերջին երեք տասնամեակի ընթացքում կեանքի բնականոն ընթացքի մաս է, սակայն մեզ հանդիպած բոլոր բնակիչներն առանց բացառութեան ասում էին, որ այս յարձակումը 1994-ից ի վեր ամենից մասշտաբայինն է:
Չինարին, որ իր դիրքի պատճառով ատրպէյճանական այս հրետակոծութիւնից առաւել տուժած գիւղերից է, շարունակում է ապրել իր բնականոն ընթացքով: Գիւղացիների անթաքոյց զայրոյթը, սակայն, կարելի է տեսնել անգամ կարճ շփման ընթացքում: «Էս տունը պապս ա սարքել, 92-ին թուրքն աւերլ ա, յետոյ հերս ա սարքել, 2013-ին ատրպէյճանցին աւերել ա, հմա ես եմ սարքում ու էլի աւերում են, տղիս սարքելուն չեմ ուզում թողնել, սրանց պէտք ա քշել ստեղից՝ այլ տարբերակ չկայ», -ասում է չինարեցի Խորէնը: Ի դէպ՝ դիրքը որի ուղղութեամբ ապրիլի 12-ին շարժուել է ատրպէյճանցիների «ՈՒԱԶ»-ը Չինարից հարիւր մետրի վրայ է:
Այգեպարում մարդիկ գիււղի միայն մի հատուածում են հաւաքւում: Գյիւղը ուղիղ գծով ատրպէյճանական նշանակէտերից ընդամէնը 100 մեթր հեռաւոութեան վրայ է, իսկ ատրպէյճանական Ալիպէլի գիւղը առաւելութիւն ունեցող դիրքում է: ԽՍՀՄ (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու Միութիւն – Յ.Մ.) շրջանում կառուցուած գինու գործարանն արդէն երկու տարի է՝ չի գործում, այսու հանդերձ գործարանի տարածքը եւս հրետակոծութիւնների տակ է յայտնուել: Հրետակոծուել է նաեւ գիւղի նոր վերանորոգուած մանկապարտէզը, որը փակ էր մեր այցելութեան ժամանակ:
Ներքին Կարմիրաղբիւր եւ Մովսէս գիւղեր տանող ճանապարհները, որոնք խորհրդային տարիներից ասֆալտի երես չէին տեսել, իսկ վերջին ամիսների ընթացքում շրջկենտրոնի հետ կապող եւրոպական որակի հաղորդակցութեան հնարաւորութիւն են ստացել, մարդաշատ չեն: Սրանք եւս այս օրերին թէժ կրակի տակ յայտնուած գիւղերից են, որտեղ մարդիկ փողոց են դուրս գալիս բացառապէս անհրաժեշտութեան դէպքում: Այս գիւղերի՝ յատկապէս մանրահասակ երեխաների ու պատանիների համար, ատրպէյճանական յարձակման մասշտաբները շոկային (ցնցիչ – Յ.Մ.) են եղել: Նրանցից շատերի համար այս ամառն արդէն իսկ սահմանափակուել էր կորոնավիրուսի ռեժիմով , այժմ գումարւում է նաեւ պարբերաբար թաքստոցներում պատսպարուելը, կամ միառժամանակ գիւղից հեռանալը:
Հայ-ատրպէյճանական այս էսկալացիան (սաստկացումը – Յ.Մ.) 2018-ի յեղափոխութիւնից յետոյ առաջինն է, իսկ Հայաստանի հիւսիս-արեւելեան սահմանում ամենամեծը պատերազմից յետոյ: Իրավիճակը վաղ թէ ուշ հանդարտուելու է, պատճառուած նիւթական վնասը՝ վերականգնուելու: Ինչպէս չինարեցիներն էին ասում, իրենց որեւէ օգնութիւն պէտք չէ, միայն թէ կրակը դադարի: Մի բան, սակայն, պէտք է լրջօրէն հաշուի առնել. շրջանի բնակիչների եւ մասնաւորապէս երեխաների հոգեբանական վիճակին պէտք է մասնագիտական հարթութեան վրայ անդրադառնալ, ցանկալի է՝ պետական հոգածութեամբ: