ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂ՝ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱՅԻՆ ԹԵՔՈՒՄՈՎ

0 0
Read Time:3 Minute, 19 Second

baku1

 

ԼԷՈՆԻՏ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Արցախի Հանրապետութեան

«Ազատ Արցախ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիր

Այսպիսով, Յունիսի 12-ին Պաքւում մեկնարկեցին առաջին Եւրոպական Ողիմպիական խաղերը, որոնք շարունակուեցան մինչեւ Յունիսի 28-ը: Թերեւս կարիք չկայ խօսել այն մասին, թէ Պաքուի իշխանութիւններն ի՛նչ նշանակութիւն են տալիս մարզական այդ իրադարձութեանը, որին նրանք դեռ խաղերի սկզբից շատ աւելի վաղ «պատմական» մակդիրն էին շնորհել եւ խօսում էին Ատրպէյճանի միջազգային հեղինակութեան անխուսափելի բարձրացման ու «առաջին խաղերի հիւրերին ատրպէյճանական ժողովրդի մշակոյթը, հանդուրժողականութիւնը, հիւրասիրութիւնը ցուցադրելու» անհրաժեշտութեան մասին:

Աւա՜ղ, ալիեւեան վարչակարգին ոչ թէ քաղաքական-քարոզչական ցանկալի յաղթանակ էր սպասւում, այլ` դառը հիասթափութիւն, քանի որ արդէն ի սկզբանէ, հէնց որ յայտնի դարձաւ Եւրոխաղերի անցկացման վայրը, Եւրոպայում միջազգային հանրութեանն ուղղուած բողոքի հզօր ալիք բարձրացաւ խաղերը պոյքոթի ենթարկելու կոչերով:

Պաքւում խաղերի անցկացման հակառակորդների գլխաւոր փաստարկն Ատրպէյճանում մարդու իրաւունքների կոպտագոյն խախտումներն ու քաղաքական բանտարկեալների առկայութիւնն է:

Ու թէեւ Պաքուի ղեկավարութիւնը փորձ էր անում վատ Եւրոխաղի դէպքում ուրախ դէմք ցոյց տալ, նրա ողիմպիական «պատարագը» խանգարուեց, ուստի` դէմքն էլ… թթուած էր:

Եւրոխորհրդարանը մէկ ամսում երեք անգամ լսումներ է անցկացրել Ատրպէյճանի հարցով, դրանցից վերջինը Յունիսի 10-ին էր` «Մարմնամարզը  եւ մարդու իրաւունքները, այդ թւում` Պաքուի եւրոպական խաղերի պարունակում» թեմայով:

Գերմանիայում մի շարք զանգուածային հեղինակաւոր լրատուամիջոցներ, կապուած` Ատրպէյճանում մարդու իրաւունքների իրավիճակի հետ, սուր քննադատութեան ենթարկեցին այդ երկրի իշխանութիւններին, ինչը Պաքուի արտաքին գործերի նախարարին ստիպեց հանդէս գալու յայտարարութիւն-բողոքով:

Աւելի՛ն. գերմանական մամուլում հաղորդւում էր, որ Գերմանիայի վարչապետ Անճելա Մերքելը, նախագահ Եոահիմ Կաուքը, կառավարութեան անդամները հրաժարուել էին Պաքուի խաղերի բացման արարողութեանը մասնակցելուց` Ատրպէյճանում քաղաքական բանտարկեալների առկայութեան պատճառով:

Բողոքի շարժումին միացաւ նաեւ ,Էմնըսթի ինթըրնէշընըլե միջազգային յայտնի իրաւապաշտպան կազմակերպութիւնը: Մի խօսքով, քաղաքակիրթ աշխարհը, որի համար եւրոպական արժէքները` մարդու իրաւունքները, խօսքի եւ մտքի ազատութիւնը, վերացական հասկացութիւններ չեն, իր վերաբերմունքն արտայայտեց Պաքուի խոցելի վարչակարգի հանդէպ: Այս պարունակում այնքան էլ հասկանալի չէ Հայաստանի մարմնակրթութեան բարձրաստիճան պաշտօնեաների դիրքորոշումը, ովքեր Եւրոպական խաղերին մասնակցելու համար հայկական պատուիրակութեանը Պաքու ուղարկելու որոշում կայացրին: Եւ դա` այն ակնյայտ ճշմարտութեան պարագայում, որ Ատրպէյճանի իշխանութիւնները խաղերը դիտում են, ամէնից առաջ, ոչ թէ որպէս զուտ մարզական մրցութիւններ, այլ` քաղաքական »Փի.Առ. »:

Իսկ այդտեղ, ինչպէս եւ սպասւում էր, դեր էր յատկացուած եւ հայկական կողմին, որը Պաքւում իր ներկայութեամբ միայն ջուր է լցնում թշնամի երկրի քարոզչական ջրաղացին: Ի դէպ, նշենք, որ Ատրպէյճանի ղեկավարութիւնը տեղական ընդդիմութեան հետ բանավէճում, որն աշխարհին կոչ էր անում պոյքոթի ենթարկել Եւրոխաղերը, որպէս ծանրակշիռ փաստարկ ամբողջ թափով օգտագործում էր այդ խաղերին մասնակցելու` Հայաստանի համաձայնութիւնը:

Իբր, եթէ նոյնիսկ հայերն են…

Սակայն, ինչպէս դժուար չէ կռահել, Ատրպէյճանի հնարքները դրանով չեն սահմանափակւում: Պաքուն կը դաւաճանէր ինքն իրեն, եթէ չփորձէր այդ խաղերով միաւորներ վաստակել. ոչ, մարզական չէ, այլ քաղաքական միաւորներ` շահարկելով ղարաբաղեան հիմնախնդիրը:

«Անհրաժեշտ է օգտուել Պաքւում առաջին Եւրոպական խաղերի անցկացման ընթացքում ընձեռուած հնարաւորութիւններից եւ հիւրերին տեղեկացնել լեռնային-ղարաբաղեան հակամարտութեան, հայերի կողմից ատրպէյճանական հողերի բռնագրաւման մասին». ահա ալիեւեան վարչակարգի` անցած երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը Ատրպէյճանի նախագահին առընթեր ոչ կառավարական կազմակերպութիւնների պետական աջակցութեան խորհրդի ղեկավար Ազա Կուլիեւի արտաբերած դրոյթը: Հաղորդելով, որ այդ նպատակով արդէն պատրաստուած են համապատասխան թռուցիկներ, նիւթեր եւ վահանակներ, նա միեւնոյն ժամանակ զգուշացրեց. «Բայց դա պէտք է անել այնպէս, որ հիւրերի մտքով չանցնի, թէ այդ միջոցառման գլխաւոր նպատակը քարոզչութիւնն է»:

Ի հարկէ, հակահայկական քարոզչութիւնը խաղերի գլխաւոր նպատակը չէ: Բայց, ըստ էութեան, ի՞նչ նշանակութիւն ունի դա, երբ ատրպէյճանական պաշտօնեայի կոչը ոչ թէ պարզապէս հակահայկական քարոզչութիւն է, այլ աւելի՛ն, ատելութեան քարոզչութիւն, որը հակասում է ժողովուրդների եւ պետութիւնների մերձեցմանը, խաղաղութեան ամրապնդմանը, մարդկանց միջեւ փոխադարձ յարգանքին եւ ըմբռնմանն` ուղղուած ողիմպիական շարժման մարդասիրական գաղափարներին: Պատահական չէ ժամանակակից ողիմպիական շարժման հիմնադիր պարոն Փիեռ Տը Քուպէրթէնը դեռեւս 19-րդ դարում յայտնի խօսքեր ասել. «Օ՜, մարմնամարզ, դու խաղաղութիւն ես»:

Այդ պահից անցել է արդէն աւելի քան մէկ դար, բայց Ազրպէյճանը, քաղաքականացնելով մարզական միջոցառումը, այսօր փորձում է օգտագործել այն իր կեղտոտ նպատակների համար եւ նրանից խիստ կասկածելի շահաբաժիններ քաղել` դրանով իսկ աղաւաղելով մարմնամարզի` որպէս խաղաղութեան դեսպանի ազնուաբարոյ, մարդասիրական առաքելութիւնն իսկ:

Ուշագրաւ մի հանգամանք: Մեկնաբանելով Եւրոխորհրդարանում Յունիսի 10-ին կայացած լսումները, որտեղ քննարկւում էր Պաքուի Եւրոպական խաղերի պարունակում Ատրպէյճանում տիրող մարդու իրաւունքների վիճակը, այդ երկրի փոխվարչապետ Ալի Ահմետովը վրդովմունքով յայտարարեց. «Պէտք չէ քաղաքականացնել եւ որակազրկել մարմնամարզը»:

Իրօք, պէտք չէ: Սակայն ո՞ւմ, եթէ ոչ հէնց Պաքուի մարզական-քաղաքական խաղերի նախաձեռնողներին պէտք է ուղղուած լինի այդ յայտարարութիւնը: Բայց այստեղ արդէն ոչինչ չես անի: Հեգնանք, իսկ աւելի ճշգրիտ` հոգեկերտուածքի դիմածռութիւն…

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles