ՐԱՖՖԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՎՃՌԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՈՒՄ

0 0
Read Time:2 Minute, 53 Second

p4-5

Գէորգ Դարբինեան
«Երկիր»
(յապաւումով)

Նոյեմբերին կայանալիք հանրային հաւաքը, որի կազմակերպման անհրաժեշտութեան մասին խօսում էր «ժառանգութիւն“ կուսակցութեան ղեկավար Րաֆֆի Յովհաննիսեանը, այդպէս էլ տեղի չունեցաւ: Ինչպէս ինքը` Յովհաննիսեանն է խոստովանել, «ժառանգութիւն“-ը դրա հնարաւորութիւնները չունի, իսկ եռեակի միւս երկու ներկայացուցիչները` »Քոնկրէս«ը եւ »Բարգաւաճ Հայաստան«ը, ուղղակի չցանկացան կազմակերպել այն` մնալով նախօրօք յայտարարուած` Դեկտեմբերի 10-ին Մարդու իրաւունքների պաշտպանութեան օրուան նուիրուած երթ անցկացնելու օրակարգի շրջանակում:
Կարելի է ասել, որ »Քոնկրէս«ը եւ »Բարգաւաճ Հայաստան«ը պարզապէս բանի տեղ չդրեցին իրենց գործընկեր կուսակցութեան ղեկավարի յորդորը կամ գուցէ նաեւ պահանջը` դրանով իսկ յստակ ցոյց տալով, թէ եռեակում իրականում ինչպիսի խղճուկ դեր է յատկացւում «ժառանգութեանը“ քաղաքական որոշումները կայացնելիս: Խնդիրը ոչ թէ արուած առաջարկն անվերապահօրէն կատարելուն էր վերաբերում, այլ գոնէ պատշաճ քննարկման առնելու` թէկուզ ձեւ թափելու համար, թէ յարգում են իրենց գործընկերոջ տեսակէտը: »Քոնկրէս«ը ընդհանրապէս արհամարհեց Յովհաննիսեանի կոչերը, իսկ »Բարգաւաճ Հայաստան«ը հանդէս եկաւ հերթապահ յայտարարութեամբ այն մասին, որ հաւատարիմ է մնում նախապէս որդեգրուած քաղաքական ընթացքին: Այս իմաստով Րաֆֆի Յովհաննիսեանն ընդամէնը կարողացաւ հասնել նրան, որ վերջապէս իր համար պարզեց, թէ իրականում քանի որքա՞ն արժէք ունի իր ղեկավարած կուսակցութիւնը »Բարգաւաճ Հայաստան«ի եւ »Քոնկրէս«ի համար եւ դրանով իսկ իրեն դրեց չափազանց անյարմար դրութեան մէջ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Յովհաննիսեանը կրկին արձանագրել է եռեակում տարաձայնութիւնների առկայութիւնը եւ վերահաստատել երեք ուժերով հրապարակային հռչակագիր ընդունելու ու դրանով շարժման նպատակները, դրանց հասնելու միջոցները յստակեցնելու անհրաժեշտութիւնը: Ինքնին երկրորդ անգամ այս հարցերին ուշադրութիւն հրաւիրելն աւելորդ անգամ հաստատում է, թէ նաեւ այս պահանջների նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունի «երկեակը“: Եւ, չնայած դրան, Յովհաննիսեանն այդպէս էլ չի համարձակւում յայտարարել եռեակի ձեւաչափը լքելու մասին, այսինքն` չի համարձակւում արդէն փաստացի իրողութեանը տալ քաղաքական գործընթացի տեսք եւ իրերը կոչել իրենց անուններով:
Տրամաբանական հարց է առաջանում` ինչո՞ւ: Իրականում նման հակասական վարքագիծը պայմանաւորուած է մի քանի հանգամանքով: Նախ` Յովհաննիսեանը, եռեակի առջեւ դնելով այսպիսի` գրեթէ ծայրայեղ նշանակութեան պահանջներ եւ եռեակից դուրս գալու խնդիր, այնուամենայնիւ, չի յստակեցրել իր անելիքները կամ դերակատարութիւնը եռեակից դուրս: Այսինքն` Յովհաննիսեանը կատարել է մի քայլ` առանց դրա հետեւանքներն իր համար յստակեցնելու, առանց ունենալու այլընտրանքային լուծումներ: Եւ քանի որ անցած մէկ տարում «իշխանութեան հետ համատեղ աղօթքների“ քաղաքականութեան միջոցով ամբողջապէս սպառել է հանրութեանը գործելու ուժը, լաւ հասկանում է, որ եռեակից դուրս գալու դէպքում կարող է ուղղակի մնալ նրա ստուերում` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այս իրողութիւնը, ահա, թոյլ չի տալիս շտապել եռեակը լքելու հարցում:
Երկրորդ` թերեւս գիտակցելով, որ յայտնուել է շարժումը Ծառուկեանի միանձնեայ որոշումներով առաջնորդելու եւ Տէր Պետրոսեանի Իվանիշուիլիական հովերի աքցանում, Յովհաննիսեանը նմանատիպ պահանջագրերի միջոցով յուսահատ քայլեր է կատարում իր նշանակութիւնը եռեակում բարձրացնելու, ինքնարժեւորելու համար` փորձելով հանդէս գալ քիչ թէ շատ անկախ խաղացողի կերպարում: Բայց որքան յամառութեամբ է փորձում անհատականութիւն դրսեւորել մի դաշտում, որտեղ արհամարհուած է, այնքան աւելի հնչեղ է դարձնում եռեակում իր անզօրութիւնը եւ «ժառանգութեան“ խղճուկութիւնը: Ի վերջոյ, այս ամէնը յանգելու է ջրբաժանային մի կէտի, որտեղ որոշուելու է, թէ արդեօք Րաֆֆի Յովհաննիսեանն իրեն չի՞ դարձնում աննպատակ խօսող եւ պահանջներ դնող մի վիճակի մէջ, որտեղ, քմծիծաղ յարուցելուց բացի, ոչնչի այլեւս չի հասնում:
Երրորդ` չափազանց մեծ նշանակութիւն ունեն գրեթէ բոլոր հարցերում Րաֆֆի Յովհաննիսեանի` որպէս քաղաքական գործչի, անհատական որակները, որոնք բազմիցս են դաւաճանել «ժառանգութեանը“: Բոլոր վճռական պահերին Յովհաննիսեանը հանդէս է բերում անվճռականութիւն եւ անհետեւողականութիւն: Նա կարող է պահի տակ որոշել թողնել կուսակցութեան ղեկավարի կարգավիճակը, յետոյ զղջալ, կարող է մանդատը վայր դնելու որոշում կայացնել, յետոյ զղջալ, կարող է ժողովրդին տանել վճռական գրոհի, յետոյ գնալ` Ծիծեռնակաբերդում Վլատիմիր Գասպարեանի հետ աղօթելու: Եւ Յովհաննիսեանի այսպիսի վարքագծի պատճառով տուժում է առաջին հերթին «ժառանգութիւնը“…:
Հիմա, կարծես, հերթական անվճռականութեան պահն է` ներկայացնել սկզբունքային պայմաններ, փաստացի առաջադրել եռեակի գոյութիւնը պահպանելու նպատակայարմարութեան հարցը, բայց շարունակել մնալ Ծառուկեանա-ՏէրՊետրոսեանական տանդեմից կատարեալ կախուածութեան եւ անելանելիութեան վիճակում: Բայց դա «ժառանգութեան“ եւ Րաֆֆի Յովհաննիսեանի խնդիրն է:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles