Յօդուածներ

Պառաւաթումբի Համայնքը Պատերազմէն Ետք

 

Պառաւաթումբի համայնքը խորհրդային ժամանակաշրջանում զրկուած էր առանձին գիւղ կոչուելու հնարաւորութիւնէն, քանի որ Կաղարծիին շատ մօտ ըլլալուն պատճառաւ, գիւղացիներուն Կաղարծիի բնակիչներ նկատի կ՛ունենային, սակայն Պառաւաթումբը այսօր առանձին համայնք մըն է իր ոչ մեծաթիւ բնակչութեամբ:
Համայնքի ղեկավար Սասուն Սարգսեանի խօսքով` գիւղացիները հիմնականին մէջ կը զբաղուին գիւղատնտեսութեամբ, զարգացնելով անասնապահութիւնն ու հողագործութիւնը:

«Գիւղը հողով աղքատ է: Գիւղի վարելահողը 93 հեքթար է: Ջրի սակաւութիւնն է, որ կ՛ազդէ գիւղատնտեսութեան վրայ: Արուեստական ջրհոր կարելի է կառուցել, եթէ ցանկութիւն լինի: Ունենք նաեւ մեծ ջրամբար, որ ոռոգման համար է նախատեսուած եւ ինքնահոս հասնում է գիւղ, սակայն համայնքի պիտճէն թոյլ չի տալիս ապահովել պահպանման ծախսերը: Իհարկէ, օգտագործում ենք, սակայն ամբողջական նորոգման կարիք ունի, սնուցող համակարգը եւս փոխելու կարիք կայ», կը նշէ Սասուն Սարգսեան:

Պատերազմէն ետք երիտասարդները հիմնականին մէջ կը ծառայեն պաշտպանութեան բանակում, բան մը որ կ՛ազդէ գիւղատնտեսութեան վրայ:
«Գիւղատնտեսութեան զարգացման մեծ խնդիր ունենք: Չկան գիւղատնտեսական համար դիւրութիւններ: Յարակից գիւղերից ենք մի կերպ գտնում բերում, որպէսզի կարողանանք իրականացնել գիւղատնտեսական աշխատանքները, սակայն արդի մեքենաներու բացակայութեան պատճառով ուշանում են աշխատանքները, որն էլ իր հերթին ազդում է բերքատուութեան վրայ: Ի՞նչ է նշանակում` մարդ հող ունի, որի համար աշխարհը կռւում է, բայց չի կարողանում մշակել: Բոլորն էլ ուզում են մշակել, արդիւնք ունենալ, բայց որոշակի պատճառներ կան, որոնք թոյլ չեն տալիս: Պէտք է մշակուի այնպիսի մի ռազմավարութիւն, որը մարդկանց կշահագրգռի հողագործութեամբ զբաղուել: Այսքան կռւում ենք մեր հողերի համար, բայց եթէ չենք կարողանում մշակել մեր հողը, էլ ինչո՞ւ ենք կռւում: Ինչո՞ւ են մարդկանց սեփականատէր դարձրել, եթէ չեն օգնելու մշակեն հողը: Իմ կարծիքով` պետութեան հիմնական գործառոյթն այն պէտք է լինի, որ օգնի իր քաղաքացիներին աշխատել եւ լաւ ապրելէ,- կ՛աւելցնէ Սարգսեան:

Գիւղին մէջ զարգացած է մեղուաբուծութիւնը: Իր ունեցած մեղուափեթակների քանակով համայնքը շրջանի առաջատարներէն է:
Նաեւ Կազի եւ ելեկտրական հոսանքի խափանումները մտահոգիչ կացութիւն ստեղծած են:
«Եթէ արհեստավարժ ու արագ լուծումներ առաջարկուեն, կարելի է զարգացնել գիւղական համայնքները, պարզապէս պէտք է մի քիչ խելամտօրէն ու արդարացի մօտեցում ցուցաբերել, որն իսպառ բացակայում է մեզ մօտ:

Առաջին հերթին պէտք է գիւղում արդի մեքենաներ լինին: Բահով չես կարող երկիր պահել: Շատ ենք խօսում ճանապարհից, բայց եթէ այնպէս չեն անելու, որ գիւղում մարդու կենցաղը նորմալ լինի, բնակչութեան թիւն աւելանայ, ճանապարհն ո՞ւմ է պէտք: Իմ կարծիքով` սխալ ենք աշխատում: Այն, ինչ սկզբում պէտք է անենք, վերջում ենք անում, եւ հակառակը: Իհարկէ, գիւղի մի մասն ասֆալտապատուել է, միւսն էլ ընթացքի մէջ է, սակայն մեր` որպէս գիւղատնտեսական երկրի զարգացման հիմքում ասֆալատապատումը չէ, այլ` գիւղը: Եթէ գիւղը չլինի, էլ ի՞նչ գիւղատնտեսական երկիր»,- նշեց համայնքի ղեկավարը, եզրակացնելով, թէ «Արցախում ապագայ ենք տեսնում, հետեւաբար` Պառաւաթումբում նոյնպէս պէտք է տեսնենք»:

Advertisement Subscribe Today

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button