Ո՞ՒՄՆ Է ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ

0 0
Read Time:3 Minute, 56 Second

28329  ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀՊԱԶԵԱՆ

Երեւանի իշխանութիւնները բարձրացրեցին երթուղային փոխադրութեան միջոցների վարձավճարը: Այդ բարձրացումը չի վերաբերում միայն մեթրոյին: Կազի թանկացումից յետոյ սա յաջորդ տհաճ անակնկալն էր ժողովրդի համար: Այս դէպքում վարձավճարները բարձրացան 50 դրամով: 50 դրամը, սակայն, նշանակում է տուեալ ծառայութեան թանկացում 50% -ով: Ոմանց համար գուցէ փող չհամարուող այդ յիսուն դրամը` կենսաթոշակ, նպաստ, նուազագոյն աշխատավարձ եւ անգամ միջին աշխատավարձ ստացող քաղաքացու պիւտճէի համար լրացուցիչ լուրջ բեռ է, եթէ նկատի ունենանք, որ նա մօտաւորապէս եկամուտի կէսը պէտք է վճարի համայնքային եւ այլ ծառայութիւնների համար եւ դեռ կարողանայ ապահովել իր կենսագործունէութիւնը: Կազի ինչպէս եւ դրան նախորդող այլ թանկացումների օրինակով կարող ենք վկայել, որ այս թանկացումն իր ետեւից բերելու է նոր թանկացումներ: Կազի թանկացումից յետոյ, օրինակ, ամէնօրեայ պահանջարկ ունեցող մթերային ապրանքները, այդ թւում եւ հացը թանկացան մօտաւորապէս 8-10%-ի չափով: Ի հարկէ թանկացան նաեւ այլ ապրանքներ, ու ծառայութիւններ (ինչպէս օրինակ ելեկտրականութիւնը), որոնց արտադրութիւնը նոյնպէս առնչւում էր կազի հետ:

Կասկած չկայ, որ վերջին թանկացմանը հետեւելու է միջքաղաքային ուղեւորափոխադրումների համար գործող վճարների աւելացումը, թանկացման որոշում կը կայացուի թաքսի ծառայութեան համար եւ այլն:

Ի հարկէ այս դէպքում քաղաքապետարանը շտապեց յայտարարել, որ տուեալ թանկացումը չի կապւում կազի թանկացման հետ, այլապէս պարզ հաշուարկների դէպքում կը յայտնուէր անհեթեթ վիճակում: Ուրեմն եւ հարց է ծագում, թէ ինչով էր պայմանաւորուած այս հապշտապ որոշումը: Նկատի ունենանք, որ երթուղային փոխադրումների արտօնագիր ստանալու մրցոյթում, այն շահողները հիմնաւորել էին տուեալ ծառայութիւնը 100 դրամով մատուցելու հնարաւորութիւնն ու պատրաստակամութիւնը:

Ի հարկէ արտօնագիր ձեռք բերողներն ու քաղաքապետարանի գործընկերները յիմար չէին, որ չկարողանային հիմնաւորել, թէ ինչո՛ւ սահմանուած նախնական արժէքը պէտք է մեծացուի 50% -ով:

Անդրադառնանք ոլորտին եւ նրա ,խեղճե պատասխանատուներին:

Ոչ մէկի համար գաղտնիք չէ, որ այս ոլորտը Հայաստանում մշտական եւ կայուն գերշահոյթներ ապահովող պիզնըսներից մէկն է: Բաւական է կատարել նախնական ներդրում, որից յետոյ կարելի է հանգիստ նստել տանը կամ զբաղուել այլ գործերով (օրինակ պատգամաւոր աշխատել) եւ տարիներ շարունակ, ամէն երեկոյ, դուռդ կը թակեն ու օրուայ եկամուտը կը դնեն սեղանին:

Պատահական չէ, որ ժամանակին այս եկամտաբեր պիզնըսին տիրելու համար, մարդիկ իրար ,փոր էին թափումե, մինչեւ որ եղած ,գծերըե բաժան-բաժան արուեցին եւ դրանց ամենակարող տէրերի ,ունեցուածքիե վրայ այլեւս ոչ ոք չէր կարող աչք տնկել:

Նոյնպէս գաղտնիք չէ, որ սպասարկման ոլորտի աշխատողների իրաւունքների պաշտպանութեան դէպքում աշխատանքային օրէնսգիրքը մեռած է, ինչպէս ի դէպ շատ այլ դէպքերում, ինչպէս ի դէպ շատ այլ օրէնքներ:

Չգիտեմ իրենց հարկային հաշուետուութիւններում սպասարկման ոլորտի ու մասնաւորապէս երթուղային եւ թաքսի ծառայութիւնների տէրերը ինչեր են գրում, բայց իւրաքանչիւր վարորդ ձեր ականջին կ՛ասի, որ աշխատավարձ չի ստանում: Նրա աշխատավարձը կազմում է օրուայ եկամուտի այն չնչին մասը, որ գծատէրը բարեհաճում է թողնել ,իրե աշխատողին:

Վարորդը յաճախ իր այդ ողորմելի փայաբաժնից է վճարում մեքենայի հետ կապուած զանազան ծախսումներ (վառելանիւթի, քսաիւղերի, նորոգումների գումարներ եւ այլն):

Համոզուելու համար, որ սա բառի ամենաուղղակի իմաստով ստրկական աշխատանք է, բաւական է ծանօթանալ տուեալ վարորդների օրական աշխատաժամանակի տեւողութեանը, իմանալ, թէ շաբաթական քանի հանգստեան օր է նա ունենում` եթէ առհասարակ ունենում է: Աւելորդ է խօսելը արձակուրդի, հիւանդութիւնների դէպքում համապատասխան նպաստների եւ աշխատանքային մեռած օրէնսգրքով սահմանուած այլ իրաւունքների մասին:

Արդեօ՞ք իշխանութիւնները չէին կարող զսպել գերշահոյթների մեծացման ձգտող մեծահարուստների ախորժակը: Արդեօ՞ք իշխանութիւնները չէին կարող գոնէ յետաձգել այս թանկացումը մինչեւ տարեվերջ` նկատի ունենալով, որ 2014 թուականի սկզբից նախատեսւում է կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացում: Յետաձգէր հանրութեան բացարձակ մեծամասնութեան գրպանին հարուածող այս նոր բեռան աւելացումը` նկատի ունենալով սողացող գնաճի պայմաններում անելանելի վիճակում յայտնուած եւ փրկութիւնը շատ դէպքերում արտագաղթի մէջ տեսնող մարդկանց վիճակը: Ինչու այս դէպքում եւս իշխանութիւնը ընդառաջեց ոչ թէ ժողովրդի` այլ մի խումբ մեծահարուստների ցանկութեանը: Մի երեւոյթ, որին զանազան օրէնքների, որոշումների ու գործողութիւնների ձեւով ականատես ենք լինում տարիներ շարունակ:

Խնդիրն այն է, որ իշխանութիւնն իրեն պարտական է տեսնում ոչ թէ ժողովրդի, այլ մեծահարուստների առաջ: Որպէս իշխանութեան քաղաքական, տնտեսական ու բարոյական յենարան այս խաւը ,աճեցուեցե դեռեւս անկախութեան առաջին տարիներին, ուռճացաւ ու ամրապնդուեց Քոչարեանի օրօք եւ քաղաքական ու տնտեսական գերմենաշնորհի հասաւ վերջին նախագահի կառավարման շրջանում:

Եթէ այս խաւը, վերոնշեալ իմաստներով կանգնած է իշխանութիւնների թիկունքին, ապա ժողովուրդը գտնւում է նրա դիմաց, որպէս հակառակորդ` առնուազն հոգեբանական առումով: Եթէ մեծահարուստների (պաշտօնեայ կամ ոչ պաշտօնեայ) խաւը պատրաստ է անվերապահօրէն պաշտպանել ու աջակցել իշխանութեան ցանկացած նախաձեռնութիւն, ապա ժողովուրդն այն ենթական է, որի պատնէշը յաղթահարելու մշտական խնդրի առաջ է գտնւում իշխանութիւնը: Չտանք տեղի ունեցողի զանազան բնորոշումները, օրինաչափութիւն հանդիսացող այս օրինակը պատմութեան ընթացքում բազմիցս արձանագրուած երեւոյթ է:

Ժողովրդի համընդհանուր դժգոհութիւնը յարուցած հերթական անակնկալի դէմ հանրութեան մի փոքր հատուած ըմբոստացել է մտածելով, թէ կարող է անիւը ետ պտտել:

Իսկ ի՞նչ է մտածում իշխանութիւնը: Նա հաւանաբար կրկին հաշուարկ է անում, որ ընտրութիւններում նոր է յաղթել եւ դժգոհութիւնները անմիջական վտանգ չեն ներկայացնում: Օրինականութեան խնդիրը լուծել է, եւ արտաքին անհանգստացնող ազդակներ չեն կարող լինել: Ի վերջոյ չափից շատ յուսահատներն ու դժգոհները կը համալրեն փախչողների բանակը: Սա էլ ինչպէս վարչապետն է բնորոշել դրական երեւոյթ է, որովհետեւ երկրից դուրս է մղւում յեղափոխական ներուժը: Կրկին կը լինի յաղթանակ եւ կրկին ժողովրդի դէմ: Ու այսպէս մինչ այն ժամանակ, մինչ ժողովրդի բացարձակ մեծամասնութիւնը կը հասկանայ, որ իշխանութեան իրական տէրն ինքն է, իսկ իշխանութիւնն այն ապրանքն է, որը երբեք չի կարելի վաճառել:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles