ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ  ԹՈՒՐՔԻՈՅ ՇՈՒՐՋ

0 0
Read Time:5 Minute, 18 Second

 

Տիգրան Չանտոյեան

Երեւան

Չնայած առայժմ չեն քննարկւում Մայիս 14-ին նախատեսուած համընդհանուր ընտրութիւնները չեղարկումը, դրանք կարող են չկայանալ երկրի հարաւ-արեւելքում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժերի պատճառով: Արդարութիւն եւ Բարգաւաճում» կուսակցութիւնում (AKP) ոչ մի խօսք չկայ ընտրութիւնների օրը փոխելու կամ դրանք չեղարկելու մասին: Սակայն Մայիս 14-ի տարբերակը սկսել է «թուլանալ»: Միւս կողմից` «Հանրապետական Ժողովուրդի» կուսակցութիւնում (CHP) ում լուրեր են պտտւում, որ Էրտողանը ընտրութիւնները առնուազն մէկ տարով կը յետաձգի: «İyi» («լաւ») կուսակցութեան նախագահ Մերալ Աքշենէրը ասել է, որ ենթադրում է, որ Մայիս 14-ին նախատեսուած ընտրութիւնների օրը կը յետաձգուի, բայց չի կարծում, թէ դրանք կը չեղարկուեն:

Համաձայն Թուրքիոյ Հանրապետութեան Սահմանադրութեան 78-րդ յօդուածի` եթէ ընտրութիւնների անցկացումն անհնար է պատերազմի պատճառով, խորհրդարանը կարող է որոշում ընդունել ընտրութիւնները մէկ տարով յետաձգելու մասին: Միւս կողմից հնարաւոր է, որ Բարձրագոյն ընտրական յանձնաժողովը որոշում կ’ընդունի ընտրութիւնների անցկացման անհնարինութեան մասին` երկրաշարժերի պատճառով:

Էրտողանն աւելի վաղ յայտարարել էր, որ համընդհանուր ընտրութիւնները` նախագահական եւ խորհրդարանական, երկրում նշանակուած են Մայիս 14-ին: Նա յայտնել էր, որ կառավարութիւնը խորհրդարանին կ՛առաջարկի Մայիս 14 թուականը ընդունել որպէս Թուրքիայում համընդհանուր ընտրութիւնների օր, իսկ եթէ խորհրդարանը դա չանի, ինքը կ՛օգտագործի նախագահի իր լիազօրութիւնները: Էրտողանի լիազօրութիւնները բաւական են խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրութիւններ նշանակելու համար` հրամանագրից 60 օր յետոյ: Էրտողանը գալիք ընտրութիւններում լինելու է «հանրապետութեան միութեան» թեկնածուն: Վեց ընդդիմադիր կուսակցութիւնների դաշինքը առայժմ թեկնածու չի ներկայացրել:

Իսկ ահա ընդդիմադիր գործիչները դէմ են երկրում ընտրութիւնները յետաձգելուն: ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն յայտնել է, թէ դէմ է ընտրութիւնների յետաձգմանը, քանի որ նոյնիսկ մէկ օր ցանկութիւն չունի տալու Էրտողանին:

Երկրաշարժը սասանել է նաեւ Էրտողանի հեղինակութիւնը, եւ ընդդիմութիւնը չի ցանկանում բաց թողնել այս հնարաւորութիւնը, սակայն ընտրութիւնների յետաձգման դէպքում դա կանխելու որեւէ լծակ ընդդիմութիւնը չունի:

***

Թուրքիայում երկրաշարժերից յետոյ ուժեղացել է իշխանութիւններից դժգոհութիւնը` փլատակների ոչ բաւարար արագ հաւաքման, ցուցաբերուած աջակցութեան անբաւարարութեան, որոշ շրջաններում ոչ պատշաճ օգնութիւն ցուցաբերելու պատճառով: Էրտողանի կառավարութեանն ուղղուած քննադատութեամբ են հանդէս եկել երկրաշարժից փրկուածները եւ ընդդիմադիր կուսակցութիւնների ներկայացուցիչները: Նրանք պնդում են, որ ամբարձիչների եւ այլ ծանր մեքենաների ուղարկումը յետաձգելու հետեւանքով բաց է թողնուել մարդկանց փրկելու կարեւորագոյն պահը: Բացի այդ, կառավարութիւնը մեղադրւում է այն բանի համար, որ չի կարողացել ապահովել շինարարական բումի ընթացքում որակի կանոնների պահպանումը, ինչը նոյնպէս յանգեցրել է զոհերի թուի աճին: «Հանրապետական Ժողովուրդի» կուսակցութեան ղեկավար Քըլըչդարօղլուի այն յայտարարութիւնից յետոյ, թէ անորակ շինարարութիւնը յանգեցրել է մեծ թուով զոհերի, եւ որ կառավարութիւնը վատնել է  հարկատուների փողերը, որոնք նախատեսուած էին նման աղէտներին նախապատրաստուելու համար, երկրում ժամանակաւորապէս սահմանափակուել է «Թուիթըր»-ի հասանելիութիւնը: Այս պահի դրութեամբ ենթադրւում է, որ ազգային տնտեսութեանը աւելի քան 84 միլիար տոլարի վնաս է հասել։

***

Թուրքիայում շատերը կասկածում են երկրաշարժի զոհերի թուի պաշտօնական տուեալներին: Թրքական «Ճումհուրիէթ» ընդդիմադիր թերթը գրել է, որ այո,  զոհերի իրական թիւն աւելին է, քան ներկայացւում է պաշտօնապէս: Այս ամէնը բացատրւում է այն հանգամանքով, որ աղէտի գօտում տիրող իրավիճակի պատճառով շատերն իրենց մահացած հարազատներին թաղում են առանց անունները գրանցելու:

Այսինքն, փաստացի պաշտօնական թուերը աւելի քիչ են քան զոհերի իրական թիւը: Երկար ժամանակ կը պահանջուի մինչեւ բոլոր չգրանցուած մահացածների անունները ներառուեն ու թիւը յստականայ:

***

Թուրքիոյ անվտանգութեան գլխաւոր վարչութիւնը յայտնել է, որ պարզել է 613 անձի ինքնութիւնը, որոնք մեղադրւում էին սադրիչ գրառումներ հրապարակելու մէջ, իսկ 293-ի նկատմամբ յարուցուել է դատական գործ: Գլխաւոր դատախազը կարգադրել է կալանաւորել 78 մարդու: Նրանք մեղադրւում են ընկերային ցանցերում անցած շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի վերաբերեալ «սադրիչ գրառումներ տարածելու» միջոցով վախ եւ խուճապ առաջացնելու մէջ: Նրանցից քսանը գտնւում են նախնական կալանքի տակ: Վարչութիւնը նաեւ յայտնել է, որ 46 կայք փակուել է, որոնք փորձել են գողանալ երկրաշարժից տուժածների համար նախատեսուած նուիրատուութիւնները, եւ ընկերային ցանցերի 15 էջեր, որոնք ներկայացել են որպէս պաշտօնական հաստատութիւններ, նոյնպէս փակուել են:

Տարածուած է նաեւ դիակապտութիւնը: Արդարադատութեան նախարարութեան տուեալներով` երկրաշարժերից յետոյ 11 նահանգներում դիակապտութեան կասկածանքով կալանաւորուել է 97 մարդ: Ազգայնամոլ «Ազգայնական Շարժում» (MHP) կուսակցութեան առաջնորդ Տեւլէթ Պահչելին կոչ է արել քաղաքացիութիւնից զրկել երկրաշարժերի գօտում դիակապտութեամբ զբաղուողներին կամ վտարել նրանց, եթէ նրանք փախստականներ են: «Անհրաժեշտ է գնահատել այն անխիղճ մարդկանց քաղաքացիութիւնից զրկելու հնարաւորութիւնը, ովքեր զբաղւում են դիակապտութեամբ եւ թալանով: Իսկ եթէ նրանք փախստականներ են, ապա խօսքը վերաբերելու է  նրանց իրենց երկրներ վտարելուն»,- ասել է Պահչելին:

***

Թուրքիոյ փոխնախագահ Ֆուատ Օքթայը յայտարարել է, որ դատախազութիւնը երկրի արդարադատութեան նախարարութեան յանձնարարականով ստորաբաժանումներ է ստեղծել տուժած 10 նահանգներում յանցագործութիւնները հետաքննելու համար: Նա նշել է, որ հաստատուել է երկրաշարժերի ժամանակ շէնքերի փլուզման համար կասկածուող 131 մարդու պատասխանատուութիւնը` մէկը ձերբակալուել է, եւս 113 անձի նկատմամբ տրուել է ձերբակալման հրաման: Միեւնոյն ժամանակ, շրջակայ միջավայրի, քաղաքաշինութեան եւ կլիմայի փոփոխութեան նախարար Մուրատ Քուրումը յայտնել է, որ ստուգումներ են իրականացուել 10 նահանգների 171 882 շէնքերում: «Մենք պարզել ենք, որ ընդհանուր առմամբ փլուզուել են 24 921 շէնքերի 120 940 շինութիւններ, որոնք հրատապ քանդման կարիք ունեն կամ խիստ վնասուել են», – ասել է Քուրումը եւ յաւելել, որ ուսումնասիրուած շէնքերից 122 279 շինութիւն թեթեւակի վնասուել կամ անվնաս են եղել:

Քրէական գործեր են յարուցուել նաեւ Մարաշի Փազարճըքի շրջանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով փլուած շէնքերի կառուցապատողների դէմ: Փետրուար 16–ի դրութեամբ կալանաւորուել են ընդհանուր 24 կառուցապատող եւ ճարտարապետ: Ձերբակալման որոշում է կայացուել 60-ից աւել անձանց նկատմամբ, սակայն յայտնի է դարձել, որ նրանցից 10–ը արդէն մահացել են, 10–ը գտնւում են երկրից դուրս:

Իսկ Հաթայում շէնքէր կառուցապատող Մեհմետ  Եաշարը Մոնտենեգրոյ փախչելու պահին ձերբակալուել է Պոլսոյ օդաակայանում: Նա Հաթայում «Ռընեսանս» բնակելի շէնքերի կառուցապատողն է, ով բնակարանների գովազդում նշել էր, թէ շէնքերը կը դիմանան անգամ ամենաուժեղ երկրաշարժին:

***

Թուրքիոյ Կազիանթէպ նահանգի նահանգապետի պաշտօնակատար Օսման Պիլկինը յայտարարել է, որ երկրաշարժից տուժած Նուրտաղի քաղաքն ամբողջութեամբ կը քանդեն: Պիլկինի խօսքով` որոնողափրկարարական աշխատանքներ են տարւում վերջին ութ տներում, որտեղ մարդիկ կարող են փլատակների տակ լինել: «քաղաքաշինութեան նախարար Քուրումի հետ որոշում ենք կայացրել բոլոր փլատակները հանել, քաղաքն ամբողջութեամբ քանդել` 100%-ով: Միայն մէկ տան փլատակների տակ 150 մահացած ենք գտել: Քաղաքը նորից կը կառուցուի»,-ասել է նա: Նուրտաղիի քաղաքի բնակչութիւնը կազմել է առնուազն 40 հազար մարդ:

***

Անթալիայում 84 տարեկանում մահացել է «Հանրապետական Ժողովուրդի» կուսակցութեան նախկին առաջնորդ եւ Տենիզ Պայկալը: Այս մասին «Թուիթըր»-ի իր էջում յայտնել է կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչտարօղլուն: Պայկալը Թուրքիոյ ներքաղաքական կեանքում մեծ հետք թողած քաղաքական գործիչ էր:

***

Թուրքիա մեկնած Ատրպէյճանի արտաքին գործոց նախարար Ճեյհուն Պայրամովը կրկին յիշել է Արցախի դէմ սանձազերծուած 44-օրեայ պատերազմի ժամանակ «եղբայրական» երկրի կողմից Ատրպէյճանին ցուցաբերած օգնութիւնը:

«Որպէս եղբայրական երկիր` մենք առաջին րոպէից Թուրքիայի կողքին ենք եղել: Մենք նրա կողքին կը լինենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կը լինի»,- ասել է Պայրամովը: Իսկ Թուրքիոյ արտաքին գործնախարար Չաւուշօղլուն ասել է, որ «ինչպէս եւ սպասւում էր», Թուրքիոյ առաջին օգնութիւնը Ատրպէյճանն է ուղարկել, իսկ երկրաշարժից յետոյ առաջինը հէնց Ատրպէյճանի արտաքին գործոց ղեկավարն է իրեն զանգահարել:

Իսկ ահա Թուրքիոյ խորհրդարանի  հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանն իր դիմատետրի էջում անդրադարձել է Հայաստանից ուղարկուած մարդասիրական  օգնութեանը եւ գրել․ «Թուրքիա-Հայաստան սահմանը, որ երեսուն տարիէ ի վեր փակ էր, բացուեցաւ մարդասիրական օգնութեան համար: Մաղթե՛նք, որ մեր համերաշխութիւնը ըլլայ մշտատեւ»:

Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում․․․

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles