
Ծ.Խ.- “Հայրենիք“ի Մարտ 7, 2014-ի թիւին մէջ, անդրադարձած էինք, այս ձեռնարկին մասին, ստորեւ ամբողջական թղթակցութիւնը.-
Քիչ է պատահում, որ ժամանակի դաւադիր թռիչքն ուրախացնի, բայց ահա այս պահին այդպէ՛ս է: Ուրախ եմ, որ արդէն երկու տարի է անցել այն օրից, երբ Նիւ Եորքի Հայ Կեդրոնում կայացաւ անգլերէն լեզուով ստեղծագործող հայ գրողների ընթերցումների անդրանիկ երեկոյթը: Այն օրը յուզումնալից թրթիռի կողքին (թէ, առաջին խիզախումն էր, անհանգստանալը բնական էր) կար նաեւ անհաստատ յոյս, որ այդ նախաձեռնութիւնը կը վաստակէր “ամենամեայ“ յարգարժան անուանումը: Ու կար նաեւ հպարտութեան տոկոս թէ՛ գաղափարն իրականացնելու համար ու թէ՛ մասնակից գրողների փոխարէն: Չորս գրողներն էլ հայ կանայք էին ու իւրաքանչիւրը սրտաբացօրէն ունկնդրին էր “յանձնում“ իր գրուածքները, որոնք առհասարակ ոչ այլ ինչ են, քան անձնական խոհեր, զգացմունքներ, աշխարհընկալում: Պատեհ առիթ է կրկին շնորհակալութիւն յայտնելու համար Նորա Արմանիին, Լուսին Գասպարեանին, Լօլայ Գունտաքչեանին եւ յատկապէս Աիդա Զիլելէան-Սիլակին, որը կարեւոր մասնակցութիւն բերեց յետագայ հեղինակային ընթերցումների կազմակերպան գործում:
Այժմ, երկու կարճ տարի անց, Փետրուարի 22ին “Վալս“ սրճարանում կայացաւ արդէն երրորդ ամենամեայ (կարծեմ, այս “տիտղոսը“ վաստակել ենք) հեղինակային ընթերցումների երեկոն, ինչպէս նախորդները` Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Նիւ Եորքի մասնաճիւղի կազմակերպութեամբ: Մասնակից հեղինակներն էին բանաստեղծ Ահարոն Փուչիկեանը, արձակագիրներ Մարիամ Տիլաքեանը եւ Այտա Զիլելէան-Սիլակը, լրագրող Մելինէ Թումանին: Ընթերցուեցին հրատարակուած ու դեռ չհրատարակուած գործեր ու այս վերջինը յատկապէս ուշագրաւ է, քանզի վկայում է ունկնդրի հանդէպ հեղինակների վստահութեան մասին: Ինչպէս մի՜շտ պատահում է լաւ ու բարի նպատակների իրականացման ճամբին, այս դէպքում էլ սրտնեղութեան պատճառ ունեցանք: Նախապէս հրաւիրուած գրող ու երգերի հեղինակ Արտօ Վոնը բնութեան տարերքի բիրտ միջամտութեան պատճառով չկարողացաւ Նիւ Եորք գալ: Ուրախ ենք, որ Աիդա Զիլելեան-Սիլակը` իր մասնակցութիւնը բերելով, վերջին պահին կացութիւնը փրկեց: Դեհ, Արթոյին կը լսենք յաջորդ` այսինքն չորրորդ (է՛լ աւելի պատկառելի) ամենամեայ ընթերցումների երեկոյին:
Մասնաճիւղի անունից երեկոյի բացումը կատարեց Համազգայինի բազմամեայ անդամ Դոկտ. Արա Գաբրիէլեանը, որը հակիրճ կերպով ներկայացրեց Համազգայինի պատմութեան ուրուագիծը, յատկապէս շեշտելով Միութեան պայծառամիտ հիմնադիրների հեռատեսութիւնը` Սփիւռքի անխուսափելի ուծացման հոսանքի առջեւ կանգնեցնել միակ յուսալի պատուարը` ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԸ: Իր խօսքի մէջ Ընկ. Գաբրիէլեանը յատկապէս ընդգծեց այս երեկոյի միտք բանին, որն է հայկական ծագումով հայ գրողներին ներգրաւելը հայկական մշակութային ծիրի մէջ, չնայած նրան, որ իրերի բերումով նրանք ստեղծագործում են այլ լեզուներով: Համազգայինի դերն ու առաքելութիւնը Հայ մշակոյթի պահպանումն ու տարածումն է, իսկ գրականութիւնը մշակոյթի կարեւոր ճիւղն է, ուստի եւ Միութիւնը շրջանցելու իրաւունք չունի այսօր ստեղծագործող հայազգի գրողներին: Ապա նա ներկայացրեց երեկոյի հանդիսավարին ու կազմակերպիչներից մէկին` Աիդա Զիլելեան-Սիլակին, որն իր հերթին ներկայացրեց գրողներին ու ընթացք տուեց յաջորդական ընթերցումներին:
Բանաստեղծ եւ թարգմանիչ Ահարոն Փուչիկեանը դոկտորական աստիճան է ստացել 2006 թ. Միննեսոթայի Համալսարանի Անտիկ Գրականութեան (Classics) բաժանմունքից: Ստեղծագործելուն զուգընթաց թարգմանում է Յունական դասական գրականութիւն: Լոյս ընծայուած գրքերից է “Stung With Love“ (հին յունարէնից թարգմանուած Սաֆոյի բանաստեղծութիւնները), հրատարակուած Penguin Classics-ի կողմից 2009 թ.: Նոյն հրատարակչատունը այս տարի լոյս կ՛ընծայի “Jason and the Argonauts“ հին յունական դիւցազներգութեան թարգմանութիւնը: Իր բանաստեղծութիւնների համար 2012 թ. արժանացել է Դանիէլ Վարուժան մրցանակին: Բանաստեղծի գործերը կարդալու համար այցելէք նրա կայքէջը http://www.aaronpoochigian.com
Մարիամ Դիլաքեանը ծնուել է Երեւանում ու դեռ մանկահասակ, ընտանիքի հետ փոխադրուել է Նիւ Եորք: Շառաւիղն է քսաներորդ դարի հայ բեմի մեծ վարպետներից Թաթուլ Դիլաքեանի եւ ներկայումս ստեղծագործող ամենայուրատեսակ նկարիչներ Յովհաննէս ու Գագիկ Դիլաքեանների զարմուհին է: Բնական է, որ արուեստագէտների ընտանիքում, ստեղծագործական մթնոլորտում ձեւաւորուելով, Մարիամը գտաւ իր ինքնարտայայտման միջոցը` գրելը: Թէեւ Մագիստրոսի աստիճանը ստացել է Կոլումբիայի համալսարանի Միջազգային Գործոց բաժնից (School of International and Public Affairs), ապա աշխատել է միջազգային ասպարէզում, սակայն կտրուկ հեռացել է այդ բնագաւառից, գերադասելով դասաւանդել: Այս անգամ Կրթութեան Մագիստրոսի աստիճան է ստացել Նիւ Եորքի Քաղաքային քոլէճից (The City College of New York) ու ահա եօթ տարի է դասաւանդում է: Շուտով աւարտելու է իր “Meet Me in 412: Diaries of a New York City Teacher“ գործը եւ հրատարակութեան է յանձնելու իր նախորդ վէպը:
Մելինէ Թումանին ծանօթ անուն է իր բազմաթիւ յօդուածների շնորհիւ, որոնց թւում են իր հաղորդագրութիւններն ու տպաւորութիւնները, գրուած Հայաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում ու Վրաստանում իր գործուղման ընթացքում 2003ից 2009 թ.: Մագիստրոսի վկայականը, որպէս լրագրող ստացել է Նիւ Եորք համալսարանից (NYU/ Cultural Reporting and Criticism Program): 2014 թ. Նոյեմբերին Metropolitan Books հրատարակչատունը լոյս կ՛ընծայի Մելինէի There Was and There Was Not: Turkey, the Armenians, and the Story of a Never-Ending History գիրքը: Մինչ այդ, ծանօթացէք նրա բազմաթիւ գրուածքներին http://www.melinetoumani.com կայքէջում:
Աիդա Զիլելէան-Սիլակը եւս ծանօթ անուն է Նիւ Եորքի գրական շրջանակում: Բացի պարբերական մամուլում հրատարակուելուց, նա վարում է հեղինակային ընթերցումների (Boundless Tales Reading series) շարքը: Նրա “The Hollowing Moon“ խորագրով վէպը համարուել է չորս լաւագոյններից Anderbo Novel Contest մրցոյթում: Այս վէպի շարունակութիւնը` “The Legacy of Lost Things“ հրատարակուելու է այս տարուայ Յուլիսին (Bleeding Hearts Publication): Կարդացէք Աիդայի գրուածքները www.aidazilelian.com կայքէջում:
Մասնաճիւղի ներկայիս վարչութեան անդամներից երեկոյին ներկայ էին փոխ-ատենապետուհի Աստղիկ Սեւակը, Պերճուհի եւ Եուհաննէս Յեսայեանները: Ներկայ էր նաեւ Համազգայինի Շրջանային վարչութեան ներկայացուցիչ ու Նիւ Եորքի մասնաճիւղի բազմամեայ անդամուհի Արեւիկ Գաբրիէլեանը:
Հեղինակների դիւրահաղորդ պահուածքը եւ ունկնդրի ջերմ ընկալումը ստեղծել էին ջերմ մթնոլորտ: Ընթերցումների աւարտից յետոյ էլ բոլորը միմեանց հետ խօսք ու զրոյցի բռնուած, ասես չէին ուզում բաժանուել, անտեսելով նոյնիսկ սրճարանի խստահայեաց վարիչի լռելեայն դժգոհութիւնը:
Պատրաստուիր յաջորդ տարուայ հեղինակային ընթերցումներին, սիրելի Հայազգի գրող, որովհետեւ Նիւ Եորքի Համազգայինը շարունակելու է այս նախաձեռնութիւնը այնքան ժամանակ, քանի դեռ կան տաղանդաւոր հայ գրողներ: Ու հաշուի առնելով այն, որ մեր բազմահազարամեայ պատմութիւնը վկայում է այն մասին, որ հայերը երբեք փայլուն գրողների պակաս չեն ունեցել, թերեւս, այս ընթերցումներն էլ երկա՜ր շարունակուեն:
Ա. ԳԱԲՐԻԷԼԵԱՆ