Մուշ-Սասուն-Բիթլիս (Բաղէշ) – Պանդխտութիւն, Արտագաղթ, Հայրենադարձութիւն

0 0
Read Time:22 Minute, 51 Second
Բեռնակիրներ Սկիւտարի նաւամատոյցի վրայ։ Լուսանկարիչը անծանօթ, 19-րդ դարի վերջաւորութիւն (Աղբիւր՝ Վազգէն Խաչիկ Դաւիթեանի հաւաքածոյ, Լոնտոն)։

 Ռոբերտ Թաթոյեան

«Յուշամատեան»

– Ո՞րտեղից ես։
– Մշեցի։
– Հասկացայ… Եկել ես փարա՜յ վաստակելու… Անունդ ի՞նչ է։
– Օհան։
– Մշու սուլթան սուրբ Օհանէսը քեզ պահապան,– բացականչեց համալը եւ մի առանձին կարօտով գրկեց իւր հայրենակցին։
Բարեսիրտ ծերունին այլեւս երկար հարցուփորձի պէտք չունէր։ Բաւական էր, որ իմացաւ, թէ պատանին հայ է եւ մշեցի, իսկ մնացածը՝ նա արդէն կարող էր հասկանալ… Նա գիտէր, թէ մշեցին ի՛նչ նպատակով է թողնում հայրենի երկիրը, գիտէր, թէ ինչո՛ւ է դուրս գալիս դէպի պանդխտութիւն եւ Ստամբոլի խառնաշփոթ աղմուկի մէջ ի՛նչ է որոնում… Այդ բոլորը գիտէր նա…, որովհետեւ ինքն եւս մշեցի էր, ինքն եւս նոյն ճակատագրական դա՜ռն պահանջների պատճառով թողել էր հայրենիքը…

Րաֆֆի
«Ղարիբ մշեցին» վիպակից [1]

Սկիւտարի առօրեայ կեանքից պատկեր։ Խորքին երեւում է Աթիք Վալիտէ մզկիթը

Բիթլիսի նահանգի Հայերի պանդխտութեան եւ
արտագաղթի երեւոյթը
Տարօնից եւ Օսմանեան Հայաստանի (օսմանեան տիրապետութեան տակ գտնուող Հայկական լեռնաշխարհի եւ կից հայաբնակ այլ շրջանների՝ Փոքր Հայքի եւ Կիլիկիոյ տարածքի հաւաքական անուանում) այլ վայրերից Հայերի պանդխտութիւնն ու արտագաղթը դարերից եկող երեւոյթ էր, սակայն 1877-78 թթ. ռուս–թուրքական պատերազմից յետոյ այն նոր թափ ստացաւ։ Դա հետեւանք էր Հայերի նկատմամբ ինչպէս օսմանեան իշխանութիւնների եւ տեղի քրտական ցեղերի հետզհետէ ուժգնացող հալածանքների` կոտորածների, երկակի` օրինական եւ ոչ օրինական հարկահանութեան, հողազրկման եւ ունեզրկման, այնպէս էլ երկրամասի գնալով խորացող ընդհանուր ընկերա–տնտեսական թերզարգացուածութեան, դրանից բխող՝ հողագործութեան ու անասնապահութեան ցածր եկամտաբերութեան։
Յայտնի գրող եւ հրապարակախօս Րաֆֆին դեռեւս 1875 թ. հետեւեալ կերպ էր նկարագրում երեւոյթը. «Գաղթականութեան հարցը ամենագլխաւոր տեղն է բռնում Տաճկաստանի Հայերի վիճակի մէջ։ Ամէն տարի հազարաւոր երիտասարդներ Վանից, Մուշից, Բաղէշից, Կարինից եւ այլ գաւառներից դիմում են դէպի Կ. Պոլիս իրենց ընտանիքի համար ապրուստ շահելու։ Այդ հոսանքը գնալով աւելի ընդարձակ քանակութիւն է ստանում, քանի նոյն երկրներում ժողովրդի ապրուստի հնարները դժուարանում են» [2]։
Ըստ դէպքերին ժամանակակից ծնունդով մշեցի Սարգիս Բդէեանի՝ Տարօնից պանդխտութեան պատճառները հետեւեալն էին. «Շատեր որեւէ պատճառով մը կը կորսնցնէին իրենց ունեցածը, կամ սալաֆի [3] պատճառով, կամ տոկոսով պարտքի տակ կ՚իյնային, կամ երկրագործութենէ անպակաս փորձանքներու կ՚ենթարկուէին. ինչպէս՝ մարախ, տաւարի ցաւ, երաշտ, եւ այլն, եւ յուսահատ վիճակի մը մէջ կը ստիպուէին դիմելու պանդըխտութեան։ Իսկ 1890-էն յետոյ, գաղթականութիւնը ընդհանուր երեւոյթ դարձաւ, ամենամեծ մասով՝ երկրէն հեռանալու, փախչելու դիտաւորութեամբ, հարստահարութենէ ազատելու, իր կեանքը փրկելու համար» [4]։

Պոլիս. պազարին մօտիկ Մահմուտ Փաշա փողոցը (Աղբիւր՝ Միշէլ Փապուճեանի հաւաքածոյ, Փարիզ)։

Պանդխտութեան պատճառների մէջ, յատկապէս նախքան համիտեան հակահայկական հալածանքների շրջանը, իրենց դերն էին խաղում նաեւ ենթակայական գործօններ` արագ եւ գիւղատնտեսութեան զբաղմունքի համեմատ` աւելի հեշտ եկամուտ ստանալու ձգտումը։ «Գիւղացին ամբողջ տարին կ՚աշխատէր եւ հազիւ կրնար հագուստի մը գինը ճարել եւ իր ընտանիքի անդամներուն մերկութիւնը ծածկել, մինչդեռ տեսաւ, որ ոմանք Պոլիս կ՚երթան, անկից Աթենա, կամ ուրիշ տեղ մը եւ օրական 10-20 ղրուշ կը շահին։ …Ան հաշիւ չ՚ըներ թէ մարդը կրնայ գործ չգտնել, կրնայ հիւանդանալ, կրնայ որեւէ դժուարութեան հանդիպիլ…», նշում է Սարգիս Բդէեանը [5]։
1890-ական թթ. Հայկական բարձրաւանդակ այցելած անգլիացի ճանապարհորդ Հենրի Լինչը արձանագրում էր, որ Բիթլիսի նահանգից Հայերի պանդխտութիւնն ու արտագաղթի թափը փոփոխական է իր ուժգնութեամբ` կախուած` բերքը լաւ է, թէ աղէտալի, իսկ Քիւրտերը քաջալերուած են, թէ զսպուած։ Նա նշում էր, որ նահանգում իր մնալու ժամանակ բազմաթիւ շրջանների հայ գիւղացիներ ջանքեր էին գործադրում իրենց պարտքերը մարելու եւ երկրից հեռանալու թոյլտւութիւն ստանալու ուղղութեամբ։ Շատերը տեղափոխւում են ռուսական սահմանին մօտ` Քիւրտերից ապաստան փնտռելու նպատակով [6]։
Բիթլիսի նահանգի հայ բնակչութեան գլխաւոր զբաղմունքը գիւղատնտեսութիւնն էր։ Հողագործութեամբ եւ անասնապահութեամբ զբաղուող Հայերի մեծ մասը գտնւում էր ծանր պարտքերի բեռի տակ, եւ պանդխտութիւնը դիտւում էր այդ բեռը թօթափելու հիմնական միջոցներից մէկը։ «Տարօնցի Հայք ամէնն ալ գրեթէ պարտուց տակ ընկճուած են, ստակի տէր մարդ դժուարին է գտնել մէջերնին, իրենց պարտք ընդհանրապէս Տաճիկներու եւ Քրդերու է ծանր տոկոսով», նշւում է 1890-ական թթ. վերաբերող մի վկայութեան մէջ [7]։ Որպէս պարտքի կուտակման պատճառ առանձնացւում էին «երկրագործութեան անյաջողութիւնները եւ հարստահարութիւնները» [8]։ Հայը դիմում էր պանդխտութեան «պարտքէն ազատելու եւ ապրելու ճար մը գտնելու յոյսով, ուր կամ …կը մեռնի կամ քանի մը տարիէն կը վերադառնայ քիչ ստակով եւ կամ ձեռնունայն, եւ պանդխտութիւնը, որուն արդէն վարժուած կ՚ըլլայ, երկրագործութենէն լաւ համարելով՝ նորէն շուտով կը վերադառնայ, մինչեւ որ պանդխտութեան զոհ ըլլայ» [9]։
Բիթլիսի նահանգից պանդխտութեան հիմնական ուղղութիւններն էին Կովկասը` այնտեղ էին գնում նահանգի արեւելեան շրջաններից Հայերը, Պոլիսն ու Զմիւռնիան` նահանգի արեւմտեան շրջանների Հայերի նախընտրելի ուղղութիւնը, Կիլիկիան եւ Հալէպը` այդ ուղղութիւններով մեծ էր Սասունի եւ Սասունից հարաւ ընկած այլ շրջանների Հայութեան հոսքը [10]։
Մշեցի եւ սասունցի պանդուխտները, չլինելով որեւէ արհեստի տէր մարդիկ, որպէս ոչ որակեալ աշխատուժ, իրենց պանդխտութեան վայրերում ներգրաւուած էին ամենածանր աշխատանքների մէջ` հիմնականում ծառայելով որպէս բեռնակիրներ (համալներ) մայրաքաղաքի եւ այլ ծովեզրեայ առեւտրային քաղաքների նաւահանգիստներում, օրավարձու բանուորներ՝ փռերում եւ ջրաղացներում (Հալէպ), երկաթգծերի շինարարութեան մէջ (Կիլիկիա) եւ այլն։
Մուշի տարբեր բնակավայրերից պանդխտութեան աշխարհագրութեան մասին պատկերացում է տալիս Սարգիս Բդէեանի յուշերից հետեւեալ հատուածը. «Այդ շրջանին զանազան կեդրոններու մէջ, բեռնակրութեան որոշ դիրքեր Մշեցւոց ձեռքը մնացած էին։ …Պոլսոյ մաքսատան բանուորներուն մէջ մեծ թիւ մը կը կազմէին Մշեցի ջրհանկիրները եւ անուն հանած էին իրենց կռուազանութեամբ։ …Շատ մը վաճառատուներու պահապաններն էին Մշեցիները։ Իզմիրի մէջ, կարգ մը հայ վաճառականներու քով՝ նորէն Մշեցիներ տեղաւորուած էին իբրեւ բեռնակիր եւ պահապան։ Սպարթալիի, Սիվրիսարեանի, Պաքըրճեանի, եւ այլն խաներուն մէջ բաւական թիւով Խասգիւղցիներ, Արաղցիներ կ՚աշխատէին։ Էտիրնէ, քանի մը շոգեշարժ ջրաղացներու մէջ կ՚աշխատէին Արտօնքցիներ, Խարսեցիներ, Վարդենիսցիներ։ Տէտէաղաճ, իբրեւ նաւահանգիստ, բաւական թիւով գիւղացիներ կ՚աշխատէին։ Հոս աւելի յարմար գետին մը գտան՝ ընտանիքով հաստատուելու համար։ …Շատերը ցրուած են Պուլկարիոյ զանազան քաղաքները եւ կայարանները, ուր որ կրցած են գործ գտնել։ …Նոյնպէս մեծ թիւով Մշեցիներ կը գտնուէին Ռումանիոյ Կալաց, Իպրայիլ եւ Ճորճովա քաղաքներուն մէջ» [11]։

Պոլիսի մէջ բեռնակիրներ (Աղբիւր՝ Միշէլ Փապուճեանի հաւաքածոյ, Փարիզ)։

Պանդուխտները որպէս կանոն իրենց կեանքն անցկացնում էին ծայրայեղ թշուառութեան մէջ` կենցաղային տարրական պայմաններից զուրկ նկուղային կացարաններում, յաճախ իրենց տալով գինեմոլութեանը, ծխամոլութեանն ու խաղամոլութեանը։ Նման ապրելակերպը անշուշտ յանգեցնում էր պանդուխտների բարձր մահացութեան մակարդակին։ Այսպէս, 1900-ականների սկզբներին Հալէպում սասունցի պանդուխտների կեանքը նկարագրող մի վկայութիւնում նշւում է. «Սասունցիք փուռերու վատառողջ մթնոլորտին տակ կեղտոտ ու անխնամ կեանք մը վարող դժբախտ արարածներէ կազմուած են, որոնք հակառակ իրենց զօրաւոր հսկայ կազմին, հետզհետէ կը ծիւրին… եւ անհամար զոհեր կու տան, իսկ նիւթապէս ալ իրարու դէմ մրցելով իրարու կը վնասեն եւ շահածնին եւս վաշխառուներու քսակը կը լեցնեն… այս խեղճերը իրենց տգիտութեան հետ խաղամոլ, ծխամոլ ու գինեմոլ ալ են» [12]։
Հալէպ պանդխտութեան մեկնած սասունցիները «գետնափոր նկուղներու տամուկ անկիւնները կեանք վարելով, տարաժամ կը զառամին ու կը կորսնցնեն իրենց առողջութիւնը»։ Որպէս հետեւանք` պանդուխտ սասունցիների մահուան տարիքի միջին թիւը 27-ից չէր անցնում [13]։
Պանդխտութիւնը բազմաթիւ դժուարութիւններով ուղեկցուող զբաղմունք էր։ Պանդուխտի վաղուայ օրուայ անորոշութեանն ու մտահոգութեանը գումարւում էր անվտանգութեան ի սպառ բացակայութիւնը։ Պանդուխտներից շատերը ճանապարհին յարձակման էին ենթարկւում, ձերբակալւում, սպանւում, վիրաւորւում։ Մանաւանդ վտանգաւոր էր ռուս-թուրքական սահմանն անցնելը, ինչը շատերին չէր յաջողւում, եւ ամիսներ շարունակ նրանք մուրացկանի վիճակում թափառում էին սահմանամերձ շրջաններում։ Պանդխտութիւնից վերադարձողներին սպառնում էր ճանապարհին ոչ միայն կողոպտուելու, իրենց վաստակած փողից զրկուելու, այլ յաճախ նաեւ կեանքից զրկուելու վտանգը [14]։
Շատ պանդուխտներ այդպէս էլ չէին կարողանում կամ չէին ուզում վերադառնալ` համալրելով նահանգից ընդմիշտ հեռացած Հայերի թիւը։ Ինչպէս օսմանեան տիրապետութեան տակ գտնուող Հայկական լեռնաշխարհի այլ շրջանների, այնպէս էլ Բիթլիսի նահանգի հայ բնակչութեան մշտական արտագաղթի հիմնական ուղղութիւններն էին Ամերիկայի Միացեալ Նահանգները եւ Ռուսական կայսրութիւնը։ Բիթլիսի նահանգից Հայերի` դէպի ԱՄՆ արտագաղթին նպաստեցին 19-րդ դարի կէսերին Մուշ եւ Բիթլիս քաղաքներում աւետարանական համայնքների ստեղծումը [15], ամերիկեան բողոքական միսիոներների կրթական գործունէութիւնը։
Նշուած տարիներին Բիթլիս քաղաքում գործում էին աւետարանական համայնքին պատկանող երկու գիշերօթիկ վարժարաններ` նախատեսուած առանձին աղջիկների եւ տղաների համար, ինչպէս նաեւ ամերիկեան որբանոց [16]։ Բիթլիսում հաստատուած ամերիկեան միսիոներներից մէկը 1887 թ. թուագրուած իր զեկուցագրում նշում էր, որ այդ ուսումնական հաստատութիւնների հայ ուսանողներից եւ ուսուցիչներից շատերը մեկնում են ԱՄՆ` Կալիֆորնիայում այդ ժամանակ նկատուող մեծ տնտեսական աշխուժացման պայմաններում փող վաստակելու ակնկալիքով. «Այստեղի խեղճ, ծեծուած մարդկանց կարծիքով գնացողները մեծ կարողութեան տէր են դառնում կամ աներեւակայելի մեծ աշխատավարձ են ստանում։ Երեւակայութիւնը գրգռող վառ պատմութիւնները քաջալերում են երիտասարդների մէջ արտագաղթը, ինչին նպաստում է նաեւ նրանց անգլերէնը սովորեցնելը» [17]։
Աբդուլ Համիդի վարչակարգը ձգտում էր խոչընդոտել Հայերի` յատկապէս դէպի ԱՄՆ արտահոսքը, երկիւղ կրելով, որ նրանցից ոմանք յետագայում` ԱՄՆ քաղաքացիութիւն ձեռք բերելուց յետոյ, կարող են վերադառնալ Օսմանեան կայսրութեան տարածք եւ այնտեղ յեղափոխական գործունէութիւն ծաւալել` որպէս ԱՄՆ քաղաքացիներ օժտուած լինելով համապատասխան անձեռնմխելիութեամբ [18]։ Հայերի արտագաղթը սահմանափակելու քայլերից էր 1892 թ. կէսերին Հայերին դէպի Օսմանեան կայսրութեան նաւահանգիստներ ներքին ճանապարհորդական թոյլտւութիւնների` թեսքերէների (պաշտօնաթուղթ) տրամադրելու կարգի խստացումը [19]։ Մշտական արտագաղթը աճի միտումներ դրսեւորեց յատկապէս 1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ, երբ վերացուեցին երկրից դուրս մեկնելու` աբդուլհամիդեան վարչակարգի կողմից մտցուած սահմանափակումները [20]։ Դրա հետ մէկտեղ պէտք է արձանագրել, որ երկրում սահմանադրական կարգերի հաստատման, աբդուլհամիդեան ճնշումների մթնոլորտի թուլացման եւ արեւմտահայ հասարակական–քաղաքական կեանքի աշխուժացման պայմաններում, 1908-1914 թթ. նկատուեցին յատկապէս ռուսական Կովկաս արտագաղթած Հայերի` դէպի Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի նահանգներ հայրենադարձութեան միտումներ:
Բիթլիսի նահանգից հազարաւոր Հայերի համար պանդուխտութեան հիմնական ուղղութիւններից էր Կ. Պոլիսը։ Հայագէտ Հրաչեայ Աճառեանի տուեալներով՝ Սկիւտարի թաղամասի հայ բնակչութիւնն ի սկզբանէ կազմուած էր Մուշից գաղթած Հայերից [21]։
XIX դարի 90-ական թթ. Պոլսի մէջ կար 60.000 հայ գաղթական, որոնք ըստ իրենց նախկին բնակութեան վայրերի մասնագիտացած էին առանձին զբաղմունքների մէջ։ Այսպէս, ակնեցի Հայերի հիմնական զբաղմունքն էր սեղանագործութիւնը, վանեցիների` բեռնակրութիւնն ու խոհարարութիւնը, մշեցիների` բեռնակրութիւնը, կեսարացիների` որմնադրութիւնը եւ ներկարարութիւնը, սեբաստացիների` բաղնեպանութիւնը, երզնկացիների` սուրճի վաճառքը [22]։
Ինչպէս եւ այլուր, Պոլսում մշեցի պանդուխտներից շատերը ծայրայեղ թշուառ կեանք էին վարում, սովի, զրկուածութեան եւ հիւանդութիւնների զոհ էին դառնում մայրաքաղաքի քարավանսարայների, բաղնիքների եւ սրճարանների նկուղների «մութ եւ գաղջ պատերի մէջ» [23]։
Հայ համալները` որպէս Կ. Պոլսի հայ բնակչութեան առաւել անպաշտպան եւ խոցելի խումբ, Բանկ Օտոմանի գրաւման գործողութիւնից յետոյ 1896 թ. Օգոստոսի 26-29-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ջարդերի հիմնական թիրախներից էին` տալով մեծ թիւով զոհեր։ Դէպքերին ժամանակակից գերմանացի լրագրող Մազդա Նէօյմաննը գրում է. «Համալները՝ Բիթլիսի, Վանի, Խարբերդի վիլայեթների հողագործ բնակչութեան թարմ ուժերն էին, որոնք Քրդերի ճնշումների եւ թուրք պաշտօնեաների կեղեքումների հետեւանքով կտրուել են իրենց սնող հողից։ Ամէն տարի հազարներով նրանք ձգտել են Կոստանդնուպոլիս, Զմիւռնիա եւ եւրոպական ու ասիական Թուրքիայի այլ ծովեզերեայ քաղաքներ՝ ծանր ֆիզիկական աշխատանքով վարձատրուելու նպատակով… 1896 թ., Կոստանդնուպոլսում համալների կոտորածից յետոյ, Թուրքերը ստիպուած էին նրանց (առժամանակ – Ռ.Թ.) փոխարինել Քրդերով» [24]։

1896, Պոլիս. տեսարանը ներկայացնում է Ոսկեղջիւրը միացնող Ղալաթիայի կամուրջը։ Հեռուն նշմարելի է Ղալաթիայի աշտարակը (Աղբիւր՝ Quaker & Special Collections, Haverford College, Haverford, PA)։

Մուշից մեկնած պանդուխտները երկար ժամանակ` երբեմն վեց-եօթ եւ աւելի տարիներ չէին վերադառնում իրենց տները, յաճախ որեւէ կերպ չէին տեղեկացնում իրենց որպիսութեան մասին` թողնելով իրենց կանանց եւ ընտանիքներին իրենց ճակատագրի վերաբերեալ անյայտութեան մէջ։ Տեղական հայ եկեղեցական կառոյցները քայլեր էին ձեռնարկում խնդրին լուծում տալու համար։ Այսպէս, 1899 թուականին Մշոյ վիճակի առաջնորդական տեղապահ Բաբգէն ծայրագոյն Վարդապետ Կիւլեսէրեանը անգամ յատուկ դիմում է գաւառից երկար ժամանակով բացակայ հայ պանդուխտներին շրջաբերական նամակով, որով յորդորում է նրանց սեփական որպիսութեան մասին լուր ուղարկել իրենց կանանց։ Բաբգէն Վարդապետի շրջաբերական նամակում յայտարարւում էր, որ եթէ երեք ամսուայ ընթացքում պանդուխտները նման նամակներ չուղարկեն, ապա տեղապահը իրեն իրաւունք է վերապահելու անգամ արտօնել նրանց կանանց վերստին ամուսնանալը [25]։
Բիթլիսի նահանգից Հայերի պանդխտութեան եւ արտագաղթի ամբողջական վիճակագրութիւն գոյութիւն չունի։ Առկայ են տուեալներ առանձին բնակավայրերից, լաւագոյն դէպքում առանձին գաւառակների հայաբնակ գիւղերից պանդուխտների թիւի վերաբերեալ։ Այսպէս, 1883 թ. Օսմանեան Հայաստանի նահանգներով ճանապարհորդած Մանուէլ Միրախորեանը նշում է, որ Մշոյ դաշտի խոշոր հայկական բնակավայրերից մէկից` Խասգիւղից, Կ. Պոլիս էր պանդխտել մօտ 400 մարդ (գիւղում նա հաշւում է 300 տուն հայ), իսկ համաձայն 1913-14 թթ. Հայոց պատրիարքարանի մարդահամարի տուեալների` Խասգիւղից պանդուխտների թիւը 380 էր (340 տուն հայ) [26]։ 1880-ական թթ. վերջերին միայն Յունաստանի Կորնթոսի պարանոցի ջրանցքի կառուցման աշխատանքներում ներգրաւուած էր 2.000-3.000 մշեցի պանդուխտ [27]։
Հայոց պատրիարքարանի 1913-14 թթ. մարդահամարի հարցաթերթիկի հարցերից մէկը վերաբերում էր պանդուխտների թիւին։ Նոյն հարցաթերթիկի «ընդհանուր ծանօթութիւն» սիւնակում առաջարկւում էր նշել, թէ յատկապէս որ երկրներում են գտնւում պանդուխտները։ Համաձայն հաւաքուած տուեալների` Մուշի գաւառի Սասունի գաւառակում հաշուառուել էր 706 պանդուխտ, իսկ որպէս պանդխտութեան վայր նշուել էր գրեթէ բացառապէս Հալէպը [28]։
Բիթլիսի գաւառի Բիթլիսի եւ Խլաթի գաւառակներում հաշուառուել էր 4.449 պանդուխտ (համեմատութեան համար` նոյն տարածքում մարդահամարի ընթացքում հաշուառուած առկայ ընդհանուր բնակչութեան թիւը 35.776 էր, այսինքն պանդխտութեան մէջ էր գտնւում Բիթլիսի եւ Խլաթի գաւառակների հայ ընդհանուր բնակչութեան շուրջ 10% եւ, համապատասխանաբար, քանի որ պանդխտութեան էին դիմում գրեթէ բացառապէս տղամարդիկ, հայ արական բնակչութեան շուրջ 20%-ը)։ Տուեալ տարածքի համար որպէս պանդխտութեան երկրներ նշւում էին Ռուսաստանը եւ ԱՄՆ [29]։
Բուլանըխի գաւառակում 1913-14 թթ. մարդահամարի տուեալներով գրանցուել էր 5.691 պանդուխտ (հայ բնակչութեան ընդհանուր թիւը` 24.476 շունչ)։ Որպէս պանդխտութեան վայր նշւում էր բացառապէս Ռուսաստանը [30]։
1913-14 թթ. մարդահամարի ընթացքում Մուշի գաւառակում (մօտաւորապէս համապատասխանում է Մշոյ դաշտի տարածքին) գրանցուել էր 3.026 պանդուխտ (առկայ հայ բնակչութեան թիւն ըստ նոյն տուեալների` 65.441 շունչ)։ Պանդխտութեան աշխարհագրութիւնը խայտաբղէտ էր, ինչպէս երկրի ներքին շրջաններ` Պոլիս, Հալէպ, Իզմիր, Խնուս, Էրզրում/Կարին, այնպէս էլ արտերկիր` Ռուսաստան, ԱՄՆ, Ռումինիա [31]։
Գենջի գաւառի Խուլփի գաւառակում (Խիանքի եւ Խուլփի գիւղախմբեր) 1913-14 թթ. մարդահամարի տուեալներով հաշուառուել էր 405 պանդուխտ (առկայ հաշուառուած հայ բնակչութեան թիւը` 8.316 շունչ)։ Այսինքն պանդխտութեան մէջ էր շրջանի հայ արական բնակչութեան շուրջ 10%-ը։ Որպէս պանդխտութեան վայր գրեթէ բացառապէս նշւում էր Հալէպը, առանձին դէպքերում` Էրզրումը եւ Դիարբեքիրը [32]։
Վերոնշեալ տուեալների հիման կարելի է ենթադրել, Մեծ Եղեռնի նախօրեակին պանդուխտ էր Բիթլիսի նահանգի Բիթլիսի եւ Մուշի գաւառների ընդհանուր հայ բնակչութեան շուրջ 7-8%-ը կամ հայ արական բնակչութեան շուրջ 14-15%-ը։ Հաշուի առնելով, որ աղբիւրները չեն հաղորդում Սղերդի գաւառի հայ բնակչութեան շրջանում պանդխտութեան երեւոյթի տարածուած լինելու մասին եւ մարդահամարի հարցաթերթերում նշուած գաւառից պանդուխտների թուաքանակի վերաբերեալ տուեալներ բացակայում են, ապա նշուած գաւառի հայ բնակչութեան թիւի աւելացմամբ պանդխտութեան տոկոսային յարաբերակցութիւնը ամբողջ Բիթլիսի նահանգի հայ բնակչութեան նկատմամբ պէտք է մի փոքր նուազ լինի` 12-13%։ [33]։

Հալէպի խաներից Խան Սապունը (Աղբիւր՝ Lamec Saad, “Zestien Jaar als Quarantaine-Artsin Turkije”, De Aarde en haar Volken, Haarlem, 1917)։

Հայերի հայրենադարձութիւնը Բիթլիսի նահանգ
1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ

1908 թ. Յուլիսին Մակեդոնիայում բռնկուած զինուած ապստամբութեան արդիւնքում Օսմանեան կայսրութիւնում վերականգնւում է դեռեւս 1876 թ. ընդունուած Սահմանադրութեան գործողութիւնը։ Սուլթանի լիազօրութիւնները էապէս սահմանափակւում են, իշխանութիւնն ի վերջոյ անցնում է «Միութիւն եւ առաջադիմութիւն» («Իթթիհադ վէ թերրաքի») երիտթուրքական կուսակցութեան պարագլուխների ձեռքը, որոնք կառավարում են երկիրը (1912 թ. Ապրիլից առ 1913 թ. Յունուարի 23 որոշակի ընդմիջմամբ) մինչեւ Առաջին աշխարհամարտի վերջ։
Սահմանադրութեան հռչակումից անմիջապէս յետոյ երիտթուրքերը քայլեր են ձեռնարկում Աբդուլ Համիդի վարչակարգի «զուլումի» քաղաքականութեան որոշ տարրերը վերացնելու, հասարակական–քաղաքական կեանքը ազատականացնելու ուղղութեամբ։ Կայսրութեան Հայերի օգտին անցկացւում են որոշ բարելաւումներ` վերացւում է արեւելեան հայաբնակ նահանգներում հաստատուած արտակարգ ռեժիմը, որը սահմանափակում էր Հայերի` գաւառից գաւառ, գիւղից քաղաք տեղափոխուելու, արտերկիր մեկնելու իրաւունքը, թոյլատրւում է կոտորածների ու հալածանքների հետեւանքով երկրից փախած Հայերին ետ վերադառնալ, բանտերից ու աքսորավայրերից արձակւում են բազմաթիւ հայ կալանաւորներ, դադարեցւում է հայդուկների հետապնդումը, ինչի շնորհիւ շատերը դուրս են գալիս թաքստոցներից եւ վերադառնում իրենց տները, մեծացւում է Հայերի ներկայութիւնն ու կշիռը տեղական կառավարման մարմիններում եւ այլն [34]։
Ծագումով մշեցի դէպքերին ականատես Միսաք Բդէեանը, անշուշտ որոշակի չափազանցութեամբ, հետեւեալ կերպ է նկարագրում 1908 թ. Սահմանադրութեան հռչակումից յետոյ առաջ եկած նոր իրողութիւնները. «Մշոյ գաւառի ամբողջ Հայութիւնը լայն շունչ մը առաւ. այլեւս չկային նախկին հարստահարութիւնները, տուրքերու ապօրինի գանձումները, ժանտարմներու վատ արարքները, միւլթեզիմներու [35] կողմէ գիւղերու թալանումը, խաֆիրութեան [36] տուրքը… Հայութիւնը, որ իր հոգեվարքի վերջին օրերը կ՚ապրէր, նորէն սկսաւ վերակենդանանալ, իր աշխատունակութեամբ, տոկունութեամբ եւ ջանասիրութեամբ, դեռ մէկ երկու տարի չանցած, ամէն բանի տէր դարձաւ» [37]։
Համիդի իշխանութեան տարիներին Քրդերի միջոցով Հայերին զսպելու քաղաքականութեան հետեւանքով,– որով նրանց փաստացի արտօնւում էր անպատիժ գործել Հայերի նկատմամբ ցանկացած ապօրինութիւն,– քիւրտ աղաներին յաջողուել էր տիրանալ Հայերին պատկանող բազմաթիւ վարելահողերի, քրդացնել բազմաթիւ հայկական բնակավայրեր, դրամի շորթման ռեժիմ հաստատել Բիթլիսի նահանգի առանձին շրջանների հայկական գիւղերի նկատմամբ։ Երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ Քրդերը` որպէս Աբդուլ Համիդի ռեժիմի յենարան ուժ, որոշ չափով կորցրեցին իրենց նախկին արտօնեալ կարգավիճակը։ Զգալիօրէն թեթեւացաւ նահանգի Հայերի նկատմամբ նրանց հաստատած լուծը։
Վերոնշեալ գործընթացների հետեւանքով` Օսմանեան կայսրութիւն սկսեցին վերադառնալ նախկին ժամանակաշրջանում Բալկանեան երկրներում եւ Կովկասում հանգրուանած տարագիրներից շատերը։ Համաձայն Բիթլիսում ռուսական հիւպատոս Վ. Շիրկովի 1909 թ. Սեպտեմբերի զեկուցագրի տուեալների` 1909 թ. սկզբներին Տարօն էր արդէն վերադարձել մօտ 5.000 մարդ։ Հիւպատոսը նաեւ նշում էր, որ Ռուսաստանից Օսմանեան կայսրութիւն վերադարձող Հայերի քանակը գնալով մեծանում է [38]։ Ըստ մամուլում հրատարակուած տուեալների` 1909 թ. Սեպտեմբերի դրութեամբ հայրենիք էր վերադարձել մօտ 20.000-25.000 վանեցի եւ մշեցի Հայ [39]։
Բիթլիսի նահանգ աստիճանաբար սկսեցին վերադառնալ նաեւ Քրդերի ճնշումների հետեւանքով ներքին տեղահանուած` այսինքն հարեւան նահանգներում ապաստան գտած որոշ Հայեր։ Մասնաւորապէս, այդ երեւոյթի մասին արձանագրում է 1910 թ. Սեպտեմբերին Խութ–Բռնաշէնի գիւղերով ճանապարհորդած Արշակ Սաֆրաստեանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Դիարբեքիրում բրիտանական փոխհիւպատոսի պաշտօնը, իր ուղեւորական նօթերում [40]։ Այսպէս, նա նշում է, որ Խութ–Բռնաշէնի շրջանի Գեղոնք (Գելոնք) բնակավայրում 1907-ին գրեթէ Հայ չէր մնացել, սակայն 1910-ին իր այցելութեան ժամանակ գիւղը համեմատաբար շէն էր եւ բարգաւաճ։ Գիւղի հայ մեծաւորի խօսքերով, մօտակայ ժամանակներում գիւղ պէտք է վերադառնային նախկինում դէպի Խնուս փախած չորս ընտանիք [41]։

Համալներ Պոլիսի մէջ։ Լուսանկար Սապա եւ Ժօուէյէի, 19-րդ դարի վերջաւորութիւն (Աղբիւր՝ Վազգէն Խաչիկ Դաւիթեանի հաւաքածոյ, Լոնտոն)։

Իր բնակչութիւնը սկսել էր վերականգնել եւ նոյն շրջանի Լորտնձոր (Լոդըձոր) բնակավայրը։ Եթէ 1907 թ. Ա. Սաֆրաստեանի այցելութեան ժամանակ այնտեղ կար ընդամէնը 7 տուն Հայ, ապա 1910-ին գիւղի հայ տների թիւը հասել էր 23-ի։ «Այժմ սահմանադրութենէն յետոյ վերադարձած էին փախստականներ եւ դեռ պիտի գային ուրիշներ»,  նշում է հեղինակը [42]։
Դրա հետ մէկտեղ, 1912 թ. Հոկտեմբերին Տարօնի թեմի հոգեւոր առաջնորդ Ներսէս Եպիսկոպոս Խարախանեանը Տարօնի Հայութեան վիճակին նուիրուած իր զեկուցագրերից մէկում արձանագրում էր. «Օսմանեան Սահմանադրութեան հռչակումը որքան որ մեծ խանդավառութեամբ ընդունուեցաւ բոլոր Հայերու կողմանէ՝ սակայն անոր արդիւնքը չեղաւ այն, ինչ որ կ՚ակնկալէր ճնշուած ժողովուրդը. իրաւ է, մէկ երկու տարի մասնակի խաղաղութիւն մը եւ ապահովութիւն տիրեց ու երթեւեկութիւնները դիւրացան, բայց հիմնական բարենորոգում մը եւ բարեկարգութիւն մը երբեք չգործադրուեցաւ եւ մեր թեմի մութ անկիւնները, ինչպէս են Սասուն, Խոյթ, Բռնաշէն, Մօտկան եւ այլն, նոյնիսկ ենթարկուած մնացին հինէն ի վեր տիրող բռնութեանց ներքեւ եւ որ աստիճան մը աւելի ծանրացաւ. որովհետեւ ի լուր Սահմանադրութեան ճնշուածները շարժում մ՚ըրին անոնց լուծը թօթափելու, սպանութիւններ, առեւանգութիւններ եւ աւարառութիւններ ու գողութիւններ շարունակուեցան եւ չարագործները մնացին անպատիժ» [43]։
Բիթլիսի նահանգ վերադարձող Հայերը բախուեցին մի շարք խնդիրների, որոնցից ամենակարեւորն ու սուրը հողայինն էր` աբդուլհամիդեան բռնաճնշումների տարիներին քուրդ եւ թուրք խոշոր հողատէրերի կողմից տարբեր ճանապարհներով Հայերից խլուած հողակտորները յետ ստանալու հարցը։ «Հայերը բռնութեան շրջանին ոչ միայն կողոպտած էին, ոչ միայն հազարաւոր պատուական կեանքեր զոհուած էին, այլ Համիտի հայաջինջ քաղաքականութենէն քաջալերուած թուրք ու քիւրտ պէյեր ու աղաներ Հայերու կալուածներ յափշտակած էին. գիւղ չկայ, որ այդ զրկանքին ենթարկուած չըլլար։ …Այս մասին մանաւանդ անտանելի է այն Հայերու վիճակը, որոնք ժամանակին սուրէ եւ հուրէ փախչելով գաղթած էին աստ ու անդ. մեծ մասը ռուսական հողի վրայ ապաստանած ու Սահմանադրութեան լուրը առնելով վերադարձած էին հայրենիք. ասոնք մինչեւ այսօր ալ չկրցան ձեռք ձգել իրենց կալուածները ու կը մնան երեսի վրայ դռնէ դուռ թափառական, ո՛չ վարելահող ունին եւ ո՛չ տուն-բնակարան, ո՛չ ոք կը գթայ անոնց արտասուքներուն», նշում է Ներսէս եպիսկոպոս Խարախանեանը [44]։
Չնայած Օսմանեան կայսրութեան Հայերի առջեւ ծառացած բազմաթիւ խնդիրների չլուծուած մնալուն, ինքնին կենտրոնական իշխանութիւնների կողմից սիստեմատիկ հալածանքների թուլացման փաստը բարենպաստ ազդեցութիւն ունեցաւ Բիթլիսի նահանգի հայ բնակչութեան թուաքանակի աճի վրայ։ Մուշի գաւառի Մուշի, Մալազկիրտ/Մանազկերտի եւ Բուլանըխի գաւառակների հայաբնակ բնակավայրերի հայ բնակչութեան թուաքանակի համար մենք բացառիկ հնարաւորութիւն ունենք համեմատելու մէկ աղբիւրի` Մշոյ թեմի առաջնորդարանի քարտուղար Նազարէթ Մարտիրոսեանի կազմած երկու վիճակագրական ցուցակ, որոնցից մէկը վերաբերում է 1909 թ. սկզբի, միւսը` 1914 թ. վերջի – 1915 թ. սկզբի դրութեանը։ Եթէ 1909 թ. տուեալներով՝ Մշոյ դաշտի 90 հայաբնակ բնակավայրերում կար 7.595 տուն Հայ, ապա 1914 թ. արդէն հաշուառուել էր 9.516 տուն, 82.361 շունչ Հայ։ Այսպիսով, ըստ Ն. Մարտիրոսեանի տուեալների՝ Մշոյ դաշտի հայաբնակ գիւղերի հայ բնակչութեան աճը վեց տարուայ ընթացքում կազմել է շուրջ 25% կամ տարեկան միջինը 4%-ից աւելի (եթէ տարածենք 1914 թ. վերաբերող տուեալի մէկ տանն ընկնող շնչերի միջին թիւ 8,6-ը 1909 թ. տների թիւի վրայ, ապա Մշոյ դաշտի նոյն 90 բնակավայրերի համար շնչերի թիւը 1909 թ. 65.735 էր) [45]։
Նոյնպէս, համաձայն Ն. Մարտիրոսեանի տուեալների՝ Մալազկիրտ գաւառակի երկու ցուցակներում համընկնող 34 անուն բնակավայրերում 1909 թ. կար 1.082 տուն Հայ, 1914 թ.` 1.305 տուն Հայ` 10.808 շունչ բնակչութեամբ (տների թիւի աճը` 20,6% կամ տարեկան 3,4%) [46]։ Բուլանըխի գաւառակի պարագայում հայ տների թիւը 24 բնակավայրերում 2.393-ից (1909 թ.), բարձրացել էր մինչեւ 3.324-ի (1914 թ.)` 38,9%-ով կամ տարեկան շուրջ 6,5%-ով [47]։ Անշուշտ բնակչութեան նման բարձր աճի տեմպը պայմանաւորուած էր ոչ միայն բնական աճով, այլ նաեւ հայրենադարձութեամբ [48]։
1914 թ. Փետրուարի 8-ին ստորագրուեց ռուս-թուրքական համաձայնագիրը, որով նախատեսւում էին բարենորոգումներ իրականացնել կայսրութեան արեւելեան հայաբնակ նահանգների տարածքում։ Այդ համաձայնագրի դրոյթները կեանքի կոչելն անշուշտ բարելաւելու էր Հայութեան կացութիւնը եւ դրանով նպաստելու էր դէպի Բիթլիսի նահանգ Հայերի հայրենադարձութեան միտումների ամրապնդմանը։ Սակայն յայտարարուած բարեփոխումներն այդպէս էլ մնացին միայն թղթի վրայ. երիտթուրքական կառավարութիւնն Առաջին աշխարհամարտի բռնկումից անմիջապէս յետոյ չեղեալ յայտարարեց բարեփոխումների համաձայնագիրը՝ մեկնարկ տալով Օսմանեան կայսրութիւնում հայ բնակչութեան բնաջնջման միջոցով Հայկական հարցի վերջնական լուծման իր ծրագրին:

_______
[1] «Արձագանք», գրական եւ քաղաքական շաբաթաթերթ, Թիֆլիս, 10 Օգոստոսի 1886, №30, էջ 388։

[2] «Մշակ», 1875 Յունուարի 16, №2։

[3] «Սալաֆ»՝ հողի գրաւադրում։ «Սալաֆ»-ի մասին մանրամասն տե՛ս. Գեղամ Տէր-Կարապետեան, Հողային հարցը հայաբնակ նահանգներու մէջ, Կ. Պոլիս, 1911, էջ 28-29։

[4] Սարգիս եւ Միսաք Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, խմբ. Աղան Տարօնեցի, Գահիրէ, տպ. «Սահակ-Մեսրոպ», 1962, էջ 29։

[5] Նոյն, էջ 28։

[6] H.F.B. Lynch, « Armenia: Travels and Studies, Volume II: The Turkish Provinces », London, Longmans, Green, and Co., 1901, էջ 426։

[7] «Մշոյ աշխարհ», «Լումայ» գրական հանդէս, Տփխիս, 1899, №1. էջ 122։

[8] Նոյն։

[9] Նոյն, էջ 123։

[10] Դէպի Հալէպ սասունցիների պանդխտութեան մասին մանրամասն տե՛ս. Վարդի Քէշիշեան, «Սասուն–Հալէպ պատմական առընչութիւններ. սասունցիներ Հալէպի մէջ», Հայկազ-
եան հայագիտական հանդէս, հատոր ԻԴ., Պէյրութ, 2004, էջ 93-138։ Տե՛ս. նաեւ Shemassian Vahram L., « The Sasun Pandukhts in Nineteenth- Century Aleppo », in R. Hovannisian (ed.), « Armenian Baghesh/Bitlis and Taron/Mush », Mazda Publishers, Inc., 2001, էջ 175-189։

[11] Սարգիս եւ Միսաք Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, էջ 27-28։

[12] Ա.Մ. Սեւեան (Իսկէնտէր Գարաճեան), «Հալէպի հայ գաղութին անցեալն ու ներկան», Արեւելեան մամուլ, Զմիւռնիա, 36-րդ դարի, 1906, Յունիսի 14, թիւ 25, էջ 614։ Մէջբերւում է ըստ Վարդի Քէշիշեան, «Սասուն–Հալէպ պատմական առնչութիւններ», էջ 128։

[13] Մկրտիչ քհնյ. Մուրատեան, «Սասունցիները Հալէպի մէջ», Տաճար, Կ. Պոլիս, 1910, թիւ 28, էջ 644։ Մէջբերւում է ըստ Վարդի Քէշիշեան, «Սասուն–Հալէպ պատմական առընչութիւններ», էջ 128։

[14] Ստեփան Պօղոսեան, Պատմագիտական ուսումնասիրութիւններ, Հայոց ցեղասպանութեան պատմութիւն, I, Երեւան, ԵՊՀ հրատ., 2008, էջ 315-316։

[15] 1855 թ. Մուշում (Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, Տարօն-Տուրուբերան հայրենակց. միութ. կեդր. վարչ., տպ. «Սեւան», 1956, էջ 304։ 1864 թ.՝ Բիթլիսում (R. Mirak, Torn Between Two Lands, Armenians in America, 1890 to World War I, Harvard University Press, Cambridge, Massachsetts, 1983, էջ 42)։

[16] Կրթարանների ցանկը տե՛ս. Յուշարձան հայ աւետարանականաց եւ աւետարանական եկեղեցւոյ (Քննական ծանօթութիւններով), գրեց՝ վեր. Կ. Պ. Ատանալեան, Ֆրեզնօ, Կալիֆորնիա, 1952, էջ 472-474։

[17] Mirak, Torn Between Two Lands, էջ 42։

[18] Նոյն, էջ 43։

[19] Նոյն, էջ 46։

[20] Սարգիս եւ Միսաք Բդէեան, Հա-
րազատ պատմութիւն Տարօնոյ, էջ 28։

[21] Հր. Աճառեան, Հայ գաղթականութեան պատմութիւն, Երեւան, «Զանգակ–97», 2002, էջ 631։
[22] Նոյն՝ Սարգիս եւ Միսաք Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, էջ 27։

[23] Հայ գաղթաշխարհի պատմութիւն (միջնադարից մինչեւ 1920 թ.), հ. 2, Երեւան, «Գիտութիւն» հրատ., 2003, էջ 117։

[24] Магда Нейман, Армяне, Ереван, 1991, стр. 107-108 (մէջբերւում է ըստ Հայ գաղթաշխարհի պատմութիւն (միջնադարից մինչեւ 1920 թ.)…, էջ 116)։

[25] «Ընկեցիկ անայր կիներ», Արեւելեան մամուլ, Զմիւռնիա, 1899 թ. Նոյեմբերի 15, № 22։ Արձագանգելով խնդրին՝ 1900 թ. սկզբին «Մշեցի պանդուխտներու լքեալ կիները» յօդուածով է հանդէս գալիս նաեւ ծնունդով մշեցի Գեղամ Տէր-Կարապետեանը (Ծաղիկ օրաթերթ, Կ. Պոլիս, 1900, № 112, 113)։

[26] Մանուէլ Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա., Կ. Պոլիս, 1884, էջ 45-46։ ՀԲԸՄ-ի Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 58։ 1913 թ. հայկական մամուլում շրջանառուող մէկ այլ տուեալով Խասգիւղից պանդուխտների թիւը շուրջ 600 էր, 400 տուն հայ բնակչութեան պայմաններում (Համբարձում Առաքելեան, «Թիւրքահայ ժողովրդի վիճակագրութիւնը», Արօր. միամսեայ հանդէս. Ընդհանուր գրական, գիտական-ժողովրդական եւ խաղաղասիրական, IV տարի, 1913 թ. Դեկտեմբեր, էջ 77)։

[27] Սարգիս և Միսաք Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, էջ 27։

[28] ՀԲԸՄ-ի Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, ff. 45-48։ Համեմատութեան համար՝ 1880 թ. Հայոց պատրիարքարանի յանձնարարութեամբ կատարուած մարդահամարի տուեալներով Հալէպում կար 303 սասունցի պանդուխտ (Վարդի Քէշիշեան, «Սասուն–Հալէպ պատմական առնչութիւններ…», էջ 114)։ Ծնունդով սասունցի Մկրտիչ քահանայ Մուրադ-
եանը 1910 թ. գրած «Սասունցիները Հալէպի մէջ» յօդուածում մօտ 4.000 սասունցի պանդուխտ է հաշւում Հալէպում եւ շրջակայքում (նոյն, էջ 127)։

[29] ՀԲԸՄ-ի Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, ff. 48-52։

[30] ՀԲԸՄ-ի Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 53։

[31] ՀԲԸՄ-ի Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, ff. 55-59։

[32] ՀԲԸՄ-ի Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 61։

[33] Նոյն։ 1913-14 թթ. Հայոց պատրիարքարանի մարդահամարների տուեալների հիման վրայ Ռեմոն Գէորգ-
եանի կատարած հաշուարկով Բիթլիսի նահանգի Բիթլիսի եւ Մուշի գաւառներից Մեծ եղեռնի նախօրեակին պանդուխտ էր 15.307 հայ, իսկ առկայ հայ բնակչութեան թիւը 196.840 շունչ էր (Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman à la veille du génocide, Paris, Editions d’Art et d’Histoire ARHIS, 1992, էջ 59-60)։ Համապատասխան հաշուարկով պանդուխտ էր նշուած տարածքի ընդհանուր հայ բնակչութեան մօտ 7%-ը, եւ արական սեռին պատկանող հայ բնակչութեան մօտ 14%-ը։

[34] Ա.Ս. Համբարեան, «Երիտթուրքերի ազգային ու հողային քաղաքականութիւնը եւ ազատագրական շարժումներն Արեւմտեան Հայաստանում», Երեւան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, 1979, էջ 20-21։ Վահան Բայբուրդեան, «Օսմանեան կայսրութեան պատմութիւն», Երեւան, ԵՊՀ հրատարակչութիւն, 2011, էջ 608։

[35] Օսմանեան կառավարութիւնից կապալով որոշակի տարածքից հարկերը հաւաքելու իրաւունք ստացած անձինք։

[36] Խաֆիրը կամ խաֆիրութիւնն առաջացել է արաբերէն խաֆիր կամ ղաֆիր բառից, որ նշանակում է պահապան։ Դրա էութիւնն այն էր, որ մի դէպքում գիւղացիներն էին դիմում աղաներին կամ քուրդ ցեղապետերին, խնդրելով պաշտպանութիւն կողմնակի յարձակումներից, պարտաւորուելով որ կը վճարեն դրա համար, մի այլ դէպքում աղաներն իրենք էին իրենց յայտարարում գիւղացիներին կողմնակի յարձակումներից պաշտպանողներ եւ այդ պաշտպանութեան համար ստիպում էին նրանց վճարել զանազան տուրքեր (Ա.Ս. Համբարեան, «Սոցիալական տերմիններն Արեւմտեան Հայաստանում (XIX դար-XX դարի սկիզբ)», Պատմա-բանասիրական հանդէս, 1992, № 2-3, էջ 137-138)։

[37] Սարգիս եւ Միսաք Բդէեան, «Հարազատ պատմութիւն Տարօնոյ», էջ 269։

[38] Նոյն (Ռուսաստանի արտաքին քաղաքականութեան արխիւ, ֆ. «Քաղարխիւ», 1909, ցուցակ 482, գործ 1644, թերթ 52)։

[39] «Վաթանը ձեզ կանչում է», Հորիզոն, Թիֆլիս, 1909 Սեպտեմբերի 4, № 28։

[40] Ա. Սաֆրաստեան, «Խոյթ-Բռնաշէն գաւառները. ուղեւորական տեղեկագրութիւններ», Հանդէս ամսօրեայ, Վիեննա, 1933, ԽԷ. տարի, Սեպտեմբեր-Հոկտեմբեր, էջ 612. «Սահմանադրութենէն ի վեր զգալապէս թեթեւցած էր շէկօցի եւ խութեցի աշիրէթների լուծը՝ այս [Խութ-Բռնաշէնի Թաղվըձոր հայաբնակ բնակավայր– Ռ.Թ.] եւ շրջակայ հայ գիւղերի վրայէն, եւ ցիրուցան գաւառացիները տակաւ կը վրադառնային իրենց հողերի վրայ»։ Դրա հետ պէտք է նշել, որ Քրդերի կողմից հայկական գիւղերի ասպատակումները եւ հարստահարութիւնը չէին վերացել, Ա. Սաֆրաստեանն իր նօթերում արձանագրում է նման մի քանի օրինակներ։

[41] Նոյն, էջ 613 (Գելոնք գիւղի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ վիճակագրական տուեալները տե՛ս. աշխատանքի՝ Խութ-Բռնաշէնի շրջանին վերաբերող բաժնում)։

[42] Նոյն, էջ 615։ Հայերի հայրենադարձութեան երեւոյթի մասին հեղինակն արձանագրում է նաեւ Խութ-Բռնաշէնի Թաղավանք եւ Շամեանք բնակավայրերի մասին խօսելիս (Ա. Սաֆրաստեան, «Խոյթ-Բռնաշէն գաւառները. ուղեւորական տեղեկագրութիւններ», Հանդէս ամսօրեայ, Վիեննա, 1934, ԽԸ. տարի, Մայիս-Յուլիս, էջ 308)։

[43] «Հողային խնդիրը Տարօնում (Քաղուածք մի զեկուցագրից)», Արարատ, Ս. Էջմիածին, 1913, Տարի ԽԷ., Յունուար, համար Ա., էջ 90։ Հ.Մ. Պօղոսեան, «Սասունի պատմութիւն», Երեւան, Հայաստան հրատ., 1985, էջ 288)։

[44] «Հողային խնդիրը Տարօնում…», Արարատ, էջ 90-91։ Երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ կայսրութեան Հայերի առաջ քաշած հողային խնդրի մասին մանրամասն տե՛ս. Գեղամ Տէր-Կարապետեան, «Հողային հարցը հայաբնակ նահանգներու մէջ» (Բիթլիսի նահանգում հողի գրաւման օրինակները՝ էջ 8-28)։ Տե՛ս. նաեւ Հ.Մ. Պօղոսեան, «Սասունի պատմութիւն», էջ 283-290։ Ա.Ս. Համբարեան, «Երիտթուրքերի ազգային ու հողային քաղաքականութիւնը», էջ 48-105։

[45] Մշոյ գաւառակի համար Ն. Մարտիրոսեանի՝ 1909 թ. տուեալները տե՛ս. «Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները. Ուսումնասիրութեան մի փորձ այդ երկրի աշխարհագրական, վիճակագրական, իրաւական եւ տնտեսական դրութեան», Երեւան, տպարան Կուլտուրա, էջ 104-107։ 1914 թ. տուեալները տե՛ս. Վան-Տոսպ հասարակական, քաղաքական, գրական շաբաթաթերթ, 1916, Փետրուարի 28, № 12, էջ 8-9։

[46] Մանազկերտի գաւառակի համար Ն. Մարտիրոսեանի՝ 1909 թ. տուեալները տե՛ս. «Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները…», էջ 149-150։ 1914 թ. տուեալները տե՛ս. Վան-Տոսպ, 1916, Փետրուարի 28, № 14, էջ 7։

[47] Բուլանըխի գաւառակի համար Ն. Մարտիրոսեանի՝ 1909 թ. տուեալները տե՛ս «Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները…», էջ 146։ 1914 թ. տուեալները տե՛ս Վան-Տոսպ, 1916, № 14, էջ 7։

[48] Դրա հետ մեկտէղ, չենք կարող, սակայն, նաեւ բացառել Ն. Մարտիրոսեանի կողմից 1909-ին Հայերի թիւը որոշ չափով թերհաշուառելու պարա-
գան։

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles