
ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
ՆԻՒ ԵՈՐՔ
Լուսանկարները ` հեղինակի
Ա.Մ.Ն.-ի Արեւելեան Թեմի Առաջնորդարանի հովանաւորութեամբ, Նիւ Եորքի Սուրբ Վարդան մայր տաճարում առաջին անգամ հնչեց Մոցարթի «Ռեքուիեմ»ը, որը նուիրուած էր Առաջնորդարանի թեմական խորհրդի ատենապետ Հայկ Տատուրեանի յիշատակին :
Նշենք նաեւ որ այս ծրագրի հեղինակներն են ` տաճարի լուսարարապետ Մամիկոն Քելեճեանը եւ ճանաչուած խմբավար, Հ.Հ. վաստակաւոր փրոֆէսոր` Խորէն Մեխանեճեանը:
«Հայկը լինելով Տատուր եւ Սառա Տատուրեանների զաւակը, հետեւել է իր ծնողներին, որոնք տարիներ շարունակ հանդիպել են Վեհափառ Վազգէն առաջինին, իրենց ներդրում են կատարել Հայաստանեանց Առաքելական եկեղեցիին, ինչպէս նաեւ կատարած նուիրատուութիւններ` հայրենիքին:
Հայկ Տատուրեանը լինելով հայրենասէր մենք ցանակացանք յաւէրժացնել նրա յիշատակը, որը օրինակ կը ծառայի մեր երիտասարդ սերունդին», յայտնեց լուսարարապետ ` Մամիկոն Քելեճեանը, համերգից առաջ, ներկաներին ողջոյնի ընթացքին:
Տաճարի հոգեւոր երգչախումբի ադամների քանակը համեստ է, որի համար այն լրացուել էր դրսից հրաւիրուած երգիչներով: Համերգի մենակատարներն էին` Յասմիկ Մեխանեճեանը, Լինտա Լի Ճոնզը, Վաղարշակ Օհանեանը եւ Լաուրենսի Ճոնզը: Երգահոնահարն էր` Նիւ Եորքի հանրայայտ «Ճուլիըրտ» երաժշտական դպրոցի դասատու` Ուալթըր Հիլզը: Համերգը, որն անցաւ մեծ յաջողութեամբ, ներկաների կողմից ընդունուեց ջորմութեամբ: Աւարտից յետոյ, իր ջերմ շնորհակալութիւնը յայտնեց Հայկ Տատուրեանի այրին` Աստրիտ Տատուրեանը :