Մի  Պատմութիւն  Ախալցխահայոց  Կեանքից

0 0
Read Time:16 Minute, 47 Second

 

akhalkalak1 

Գրեց՝  Վահէ Սարգսեան  *

Մեսրոպեան  ուղղագրութեան վերածեց՝ Յարութիւն  Մըսրլեան

Մարտ 16, 2016

 

*  Վահէ Սարգսեան ծնած է Ջաւախք: 2014-ի Մարտին, երբ ան կը փորձէր Երեւանէն Ջախախք անցնիլ ազգականներ ու բարեկամներ այցելելու, Վրաստանի Իշխանութիւնները Բաւրա – Նինոծմինդայի սահմանագծին վրայ արգիլած են անոր մուտքը դէպի Ջաւախք  եւ դասած  են անոր իբր persona non granta , այսինքն՝ անբաղձալի անձնաւորութիւն Վրաստանի մէջ…:

 

Կ’արժէ յիշել, որ Վահէ Սարգսեանը յայտնի փորձագէտ եւ Պատմական Գիտութիւններու Թեկնածու է: Ան տարիներ շարունակ զբաղած է  գիտական եւ հետազօտական գործունէութեամբ, որուն թեմաները եղած են Ջաւախքի հիմնախնդիրներն ու հայ-վրացական յարաբերութիւնները: Հրատարակած է բազմաթիւ գիրքեր եւ  ուսումնասիրութիւններ : (Յ.Մ.)

 

Կորիւնի մանկութիւնն այնքան էլ ուրախ ու երջանիկ չէր անցել, 6-րդ դասարանում երկունքի ժամանակ մահացաւ մայրը՝ այնպէս էլ լոյս աշխարհ չբերելով իր քրոջը: Իր սիրասուն մօր լուսապատկերն այդ օրից կախուած էր տան ամենամեծ սենեակում, որի արթուն հայեացքից Կորիւնը շատ բան էր կռահում, շատ բան սովորում այնպէս, ինչպէս  ենթադրում էր, որ կը սովորոցնէր մայրը , եթէ լիներ կենդանի: Կորիւնն այդ օրուանից  հօր միակ  ու անբաժան ընկերը թէ՛ տան առօրեայ հոգսերում, թէ՛ աշխատանքի մէջ: Կորիւնի հայրն Ախալցխայում յայտնի  փայտագործներից էր: Ապրանքային կայարան կամ «Տովառնիյ»  թաղամասում գտնուող իր տանը կից ունէր մի մեծ շինութիւն, որտեղ տեղակայուած էին մեծ եւ փոքր հաստոցներ, մի քանի սեղաններ, գործիքների երկար պահարաններ, այլ իրեր: Այն ծառայում էր որպէս փայտագործութեան արհեստանոց, որտեղ Կորիւնն ու իր հայրը՝ ուստա Արտաշը, պատրաստում էին ամենատարբեր իրեր՝ սկսած տան կահ-կարասիից, վերջացրած փայտեայ գործիքներով ու այն ամեն առարկաներով, ինչը հնարաւոր էր պատրաստել փայտից:

Տարիներն անցնում էին, Կորիւնն արդէն մեծացել, դպրոցն աւարտել եւ իր վարպետութեամբ գրեթէ հաւասարել էր հօրը: Իսկ հօր գործը որքան հեշտացել, նոյնքան էլ դժուարացել էր. ինչպէ՞ս կը դասաւորուի տղայի՝ իր սիրասուն Կորիւնի՝ իր տան, իր փեշակի միակ ժառանգորդի ապագայ կեանքը: Այս միտքն էր ահա, որ մշտապէս տանջում էր ուստա Արտաշին: Կորիւնի հասակ առնելուն զուգահեռ , մեծանում, հետզհետէ ձեւ ու կերպարանք էր ստանում նաեւ նոր մտահոգութիւնը: Սրտի խորքում հայրը ցանկանում էր, որ իր որդին դառնայ իր գործի շարունակողը, մանաւանդ, որ արդէն տիրապետում էր փայտագործութեան գաղտնիքներին: Եւ քանի դեռ ինքը  կենդանի է, որդին հնարաւորութիւն ունի միաժամանկ թէ՛  շարունակել եւ թէ՛ ընդլայնել նոր գործը:

Շատ էր պատահում, որ, ընկնելով մտածումների գիրկը, ուստա Արտաշի աչքին երեւում էր ոչ թէ հաստոցը կամ իր ձեռքի տակ նոր ձեւ ու բովանդակութիւն ստացող փայտի կտորտանքը, այլ ընդլայնուած իր արհեստանոցը, աւելացուած իր հաստոցները եւ դրանց շուրջ պտտուող նոր աշխատակիցները, պատուիրատուների զննող հայեացքները, իսկ այդ ամենի մէջ՝ իր որդին, որն արդէն գրեթէ չի հասցնում մօտենալ այս կամ այն  աշխատակցին, անընդհատ տալիս է հրահանգներ ու ընդունում որոշումներ, խօսում է պատուիրատուների  հետ, մատիտը ձեռքին թղթերի վրայ արտացոլում է ապագայ կահի կամ շինուածքի պատկերը, նա արհեստանոցի  անկիւնում արդէն ունի իր գրասենեակը, որտեղ կատարում է զանազան հաշուարկներ, ընդունում եւ ճանապարհում է մարդկանց: Այս մտքերն այնքան էին ոգեւորում Արտաշին, որ յուզմունքից քիչ էր մնում գրկեր, փայփայեր Կորիւնին՝ իր զաւակին, որը եթէ չլիներ, կնոջ մահից յետոյ դժուար թէ նա կարողանար յաղթահարել իր վիշտն ու մենականութիւնը:

Օրերն անցնում էին, եւ ուստա Արտաշը որոշեց հարցն այլեւս չյետաձգել, կանչեց տղային, նստեցրեց սեղանի մօտ, սկսեց խօսել իր մտադրութիւնների, այն մտքերի մասին, որոնք ինքն իր փայտերի նման տարիներով յղկել, ձեւ  ու բովանդակութիւն էր հաղորդել եւ այժմ մէկիկ-մէկիկ ներկայացնում էր որդուն: Մեծ եղաւ ուստա Արտաշի զարմանքը, երբ որդին նախ ջերմօրէն չարձագանգեց իր առաջարկին, այնուհետեւ երկարատեւ լռութիւնից յետոյ խոստովանեց, որ որոշել է մեկնել Ռուսաստան եւ միայն հօրը շատ սիրելով է այսքան ժամանակ նուիրուած ու տքնաջան աշխատել արհեստանոցում…

…Մօր գերեզման հերթական այցի ժամանակ ուստա Արտաշը լուռ էր եւ Կորիւնը նրանց սովորական եւ մտերմիկ խօսակցութիւնը, երբ կարօտով միմեանց պատմում էին մօր հետ կապուած զանազան յիշողութիւններ, չկար այդ անգամ: Այդպիսի խօսակցութիւններում Արտաշը ներկայացնում էր մօր բնաւորութեան այն գծերը, որոնք դեռ չէր հասցրել ճանաչել որդին, իսկ Կորիւնը հարցերի մի շարան էր ուղղում հօրը: Խօսակցութիւնը միշտ աւարտւում էր ուստա Արտաշի աչքերի խոնաւացմամբ, իսկ  մօր առաքինութիւնների ու բարի գործերի մասին նոր տեղեկութիւններ ստանալով՝ Կորիւնի յուզմունքը աւելի էր խորանում: Այդ օրը, սակայն, ոչ մի նման բան տեղի չունեցաւ, աւելին՝ հայր եւ որդի անգամ չէին պայմանաւորուել, թէ երբ այցելեն գերեզման: Կորիւնը, տեսնելով, որ հայրը չի միացրել հաստոցներն ու ինչ-որ տեղ է պատրաստւում գնալ, ինքնաբերաբար միացաւ նրան եւ ճանապարհի ողջ ընթացքում եւ գերեզմանի մօտ աշխատում էր չհանդիպել հօր հայեացքին:

Ոստա Արտաշի եւ Կորիւնի այդ վերջին խօսակցութիւնը հիմնովին փոխեց այս խաղաղ ու բարեբեր ընտանիքի առօրեան. վարպետը դարձաւ լռակեաց, ինքնամփոփ ու գլխիկոր, իսկ Կորիւնը, զգալով, որ այդ ամենի մեղաւորն ինքն է, աշխատում էր քիչ հանդիպել հօրը: Նա այժմ աւելի քիչ ժամանակ էր անցկացնում արհեստանոցում եւ յաճախակի էր դարձրել քաղաք դուրս գալը, գիշերներն ուշ վերադառնալն, ու լինում էին դէպքեր, երբ հայր ու որդի կարող էին անգամ օրերով չհանդիպել: Եւ սա այն դէպքում, երբ նախկինում նոյնիսկ մէկ ժամ Կորիւնի չերեւալու դէպքում, ուստա Արտաշը պարտադիր կանչում էր նրան, եւ, եթէ անգամ որդին մօտակայքում չէր, գործը կիսատ էր թողում, մի քիչ հանգստանում եւ սպասում, մինչ նա կը գար, եւ վերստին ամեն ինչ կը մտնէր հունի մէջ:

Արդէն մօտենում էր գարունը՝ Ախալցխայի դիւթիչ ու ծաղկաւէտ գարունը: Քռի ու Փոցխովի ջրերը բարձրացել էին, ծեծում էին ափերն ու ուստա Արտաշի սիրտը: Ե՛ւ հայրը, ե՛ւ որդին զգում էին, այսպէս երկար չեն կարող շարունակել: Երկուսն էլ փոփոխութիւն էին ուզում՝ լաւ, թէ վատ, բայց ուզում էին, աւելի ճիշտ՝ հայրն ուզում էր իր խռովայոյզ հոգու հանգստութիւնը, իսկ որդին՝ ելք անորոշ վիճակից, մի վիճակ, որի ստեղծման մեղաւորն ու միակ պատճառը ինքն էր ու իր անողոք որոշումը: Նա սկսել էր արդէն հանդիպել Ռուսաստան մեկնող իրենից տարիքով մեծերի հետ, քննարկումներ ծաւալել այն մասին, թէ ինչպիսի հնարաւոր աշխատանքներ կարող է գտնել այնտեղ: Այդ  քննարկումները յաճախ բերում էին ամենատարբեր եզրայանգումների, մէկ Կորիւնի համար բացւում էին վարդագոյն հորիզոններ, երբ ինքը, մեկնելով այդ երկիր, արագ հիմնում էր իր ընկերութիւնը, կարճ ժամանակում ընդլայնում գործունէութեան ոլորտը, դառնում մեծահարուստ, մէկ-մէկ էլ ամեն ինչ խամրում էր նրա առջեւ, վերածւում գորշ ու ցեխոտ մի վայրի, որտեղ ինքն ապրում է զրկանքների ու անյաջողութիւնների մէջ:

…Ապրիլեան մի առաւօտ էր, արեւածագին դեռ շատ կար, իսկ գորշ ամպերի կուտակումները յուշում էին, որ նրա երեւալուն կարելի է այդ օրը չսպասել: Ողջ գիշերն անկողնում շուռումուռ գալուց Կորիւնի մկանունքը ցաւում էր, անքնութիւնից կարմրել էին աչքերը: Կորիւնը վերջնականօրէն որոշել էր մեկնել, եւ ահա եկել էր այդ օրը: Ուստա Արտաշի երկարատեւ յորդորները, բացատրութիւնները, անգամ սպառնալիքներն ու հայրական յուզմունքն ի զօրու չեղան ազդելու Կորիւնի վրայ. Ռուսաստանի անծայրածիր հորիզոններն ու այնտեղից ակնկալուող եկամուտների հրապոյրը յաղթանակեցին: Նոյն ճակատագիրն ունեցաւ նաեւ Կորիւնի կրտսեր հօրեղբօր՝  Վարոսի միջամտութիւնը. Կորիւնը մեկնում էր…

Իրերի ճամբրուկը գրեթէ դատարկ էր, մէջն անփութօրէն նետուած էին մի ձեռք փոխանորդ ու ածիլուելու պարագաները: Վաղ առաւօտեան վեր էր կացել նաեւ ուստա Արտաշը, դռանը նստել, նայում էր անորոշ մի կէտի՝ երբեմն-երբեմն լուռ հայեացքով հետեւելով որդու գործողութիւններին: Լսուեց աւտոմեքենայի  սուլոցը. Կորիւնը մօտեցաւ հօրը՝ հրաժեշտ տալու: Կեանքում ամեն դժուարութիւն յաղթահարած հայրն այդ պահին իրեն պարտուած տեսաւ: Ուստա Արտաշը պատրաստ էր այդ պահին զոհաբերելու ամեն ինչ, միայն թէ կարողանար փոխել իրերի նման ընթացքը: Թէ՛ որդու անորոշ ճակատագիրը եւ թէ՛ իր մեծ տանը մէն-մենակ մնալու կանխազգացումն այդ հզօր մարդուն կծկել էին, կարծես մի գիշերում ծերացել: Կորիւնը մեկնում է…, «Կորիւնն էլ իր կողքին, հաստոցի մօտ չի լինելու…, «Կորիւնը թողնում է իր հայրենի տունն ու մեկնում՝ անդարձ, յաւիտեան… մտքում կարծես զառանցանքով կրկնում էր հայրը…

Իսկ Կորիւնն իրօք մեկնում էր եւ ահա մօտեցել էր իրեն՝ ողջագուրուելու մի վերջին անգամ, սեղմելու իր կոշտացած ձեռքն ու մնաս բարով ասելու այդ ձեռքերով ստեղծած տանը, այգուն, արհեստանոցին, աղբիւրին, ցանկապատին, իրենց թաղամասին, մօր գերեզմանին, դպրոցին, քաղաքին, մանկութեան ու պատանեկութեան անմոռանալի օրերին…Ինչ էլ  լիներ՝ սիրում էր որդուն՝ իր բոլոր օրերի միակ նեցուկին, եւ ատել չէր կարող: Ատում էր այդ պահին ամենքին եւ ամեն ինչ, բացի որդուց: Կորիւնին սիրում էր նա եւ ատել չէր կարող…

Հօր հետ ողջագուրուելուց, երկար-երկար կրծքին սեղմելուց  յետոյ Կորիւնը մտաւ սենեակ: Մօր պատկերը այդ օրը եւս սովորականի պէս չէր, ամեն դէպքում Կորիւնին այդպէս թուաց. այն աւելի խստադէմ էր, եւ մօր հայեացքում էլ նա զգաց այն ամենը ինչն առկայ էր հօր հոգում: Հեռացող որդին երկար նայեց մօր լուսանկարին, եւ այդ մի քանի րոպէում աչքերի առջեւից սահեցին ու անցան մանկութեան օրերը, առաջին քայլերը, դպրոցն ու մանկական խաղավայրերը, մօր եղերական մահն ու հօր ծանր վիշտը, իր որբութիւնը, հօր արհեստանոցը, իր՝ սկսնակ փայտագործի ու հօր օգնականի եռանդուն աշխատանքը, դպրոցական  աւարտական տարին, հօր յորդորներն ու իր որոշումը, եւ վերջապէս այս վերջին վայրկեանները, որոնք պէտք է բաժանէին իրեն այս ամենից: Չդիմացաւ Կորիւնի խռովեալ սիրտը, եւ արցունքները խեղդեցին նրան, երբ նա, բացելով պահարանները, տեսաւ այնտեղ իր մանկութիւնը՝ կարգով շարուած գուլպաներ, փոքրիկ վերնաշապիկներ, բաժակներ, ափսէներ, մուրաբաների ու կոմպոտների ապակեայ տարաներ, դգալներ ու զանազան այլ իրեր, որոնց բոլորին երանի էր տալիսԿորիւնը, քանի որ դրանք չէին  բաժանւում իր տնից, իր սիրասուն մօրից, որի ձեռքը ժամանակին մէկիկ-մէկիկ կպել էր այդ բոլորին…Մի  ողջ պատմութիւն էր թողնում իր յետեւում Կորիւնը եւ հեռանում՝ սկսելու մի նոր կեանք:

Աւտումեքենայի  կրկնուող սուլոցը սթափեցրեց Կորիւնին, նա արագ փորձեց ընդունել սառը տեսք: Դժուար էր: Նա դուրս եկաւ տնից՝ ծածկելով ցանկապատի դուռը, եւ մեքենան տարաւ նրան:

Որդու հեռանալուց յետոյ ուստա Արտաշը ամբողջովին կերպարանափոխուեց, շաբաթներ էին անցել, սակայն արհեստանոցի դուռը դեռ չէր բացել, տանն ու դրսում իր ամեն քայլափոխն որդուն էին յիշեցնում, եւ որքան էլ աշխատում էր վանել իր մէջ խորացող թախիծը, հակառակն էր ստացւում: Իսկ արհեստանոց մտնելու ընդհանրապէս չէր ցանկանում, քանի որ այնտեղ ամենաշատն էին Կորիւնի հետքերը, աւելին՝ որդու հետ կապուած յիշողութիւնների ծանրակշիռ մասն այնտեղ էր վերստին արթնանալու. հաստոցները, գործիքները, անգամ դռան ճռինչը նրա առաջ պատկերելու էին որդու կերպարանքը, եւ այդ դատարկութեան զնգոցների մէջ հնարաւոր է խելագարուէր նա, ուստի որոշել էր առժամանակ չբացել դռները: Կարծես ամեն ինչ կրկնւում էր Արտաշի կեանքում այնպէս, ինչպէս տեղի էր ունեցել տարիներ առաջ, երբ կորցրեց կնոջը: Այն նոյն ապրումները, այն նոյն դառնութիւնները կարծես թէ սպիանալու ճանապահին էին, երբ խոցւեցին նորովի ու մի նոր ուժգնութեամբ: Տարբերութիւնը այս երկու փուլերի միջեւ, սակայն, հսկայական էր. չնայած իր կողակցի անդառնալի կորստին՝ այնուամենայնիւ, իր կողքին կար մի սփոփանք, մի յոյս ու ապագայի նկատմամբ հաւատքի մի աղբիւր. դա իր որդին էր՝ իր պաշտելի Կորիւնը: Այժմ, սակայն, ամեն ինչ տարբեր էր նախորդից, ամեն ինչ կարծես ուստա Արտաշի աչքու կորել էր վերջնական եւ պահեր էր գալիս,  որ ոչ միայն աշխատելու, այլեւ ապրելու ցանկութիւնն էր մեռնում: Յաւիտեան մենակ ապրելու դառն իրողութիւնը, որ համակել  էր ողջ էութիւնը, սպանել էր նրա մէջ ապրելու եւ արարելու մղումները: Ուստա Արտաշը այժմ ձգտում էր ապրել՝ կառչելով այն յոյսից, որ որդին մի օր կը բռնի տունդարձի ճամբան, կ’ամուսնանայ, կը նուիրուի իրենց տանն ու արհեստանոցին՝ երջանկացնելով բոլորին: Այդ յոյսը վերարթնացրեցին նաեւ իր շրջապատի մարդիկ՝ հարեւաններն ու փոքր եղբայրը, որոնք իրենց յորդորներով կարծես նորից կեանք հաղորդեցին շնորհալի վարպետին ու նրա արհեստանոցին:

Յետխորհրդային խառը տարիներն էին, ամեն պահի փոխւում էր քաղաքական իրավիճակը: Ուստա Արտաշը ուշի-ուշով հետեւում էր ռուս-վրացական յարաբերութիւններին, գնացող-եկողից հետաքրքրւում Ռուսաստանում տիրող իրավիճակից, որդու որպիսութիւնից եւ գտնուելու վայրից: Մի օր էլ լուր տարածուեց, որ յարաբերութիւնների կրկին սրման ու այցագրային ռեժիմի մուտք գործելուց  յետոյ մեծ դժուարութիւններ կան ե՛ւ գնալու, ե՛ւ գալու հետ կապուած: Իսկ մինչ այդ նա գիտէր, որ որդին ձգտում է ստանալ Ռուսաստանի քաղաքացիութիւն եւ ունի փաստաթղթային մի շարք չլուծուած հարցեր: Երկինքը կարծես նորից մթնեց վարպետի գլխին, յոյսերի կործանման այս վիճակում այս անգամ նա էլ ոչ ոքի եւ ոչինչ  չհաւատաց…

Կորիւնն իրօք, Ռուսաստանի հեռաւոր արեւելեան շրջան մեկնելուց կարճ ժամանակ անց, ցանկանալով ստանալ ՌԴ քաղաքացիութիւն եւ անձնագիր, յանձնել էր իր փաստաթղթերը ոմն միջնորդի, որն էլ խոստացել  էր շուտափոյթ կերպով տալ Կորիւնին նոր անձնագիր: Շաբաթներ, ամիսներ, տարիներ, անծայր սպասումներ, անվերջ ձգձգումներ…Ի վերջոյ մէկ օր յայտնուեց միջնորդը, որը, չնայած կրթութիւն չէր ստացել, ունէր ճարտար լեզու, մարդկանց համոզելու հմտութիւնների մեծ պաշար:

ՌԴ անձնագիր… Կորիւնն արդէն իրեն համարում էր այն երջանիկներից մէկը, որոնք ՌԴ-ում հասել էին մեծ յաջողութիւնների, դիզել հարստութիւն: Նոր էր սկսել մտածել նոր, աւելի խոշոր գործեր սկսելու մասին, երբ մի օր շատ պատահականօրէն առիթ ունեցաւ իր նոր անձնագիրը ներկայացնել  ոստիկաններին: Պարզուեց՝  կեղծ էր: Դեռ նոր-նոր էին վառ գոյները ներխուժել Կորիւնի կեանք, երբ պատահեց դա: Կորիւնի համար սկսւեց դատավարութիւնների ու մեղադրանքների մի մղձաւանջային շրջան, որից դուրս գալու ելքեր դեռ չէին նշմարւում:

Աշնանային մի առաւօտ էր, Ռուսաստանի ցրտաշունչ ու մռայլ առաւօտներից մէկը, երբ ծանօթներից մէկը մի թղթածրար բերեց Կորիւնի կացարան՝  մի սենեակ, որն աւելի շատ անօթեւանի խուց էր յիշեցնում: Ո՞վ է յիշել իրեն: Հա՞յրը: Հազիւ թէ մէկ երկու անգամ գնացել էր մօտակայ փոստատուն կապուել Ախալցխայի փոստատուն և խնդրել կանչել հօրը հեռախօսի մօտ, նա չէր կարողացել գալ: Գնացող-եկողներից լսել էր, որ նա ինչ-որ հիւանդ է և մարդկանց հետ գրեթէ չի շփւում: Այժմ նա նամա՞կ է գրում կամ ի՞նչ է հարցնելու նամակով՝ որդու որպիսութի՞ւնը, թէ՞ կրկին խնդրելու կամ պարտադրելու է, որ Կորիւնը վերադառնայ: Երկու դէպքում էլ Կորիւնի դէմքին ժպիտ սահեց, որն աւելի շատ ծամածռութեան էր նման: Կարծես հեգնում էր հօրը, որ, ոչ մի բանից տեղեակ չլինելով, այդպէս էր գրում: Այս ենթադրութիւններն այնքան հաստատօրէն ուրուագծուեցին Կորիւնի մտքում, որ մեծ եղաւ նրա զարմանքը, երբ տեսաւ հօրեղբօր ձեռագիրն ու անունը. Կորիւն  ջան , բարեւ, լա՞ւ  ես:  Մա՛նչ ջան , պապադ լաւ չէ,  ամեն  ինչ էրէ,  ել  շուտմ  արի :

Երկտողը կարծես ծակել էր Կորիւնի սիրտը. ամեն ինչ կարող էր սպասել, բայց որ հայրը՝ այդ անկոտորում կամքի տէր մարդը, կարող է հիւանդանալ, չէր սպասում: Աւելի ճիշտ՝  չէր մտածել երբեք, որ արդէն մի քանի տարի է,  ինչ ինքը հեռացել է տնից, որ հայրն, այդ ժամանակ մնալով մէն -մենակ, կարող է նաեւ հիւանդանալ, անգամ հասնել այն վիճակին, ինչպիսին գրել էր հօրեղբայրը: Կորիւնին աւելի շատ տանջում էր այն գիտակցումը, որ ինքն այդ վիճակով անկարող է որեւէ կերպ հասնել հօրը, ի վիճակի չէր ոչ միայն փող ուղարկել, այլեւ տեղաշարժուելն անգամ անհնար էր: Աւելին, ամօթ էր որեւէ մէկին բարձրաձայն ասել այս ամենը: Մնում էր մի բան. սեղմել ատամներն ու լռել…

Վարպետ Արտաշը չկարողացաւ երկար դիմանալ հոգեկան ցաւերին:  Ամիսներ շարունակ փակուած լինելով սեփական տան մէջ՝ գլուխն ափերի մէջ վերցրած ժամեր էր անցկացնում կնոջ լուսանկարի, դռան առջեւ ֆշշացող եւ մերթ ընդ մերթ օդ թքող աղբիւրի կամ փայտամշակման հաստոցների առջեւ: Պատահում էր,  որ միացնում էր իր կեանքի անբաժան ընկեր հաստոցներից մէկը կամ միւսը, երկար, շատ երկար նայում բարձրագոչ աղաղակող ատամնաանիւներին, մռայլ ժպիտով յիշում հին ու երջանիկ օրերը, կնոջը, որդուն, պտտուող անիւներից ծնուող դռները, պատուհաններն ու հազար ու մի այլ իրեր, մի ողջ ժառանգութիւն, որոնցից մասնաբաժին էր հասել Ախալցխայի գրեթէ ամեն մի ընտանիքի… Երկար չտեւեց սակայն այս ամենը. հոգեպէս մաշուած վարպետին մի օր տեսան անկողնում, ինչ- որ մտախոհութիւն էր պարուրել, որից դժուար էր հասկանալ, թէ ինչ հիւանդութիւն է տանջում նրան: Հարցրել էին հարեւանները, իսկ եղբայրն առաջարկել էր տեղափոխել հիւանդանոց, բժիշկ էր կանչել, սակայն ոչ ոք չկարողացաւ պոկել նրան մահճակալից. մի նախադասութիւն միայն՝  “ Գործերուդ աշեցէ՛ք, մէ օրմ  ծնուել  եմ, մէ օրմա  մեռնիմդի ” :  Այդ մէկ օրն էլ չուշացաւ. եղբօրը հերթական անգամ այցի եկած Վարոսը նրան անշնչացած գտաւ անկողնում: Վարպետ Արտաշի դէմքը սառել էր, սակայն կարծես ժպտում էր նա՝ այնպէս, ինչպէս կը ժպտար որդու վերադարձը տեսնելիս…

Վարոսը Թաղեց եղբօրը: Թէեւ մեծ դժուարութեամբ, սակայն պարտքով հոգաց թաղման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Այդ ամենի աւարտին դարձեալ մի երկտող գրեց Կորիւնին՝ ներկայացնելով ստեղծուած վիճակը, կուտակուած պարտքերն ու դրանք իրենց տոկոսներով պարտքատէրերին վերադարձնելու անհրաժեշտութիւնը:

Կորիւնի վիճակն առաջուանից չէր տարբերում: Ոստիկաններից թաքուն աշխատանքը հազիւ բաւականացնում էր նրա առօրեայ ծախսերը: Աւելին  չէր ստացւում: Հօրեղբօր երկտողերին չէր էլ պատասխանում: Պատճառը ոչ թէ արհամարհանքն էր, այլ ստեղծուած վիճակը: Առաջին նամակի առաւօտի  նման մի առաւօտ էլ ստանալով հերթական երկտողը՝ կարդաց. Կորի՛ւն, եթէ  էս  ամիսնա  բանմ  չճամբեցիր, տունը ծախեմդի, պարտքերը սըղմել են , էլ հնար չկայ : Անսպասելի էր, սակայն Կորիւնը կարծես անզգայացել էր այդ ամիսներին, ամեն անգամ միայն դառը, կծու մի ժպիտ էր սահում եւ վերջ:

Տարիներ էին անցել այն գիշերային առաւօտից, երբ Կորիւնը հեռացել էր տնից: Այդ ընթացքում շատ բան էր փոխուել Ախալցխայում, շատ ու շատ ջրեր էին հոսել Փոցխովով, միացել Քոին ու հեռացել քաղաքից՝ տանելով իրենց խառնուած ուրախութեան ու տխրութեան անթիւ արցունքներ:

Կորիւնը վերադառնում էր հայրենի քաղաք: Մի կերպ պատրաստել էր վերադարձի թղթերը եւ վերադառնում էր: Ահա Բորժոմի ճամբով մտան քաղաք, ահա իրենց թաղերը, ահա…իր հօրեղբօր, իսկ հեռւում՝  իր հայրական, սակայն իր բացակայութեան օրօք անհայր դարձած տունը: Իջաւ մեքենայից, նայեց շուրջն ու առաջացաւ դէպի ցանկապատը. ամեն ինչ կարծես իր տեղում էր՝ աղբիւրը, արհեստանոցը, դռան բակի նստարանը: Այս ամենը Կորիւնին նորից կտրեցին իրական կեանքից, նրան մի պահ թուաց, թէ ինքը ոչ թէ մէկ տասնամեակ, այլ մէկ ժամ առաջ էր դուրս եկել այնտեղից, այնպէս համարձակ, այնպէս վստահ մօտեցաւ դռանն ու թակեց այն, որ կարծես այնտեղից պահանջում էր հօր դուրս գալը, ինչպէս պահանջել էր մանկութեան եւ պատանեկութեան տարիներին, երբ հայրն ուշացել էր արհեստանոց գալ: Տան խորքից մէկը մօտենում էր դռանը, Կորիւնի սիրտը պատրանքի եւ իրականութեան խաչուղում արագ թրթռաց. Ո՞վ է բացելու, հա՞յրը, բայց չէ որ նա…, ինչպէս գրել էր հօրեղբայր Վարոսը, նա… :  Հակառակի նման մօտեցողը չէր շտապում բացել դուռը՝ այդպիսով հնարաւորութիւն տալով Կորիւնին քիչ աւելի երկար տանջուելու, դառն իրողութեան գիտակցումն ու հրաշքների հանդէպ հաւատքի դրսեւորումների կռիւն աւելի երկար տեսնելու իր մէջ: Ի վերջոյ բացուեց դուռը, դուրս եկաւ փափախը գլխին մի մարդ եւ զարմացական հայեացքով ողջունեց հիւրին եւ հարցրեց , թէ ինչ է նա կամենում: Կորիւնի ծնկները ծալուեցին, որը ցոյց չտալու համար առաւել պինդ յենուեց բակի լուացքի սեանը. հարցը թուրքերէն էր…Հօր մահուան,  հայրական տան վաճառքի մասին հօրեղբօր գրութիւնների հաստատումն այնքան դաժան չթուաց այդ պահին Կորիւնին, որքան այն իրողութիւնը, որ հայրական տան մէջ ապրում են օտարներ, այ էլ ՝ թուրքեր: Ուրեմն հօրեղբայրս ճի՞շ տ էր գրում, բայց….իսկ ինչու՞   պէտք  է խաբէր որ… :  Վաճառել է տունը, իսկ  ի՞նչ կայ դրա մէջ, մէկը պէ՞տք է առնէր, հա էլի, բայց…ո՞վ է այս թուրք մարդը, մի՞թէ պարզ չէ՝  գնորդ է, ինչ- որ տեղից եկել, փողը տուել, գնել է, ի՞նչ կայ որ, բայց… :   Ահա այս մտորումներով նա կիսահայերէն, կիսառուսերէն, որոշ շարժումներով նա հասկացրեց տանտիրոջը, որ ոչ մի բան չի ուզում, պարզապէս նախկինում եղել էր այս կողմերում, հիմա ուղղակի անցնում էր…Թուրքը, բարձրաձայն ծիծաղելով եւ ձեռը թափ տալով, մտաւ տուն՝ դուռը շրխկացնելով իր յետեւից: Կորիւնն ակամայից մնաց բակում՝ կրկին յայտնուելով մտքերի խաժամուժի մէջ: Շուրջբոլորը հայրն էր, մայրը, իր մանկութիւնն ու պատանեկութիւնը, ամենքը կային Կորիւնի տեսադաշտում, եւ վերջինս, հմայուած այդ մտքից, սկսեց ակամյից շրջել բակում,  կրկին վստահ ու կրկին պահանջկոտի նման, ախր չէ՞  որ դա իրենցն էր, իր հօր ստեղծածը, որը, անշուշտ, բնութեան օրէնքներով իրեն էր ժառանգուելու:

Յանկարծ կրկին ծալուեցին Կորիւնի ոտքերը, մօտաւորապէս նոյն կերպ, ինչպէս տեղի ունեցաւ րոպէներ առաջ թուրք տանտիրոջը բարեւելիս: Դիմացը մայրն էր, որ նայում էր իրեն այնպէս, ինչպէս նայել էր՝ սկսած վեցերորդ դասարանից: Բայց այս անգամ մօր հայեացքը մի փոքր թեքուած վիճակում էր, իսկ ճակատին եւ կզակին կարծես արեան թէ արցունքի հետքեր լինէին: Կրկին վերագտնելով իրեն՝ Կորիւնը եւս մի քանի քայլ մօտեցաւ տան բակի հեռաւոր անկիւնում հօր ձեռքով շինւած պէտքարանին, այո՛, ինքը չէր սխալուել, մօր հայեացքն անհնար էր շփոթել, մայրն էր… Չգիտես թէ որտեղից յանկարծ ինչ-որ մէկը Կորիւնի ականջին շշնջաց. ԷԷԷԷ,  բալա  ջան , մէկի  համար դա մայրական մասունք է, իսկ միւսի համար՝   սովորական թուղթ, որ կարելի է մեխել պէտքարանի կողքի փտած տախտակի ճեղքին… : Կորիւնը գիտակցեց կատարուածը, մէկ քայլ եւս մօտեցաւ եւ գրեթէ շօշափում էր ձեռքով մօր դէմքը. հեռւից արիւն կամ արցունք երեւացող կէտերը ոչ այլ ինչ էին, քան անձրեւի տակ մնացած մեխերից հոսած ժանգի հետքեր: Կորիւնն ամեն ինչ հասկացաւ, բակի այդ ճնշող մթնոլորտում երկար չկարողանալով մնալ եւ նման տեսարանի կրկին չհանդիպելու վախից՝ առանց շուրջը նայելու դուրս եկաւ այնտեղից:

Արդէն մի քանի օր էր, Կորիւնն ապրում էր հայրենի Ախալցխայում՝ հիմնական ժամանակը մանկութեան մի քանի ընկերների հետ անցկացնելով: Վերջիններս, տեղեակ լինելով Կորիւնի հոգեվիճակին, աշխատում էին իրենց շրջապատում պահել նրան: Քնում էր ընկերներից որեւէ մէկի տանը, որի մօտ այդ երեկոյ կը լինէր: Հօրեղբօրը չէր ուզում տեսնել: Շատ-շատ էր կարօտել նրան, բայց չէր կարող նայել նրա աչքերին: Քաղաքում շրջելիս էլ այն տեղերում, որտեղ հնարաւոր է լիներ հօրեղբայր Վարոսը, աշխատում էր չլինել:

Այդ երեկոյ երկար նստեցին Կորիւնն ու իր ընկերները, ամեն ինչ խօսեցին, ամեն ինչ քննարկեցին, բաժակ բարձրացրին ու կենաց խմեցին: Մանկութեան տարիների յիշողութիւններն ու պատմութիւնները վերջ չունէին, որոնց ամեն մի յիշատակումից Կորիւնի հոգին տակն ու վրայ էր լինում… Տղա՛ք , այսի բաժակովա արիք խմենք մեր ծնողնուն կենացը , – առաջարկը դաժան էր Կորիւնի համար: Տղա՛ք ,  ինծի ներէք  կը, ես հայմի  քուքամ , ասեց եւ պատասխանի չսպասելով՝ դուրս եկաւ պանդոկից: Ալկոհոլից տրամադրութիւններն արդէն բացուած ընկերներն անգամ չնկատեցին Կորիւնի բացակայութիւնը: Իսկ վերջինս քայլում, առաւել ստոյգ վազում էր փողոցով, նրա քայլերը փոփոխական արագութեամբ ուղղուեցին դէպի գերեզմանոց, դէպի այն վայրը, որը, վեցերորդ դասարանից սկսած, դարձել էր իր համար ուխտատեղի, իսկ այժմ Կորիւնին կրկնակի ուժգնութեամբ էր այդ վայրը ձգում դէպ իրեն:

Աշնան քամին խլացնում էր փողոցի ձայները, իսկ գերեզմանոցում կարծես ամեն ինչ խաղաղ էր, յամենայն դէպս Կորիւնին այդպէս թուաց: Նա ծնկի գալով կանգ առաւ երկու շիրիմներու մէջտեղում, այնուհետեւ, դէմքի վրայ պառկելով, ձեռքերը տարածեց այնպէս, որ կարողանար պարփակել իրենից աջ եւ ձախ գտնուող տարածութիւնները: Համբուրեց հողը մէկ աջ,  մէկ ձախ ուղղութեամբ…Կորիւնի առջեւ պատկերներ վեր խոյացան՝ վաղ մանկութեան տեսարանները, դպրոց  յաճախելը, մօր մահը, հօր ծանր վիշտն ու արհեստանոցը, իր անարդարացի որոշումը, այն ջրբաժան առաւօտը , երբ ինքը մեկնեց օտար ափեր՝ յետնից  թողնելով հօր խռովայոյզ հայեացքը, հօր մենակութիւնն ու մահը, որոնք թէեւ ինքը չտեսաւ, բայց երեւակայութեան մէջ վաղուց արտացոլուած էին այդ ամենը, ի վերջոյ մօր խոցոտուած լուսանկարը՝ պատկեր, որը եղել էր իր մանկութեան դաստիարակը…

Հետեւեալ առաւօտն Ախալցխայում չնայած սառը, բայց արեւոտ էր: Լուսադէմի եղեամը շողշողում էր արեւի լուսարձակի տակ:  Քաղաքում եռուզեռը գնալով աւելանում էր, ամեն ոք շտապում էր իր գործին: Մարդաշատ էր այդ առաւօտեան նաեւ գերեզմանատներից մէկը. մարդիկ հաւաքուել եւ պատգարակով ներքն էին բերում Կորիւնի՝ եղեամի տակ անշնչացած մարմինը…

 

«ՀԵՏՔ»

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles