«ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆՆ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ… ՄԵՆՔ ԿԱՆՔ ՈՒ ԿԸ ԼԻՆԵՆՔ», ՅԱՅՏՆԵՑ ԴԵՍՊԱՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍԵԱՆ

0 0
Read Time:1 Minute, 24 Second

 

p3 Tigran Sargsyan

Ստորեւ, լոյս կ`ընծայենք Ուաշինկթընի մօտ Հ.Հ. դեսպան Տիգրան Սարգսեանի խօսքը, ներկայացուած Ապրիլ 24-ի յետմիջօրէին, դեսպանատան մուտքին մօտ գտնուող խաչքարին շուրջ կատարուած ձեռնարկի մը ընթացքին, ուր ժամանած էին հարիւրաւոր ներկաներ.-

 

Սիրելի բարեկամներ,

Հարիւր տարի է անցել Մեծ Եղեռնից:

Հայ ժողովրդի մեծագոյն ողբերգութիւնից: Հարիւր տարի, մէկ դար:

Անցեալ, որը չի անցնում, որի կրողները մենք ենք ու մեր երեխաները:

Անցեալ, որը մեր էութեան եւ ներկայի մասն է:

Ցեղասպանութիւնը վառ է մեր յիշողութեան մէջ նաեւ այն պատճառով, որ մենք այսօր առնչւում ենք դրա ժխտողականութեան հետ:

Ժխտողականութիւնը ցեղասպանութեան շարունակութիւնն է:

Ժխտողականութիւնն արդարացնում է կատարուածը:

Ժխտողականութիւնը յանցագործութեան կոծկման փորձ է:

Ժխտողականութիւնը տարածում է նոյն ցեղասպան մտածողութիւնը:

Ժխտողականութիւնը պատրաստում է նոր յանցագործութիւն:

Ժխտողականութիւնը քայքայում է ժամանակակից քաղաքակրթութեան միասնականութիւնը:

Ժխտողականութիւնը ոչնչացնում է արդարութիւնը եւ ազնուութիւնը:

Ժխտողականութիւնը ցեղասպանութեան շարունակութիւնն է:

Ժխտողականութեան քաղաքականութիւն իրականացնողները երբեք չեն գնայ հաշտեցման:

Իսկ ժխտողականութեան աջակիցները դառնում են յանցագործութեան մեղսակիցներ:

Սիրելի հայրենակիցներ,

Ինչու է հայ ժողովուրդն ամբողջ աշխարհում այսօր միախմբուած եւ պահանջում արդարութիւն:

Առաջին. Դա մեր անմեղ եւ սուրբ նահատակների ոգիների կանչն է: Մենք պարտաւոր ենք ամբողջ աշխարհին ասել ճշմարտութիւնը, քանի դեռ Թուրքիան չի ընդունել այս իրողութիւնը:

Երկրորդ. Դա նոր յանցագործութիւնների կանխման պայքար է: Յանցագործութիւններ, որոնք կատարւում են այսօր, որոնք սպառնում են մեր ազգի անվտանգութեանը: Սումկայիթի եւ Պաքուի ջարդերը վկայութիւնն են այդ վտանգի: Արցախի պայքարն ազատութեան եւ անկախութեան համար դա նոր ցեղասպանութեան կանխման պայքար է:

Երրորդ. Դա պայքար է մեր երեխաների, մեր ապագայի համար: Քանի դեռ աւարտուած չէ ցեղասպանութիւնը, քանի դեռ գոյութիւն ունի ժխտողականութիւն, մեր ապագան չի կարող լինել անվտանգ:

Սիրելի բարեկամներ,

Մէկ դա առաջ կոտրուեց մեր ազգի ողնաշարը: Ոչնչացուեց մեր մտաւորականութեան զգալի մասը:

Մեր պատասխանն է ցեղասպանութիւն իրականացնողներին. մենք կանք ու կը լինենք:

Իսկ մեր յաջողութեան գաղտնիքը մեր բազմազան, աշխարհով մէկ սփռուած եւ տաղանդաշատ ժողովրդի միասնութեան մէջ է:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles