
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ․- Հ․Յ․Դ․ Արցախի երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ եւ «Նիկոլ Դուման» կեդրոնին մէջ գտնուող Արցախի երիտասարդական միութեան երիտասարդական կեդրոնը անուանակոչուեցաւ Հ․Յ․Դ․ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչեան» կոմիտէութեան եւ Հ․Մ․Ը․Մ․ Արցախի միաւորի վարչութեան անդամ, նահատակուած Արտակ Իշխանեանի անունով:
Ձեռնարկին ներկայ էին Արտակ Իշխանեանի ծնողներն ու հարազատները, կուսակցական եւ գաղափարակից ընկերները, Հ․Յ․Դ․ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանը, Հ․Յ․Դ․ Արցախի Կ․Կ․-ի եւ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչեան» կոմիտէութեան անդամները, Ազգային Ժողովի «Հ․Յ․Դաշնակցութիւնէ խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեանը, երիտասարդականի կենդոնական վարչութեան անդամները, Հ․Մ․Ը․Մ․ եւ Հ․Օ․Մ․ Արցախի միաւորների ներկայացուցիչները:
Երտասարդականի կեդրոնական վարչութեան նախկին անդամ Տաթեւիկ Աղաջանեանը, ողջունելով հիւրերուն, նշեց, որ ներկաներէն շատերն արդէն իսկ ծանօթ են Արտակ Իշխանեանին, սակայն հարկ համարեց բոլորին ծանօթացնելու Արտակ Իշխանեանի կենսագրութիւնն ու գործունէութիւնը:
«Արտակ Իշխանեանը ծնուել է 1993-ի Յուլիս 3-ին Մարտունու շրջանի Աշան գիւղում: Յաճախել է տեղի միջնակարգ դպրոցը, որն աւարտելով` ընդունուել է Արցախի Պետական համալսարանի ճարտարապետաշինարարական բաժինը: Աշխատել է Արցախի կրթութեան նախարարութիւնում։ ․․․Արտակ Իշխանեանը ծառայել է Արցախի բանակին եւ մասնակցել է 2016-ի քառօրեայ եւ 2020-ի 44-օրեայ պատերազմներին: Առաւել հարուստ է նրա կուսակցական եւ հասարակական գործունէութիւնը․ Հ․Յ․Դ․ պատանեկան շարքերում էր դեռեւս Աշանում` դպրոցական տարիներին, իսկ ուսանողական տարիներին անդամակցել է Հ․Յ․Դ․ Արցախի երիտասարդական միութեանը, եղել է ՀՅԴ «արամ Մանուկեանէ ուսանողական միութեան ատենապետ, Հ․Մ․Ը․Մ․ Արցախի միաւորի Կենտրոնական վարչութեան անդամ։ Արտակը ոչ միայն կառոյցների շարքերում սովորական անդամ էր, այլեւ կառոյցներն առաջ մղող նուիրեալներից մէկը։ Պատասխանատուութեամբ էր մօտենում իրեն վստահուած բոլոր գործերին, սակայն չէր սիրում աչքի ընկնել: Կեանքում երբեւիցէ հարցազրոյց տուած չկայ: Նկատած կը լինէք, որ աւանդական ջահաերթի եւ միւս միջոցառումների կազմակերպիչը նա էր, սակայն երբեք հարցազրոյց տուած չկայ, միշտ մեզ էր ասում, որ պատասխանենք հարցերին։
Երիտասարդական կեդրոնը վերանորոգելը Արտակ Իշխանեանի ցանկութիւններից մէկն էր: Այսօր արդէն այն իրականութիւն է, սակայն առանց նրա։ Մենք միասին եկամտաբեր ծրագրեր էինք իրականացնում, որոնցից որոշակի գումար էր գոյացել, եւ Արտակը միշտ առաջարկում էր այդ գումարով կեդրոնը վերանորոգել, արժէքաւոր գոյք գնել կեդրոնի համար, եւ մենք որոշեցինք նրա այդ գաղափարն իրականութիւն դարձնել: Հ․Յ․Դ․ Արցախի Կ․Կ․-ի աջակցութեամբ վերանորոգեցինք եւ Արտակ Իշխանեանի անունով անուանակոչեցինք այս երիտասարդական կենտրոնը: Նպատակն այն է, որ եկող սերունդները եւս իմանան ու ճանաչեն Արտակ Իշխանեանին»,- նշեց Աղաջանեան։
Արտակ Իշխանեանի մանկութեան ընկերը` Արթուր Գաբրիէլեանը, իր կարգին խօսք առնելով, ըսաւ․ «2002 կամ 2003թուականների Սեպտեմբեր 30-ն էր: Մեր դպրոցում մի աւանդոյթ կար․ ծննդեան օրերին ծնողները քաղցրաւենիք էին բերում, ու երեխաները դասարանով նշում էին: Այդ օրը մեր ընկերոջ` Յակոբ Գրիգորեանի ծննդեան օրն էր: Մենք մի դասարանից չէինք, սակայն երբ որ իմացանք այդ մասին, ես, Արտակն ու Էտօն որոշեցինք գնալ տուն, նուէր վերցնել եւ գնալ Յակոբի տուն, գնանք ու ասենք, որ մենք չորսս ընկերներ ենք: Այդպէս առանց հրաւէրի գնացինք Յակոբի տուն, ասացինք, որ մենք քո ընկերներն ենք եւ եկել ենք ծնունդ նշելու․ այդտեղից էլ սկսուեց մեր ընկերութիւնը, եւ առ այսօր ու միչեւ իմ կեանքի վերջ կը մնանք ընկերներ։ Արտակը միշտ էլ օրինակ էր ընկերների համար, ցանկացած հարցում հասկանում ու ընդառաջում էր: Միշտ լաւատես էր եւ իրենից կախեալ ամէն բան անում էր թե՛ հարազատներին, թե՛ ընկերներին, թե՛ համագիւղացիներին օգնելու համարէ»:
Արցախի կրթութեան փոխնախարար Լեռնիկ Յովհաննիսեան, իր կարգին ըսաւ․
«2008-ից Արտակը եղել է մեր կրտսեր ընկերը: Ինձ բախտ է վիճակուել նաեւ նրա հետ աշխատել մշակոյթի նախարարութիւնում․ նա եղել է իմ օգնականը: Բացի իմ ընտանիքի անդամներից աւելի քան 8 ամիս առաջին բարեւ տուողն ու վերջին հրաժեշտ տուողն Արտակն էր: Յիշում եմ նրա խօսքերը, երբ որ 2018-ի Հոկտեմբերին առաջին անգամ պաշտօնական այցով մեկնեցինք Երեւան եւ հանդիպումներ ունեցանք, դուրս գալուց յետոյ ասաց` ընկեր Յովհաննիսեան, այս մանկապարտէզը որտեղի՞ց են հաւաքել: Երեւի գիտէր, որ այդ մանկապարտէզը վերջում մեր գլխին դաժան խաղ էր խաղալու, նաեւ` իր արդան գնով»։
Արցախի Ազգային Ժողովի պատգամաւոր Վահրամ Բալայեան իր խօսքին մէջ նշեց, որ հայոց երկիրը 5000 տարուայ պատմութիւն ունի եւ այն ապրել է անգին նահատակներ ունենալու գնով:
«Ցաւօք սրտի, կեանքի փիլիսոփայութիւնն այդպիսինն է, երեւի աստուած մարդուն այդպէս է ստեղծել, որ հայրենիքը միշտ կանգուն է լինում արժանաւոր զաւակներ ունենալու պարագայում: Արտակն այդ զաւակներից մէկն էր, որ չվարանեց իր կեանքը զոհաբերելու, որ Արցախն ապրի: Երբ մենք շրջում ենք Արցախի տարբեր գիւղերում, բնակավայրերում, մասնաւորապէս Շուշիում, տեսնում ենք քարերի վրայ գրուած` «կեանքս տուի հայրենիքի փրկութեան համարէ: Դա պատահական չէ, քանի որ այն գենետիկան, որը փոխանցուել է եւ այսօր էլ շարունակում է մեր երիտասարդութեան մէջ մնալ, հնարաւորութիւն է տալիս, որ Արցախը վերընձիւղուի, նորից ապրի։ Արտակի գործն իսկապէս անմար է մնալու, որովհետեւ այն արիւնը, որ թափուել է հայրենիքի համար, հէնց այնպէս չի կորչում․ դառնում է որակ, նոր կեանք, որն արտացոլւում է իր որդու աչքերի մէջ, ով, ապրելով Արցախում, շարունակելու է իր հօր գործը, շարունակելու է Իշխանեանների գերդաստանը, որը պտղաբեր է ու հայրենիքի համար նուիրական գործեր է բերում», յայտնեց Բալայեան:
Հ․Յ․Դ․ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանն ալ իր խօսքին մէջ նշեց, որ իր մօտ երկուութիւն կայ եւ՛ որպէս հարազատի, եւ՛ որպէս կուսակցական ընկերոջ, պատասխանատու մարդու:
«Արժէքը կորցնելուց յետոյ ենք սկսում գնահատել այն․ ցաւօք սրտի այդպիսինն է մարդը: Այդ համոզումը ինձ մօտ չի մտել Արտակի կորստից յետոյ, այլ 90-ականներին, երբ մեր շարքերում կորցնում էինք մեր ընկերներին: 1991-ին առաջին զոհերն ունենալով մեր կողքին` շատ դժուար էր․ որպէս մարդ արարած փորձում ես գնահատել այն, ինչ որ կայ, հասկանալ որդեգրած ճանապարհը, որով շարժւում ես: 23-24 տարեկան երիտասարդների համար դժուար է դեռեւս կենսափորձ չունենալով` հասկանալ, թէ ինչ ճանապարհ ենք մենք որդեգրել: Ես զարմանում եւ նաեւ ոգեւորւում էի, երբ տեսնում էի` ինչպէս են իմ սերնդակիցների, զոհուած ընկերների երեխաները միմեանց հետ ընկերութիւն անում: Այդ ընկերութիւնը եւ՛ կուսակցութեան ներսում էր, եւ՛ դրանից դուրս, ու այստեղ պատահականութիւն չկայ: Ինչպէս քիչ առաջ ասուեց, գեները փոխանցւում են: Ես յիշում եմ` 90-ականներին առաջին անգամ մենք կարդում ու լսում էինք, որ մեր գենոֆոնդը փորձում են ոչնչացնել, մեր գենոֆոնդը քչանում է: Սրանք պատահական բառեր չեն, սա տեսակի հարց է, տեսակի խնդիր է, գիտակցման խնդիր է: Մեզանից իւրաքանչիւրը պէտք է հասկանայ, ընդունի եւ խորքային ընկալի, որ մեր տեսակը, լաւագոյն տեսակը, մեր դաշնակցական ընտանիքի գենոֆոնդը պէտք է պահպանուի եւ միմեանց փոխանցուի: Ես ուրախանում եմ` տեսնելով, որ մեր զաւակները մեր գործի շարունակողն են: Գուցէ մի քիչ զգացմունքային ստացուի, բայց ընդհանրութեան մէջ ճանապարհը, որը մենք որդեգրել ենք, շատ երկար ու դժուարին է լինելու, սա պէտք է գիտակցի իւրաքանչիւրը։ Իւրաքանչիւր ոք` ծնող, ընկեր, հարազատ, Հ․Յ․Դ․ Արցախի երիտասարդականի մուտք գործած երիտասարդ պէտք է գիտակցի, որ ճանապարհն այսպիսին է: Այսօրուայ իրավիճակը մեզ թելադրում է, որ պէտք է մենք շարունակենք այն գործը, որ մեր աւագ ընկերները, մեր սերնդակիցները, մեր նախնիները որդեգրել են: Այդ գործի շարունակողներից մէկն էլ Արտակն էր: Իմ խոնարհումը բերելով Արտակի ծնողներին, հարազատներին ու ընկերներին` վստահ եմ, որ այդ նպատակը, որի համար մենք տուել ենք թանկ կորուստնէր, պիտի փորձենք իրականացնել իւրաքանչիւրս մեր գործով, մեր առաքելութեամբ եւ ամենօրեայ աշխատանքով», ըսաւ Իշխանեան:
Ելոյթներէն ետք ներկաները դիտեցին տեղւոյն երիտասարդականներուն նախաձեռնութեամբ նկարահանուած Արտակ Իշխանեանի մասին պատմող ֆիլմը:
Արտակ Իշխանեանը զոհուեցաւ Հոկտեմբեր 31, 2020-ին Արցախի Մարտունի քաղաքի մօտերը: Յետմահու պարգեւատրուեցաւ Մարտական Խաչ 2-րդ աստիճան շքանշանի:
Անոր մարմինը ամփոփուած է Եռաբլուր զինուորական պանթէոնին մէջ: Ամուսնացած է եւ ունի մէկ որդի: