ԳԵՐՄԱՆԻՈՅ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

0 0
Read Time:9 Minute, 12 Second

abousefyan1

Դոկտ. Մարի Ռոզ Աբուսէֆեան

Սան Ֆրանսիսքօ

 

Հարիւր տարի շարունակ Գերմանիոյ մասնակցութիւնը Հայոց Ցեղասպանութեան մէջ զգուշօրէն, միայն հայութեան մէջ խօսուած, բայց երբեք միջազգայնօրէն քննարկուած հարց է եղել:  Թէեւ 1996-ին, պատմաբան փրոֆ. Վահագն Տատրեանը պատմական փաստերի վրայ հիմնուած հայութեանը արթնացնող ուսումնասիրուած փաստերով հոյակապ գիրք էր հրատարակել, “Գերմանիոյ պատասխանատուութիւնը Հայոց Ցեղասպանութեան մէջ“, դժբախտաբար այն պարզապէս ներկայացուեց, ոչ թէ քննարկուեց, այն էլ միայն հայկական շրջանակում:

Մենք այնքան ենք տարուած թուրքերի կատարած ոճիրը իրենց հաստատելու, որ վախենում ենք ամենափոքր շեղումը նրանք օգտագործեն պատասխանատուութիւնից փրկուելուն:  Այնինչ, գերմանական արխիւների թէկուզ ոչ ամբողջական բացայայտումը, Թուրքիային ոչ միայն չի փրկում պատասխանատուութիւնից, այլ աւելի է հաստատում հայերին ոչնչացնելու նրա քաղաքական ծրագիրը, է՛լ աւելի է պարտաւորեցնում թուրքերին ընդունելու իրենց գործած յանցանքը: Միաժամանակ Գերմանիային էլ պարտաւորեցնում է իր յանցանքը ընդունելու, որպէս կատարուած Ցեղասպանութեան ականատեսի ու այն քօղարկողի:abousefyan2abousefyan3

Այդ բացայայտուած-հրատարակուած փաստաթղթերը ոչ թէ յիշողութիւններ են, գրուած պատահական անձերի, հայերի, կամ միսիոնարների կողմից, այլ փաստացի տեղեկատուութիւններ են գերմանական ճշդապահ ժամով, օրով, թուականով գրուած, անմիջական գերմանացի ականտես քաղաքական գործիչների, ուղղակի եւ անուղղակի իրենց մասնակցութիւնը բերած բարձրաստիճան զինուորականների, դիւանագէտների, հիւպատոսների կողմից:

Արդէն հրատարակուած գերմանական արխիւային փաստաթղթերը հաստատում են, որ Գերմանիան իր մասնակցութիւնը ունի Հայերի Ցեղասպանութեան մէջ, որպէս ականատեսի, որպէս կատարուած ոճիրը թագցնուող-չբացայայտուղի, որոշ շրջաններում նաեւ որպէս մասնակցի եւ վերջապէս դատապարտուած ցեղասպանութեան պարագլուխներին իր երկրում ապաստանողի:

Գերմանիան Ցեղասպանութեան սկիզբից մինչեւ վերջ իր զինուորական ուժով Թուրքիոյ մէջ լինելով անմիջականօրէն տեղեակ է եղել երկրում կատարուող իրադարձութիւնների մանրամասներին՝ հայերի մասսայական կոտորածին, տեղահանութիւններին, կիրառուող սպանութեան  բոլոր ձեւերին, յաճախ էլ եղել է մասնակիցն ու տեղահանութեան- ոչնչացման հրամանագիրը հաստատող-ստորագրողը:abousefyan4

Հարիւր տարուայ իր լռութեամբ Գերմանիան ոչ միայն թագցրեց Թուրքիոյ կատարած յանցանքը, քօղարկեց ականատես-մասնակցի իր յանցանքը, այլ խոչնդոտեց հայերի պահանջատիրութեան առաջընթացը, ինքն իրեն  ազատագրելով պատասխանատուութիւնից:

Իրենց շահի համար այդ քօղարկումը այնքան վարպետօրէն օգտագործեցին մեծ տէրութիւնները, որ ցեղասպանութիւնից յետոյ մինչեւ օրս, հայերին երբեք քաղաքական հնարաւորութիւն եւ միջոցներ տրուեցին  յանցագործներին մարդկութեան դատին ներկայացնելու, իրենցից խլուած իրաւունքները, տարածքներն ու ունեցուածքները ետ ստանալու: Ընդհակառակը հայերի տարածքներից ռուսական մասն էլ կրկին խլեցին ու յանձնեցին նոյն թուրքերին եւ Թուրքիային էլ դարձրին հզօրների գործակից:

Մեր ժողովրդին բացի անսահման կորուստներից բաժին ընկաւ 100 տարի ցիր ու ցան եղած փաստերի, լուսանկարների, նամակների, կինոժապաւէնների պատառիկները հաւաքել, իրար փակցնելով փորձել վերականգնել ե՛ւ իրենցից խլուած անցեալը ե՛ւ քրէականօրէն հաստատել Թուրքիոյ ծրագրումով իրագործած ոճիրը:

Բայց քանի որ այս 100 տարիների ընթացքում աշխարհը այնքան թաթախուեց ոճիրների մէջ, որ ամենամեծը՝ Հայոց Ցեղասպանութիւնը, զոհաբերուեց դրանք կոծկելուն:

Սակայն վերջերս բացայայտուած եւ մասամբ հրատարակուած փաստաթղթերը՝ լինի դա Վատիկանի արխիւները, ուր 2.000 էջ տեղեկագրութիւններ է յայտնաբերել գերմանացի գրող Մ. Հիսմընը: Մէկ այլ գերմանացի լրագրող, հրատարակիչ՝ Յ. Գոթշլիխը փաստագրութիւնների եւ իր հաւաքած տեղեկագրութիւններով գերմաներէնով այս տարի հրատարակած իր գրքում, կրկին փաստում է Գերմանիոյ դերակատար լինելը այդ ոճրի կազմաւորմանն ու իրագործմանը: Իսկ գերմանացի պատմաբան, գրող, ժուռնալիստ, Վոլֆգանգ Գաստը 2005թ. գերմաներէնով հրատարակել է մի հաւաքածոյ, հիմնուած է 240 գերմանական հիմնական աղբիւր փաստաթղթերի վրայ, անմիջական Գերմանիոյ Պետական Արխիւից վերցուած:  Գրքի առաջին անգլերէն թարգմանութիւնը Զօրեան ինստիտուտի կողմից “Հայոց Ցեղասպանութիւնը:  Վկայութեամբ Գերմանիոյ Արտաքին գործոց Արխիւի 1915-1916“ վերնագրով, լոյս է տեսել 2014թ. զարմանալիօրէն գերմանացի մտաւորականներն են ուզում բացայայտել ճշմարտութիւնը, հաւանաբար ազատագրուելու արդէն 100 տարի շրջող, բայց հասարակայնօրէն չբացայայտուած, ոճրագործին հովանաւորած լինելու իրենց վիճակից:abousefyan5

Առանց մտնելու թուրք-գերմանական դաշնակցութեան մանրամասների մէջ եւ շրջանցելով հայութեան պատմութեան Թուրքիոյ ճնշումների տակ ապրած շրջանը, ուզում եմ աւելի կեդրոնանալ հրատարակուած փաստաթղթերում արծարծուած տեղեկութիւնների վրայ:

Այդ փաստաթղթերը անառարկելիօրէն հաստատում են Թուրքիոյ ծրագրած ցեղասպանութիւնը եւ միաժամանակ ամբողջական պատկերացում տալիս Գերմանիոյ սարսափի մասին, որպէս  համագործակցի: Նոյնիսկ գերմանացի պատմաբանի համար նորութիւն է եղել այն բոլոր եղելութիւնները, որ բացայայտուել են արխիւային թղթապանակներում: Իր գրքի առաջաբանում իբրեւ հաւատարիմ գերմանացի նա անկեղծօրէն խոստովանում է՝ “Ես սահմռկել էի իմանալով, որ Գերմանիան բացի երկրորդ համաշխարհային պատերազմում հրեաների դէմ գործած ցեղասպանութիւնից, մասնակից է եղել նաեւ Առաջին Աշխարհամարտի ժամանակ Թուրքիոյ գործած հայերի ցեղասպանութեանը (Վ. Գաստ “Հայոց Ցեսասպանութիւնը“)։

Այդ փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Վիլհելմ II կայսրը անձամբ ջանք չի խնայել քօղարկելու հայերի դէմ կատարուող ջարդերը:  Թէեւ այդ մասին թագցրել են ժողովրդից, սակայն գերմանական զինուորական եւ դիւանագիտական սպասարկուները, որոնք հսկայական թիւ են կազմել Թուրքիոյ մէջ, ամենօրեայ տեղեկագրութիւններ են ուղարկել Գերմանական Արտաքին Գործոց Նախարարութեան:

Գերմանիան Առաջին Աշխարհամարտին Թուրքիոյ մէջ ունեցել է 800 սպայական կազմ եւ 12.000 զօրք:  Պատկերացրէք, թէ որքան տեղեկագրութիւն է հոսել Թուրքիայից դէպի Պերլին:

Ըստ Պերլինի Դիւանագիտական Արխիւների ներկայացուցիչ՝ Մարթին Քրոգըրի  “Հայերի Ցեղասպանութեան“ վերաբերող փաստաթղթերը գրանցուած են “Թուրքիա 183 թղթածրարում“:  Այդ փաստաթղթերը  կազմում են 20 հաստ հատորներ 1915-1920թ եւ աւելացնում է, “որ դրանք ամբողջովին դեռ չեն բացայայտուած“:abousefyan6

Պատերազմի ընթացքին Գերմանիոյ Արտաքին Գործոց Նախարարութիւնը, Բանակի բարձրագոյն հրամանատարութիւնը, Վիլհելմ I I Կայզըր անձամբ, Պրուսիոյ պատերազմի նախարարը, այլ նախարարներ, հիւպատոսներ, դիւանագէտներ ակընդետ հետեւել են Թուրքիոյ ներքին գործողութիւններին:  Տեղեկագրերը բացայայտում են, որ այս բոլոր պաշտօնական անձինք ամենայն մանրամասնութեամբ տեղեակ են եղել Թուրքիոյ մէջ հայկական տարածքներում կատարուող իրադարձութիւններին՝ Զէյթունից մինչեւ Ուրֆա, Վան , մինչեւ հայերի մահուան վերջակէտը՝ Տէր Զօր եւ Մուսուլ:

Գահիրէի Գերմանական հիւպատոսարանի նախկին կցորդ Մաքս Օպենհայմը իր Օգոստոս 29, 1915 տեղեկագրում պաշտպանում է հայերի ոչնչացման թուրքերի ծրագիրը:  Նա նշում է, որ “Թուրքերը արդարացի են հայերին ոչնչացնելու իրենց այս ծրագրում եւ մենք որպէս Թուրքիոյ դաշնակից չպէտք է արգիլենք“ (Վ. Տատրեան “Գերմանիոյ պատասխանատուութիւնը Հայոց Ցեղասպանութեան մէջ“  հր.1996, էջ 71)։

Ըստ տոքթ. Աքսենֆիլդի, գերմանացիները համաձայնուել եւ նոյնիսկ հաստատել են Թուրքիոյ այդ ծրագիրը:  “Այնքան ժամանակ, մինչեւ որ տեղահանութիւնները հիմնուած են ռազմական պահանջի վրայ, Գերմանիոյ մասնակցութիւնը արդարացւում է: Տեղահանութիւնները հնարաւոր չէր իրագործել առանց Թուրքիոյ մէջ սպասարկող գերմանացի սպաների գիտութեան“ (նոյն գրքում, էջ 45)։

Փրոֆ. Եուլիուս Ռիխտրը “Ճէներալ Միշըն“ թերթում գրել է՝

“Գերմանացի սպաներն են խորհուրդ տուել թուրքերին սահմանագծային շրջաններից անվստահելի հայութեան տեղահանելու“ (Վ. Գաստ “Հայոց Ցեղասպանութիւնը“ էջ 109#467)։abousefyan7

Փաստաթղթերը հաստատում են, որ գերմանացի բարձրաստիճան սպաները ֆիզիքապէս ներկայ են եղել Թուրքիոյ բարձրագոյն բոլոր հաստատութիւններում: Գերմանիոյ ռազմական գործակալութիւնը աշխատակցել է Թուրքիոյ 2-րդ Բաժանմունքին, որը քաղաքական եւ ռազմական բոլոր գաղտնիքներն է համատեղել: Այս բաժանմունքը մի շարք փաստաթղթերում ներկայանում է որպէս Հայերի Ցեղասպանութեան կազմակերպման գլխաւոր կեդրոն: Բաժանմունքի պարտականութիւններից մէկն էլ եղել է հետեւել գործադրուող մասսայական սպանութիւններին:

Ըստ Պաւարիոյ գնդապետ, Գերմանիոյ ռազմական պատուիրակ Օթթօ վոն Լոսսոյի տեղեկագրութեան՝ “Հայերի Ցեղասպանութիւնը ղեկավարւում էր 2-րդ Բաժանմունքի կողմից Թուրքիոյ Պատերազմական հաստատութեան տակ:  Այդ բաժանմունքը ղեկավարում էր գերմանացի գնդապետ Զայֆին“ (նոյն գրքում էջ 50)։

Գերմանացի սպաները նշանակուել են հսկելու Օսմանեան 3-րդ բանակը, որը հսկում էր հայկական ամենամեծ շրջանները՝ Էրզրում, Վան, Պիթլիս, Հարփութ, Տիարպեքիր (Տիգրանակերտ), Սեբաստիա որտեղից հայերը ամբողջովին արմատախիլ եղան: Այլ խօսքով գերմանացի սպաները ծառայել են հայերի ոչնչացման էպիկեդրոնում եւ որոնց պարտականութիւնն է եղել ամէնօրեայ տեղեկագրութիւններ ուղարկել Գերմանիոյ գլխաւոր կեդրոն:

Գերմանիան Թուրքիոյ մէջ ունեցել է իր հաղորդակցութեան կեդրոնը, որտեղից միայն գերմանացի դիւանագէտները, հիւպատոսները, բարձրաստիճան զինուորականները ամէնօրեայ ծածկագիր տեղեկագրեր են հեռագրել Պերլինի Գերմանիոյ Արտաքին Գործոց Նախարարութիւն, առանց թուրքերի գրաքննութեան: Այս առաւելութիւնը գերմանացիներին հնարաւորութիւն է ընձեռնել ամէնօրեայ ժամ առ ժամ, տեղեկութիւն հաղորդել Թուրքիոյ մէջ կատարուող իրադարձութիւնների մասին:

Ահա թէ ինչու Պոննի Գերմանիոյ Արխիւը լեցուն է հեռագրերով, ձեռագիր նամակներով, հաղորդագրութիւններով Թուրքիայում կատարուող եղեռնագործութիւնների մասին:

Յունիս 17, 1915թ. Կոստանտնուպոլսի Գերմանիոյ հիւպատոս Բարըն վոն Վանգընհէյմը տեղեկացնում է Պերլնին ՝

“Տիարպէքիրի հայերը որոնք տեղահանուելու եւ ղրկուելու էին Մուսուլ, բոլորը մորթուած են“։

12 օր յետոյ կրկին հաղորդում է՝ “Տեղահանուածները յանկարծակի անգթօրէն սպանուած են“։

Յուլիս 7-ին նոր տեղեկագրութիւն՝ “այն միջոցները, որոնք օգտագործւում են տեղահանութեան համար, ցուցադրում է, որ Կառավարութիւնը փաստօրէն հետապնդում է Թուրքիայից հայերին  ոչնչացնելու նպատակը“։

Յուլիս 12-ի տեղեկագրութեամբ յայտնում է, որ “Մարտինից տեղահանուած հայերը ոչխարների պէս մորթուած են“ (նոյն գրքում, էջ 22)։

Այս հաղորդագրութիւնը փոխանցողը, Վանգնհայմը, նոյն այն անձն է, որը գերադասելով իր երկրի շահերը միշտ պաշտպանել է թուրքերին այնքան, որ կտակել է թաղուել Թուրքիոյ մէջ եւ այդտեղ էլ ըստ իր կտակի թաղուել է:

Թուրքիոյ մէջ ծառայող գերմանացիները պարտադրուած են եղել թուրք բարձրաստիճան անձերի հետ ունեցած իրենց անձնական զրոյցներն էլ փոխանցելու Պերլինի Արտաքին Գործոց Նախարարութեան:

Փոխ դեսպան Հոֆֆմանը փոխանցել է իր զրոյցը Էյուբ Պէյի հետ, որը հետեւեալն է ասել՝ “Դուք դեռ չէք հասկանում թէ մենք ինչ ենք ուզում: Մենք ուզում ենք մէկընդմիշդ ջնջել հայ անունը“ (Վ. Գաստ “Հայոց Ցեղասպանութիւնը“ հր.2014, էջ 69, #290)։

Հալէպի դեսպան տոքթ. Վ. Ռոսլէրը գրել է՝ “Երբ Կոստանտինապոլսից տեղահանութեան յանձնակատարը եկաւ, ես դիմեցի նրան խնդրանքով, որ որոշ հայերին ազատէ, որոնք վարձուած էին գերմանացիներին աշխատելու  համար: Նա մերժեց իմ խնդրանքը այնպիսի արհամարական ժեստով, որը ես երբեք չեմ մոռանայ: Նա ասաց՝ “Դուք չէք հասկանում մենք ինչ ենք ուզում:  Մենք ուզում ենք Հայաստանը առանց հայերի“ (Վ. Գաստ “Հայոց Ցեղասպանութիւնը“ հր.2014, էջ 69 #291)։

Ես ընդգծում եմ այս նախադասութիւնը, որովհետեւ մենք երբեք աշխարհի ուշադրութիւնը չենք կեդրոնացրել թուրքերի այս արտայայտութեան վրայ, որը Ցեղասպանութեան հիմնական նպատակն էր: Թուրքերը որքան էլ ծրագրուած ու թաքուն էին կազմակերպել հայերի ոչնչացումը, հակառակ դրան, երբեք չեն թագցրել իրենց այս գերնպատակը՝ “Հայաստանը առանց հայերի ունենալը“: Ոչ մէկ անգամ որեւէ տեղ արձանագրուած է, որ ուզում են Թուրքիան առանց հայերի:

Մեր Ցեսասպանութեան այս ամենակարեւոր մեխը, որը հաստատում է, մեր տարածքներին տիրանալու, Թուրքիան միայն թուրքերով բնակեցուած մէկ ամբողջական երկիր դարձնելու թուրքերի ձգտումը, եղել է ցեղասպանութեան հիմքը, որը մինչեւ օրս դիտաւորեալ թագցւում է աշխարհից, Թուրքիային ազատագրելով հայերի հողային պահանջատիրութիւնից:

Մինչեւ իսկ մենք, հայերս,  ոճրագործների կողմից բազում յայտարարուած այդ նախադասութիւնը դրօշ չենք դարձրել ու ծածանել, որ արեւմտահայութեան ոչնչացման նպատակը ոչ թէ կրօնական մոլեռանդութեան, կամ փոքրամասնութեան հանդէպ ունեցած ատելութեան արդիւնք է, այլ աշխարհաքաղաքական, (geopolitical) մեր տարածքների բռնագրաւմամբ մէկ ընդհանուր Թուրքիա ստեղծելու նրանց օրինագիծը:

Գերմանացի մի շարք սպաներ ոչ միայն համաձայնուել են թուրքերի հայերին ոչնչացնելու ծրագրին այլ նաեւ ստորագրել են թուրքերի այդ հրամանագրերի տակ իրենց յաւելումներով:

Ճեներալ Բրոնսարտը, Թուրքիոյգ Գլխաւոր Շտապի Հրամանատարը, որը յայտնի է եղել իր հայատեացութեամբ, ոչ միայն համաձայնուել է Թալէաթի տեղահանման հրամանագրին, այլ նաեւ ստորագրել է այդ հրամանագիրը:

Մէկ այլ ռազմական ներկայացուցիչ՝ Ենթասպա Բօթռիխը, միայն ստորագրութեամբ չի բաւարարուել, այլ աւելացրել է, “օգտագործել ոչնչացման ծայրայեղ միջոցներ“։

Այս հրամանը տրուել է Պաղտատ-Պերլին երկաթուղու հայ ձրիաբար օգտագործուող աշխատաւորներին ոչնչացնելու համար:

Այդ հրամանագրերի ստորագրման լուրը սարսափով են ընդունել Պերլինում, քաջ գիտենալով, որ դա պարտաւորեցնելու է Գերմանիային օրէնքի առջեւ թուրքերի յանցանքը կիսելուն:

Գերմանացի որոշ գործիչներ գրել են՝ “Սա լուրջ մեղադրանք է, որից ազատագրելու ենք ինքներս մեզ, որը նոյնպէս նիւթական է: Հակառակ դէպքում մենք պատասխանատու ենք լինելու վնասների համար“ (Վ. Տատրեան “Գերմանիոյ պատասխանատուութիւնը Հայոց Ցեղասպանութեան մէջ“, էջ 22#44 )։

Թէեւ այդ երկու ստորագրեալները՝ Բրոնսարտը եւ Բօթռիխը, պատերազմի աւարտին Թուրքիայում դատուել են՝ ցեղասպանութեան գլխաւոր գործիչների՝ Էնվերի եւ միւսների հետ բայց Գերմանիան փախցրել է նրանց էլ միւսների հետ:

Ըստ Ռումանական հաղորդագրութեան, իրենք տեղեկացրել են Անգլիոյ գործակալութեան, որ գերմանացի դիւանագէտները տոպրակների մէջ թագցրած թունաւոր կազ են փոխադրել Թուրքիա:  Այդ կազը Տօք. Ալի Զահիբը օգտագործել է Տրաբիզոնի հայ երեխաների վրայ:  Նրանց լցրել է դպրոցի լողարանը, “հականեխելու“ պատրուակով եւ կազախեղդ է արել բոլորին: ( Մ. Յակոբեան “Գերմանիան եւ գաղտնի Ցեղասպանութիւնը“)։

Յայտնի քաղաքական գրող Փօլ Րորբախը գրել է “Այս դէպքերը անհնար են դարձնում շարունակել կրելու միասնական պատասխանատուութիւնը Թուրքիոյ հետ որպէս դաշնակցի: Երբ այս փաստերը բացայայտուեն, գերման ժողովուրդը ամօթով է կանգնելու ամբողջ աշխարհի առջեւ“ (Վ. Գաստ “Հայոց Ցեղասպանութիւնը“ էջ 122,#522  )։

Ամենազաւեշտականն այն է, որ դեռ Առաջին Աշխարհամարտին գերմանացի դիւանագէտները օգտագործել են Ցեղասպանութիւն բառը, գերմ-Vorkermord, որը միայն 29 տարի յետոյ Լեհ փաստաբան Րաֆայէլ Լէմկինը դարձրեց Միջազգային իրաւագիտութեան հիմք, ընդունելով որպէս  Ոճիր մարդկութեան դէմ: Իսկ այսօր նոյն Գերմանիոյ խորհրդարանը հայութեան պարագային դեռ յապաղում է այդ բառը օգտագործել:

Այն, ինչ խլեցին եւ դեռ շարունակում են խլել աշխարհի դիւանագէտները ոչ միայն մեր միլիոնաւոր զոհերն են, այլ մեր գալիք սերունդների խաղաղ կեանքը:

Սակայն մի բան պարզ է: Այսուհետեւ ինչ ընթացք էլ ստանայ աշխարհի քաղաքականութիւնը, միեւնոյն է, Հայոց Պահանջատիրութիւնը նոր փուլ է մուտք գործում:  Մեր ծրագրուած Ցեղասպանութեան համար բացի գլխաւոր պատասխանատու Թուրքիայից, պարտաւոր են պատասխան տալ նաեւ բոլոր մասնակից ու այն թագցնող պետութիւնները նոյնպէս:

100-ամեայ այս տարելիցը , շրջադարձային կէտ են դարձնելու մեզ համար: Մենք պարտաւոր ենք նոր պահանջներով, նոր մօտեցումով գործելու: Մեր պահանջատիրութիւնը ոչ թէ խնդրանք է, կամ մուրալ,  այլ՝ իրաւունք:  Իրաւունք մեր միլիոնաւոր զոհերի խլուած կեանքի, մեզնից յափշտակուած հայրենի երկրի տարածքների, մեր կողոպտուած ունեցուածքների, մեր կորստեան մատնուած պատմութեան եւ մեր գալիք սերունդների մարդկային իրաւունքների վերականգման համար:

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles