Հանգուցալուծումների Քաղաքակիրթ Ճանապարհը

0 0
Read Time:4 Minute, 0 Second

Droshak

«Դրօշակ»ի Խմբագրական
Փետրուար 18, 2015
Հայաստանի ներքին կայունութիւնը սասանելու ներուժ ունեցող գործընթացը, ըստ ամենայնի, կանխուած է: Փետրուարի 18-ին հրապարակուեց Գագիկ Ծառուկեանի նոր յայտարարութիւնը, իսկ դրան հետեւեց «Բարգաւաճ Հայաստան» Կուսակցութեան քաղխորհրդի յայտարարութիւնը, ըստ որի. «հաշուի առնելով հասարակութեան գերլարուած յուզական վիճակը, զերծ մնալու համար հնարաւոր պրովոկացիաներից եւ բախումներից` «Բարգաւաճ Հայաստան» Կուսակցութեան քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղեալ համարել փետրուարի 20-ի հանրահաւաքի անցկացումըէ:
Իր հերթին, Փետրուարի 18-ին լրատուամիջոցներով տարածուած յայտարարութեամբ, Գագիկ Ծառուկեանը մասնաւորապէս շեշտում է. «Հայաստանում առկայ խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թէ պատերազմել միմեանց դէմ, այլ հանգիստ, առանց միմեանց վիրաւորելու աշխատել, ցոյց տալ առկայ բոլոր բացերը, գտնել լուծումներ եւ կեանքի կոչել դրանք: Ցաւով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղութեամբ են ընթանում: Դժուար չէ պատկերացնել, թէ այն, ինչ կատարւում է հիմա, ինչի կը յանգեցնի ընդամէնը մի քանի շաբաթների ընթացքումէ: Այսպէս շարունակել չի կարելի, յետոյ բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզէ: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նոյնիսկ մէկ անմեղ մարդու արիւն: Թէ իշխանութեան, թէ ընդդիմութեան խնդիրն է չանցնել ողջամտութեան սահմանը: Բոլոր խնդիրները պէտք է լուծուէն խաղաղ, օրինական, քաղաքական, ճանապարհով»:
Ընդ որում սպասուող ներքաղաքական լարումը, նախագահի հրաժարականի պահանջով իրականացուելիք զանգուածային միջոցառումները, ներքին բախումների ու անկայունութեան պատճառ դառնալով կարող էին պառակտել հասարակութիւնը, առաւել չափով խորացնել սոցիալ-տնտեսական ճգնաժամը, լրջօրէն ազդել երկրի վարկի վրայ, առիթ ստեղծել սահմաններում հակառակորդի ակտիւանալու համար, վիժեցնել ցեղասպանութեան 100-րդ տարելիցի հետ կապուած միջոցառումներն ու ակնկալիքները եւ այլն: Իրար հետեւած Գագիկ Ծառուկեանի, ապա Սերժ Սարգսեանի եւ դրան ի պատասխան Գագիկ Ծառուկեանի նոր յայտարարութիւնները, իրենց վերջնագրային ոճով, իրական էին դարձնում ամենավատատեսական զարգացումների հեռանկարը:
Այն ինչի մասին իրենց ելոյթներում մի քանի օր զգուշացնում էին Դաշնակցութեան ներկայացուցիչները, բնաւ չափազանցուած չէին եւ դրա մէկ ապացոյցն էլ հէնց ժողովրդային յուզումների սպառնալիքով հանդէս եկած Գագիկ Ծառուկեանի հաստատումներն են, որոնք, ինչպէս յայտնի է արուեցին փետրուարի 18-ին եւ որոնցից մէջբերումներ են արուել այս նիւթի սկզբում:
Անդրադառնալով հնարաւոր հեռանկարին եւ կոչ անելով քաղաքակիրթ երկխօսութեան ճանապարհով լուծել անսպասելի սրուած հակամարտութիւնը Դաշնակցութիւնը, օրինակ չփորձեց հանդէս գալ այս կամ այն կողմի շահերի պաշտպանութեան դիրքերից: Քաղաքական կեղծարարութեան կամ ծածկադմփոցի չդիմելու պարագայում անհնար է չընդունել ներքաղաքական վիճակի այն առանձնայատկութիւնները, որոնք ակնյայտ են ոչ միայն քաղաքական այս կամ այն թեւի գործիչների, այլեւ ողջ հասարակութեան համար:
Սպիտակ մածունին սեւ ասելու չափ անհեթեթ կը լինի ժխտելը, որ երկիրն ունի լրջագոյն հիմնահարցեր կապուած կառավարման համակարգի թերութիւնների, սոցիալ-տնտեսական վիճակի, իրաւական կացութեան, կոռուպցիայի ու տնտեսութեան ստուերի եւ այլ խնդիրների հետ:
Ակնյայտ է նաեւ, որ այս հիմնահարցերը խորանալով աւելի են սրում իրավիճակը, ստեղծելով արտագաղթով եւ այլ անցանկալի դրսեւորումներով պայմանաւորուած ազգային անվտանգութեան եւ կայունութեան խաթարման սպառնալիք:
Միւս կողմից ճիշտ է նաեւ, որ հրապարակ դուրս բերուած զանգուածների տեւական ճնշումների ուժով իշխանափոխութեան հաւանականութիւնը չէր ստեղծելու ծառացած խնդիրները հանգուցալուծելու հնարաւորութիւն: Մօտ 25 տարի մեր երկրում թագաւորող անառողջ իրավիճակը ի վերջոյ անձերով չի պայմանաւորուած եւ անձերի փոփոխութիւնը ինչպէս մինչ այժմ չի բերելել, նոյնպէս եւ այսուհետ չի կարող յանգեցնել ցանկալի բարեշրջումների: Յայտնի հիմնահարցերը, արատներն են առկայ համակարգի եւ կարող են վերանալ միայն համակարգային փոփոխութիւնների ճանապարհով:
Երբ փորձ արուեց խնդիրը տանել անձնաւորուած դաշտ եւ լուծել ուժային ճնշման ճանապարհով ակնյայտ դարձաւ այն հեռանկարը, որի մասին էլ վերջում խօսում է եւ գործընթացների նախաձեռնող Ծառուկեանը:
Հետեւաբար միակ ելքը մնում է քաղաքական-քաղաքակիրթ բարեփոխումների այն ճանապարհը, որ կարելի է անցնել սահմանադրական բարեփոխումների միջոցով:
Ինչպէս որ հակամարտութեան ծաւալման դէպքում չէին կարող լինել յաղթողներ ու պարտուողներ, նոյնպէս եւ դրա հանգուցալուծման պարագայում ճիշտ չեն լինի նման գնահատումները: Այն պարզ պատճառով, որ առճակատման մարումը չի յանգեցրել հիմնահարցերի լուծմանը: Ընդհակառակը այն պէտք է մղի աւելի զգօն կերպով գնահատել իրավիճակը եւ հաստատակամ լինել համակարգային ու արմատական բարեփոխումների հարցում: Ի դէպ բարեփոխումներ ասուածն այս դէպքում պէտք է տեսնել այն ամբողջութեան մէջ, որի մի մասը կազմում էին ընդդիմութեան մատնանշումները, իսկ միւս մասը Նախագահի մեղադրանքները: Վերջին դէպքում խօսքը վերաբերում է քաղաքական դաշտի գրագիտացմանը, բիզնեսի եւ քաղաքականութեան տարանջատմանը, տնտեսութեան թափանցիկութեանը եւ այլն: Յուսանք, որ ներքաղաքական անդորրի պայմաններում հնարաւոր կը լինի սահուն եւ սկզբունքային կերպով սահմանադրական գործընթացն առաջ տանել ըստ նախանշուած եւ տրամաբանուած ժամանակացոյցի:
Վերջում կրկին վերադառնանք անցնող օրերի իրադարձութիւններին առնչուող հարցի:
Դաշնակցութեան հնչեցրած խոհեմութեան, առճակատումից հրաժարուելու կոչերը ոմանք շտապեցին որակել որպէս իշխանամէտ պահուածք: Ոմանք էլ նոյնպիսի ենթատեքստ պարունակող բանաւոր ու հրապարակային հարցադրումներ էին անում, թէ արդեօ՞ք Դաշնակցութիւնը չի միանալու ընդդիմադիր ուժերի նախաձեռնած միջոցառումներին: Դրսեւորուել է արդէն այն իրողութիւնը, որ տուեալ օրերին Դաշնակցութիւնը եղաւ չէզոք, բայց շահագրգիռ եւ ոչ կրաւորական: Մասնաւորապէս նա ակտիւօրէն ձեռնարկեց, այսպէս ասած, միջնորդական նախաձեռնութիւն: Արդէն յետին թուով կարող ենք արձանագրել փաստը, որ գործընթացների արդիւնքում շահեցին երկիրն ու ժողովուրդը եւ իհարկէ նրանց մաս կազմող բոլոր քաղաքական ուժերը: Անշուշտ պէտք է ընդգծել նաեւ, որ ոչ մի միջնորդական գործունէութիւն ցանկալի արդիւնքի չէր կարող յանգեցնել, եթէ երեւան չգար հակամարտող կողմերի շրջահայեացութիւնն ու ընդհանուր պատասխանատուութեան գիտակցումը:
Նորանկախ Հայաստանի կենսագրութեան մէջ էջեր կան գրուած քաղաքական խնդիրները թէ խաղաղ ճանապարհով լուծելու եւ թէ արեամբ պարտադրելու փորձերի օրինակներ:
Արդիւնքներն ու հետեւանքները նոյնպէս յայտնի են: Կարծես գաղտնիք չէ նաեւ, որ մեր 25 ամեայ վարչական եւ քաղաքական համակարգը բաւականին վարկաբեկել են իրենց: Ակնյայտ է վարչա-քաղաքական նոր մակարդակի բարձրանալու անհրաժեշտութիւնը, որն էլ հնարաւոր է միայն համընդհանուր համախոհութեան, հասարակութեան անդամների հաւաքական մեծամասնութեան կամքի ազատ արտայայտման եւ ժողովրդավարական գործելաոճի պայմաններում:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles