Լրահոս

«Հայաստան» Դաշինքի Յայտարարութիւնը

 

 

Յունիսի 7-ի ընտրութիւնների նախընթաց ժամանակահատուածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթոյլատրելի լարուածութեամբ եւ ակնյայտօրէն դուրս է եկել քաղաքական պայքարի շրջանակներից:

Գործող վարչախմբին մերժող եւ աներկբայ թափ առնող հանրային դրսեւորումներին զուգահեռ` ռեժիմը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախօսներին, չէզոքացնել քաղաքացիների խօսքի ազատութիւնը, ճնշել ազատ կամարտայայտումը, երկրում խորացնել վախի մթնոլորտն ու ներազգային թշնամանքը:

Խորացող աւտորիտար ռեժիմի կողմից որդեգրուած հակասահմանադրական եւ քրէօրէն հետապնդելի վարքն ու գործիքակազմն անհնար են դարձնում ընտրութիւնների ազատութիւնն ու մրցակցութիւնը:

Advertisement Subscribe Today

Վարչախումբը բացառապէս մէկ նպատակ է հետապնդում` ընդդիմադիր ուժերի եւ այլախոհների նկատմամբ ուժի եւ վարչական ռեսուրսների անթոյլատրելի կիրառմամբ հասնել վերարտադրութեան:

Այս նպատակին են ծառայում պատժիչ եւ հակասահմանադրական գործողութիւնները, որոնք ներառում են`

• Քրէական հետապնդումներ եւ հալածանքներ, ինստիտուցիոնալ ռեպրեսիաներ:
• Ընտրովի արդարադատութիւն, վարչական ռեսուրսի բացայայտ չարաշահում:
• Դատական իշխանութեան ակնյայտ կախուածութիւն, ինչը թոյլ չի տալիս, որպէսզի իշխանութեան հակասահմանադրական գործողութիւններն արժանանան իրաւական գնահատականի:
• Վարչախմբի ղեկավարի կողմից դատախազութեանը եւ իրաւապահ համակարգին տրուած բացայայտ ու հրապարակային պատժիչ հրահանգներ, այդ թւում` քաղաքական ընդդիմախօսներին բանտարկելու կամ պատժելու յանձնարարութիւններ:
• 17․05․2026 թ․ հոգեբուժարանում կախուել է Հ․Հ․ քաղաքացի, որին իրաւապահ մարմինները մէկ օր առաջ մեկուսացրել էին Ն․ Փ․-ի քարոզչական պաստառը վնասելու մեղադրանքով/:
• Հանրութեան, առանձին քաղաքացիների եւ ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների նկատմամբ հրապարակային ահաբեկում, հաշվեյարդարի սպառնալիքներ եւ կոչեր:
• Ոչ նորմատիւ բառապաշար, հասցէական թիրախաւորում, ատելութեան խօսք, ներազգային պառակտուածութեան ու թշնամանքի մթնոլորտի խորացում, վախի եւ ահաբեկման մթնոլորտի ձեւաւորում:
• Մայիսի 18-ին, ուղիղ եթերում, Նիկոլ Փաշինեանը քաղաքական հիմնական երեք ընդդիմախօսների, ինչպէս նաեւ սովորական քաղաքացիների հասցէին հնչեցնում է աննախադէպ սպառնալիքներ, որոնք ուղեկցւում են վրէժխնդրութեան կոչերով եւ ոչ նորմատիւ հայհոյախառն խօսքով:

Ցաւօք, միջազգային կազմակերպութիւնների կրկնակի ստանդարտները, կանխակալ մօտեցումներն ու ոչ հասցէական վարքագիծը խորացնում են Հայաստանում անպատժելիութեան մթնոլորտը, վարկաբեկում միջազգային ինստիտուտները, սասանում ժողովրդավարութեան նկատմամբ հաւատը` լրջագոյնս կասկածի տակ դնելով հաւաքական Արեւմուտքի` Հայաստանում իրապէս ժողովրդավարական սկզբունքներով իշխանութեան ձեւաւորման նկատմամբ շահագրգռուածութիւնը:

Դիմում ենք Հայաստանում հաւատարմագրուած դեսպանատներին եւ դիտորդական առաքելութիւն իրականացնող միջազգային կազմակերպութիւններին` ակնկալելով համարժէք վերաբերմունք եւ գնահատական:

Ակնկալում ենք անյետաձգելի հանդիպում` առաւել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու եւ գնահատելու իշխանութիւնների կողմից որդեգրուած հակասահմանադրական ընթացքը:

«Հայաստան» Դաշինք
18 Մայիս 2026

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button