Լրահոս

«Հայաստան» Դաշինքի Յայտարարութիւնը՝  Երևանի Մէջ Կայանալիք Եւրոմիութեան Գագաթնաժողովին Առթիւ

 


Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 4-ին Երևանում նախատեսուած է Եւրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, իսկ յաջորդ օրը՝ Եւրոմիութիւն–Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Սրանք իրապէս կարևոր իրադարձութիւններ են, որոնց բովանդակային նշանակութիւնը Հայաստանի համար կարող էր լինել շատ աւելի մեծ, եթէ հաշուի առնուէր այս միջոցառումների անցկացման ժամանակահատուածը։ Ներքաղաքական լարուած մթնոլորտում, համապետական ընտրութիւններից շաբաթներ առաջ նման միջոցառումների անցկացումը Հայաստանի իշխանութիւնների կողմից անխուսափելիօրէն ներկայացվելու է որպէս արտաքին զօրակցութիւն, իսկ եւրոպական քաղաքական շրջանակները ուղղակիօրէն ներգրաւուելու են հայաստանեան ներքաղաքական գործընթացներում։

Եւս մէկ անգամ ցանկանում ենք նշել, որ Հայաստան – Եւրոպական միութիւն յարաբերութիւնները եղել են, կան և շարունակելու են մնալ Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան կարևոր ուղղութիւններից մէկը։ Սակայն Հայաստանի իշխանութիւնների հետաքրքրութիւնը ոչ թէ Հ.Հ. – Եւրոմիութիւն յարաբերութիւնների բովանդակային զարգացումն է, այլ եւրոպական քաղաքական շրջանակներին Հայաստանի ներքաղաքական գործընթացներում օգտագործելը։ Ցաւով արձանագրում ենք, որ Եւրոպական միութեան գործադիր իշխանութիւնը ներկայացնող անձանց յայտարարութիւնները միայն աւելացնում են մեր մտահոգութիւնները առ այն, որ Հայաստանի իշխանութիւնների գործողութիւնները, կարծես, ստանում են եւրոպական սատարում։

Մենք վերահաստատում ենք մեր յանձնառութիւնը՝ նպաստելու Հ.Հ. – Եւրոմիութիւն գործընկերութեան շարունակական զարգացմանը՝ հիմնուած «Համապարփակ և ընդլայնուած գործընկերութեան համաձայնագրի», ընդհանուր արժէքների և պատմական փորձի վրայ։ Հ.Հ. – Եւրոմիութիւն յարաբերութիւնները պէտք է հեռու պահել ինչպէս ներքաղաքական նպատակներով շահագործումից, այնպէս էլ աշխարհաքաղաքական դիմակայութեան համատեքստից, ինչի լաւագոյն հնարաւորութիւնները սահմանուած են «Համապարփակ և ընդլայնուած գործընկերութեան համաձայնագրի» տրամաբանութեամբ։

Մենք Հայաստան ժամանող բարձրաստիճան պատուիրակութիւններին կոչ ենք անում Հ.Հ. – Եւրոմիութիւն յարաբերութիւնների զարգացմանը մօտենալ, հաշուի առնելով այդ յարաբերութիւնների լաւագոյն շահը, այլ ոչ թէ Հայաստանում  իշխանութիւն ունենալու քաղաքական նպատակայարմարութիւնը, քանի որ Հայաստանի իշխանութիւնների կողմից ժողովրդավարական գործընթացների կաշկանդումը, օրէնքի գերակայութեան ոտնայարումը և քաղաքական ազատութիւնների սահմանափակումը հետզհետէ դժուարացնելու են նրանց «եւրոպական պաշտպանութիւնը»։ Հայաստանի իշխանութիւնների ապօրինութիւնների նկատմամբ զուտ քաղաքական հաշուարկներով պայմանաւորուած կրաւորական կեցուածքը, այդ թւում եւրոպական գործընկերների կողմից, հանգեցրել է Հայաստանում քաղաքական բանտարկեալների թվի աննախադէպ աճին։

Advertisement Subscribe Today

Եւրոպական կառոյցները պատշաճ քաղաքական վարք չդրսևորեցին և չդատապարտեցին նաև Հայաստանեաց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իշխանութիւնների սանձազերծած և շարունակուող հակաօրինական արշաւը։

Հայաստանյան քաղաքական գործընթացներում մենք չենք ակնկալում արտաքին քաղաքական որևէ դերակատարի, այդ թւում՝ Եւրոպական միութեան միջամտութիւնը։ Սակայն Հ.Հ. արտաքին գործընկերների շրջանում Եւրոպական միութիւնն այն եզակիներից է, որն ունի իրաւապայմանագրային պարտաւորութիւններ՝ հետևելու Հայաստանում օրէնքի գերակայութեանը և ժողովրդավարական գործընթացներին։ Այս համատեքստում մենք ակնկալում ենք, որ Հայաստանում տեղակայուելիք երկրորդ քաղաքացիական առաքելութիւնը ամբողջութեամբ հաւատարիմ կը մնայ իր մանտաթին և կ՛առաջնորդուի քաղաքական ներառականութեան սկզբունքով՝ իր աշխատանքներում երաշխաւվորելով ընդդիմութեան լսելիութիւնը։

Ամէն դէպքում, Հայաստանում նախատեսուած ներկայացուցչական միջոցառումները, լաւ առիթ և հնարաւորութիւն են բարձրաձայնելու մեր ժողովրդի ու պետութեան համար այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսին Պաքւում պահուող մեր գերիների ազատութիւնն ու Հայաստանի տարածքների գրաւումն են։

Այս համատեքստում ողջունում ենք Եւրոպական խորհրդարանի կողմից Ապրիլի 30-ին ընդունուած՝ «Հայաստանի ժողովրդավարական դիմակայունութեան աջակցման» վերաբերեալ բանաձևի առանձին դրոյթներ, որոնք վերաբերում են արցախահայութեան վերադարձի իրաւունքին, Արցախի հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութեանը, հայ գերիների ազատութեանը և Հայաստանում ընդդիմադիր բոլոր դերակատարների համար հաւասար և մրցակցային պայմանների երաշխաւորման անհրաժեշտութեանը։

Ակնկալում ենք, որ Եւրոպական խորհրդարանի այս սկզբունքային դիրքորոշումը ուղենշային կը լինի Եւրոպական միութեան գործադիր իշխանութեան համար։

«Հայաստան» Դաշինք
Մայիս 3, 2026 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button