“ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ՍՈՒՐԻԱՀԱՅԵՐՈՒՆ“ ԿԸ ՅԱՅՏՆԷ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆ
ԵՐԵՒԱՆ.- Հ.Հ. նախագահ Սերժ Սարգսեան, ընդունեց Հայաստան տեղափոխուած տարբեր ոլորտներ ներկայացնող սուրիահայ շարք մը գործարարներ: Հանդիպման մասնակցած են նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեան, սփիւռքի եւ տնտեսութեան նախարարները, կառավարութեան առնթեր պետական եկամուտներու կոմիտէի նախագահը, պետական մարմիններու այլ պատասխանատուներ:
“Հայաստանում ինչպիսի իշխանութիւններ էլ լինեն, բոլորն էլ այս խնդիրներին հոգատարութեամբ կը վերաբերեն: Այստեղ որեւէ կասկած չկայ: Այլ կերպ լինել չի կարող, ուղղակի չի՛ կարող: Դա Հայաստանի իշխանութիւնների պարտականութիւնն է, եւ որքան լաւ կատարենք մեր պարտքը, մեր պարտականութիւնը, այնքան բոլորիս համար էլ լաւ կը լինի: Մի՛ համարէք, որ ձեզ լաւութիւն են անում: Գոնէ, նուազագոյնը բոլորը պարտաւոր են անել: Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում երբեւէ կարող են իշխանութիւններ լինել, որ այդ նուազագոյնն էլ չանեն:…Մենք այդպիսի ճանապարհով վերջին 20-25 տարիների ընթացքում անցել ենք, անցել ենք շատ աւելի ցաւոտ ճանապարհներով: Ամէն ինչ լաւ է լինելու: Եւ իւրաքանչիւրը, ով կը մնայ կամ չի մնայ Հայաստանում, միեւնոյն է, որքան հնարաւորութիւն ունենք օգնելու, օժանդակելու ենք:… “Այս փորձութիւնն էլ է անցնելու, պէտք է կարողանալ մեր ժողովրդին իւրայատուկ կամք ցուցադրել եւ ցուցաբերել, իսկ մենք` ձեզ բոլորիդ օգնական“, ըսաւ նախագահ Սարգսեան եւ կոչ ուղղեց չյուսահատելու եւ փորձելու միասին դիմակայել այդ փորձութիւնն ու դժուարութիւնները, որոնց մէջէն կ’անցնին Սուրիոյ մեր հայրենակիցները:

