ԱզգայինԳլխաւորՅօդուածներ

Լռութեան Գինը

«Ապառաժ» – խմբագրական

6 Փետրուար, 2026

Փետրուարի 5-ին հրապարակուեցին Պաքուի կողմից պատանդառուած Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարների, հայ գերիների դէմ շինծու մեղադրանքների գործով «դատավճիռները»։

Անշուշտ, նման վճիռները բոլորովին անսպասել չէին, սակայն պէտք է արձանագրենք, որ Պաքուի «դատարանների» որոշումները ոչ միայն իրաւական որեւէ արժէք չունեն, այլեւ հերթական անգամ հաստատում են, որ գործ ունենք քաղաքական հաշուէյարդարի եւ վրէժխնդրութեան համակարգուած քաղաքականութեան հետ:

Բոլորովին պատահական չէ, որ հէնց այս օրերին, արդէն 5 տարի ժողովրդի խաղաղութիւնը խլած Փաշինեանն` արժանանում է խաղաղութեան մրցանակի, թուացեալ խաղաղութեան համար: Ժամանակային այս համընկնումը պարզապէս զուգադիպութիւն չէ․ այլ խորդանշական եւ ցաւալի:

Advertisement Subscribe Today

Մի կողմում Արցախի ընտրուած ղեկավարներն են, որոնք տարիներ շարունակ պաշտպանել են իրենց ժողովրդի անվտանգութիւնն ու ինքնորոշման իրաւունքը եւ այսօր կանգնած են շինծու մեղադրանքների առաջ` ատրպէյճանական բանտերում:

Միւս կողմում` Հայաստանի իշխանութեան ղեկավարը, ով պարգեւատրւում է այն քաղաքականութեան համար, որի հետեւանքով Արցախը դատարկուեց, իսկ նրա ղեկավարները դարձան պատանդներ:

«Զայետ» մրցանակը ներկայացւում է որպէս խաղաղարար ջանքերի գնահատում: Սակայն ի՞նչ խաղաղութեան մասին է խօսքը, երբ այդ «խաղաղութեան» գինը Արցախի կորուստն է, հազարաւոր զոհերը, ժողովրդի տեղահանութիւնը եւ ազգային արժանապատուութեան ոտնահարումը: Առանց արդարութեան իրաւունքների վերականգման` խաղաղութիւնը չի կարող լինել իրական:

Պաքուի շինծու դատավարութիւնները պէտք է դառնան ոչ թէ յուսահատութեան, այլ պայքարի ազդակ: Որքան էլ փորձեն լռեցնել` մինչ մեր հայրենակիցները կանգնած են թշնամու դատարանների առաջ եւ Արցախի ժողովուրդը զրկուած է իր Հայրենիքից, եւ խաթարուած է մեր ազգային կեանքը` մենք լռելու իրաւունք չունենք:

Պայքարը հայ պատանդների ազատութեան, Արցախ վերադարձի եւ ազգային արժանապատուութեան համար պէտք է լինի` հաստատակամ եւ անդադար:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button