ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ
“Հայոց Աշխարհ”
Յունուարի 12-ին Սահմանադրական դատարանի կայացրած վճիռը, իր յստակ արդիւնքով լինելով հայ-թրքական արձանագրութիւնների սահմանադրականութիւնը հաստատող քայլ, իրաւական հիմնաւորումների բարդ համակարգի միջոցով, ըստ էութեան, գծեց Թուրքիոյ հետ յարաբերութիւններ կառուցելու իրաւաքաղաքական յստակ շրջանակները: Սահմանադրական դատարանը փաստօրէն իրաւական ձեւակերպում է տուել գրեթէ բոլոր այն մտահոգութիւններին, որոնք առկայ էին Հոկտեմբերի 10-ի արձանագրութիւնների հետ կապուած: Այսինքն` ամրագրել է.
Ա) Թուրքիոյ հետ ստորագրուած փաստաթղթերը երկկողմ բնոյթ ունեն (երրորդ երկրների, տուեալ պարագայում` Ատրպէյճանի հետ յարաբերութիւններին չեն վերաբերում):
Բ) Դրանցում ամրագրուած պարտաւորութիւնները կարող են գործել միայն դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման եւ “փաստացի սահմանի” բաց լինելու պարագայում, այսինքն` մասնակի լուծումները պլաֆ են, իսկ Թուրքիոյ հետ ներկայ սահմանը չի ճանաչուած, եւ այդ հիմնախնդիրը կարող է կարգաւորուել միայն առանձին համաձայնագրով:
Գ) Սահմանադրութեան 6-րդ յօդուածով Հայաստանի երրորդ Հանրապետութեան համար իրաւական ուժ ունեն միայն յստակօրէն իր կողմից ստորագրուած պայմանագրերը (եւ ոչ թէ Կարսի պայմանագիրը):
Դ) Հոկտեմբերի 10-ի արձանագրութիւնների միջոցով հնարաւոր չէ կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանութեան փաստը, որ ամրագրուած է սահմանադրական ուժ ունեցող` 1990 թուականի Օգոստոսի 23-ի Անկախութեան հռչակագրում (այնտեղ տեղ է գտել անգամ “Արեւմտեան Հայաստան” քաղաքական հասկացութիւնը), եւ այլն, եւ այլն:
Սահմանադրական դատարանի կայացրած նման վճռից յետոյ առաջ է գալիս տրամաբանական հարց. ի՞նչ անել այն փաստաթղթի հետ, որը տէ Ժիւրէ առայժմ ունի միայն մի գործառոյթ` Հոկտեմբերի 10-ի արձանագրութիւնների սահմանադրականութեան ճանաչումը: Մնացածը ըստ էութեան “իրաւական գործիքների” մի մեծ զինանոց է, որը երկրի սահմանադրական ատեանը Յունուարի 12-ին յանձնել է քաղաքական ատեաններին` Ազգային ժողովին եւ, ի հարկէ, գործադիր իշխանութեանը` նախագահի գլխաւորութեամբ:
Կարծում ենք, թէ ինչպէ՞ս օգտագործել այդ գործիքների հարուստ տեսականին, երբ Սահմանադրական դատարանը օրինականացրել է այնպիսի արձանագրութիւններ, որոնց վերաբերեալ գոյութիւն ունեն երկու մեկնաբանութիւններ: Այսինքն` մենք դրանց այս կամ այն կէտը մեր ձեւով ենք հասկանում, իսկ Թուրքիան` իր: Աւելի՛ն. ողջ խնդիրն այն է, որ Թուրքիան ոչ միայն իր ձեւով է հասկանում, այլեւ գործում է` փորձելով գտնել հայ-թրքական արձանագրութիւնները ղարաբաղեան ճակատը ճեղքելու գործիքի վերածելու քաղաքական աշխատակարգեր:
Հէնց այստեղ է, որ առաջիկայում նշմարւում է հիմնական վտանգը, որի չէզոքացումը աւելի կարեւոր է իր հրատապութեան առումով, քան Սահմանադրական դատարանի իրաւական որոշման յետագայ ճակատագիրը:
Բանն այն է, որ թէեւ հայկական կողմը ամուր է Ղարաբաղի հարցում, բայց Թուրքիան էլ յամառ է արձանագրութիւնների վաւերացումը ձգձգելու հարցում: Չմոռանանք նաեւ, որ Թուրքիոյ Ազգային մեծ ժողովում փաստաթղթերի ընդունման ընթացակարգը բաւական բարդ է: Մարտին նրա յանձնաժողովներից մէկը կարող է քննարկել արձանագրութիւնները եւ հաստատել դրանք: Դրանից յետոյ Թուրքիան մի քանի ամիս կը ծանուցի իր “լուրջ առաջընթացը”, որպէսզի բարեյաջող շրջանցի Ապրիլի 24-ը:
Ի՞նչ ենք անելու մենք այդ պարագայում, երբ միջազգային հանրութիւնը եւս մէկ տարի զբաղուի հայ-թրքական հաշտեցման ոչ թէ իրական, այլ կեղծ օրակարգով` Ղարաբաղի խնդրով:
Այստեղ է, որ Յունուարի 12-ին Սահմանադրական դատարանի ընդունած որոշմանը ուղեկցող իրաւական գնահատականները պէտք է վերածուեն քաղաքական որոշումների: Հայաստանի իշխանութիւնը Սահմանադրական Դատարանից արդէն ստացել է “իրաւական գործիքների” անհրաժեշտ զինանոցը: Ուստի սրանից յետոյ ողջ խնդիրն այն է, թէ ե՞րբ եւ ի՞նչ հիմնաւորմամբ պէտք է կասեցուի Թուրքիոյ հերթական նախաապրիլեան կամ ապրիլեան հնարքը:
Դա կարող է անել Հայաստանի Ազգային ժողովը իր կանոնակարգի որոշակի փոփոխութեան պարագայում, դա կարող է անել նաեւ երկրի նախագահը` խորհրդարան ներկայացուող փաստաթղթում իբրեւ վերապահումներ ներառելով “իրաւական գործիքների” այն հարուստ զինանոցի թէկուզ մի մասը, որը նրան տրամադրել է երկրի Սահմանադրական Դատարանը: Ուրեմն հայ-թրքական յարաբերութիւններում սկիզբ առնող յստակեցումները հասել են այն սահմանագծին, երբ առաջիկայ գարնան սկզբին պէտք է անպայմա՛ն վերջ դրուեն յետագայ շահարկումները:
Ինչ վերաբերում է առաջիկա քայլերին, ապա հայկական կողմը հիմնուելով իր Սահմանադրական Դատարանի վճռի վրայ, կարող է յստակօրէն յայտարարել, որ քանի դեռ դիւանագիտական յարաբերութիւններ չեն հաստատուել եւ փաստացի սահմանը չի բացուել` հայ-թրքական յարաբերութիւններում առաջընթացի շուրջ միջազգային հանրութեան ցանկացած “ոգեւորութիւն” ոչ միայն ժամանակավրէպ է, այլեւ առարկայօրէն ծառայում է այդ ասպարէզում դեռեւս առկայ հնարաւորութիւնները արհեստական փակուղում պահելու Թուրքիոյ փորձերի օրինականացմանը:
Ուստի հայ-թրքական երկխօսութեան միջնորդները կա՛մ պէտք է թուրքերին հասկանալի “լեզուով” խօսեն նրանց հետ, կա՛մ էլ հանգիստ թողնեն Հայաստանին: