Իսկ Ո՞վ Է Ուորլիքին Խիզախութեան Դասեր Տալու

0 0
Read Time:3 Minute, 18 Second

p5

ԵԱՀԿ Մինսքի խմբի ամերիկացի համանախագահ Ճէյմս Ուորլիքը իր դայլալայլիչի («թուիթըր») ընկերային ցանցում գրառում է կատարել. «Աբրահամ Լինքըլնը մեզ պատերազմից հաշտութեան բերեց` վեր բարձրանալով քաղաքականութիւնից եւ նոր էջ բացելով մեր պատմութեան մէջ: Կա՞յ, արդեօք, մի խիզախ Աբրահամ Լինքըլն Հայաստանում կամ Ատրպէյճանում, ով պատրաստ է բերել խաղաղութիւն եւ հաշտութիւն»:
Ուորլիքի ակնարկը Հայաստանի եւ Ատրպէյճանի հանրութեանն առաւել քան թափանցիկ է. Արցախի հարցը չի լուծւում, քանի որ հակամարտող կողմերի ղեկավարները չեն ցանկանում այն լուծելու պատասխանատուութիւնը վերցնել իրենց վրայ եւ չեն ցուցաբերում վճռորոշ որոշումներ կայացնելու քաջութիւն: Հետեւաբար, այն խնդիրների պատճառը, որոնց բախւում են տարածաշրջանի ժողովուրդները, պէտք է փնտրել սեփական լիդէրների անհամարձակութեան մէջ:
Պատմա-լիրիքական զեղումներին տրուելը, սեփական երկրի պատմութիւնից օրինակներ բերելը նշանակում է, որ իր դիւանագիտական առաքելութիւնը բաւական մեծ էնտուզիազմով սկսած Ուորլիքը յուսահատութեան մէջ է: Սա գրառում է մի մարդու, ով ստեղծուած իրավիճակից այլեւս որեւէ ելք չի տեսնում եւ սպասում է կա՚մ հրաշքի, կա՚մ հնարաւոր ամենավատ տարբերակին` պատերազմին:
Հրաշքը բացառւում է, որովհետեւ դեռ բաւարար չէ, որ կողմերից որեւէ մէկում ի յայտ գա նոր Լինքըլն: Ի տարբերութիւն Միացեալ Նահանգների, սա հակամարտութիւն է երեք պետութիւնների միջեւ: Եւ որպէսզի նրանք փոխընդունելի ինչ-որ լուծումների յանգեն եւ աւարտեն չյայտարարուած պատերազմը, բանակցութիւնների մէջ պէտք է մտնի առնուազն երեք Լինքըլն` Հայաստանից, Ատրպէյճանից եւ Արցախից: Եթէ կողմերից մէկի ղեկավարը տեսակով Լինքըլն է, միւսը, ասենք, Հիթլեր, առաւելագոյնը, ինչ կարող էր դրանից ստացուել, կողմերից մէկի կատարեալ ջախջախումն է: Հետեւաբար, Ուորլիքի հարցադրումը սխալ է արմատապէս:
Նախ` այն Լինքըլնը, որին կողմերից սպասում է Ուորլիքը, բացարձակապէս նման չէ այն Լինքըլնին, ով աւարտեց Միացեալ Նահանգներում քաղաքացիական պատերազմը: Նա Հայաստանից եւ Ատրպէյճանից սպասում է զիջումների գնացող Լինքոլն, այն դէպքում, երբ Ատրպէյճանի ներկայիս նախագահն ապրում է ոչ միայն Արցախը Ատրպէյճանի մաս դարձնելու, այլեւ Հայաստանն աշխարհի երեսից վերացնելու մարմաջով եւ իր ղեկավարած երկիրը վերածել է հայատեացութեան եւ ֆաշիզմի որջի: Ուորլիքը դրա մասին չի կարող չիմանալ: Իսկ նման երկրի հետ գործ ունենալու պարագայում զիջումների գնալը նոյնն է, թէ մեծացնես նրա ախորժակը:
Երկրորդ` Լինքըլնը Միացեալ Նահանգներում քաղաքացիական պատերազմն աւարտեց ոչ թէ այն պատճառով, որ շատ մեծահոգի էր, այլ որովհետեւ բախտի քմահաճոյքով Հիւսիսի զօրքերը յաղթեցին Հարաւին…: Եւ դժուար է ասել` Լինքըլնի դերը Միացեալ Նհանագների պատմութեան մէջ մեծ է այդ քաղաքացիական պատերազմից չխուսափելո՞ւ, թե՞ պատերազմում յաղթելու միջոցով ստրկատիրութիւնը վերացնելու համարձակութեան իմաստով: Որովհետեւ ոչ ոք չի կարող ասել, թէ ինչ կը լինէր Ամն-ի եւ աշխարհի հետ` առհասարակ, եթէ այդ պատերազմում Հիւսիսը չյաղթեր: Փաստը մնում է փաստ` Լինքոլնը մինչեւ վերջ մնաց իր համոզմունքներին, գաղափարներին, աշխարհայեացքին հաւատարիմ` չխորշելով դրանց կենսագործմանը նոյնիսկ քաղաքացիական պատերազմի միջոցով հասնելուց: Այսինքն` նրա պարագայում զիջումների մասին խօսելն ուղղակի ծիծաղելի է:

Եւ վերջապէս երրորդ` սա Լինքըլնի ապրած ժամանակները չեն: Ռոմանթիզմին փոխարինելու է եկել դաժան, սառնասիրտ ու էութեամբ հակամարդկային «real politic»ը` ստիպելով կա՚մ ընդունել խաղի այդ կանոնները, կա՚մ «մաքրուել» աշխարհի քաղաքական եւ էթնիկական քարտէզից: Դժուար է պատկերացնել, թէ քանի անգամ է գերեզմանում շուռ եկել Միացեալ Նահանգների ամենահռչակաւոր նախագահներից մէկը` տեսնելով, թէ, ժողովրդավարութեան դրօշը ձեռքին, իր երկիրն ինչ ավերածութիւններ է գործել ու գործում Մերձաւոր Արեւելքում, թէ ինչպէս է վերածուել համաշխարհային ոստիկանի:
Այնպէս որ` Ուորլիքն աւելի լաւ կ՚անի ձեռնպահ մնայ պատմութեան դասեր կարդալուց եւ անի իր լիազօրութիւններից կախուած գոնէ նուազագոյնը` մօտեցնել հակամարտութեան կարգաւորումը: Իսկ դրա համար շատ բան պէտք չէ` ընդամէնը իրերը կոչել իրենց անուններով ու հրաժարուել, երկակի ստանդարտներ կիրառելով, Ատրպէյճանի կապրիզների նկատմամբ աչք փակելու ու դրանով Պաքուին երես տալու ոճից: Օրեր առաջ, երբ Տաւուշի մարզի սահմանների ողջ երկայնքով տեղական պատերազմ էր ընթանում, որի հետեւանքով խաղաղ բնակիչների էին վիրաւորւում, Ուորլիքը իր ընկերային ցանցում տեղադրեց Ատրպէյճանի կողմից Արցախի ուղղութեամբ արձակուած գրեթէ ամբողջական ռումբի բեկորի լուսանկար, որն ուղեկցել էր հետեւեալ մակագրութեամբ. «Սայ 120 միլիմեթրանոց ականանետի արկ է, որը, ըստ տեղեկութիւնների, օգտագործուել է Արցախեան հակամարտութեան ընթացքում: Նման սրումն անընդունելի է»: Կողմերից ո՞րն էր արձակել այդ ռումբը, ի՞նչ պայմաններում, համարձակութեան դասեր տուող ամերիկացի համանախագահը միտումնաւոր չէր նշել: Երեւի այդ պահին մոռացել էր խիզախութիւն դրսեւորելու` Լինքըլնեան օրինակը: Հետեւաբար, չէր խանգարի, որ Ուորլիքը, բացի Լինքըլնի` ոչ այնքան տեղին ներկայացուած օրինակից, երբեմն յիշէր նաեւ իր երկրի միւս նախագահներին եւ հետեւեր նրանց խորհուրդներին: Օրինակ` նոյն Աբրահամ Լինքըլնին յաջորդած Էնտրիւ Ճոնսընին, ով ասում էր, թէ ազնիւ համոզմունքն է իր խիզախութիւնը: Ի դէպ, սա վերաբերում է նաեւ ԵԱՀԿ-ի Մինսքի Խումբի միւս համանախագահներին:

Գէորգ Դարբինեան
(յապաւումով)

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “Իսկ Ո՞վ Է Ուորլիքին Խիզախութեան Դասեր Տալու

  1. Dear Mr. James Warlick, It’s time for peace:

    During the Soviet era they couldn’t find a personality like Abraham Lincoln but in Armenia they were people thinking like Lincoln, unfortunately there was no listeners in Russia, only one way talkers and giving orders, that was the Soviet system.
In USA, North and South they have the same language and faith. In case of Armenia vs Azerbaijan they have different language, faith and culture. This is the core of the problem.
Plus according to the vice minister of defense Vahan Shirghanyan in 1994 the Azeris they were pleading to us don’t take over Baku, we are going to give you what you want. Unfortunately they forgot about that promise. They have memory problem. Those are historical facts. Thank you.
 I wish you success in your mission.

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles