
խրանքին արժանի դիւցազներգութիւն` Ղարաբաղի պատերազմի եւ խաղաղութեան մասին, ուր կը լինի ամէն ինչ. ե՛ւ յաղթանակ, ե՛ւ տարեգրութիւն, ե՛ւ դիւցազներգութիւն““:
ԶՕՐԻ ԲԱԼԱՅԵԱՆ
Բնիկ արցախցի, իր պապենական հողի ազատագրմանը մինչեւ վերջ իր մասնակցութիւնը բերած, ականատեսի իր վկայութիւններով մեր ազգային այդ նուիրական էջը թղթակցութիւն ու գրքեր դարձրած, նրա բարձրադիր լեռներից այդ վեհ պայքարը դուրս բերած ու աշխարհին յանձնած, անխոնջ ու անհանգիստ մտածողի` Զօրի Բալայեանի այս կանխատեսումը իմաստուն խորութիւն պարունակող մեծ պատգամ է մեր յաջորդող սերունդներին:
Երկար տարիների տառապանքով ու արիւնով հեղեղուած մեր այս հողակտորի ազատագրումը իրապէս դիւցազներգութիւն է, որը դեռ շարունակւում է հիւսուել քանի դեռ այն ամբողջովին ազատագրուած չէ, քանի դեռ այն չէ միացած իր մայր հողին:
Կ՛անցնեն տարիներ, հաւանաբար նաեւ` դարեր, եւ ղարաբաղեան հերոսամարտը յաւերժօրէն կը դառնայ մեր ժողովրդի մղած ազատագրական պայքարների պատմութեան անջնջելի մասնիկը:
Յիշում եմ, երբ 1987-ին Աւստրալիայում Հայ Դատի երիտասարդ յանձնախմբի հետ իմ հանդիպման ժամանակ արտայայտուեցի, որ կարող է Արցախը ազատագրուել, ուստի բոլորս պատրաստ պիտի լինենք նրան օգնելու եւ յաղթանակի հասնելու համար, բոլորը տարակուսած ու թերահաւատ ինձ նայեցին: Մէկ տարի անց Ղարաբաղի հայութիւնը աշխարհը ցնցեց 67 տարիների աննկատ ու լուռ ապրած տառապանքից յետոյ ոտքի ելած անկախութեան իր պահանջով: Աշխարհն ապշահար` իրար էր անցել, որ անծանօթ Խորհրդային Հայաստանից կիսուած, հեռաւոր մի փոքրիկ հողակտոր ազատագրման պահանջ էր ներկայացնում, այն էլ, ո՛չ աւել, ո՛չ պակաս, հսկայ ու բռնատէր խորհրդային իշխանութեանը:
Խորհրդային իշխանութիւնը, Կորպաչեւի գլխաւորութեամբ, ցնցուած, անընդունելի, անօրինական ու ազգամիջեան խառնակութիւն համարող շարժում էր նկատում Ղարաբաղի ժողովրդի արդար պահանջը եւ բացայայտօրէն ազերիների շահն ու ձգտումն էր պաշտպանում, չէր ուզում անգամ քննութեան ենթարկել Ղարաբաղի տանջահար ժողովրդի բողոքը: Սակայն արիւնարբու ազերիների լծից ազատագրուելու մղումով ոտքի ելած Ղարաբաղի ժողովրդին անհնարին էր կասեցնել, նոյնիսկ խորհրդային-ռուսական բանակի, Ատրպէյճանի եւ ազերի ամենավայրագ ՕՄՈՆ-ականների յարձակումներն ու շրջափակումը չկարողացան լռեցնել նրանց:
Մեր այս հրաշք գեղեցկութեամբ ու հարուստ պատմութեամբ լեցուն փոքրիկ երկրամասը, որը դարեր տոկացել էր ոչ միայն թաթարների, պարսիկների անվերջանալի արշաւանքներին, այլ դարձել էր Ռուսական կայսրութեան Հարաւային Կովկասի անհանգիստ տարածքներից մէկը, որը յատուկ միտումով կայսրութիւնը այդ տարիներից սահմանագծել ու բնակեցրել էր այնպէս, որ ժողովուրդը միատարր, միայն հայ չլինի, որ յանկարծ անկախութեան չձգտեն: Սակայն այն երբեք չէր հաշտուել իրեն պարտադրուած վիճակին եւ իր խորքում լուռ վառ էր պահել պայքարի այն կրակը, որն իր մէջ ներարկել էր մի ղարաբաղցի` Իսրայէլ Օրի անունով, ազատութեան անընկճելի ջատագով, դեռեւս 1699-ին:
Դեռ 1919 թ. ռուս բանաստեղծ Ս. Գորոդեցկին գրել էր. “Ղարաբաղի անմատչելի բարձունքներում երկու հազար տարուց աւել հայ ժողովուրդը դիմակայել է քոչուոր ցեղերի ճնշմանը` պահպանելով իր մշակոյթն ու ազգային դիմագիծը“:
Օտարներին անգամ հրապուրած այդ դիմագիծը, Ղարաբաղի ժողովրդի մէջ արեան հոսք դառնալուց զատ, նաեւ ազատատենչ ոգի էր դարձել:
Ղարաբաղի ազատագրման ժողովրդական շարժումը, ըստ մեր պատմաբանների, սկսուել էր դեռ 1921թ. Մարտից, երբ Մոսկուայում ստորագրուեց ռուս-թրքական պայմանագիրը, երբ Ստալինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի “ինքնավար մարզը“ յանձնուեց, առանց պատմութեան, խորհրդայինների կողմից հրապարակ նետուած նորաստեղծ Ատրպէյճանին: Ստալինի բռնատիրութիւնը խեղդեց իրեն պարտադրուած այդ կարգավիճակի դէմ Ղարաբաղի ժողովրդի ըմբոստութիւնը:
Իսկ երբ 1926թ. ԼՂԻՄ-ը կտրեցին իր մայր երկրից` Հայաստանից, Լաչինի լեռնանցքի փակումով, ղարաբաղցիների համար սկսուեց մէկ այլ աննկարագրելի ծանր կեանք: Վստահաբար դեռ հոգեբաններն ու քաղաքական անկեղծ ու ազատ մտածողութեան մասնագէտները կը ներկայացնեն ճշմարտութիւնը, այն անտանելի կեանքը, որը տասնամեակներ շարունակ պարտադրուեց Ղարաբաղի ողջ ժողովրդին: Ղարաբաղցին ոչ միայն գերի մնաց իր իսկ հողում, այլ խոշտանգուեց ու տառապեց վայրագ ազերիների իշխանութեան ներքոյ, սակայն` առանց կորցնելու իր ինքնութիւնը, համբերութեամբ աշխատեց իր հաւատքն ու սէրը մայր հողի հանդէպ վառ պահել ու պայքարի ոգին դանդաղօրէն հասունացնել իր մէջ:
“Մոսկուայում լսել էի “Ղարաբաղ կոմիտէ“-ի անունը, որի անդամներից շատերը, ինչպէս այժմ հասկացայ, հիմնականում Հայաստանի բնակիչներ էին: Իսկ Հայաստանի եւ Ղարաբաղի բնակիչները պարզւում է, միեւնոյնը չեն, թէեւ երկուսն էլ հայ են“, գրում է ռուս սպայ Վ. Կրիվոպուսկովը, որը Խորհրդային Միութեան ներքին գործերի նախարարութեան որպէս հետաքննիչ գրասենեակի պետ ուղարկուել էր ղարաբաղեան հայերի “խուլիկանութիւնը“ կանխելու (Վ. Կրիվոպուսկով, “Խռովայոյզ Ղարաբաղ“):
Իրապէս, Ղարաբաղի հայութիւնը ինքն էր արթնացել, ինքն էր որոշում իր ճակատագիրը եւ միայնակ դուրս էր եկել մի հսկայ խորհրդային անընկճելի պետութեան դէմ պատերազմելու:
Նոյնիսկ այսօր, երբ 25 տարիների հանդարտուած կրքերի ու բռնկումների հեռաւորութիւնից հայեացք ենք նետում պատմական այդ եղելութեանը, դեռ հրաշքի հաւասար գնահատանք ենք տալիս մեր այդ հերոս ժողովրդի անսանձելի պոռթկումին, որը հայութեան հոգուց քերեց պարտուողի, մորթուողի, կորցնողի հոգեբանութիւնը:
Դարեր շարունակ բոլոր ժողովուրդները իրենց անկախացման պատմութեան մէջ ունեցել են իշխողների դէմ արթնացման պահեր, որով եւ տէր են կանգնել իրենց երկրին:
1988 Փետրուար 20-ի Ղարաբաղի մեր ժողովրդի արթնացումը ստիպեց ԼՂԻՄ-ի մարզխորհրդին արտահերթ նստաշրջան գումարել եւ ստիպուած` ընդունել իր ճակատագրի տէրը դառնալու ժողովրդի վճռական որոշումը:
Սկսուեցին Սումկայիթի, Պաքուի կոտորած-տեղահանումները, բայց կրկին ժողովուրդը իր բզկտուած վիճակով արդէն ելաւ պատերազմով պաշտպանելու 1991-ի Դեկտեմբեր 10-ին օրինական հանրաքուէով ստացած իր անկախութիւնը: Բնականաբար թշնամին հանգիստ չէր զիջելու այդպիսի մի հարուստ տարածք, որը ձրիաբար օգտագործում էր տասնամեակներ շարունակ, եւ նոյն օրը Ստեփանակերտը հրթիռային հարուածների թիրախ դարձրեց` հարուածելով Շուշիից, Խոջալուից եւ մօտակայ շրջաններից:
Արդիւնքը բոլորիս պարզ է. հայութեան հաւաքական ոգին, մեր ազատատենչ մարտիկները հայրենիքից եւ դրա սահմաններից դուրս, միանալով հերոս արցախահայութեանը, ամենածանր պատերազմով, հարիւրաւոր կորուստներով, աշխարհի օգնութիւնից, նրա անմիջական նեցուկ կանգնելուց հեռու, ետ նուաճեցին իրենց մայր հողը ազերի զաւթիչներից: Ղարաբաղի հայութիւնը կրկին դարձաւ իր հողի ու իրաւունքի տէրը, մինչեւ իսկ սրբագրեց թրքականացրած իր անունը եւ աշխարհին ներկայացաւ դարերից եկած իր անուամբ, որպէս Արցախի անկախ պետութիւն, իր դրօշով, իր հիմնով, զինանշանով ու իր պետական համակարգով:
Անշուշտ, այս 25-ամեայ տարեդարձին չենք կարող անտեսել նաեւ այն փաստը, որ եթէ մեր երկիրը իր անկախացման տարում ունենար իրապէս հայրենասէր ու հեռատես նախագահ, այսօր Արցախը միացած կը լինէր իր մայր հողին: Այս առիթով ուզում եմ հաւատալ, որ մեր մէջ իրապէս կը ծնուի հայ Թոլսթոյը, որը չի վախենայ ներկայացնելու մեր գործած սխալներն ու թերութիւնները, պատմութեան մէջ կ՛արձանագրի նաեւ այն ծախու անունները եւ թշնամու հետ նրանց գաղտնի գործակցութիւնն ու խոստումները, որոնք խանգարեցին Արցախի լիարժէք ազատագրմանն ու իր մայր հողի միասնական մասը կազմելուն: Կարծում եմ` միայն այդ դէպքում Զօրի Բալայեանի ցանկացած տարեգրութիւնը իր իրական իմաստը կը ստանայ:
Պատմութեան առջեւ անկեղծ լինելու համար պիտի խոստովանել նաեւ, որ զարմանալիօրէն մեր հետագայ, ծնունդով արցախցի եւ Արցախի ողջ պայքարը կազմակերպած ու ղեկավարած նախագահներն էլ չարդարացրին ո՛չ իրենց կոչումը, ո՛չ էլ ժողովրդի սպասումները: Չդարձան այն ղեկավարները, որոնք յարգէին ու պաշտպանէին իրենց երկրի ու ժողովրդի իրաւունքներն ու շահերը եւ որպէս բնիկ արցախցիներ ու նրա պայքարում կոփուածներ` ընդունակ չեղան ականջալուր լինելու, գոհացնելու ժողովրդի պահանջները, կիսելու նրանց դժուարութիւնները եւ ամենակարեւորը` միացնելու իրենց ազատագրած Արցախը մայր հողին, չկարողացան հայաստանցի-արցախցի ներքին անհանդուրժողականութիւնը վերացնել: Չկարողացան, որպէս թուրքի բռնութեան տակ հասակ առածներ, երկրի օրինագիծ դարձնել մեր պահանջատիրութիւնը: Չկարողացան կասեցնել արտագաղթը, երկիրը դնել ճիշդ հիմքերի վրայ:
Եւ բոլորովին պատահական չէ, որ արցախեան շարժման 25-րդ տարեդարձի օրը դարձաւ մեր հայրենի ժողովրդի 20-ամեայ վախեցած, անտարբերութեան թմբիրից արթնացման օր նաեւ: Վերջապէս մեր ժողովուրդը կարողացաւ “Ո՛չ“ ասել իրեն ամբողջովին արհամարհած իշխանութեանը:
Շնչահեղձ ժողովուրդը կրկին արթնացել է եւ արթնացել է ոչ թէ վերացական, անյայտ ապագայի, այլ որոշակի յայտով, որ չի խաբուելու եւ չի լռելու այլեւս կառավարութեան խաբէութեան առջեւ: Այսօր ժողովուրդը տեսնում է, որ ոչինչ ունի այլեւս կորցնելու: Երկիրը դատարկւում է, իր զաւակները հեռանում են աշխատանք գտնելու յոյսով աշխարհի տարբեր անկիւններ, ընտանիքները կիսւում, քանդւում, բաժանւում են, իւրաքանչիւրը մի ինչ-որ տեղ է հեռանում ապրուստ գտնելու յոյսով, անօրինութիւնն ու փտածութիւնը սարսափի տակ է պահում հասարակ ժողովրդին:
Այսքանից յետոյ ինչպէ՞ս պարտադրես ժողովրդին լռել, ինչպէ՞ս ականջալուր չլինես նրա պահանջներին: Արցախեան շարժման 25-ամեակի Փետրուարը գուցէ եւ դառնայ նաեւ մեր հայրենի ժողովրդի իրական ազատագրման օր:
Ողջ հայութիւնն այս օրերին ոչ միայն սրտի մեծ գոհունակութեամբ է նշում ազատագրուած Արցախի արթնացման պանծալի տարեդարձը, որը իր հողի վրայ կերտելով իր պատմութիւնը` օրէ օր հարստացնում է իր տարեգրութիւնը նորանոր նուաճումներով, այլեւ մեր հայրենի ժողովրդի կրկնակի արթնացման յիշարժան օր դառնում:
Յուսանք, որ մեր ազգային կուսակցութիւնները, որոնք ղեկավարել են միշտ մեր ժողովրդի արթնացումը, հեռատես ու հայանպաստ կեցուածքով օգնեն ժողովրդի արթնացման յաղթանակին, որ իշխանութիւնը վերջապէս լսի իր ժողովրդի պահանջները:
Իշխողները յաճախ յիշելու են, որ ժողովուրդը երբեմն արթնանում է, եւ նրա արթնացումը սովորաբար քանդում, խորտակում է շատ աւելի ամուր, դարերով կանգուն թագաւորութիւններ ու իշխանութիւններ: