ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆԱԼՊԱՆՏԵԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ

0 0
Read Time:4 Minute, 11 Second

p2 bis

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

(յապաւումով)

 

 

Հ.Հ. Արտաքին Գործոց նախարար Եդուարդ Նալպանտեանը, Ռուսաստանի Արտաքին Գործոց նախարար ՍերգԷյ Լավրովի հրաւէրով, Ապրիլ 7-ին երկօրեայ այցով մեկնած է Մոսկուա: Նալպանտեանի այս այցը էականօրէն տարբերւում է նախորդներից: Եւ այդ տարբերութիւնը, որքան էլ զարմանալի է, ընդգծում է ռուսական կողմը. Մոսկուան ոչ միայն զուտ տեղեկատուական առումով է շեշտում այցի կարեւորութիւնը երկու երկրների դաշնակցային յարաբերութիւններն ընդգծելու միջոցով, այլեւ` արարողակարգի:

Մասնաւորապէս` Ռուսաստանի Արտաքին Գործոց նախարարութիւնն այցի վերաբերեալ հանդէս է գալիս յատուկ մեկնաբանութեամբ, ինչն ինքնին արդէն եզակի դրսեւորում է: Բայց առաւել ուշագրաւ է, որ դրանում ոչ միայն նշւում է, թէ ինչ հարցեր են քննարկուելու Լավրովի հետ, այլ նաեւ ընդգծւում է Ռուսաստանին եւ Հայաստանին կապող դաշնակցային յարաբերութիւնների հանգամանքը` վկայակոչելով ռազմավարական գործընկերութիւնը սահմանող իրաւապայմանագրային ողջ կեդրոն:

Բացի դրանից` Նալպանտեանը, փաստօրէն, ոչ միայն հանդիպելու է Ռուսաստանի իր գործընկերոջ հետ, այլ նաեւ Ռուսաստանի Խորհրդարանի նախագահ Սերգէյ Նարիշկինի, որ, ի դէպ, ընդամէնը օրեր առաջ էր աշխատանքային այցով Հայաստանում: Նախատեսուած է նաեւ հանդիպում Ռուսաստանի քաղաքագէտների եւ խմբագիրների հետ:

Եթէ դրան էլ աւելացնենք վերջին օրերին թէ’ Նալպանտեանի եւ թէ՛ Հ.Հ. նախագահ Սերժ Սարգսեանի հետ ռուսական տարբեր առաջադէմ լրատուամիջոցների կողմից հարցազրոյցներ անցկացնելու հանգամանքը, որը Ռուսաստանի պարագայում երբեք պատահական չի լինում, ապա ակնյայտ է դառնում, որ ռուսական կողմը ոչ միայն հոգ է տարել այդ այցի զուտ արարողակարգային, այլ նաեւ բովանդակային նշանակութիւնը բարձրացնելու ուղղութեամբ:

Բնական հարց է առաջանում, թէ ո՞րն է Նալպանտեանի այցի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը, եւ արդեօ՞ք սա իրավիճակային է, թէ՞ Մոսկուան փորձում է վերադառնալ Հայաստանի հետ ռազմավարական գործակցութեան` իսկապէս յարիր յարաբերութիւնների: Այս իմաստով ուղղորդիչ նշանակութիւն ունի երկու գործօն:

Առաջինը Մոսկուա այցելելու հրաւէրը Նալպանտեանին ուղղելու համար ընտրուած ժամանակն է: Այն տեղի է ունենում Լոզանում Իրանի եւ “Վեցեակի“ երկրների միջեւ իրանական միջուկային ծրագրերի շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրումից գրեթէ անմիջապէս յետոյ` ըստ էութեան, հարաւկովկասեան տարածաշրջանում ստեղծուած բոլորովին նոր տնտեսաքաղաքական իրականութեան եզրին, որին տարածաշրջանի երկրներն արձագանգեցին կայծակնային արագութեամբ: Մինչ Ատրպէյճանի նախագահն անակնկալ այց է կատարում Իրանի թշնամին եւ մրցակիցը համարուող Սէուտական Արաբիա, Թուրքիոյ նախագահը պատրաստւում է այցելել Իրան: Ռուսաստանն ահա, որոշել է Իրանի` միջազգային քաղաքական բեմ վերադառնալու պայմաններում նախ ճշգրտումներ մտցնել Հայաստանի հետ իր յարաբերութիւններում:

Մոսկուայում չեն կարող չհասկանալ, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումն առաջին հերթին թուլացնում է Հայաստանի վրայ իր ազդեցութիւնը, քանի որ, ի դէմս Իրանի, Հայաստանը ձեռք է բերում առեւտրային, ելեկտրական, քաղաքական, նաեւ անվտանգութեան ապահովման այլընտրանքային ուղղութիւն, արտաքին աշխարհի հետ եւ յատկապէս դէպի Արեւելք ծաւալուելու նոր հնարաւորութիւն: Եւ որքան էլ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ազդեցութիւնը լինի անվիճելի, Մոսկուան “իրանական ելքը“ փակելու կամ փակել ստիպելու աղբիւր չունի, մանաւանդ, որ Թեհրանն ինքը ոչ միայն ստանում է Հայաստանում ներդրումներ կատարելու եւ այս դաշտում եւս Ռուսաստանի մրցակիցը դառնալու իրական հնարաւորութիւն, այլ նաեւ առաւել քան շահագրգռուած է տարածաշրջանում Հայաստանի` հնարաւորինս անկախ խաղացող դառնալու հարցում: Եւ ենթադրելի է, որ արդէն նոր կարգավիճակում ամէն ինչ կ’անի դրա համար, ի հարկէ` Հայաստանից համապատասխան ազդակներ լինելու դէպքում:

Այս հանգամանքը, կամայ թէ ակամայ, ստիպում է Մոսկուային վերանայել Հայաստանի հետ յարաբերութիւնների որակը` շեշտը դնելով ոչ թէ կամ ոչ այնքան կամքի թելադրման վրայ, որքան վստահելի գործակից ներկայանալու: Իսկ դա ստիպում է վերջապէս բացել աչքերն ու ականջները եւ տեսնել հայ-ռուսական ռազմավարական յարաբերութիւններից, անխտիր բոլոր ուղղութիւններով, Երեւանի` ակնյայտ բաւարարուած չլինելու հանգամանքը, որոնց մասին վերջին շաբաթներին վերջինս սկսել է խօսել աւելի ու աւելի կոշտ շեշտադրումներով:

Այս իմաստով Սերգէյ Նարիշկինի` Հայաստան կատարած վերջին` ակնյայտօրէն “ստուգողական“ այցը, որի շրջանակում եւս բարձրացուեցին այդ հարցերը, Նալպանտեանին հրաւէր ուղարկելու եւ հայ-ռուսական յարաբերութիւնների չեղած ռազմավարական բնոյթն ընդգծելու երկրորդ հիմնական դրդապատճառն էր: Երեւանում Նարիշկինին թէ՛ հասարակական եւ թէ՛ քաղաքական մակարդակներում շատ պարզ հասկացրին, որ ընդգծուած յարգանքի, տեղ-տեղ նոյնիսկ քծնանքի քօղի տակ, այնուամենայնիւ, կայ Ռուսաստանից ակնյայտ դժգոհութիւն, որը թուացեալ չէ, ինչպէս կարծում են Մոսկուայում, եւ որը չնկատել տալու քաղաքականութեան շարունակումը, արդէն իրանական գործօնով թելադրուած, այլեւս անհեռանկարային է:

Շատ հնարաւոր է, որ Նալպանտեանին Մոսկուա են կանչել, առաջին հերթին, Եմ-ի հետ “քաղաքական ասոցացման“ հարցում կրկին խաղեր սկսելու, ինչպէս նաեւ Չինաստանի հետ սկզբունքային յարաբերութիւններ կառուցելու շուրջ պարզաբանումներ ստանալու, երկրորդ` նրանից հաւատարմութեան երդումներ ստանալու համար, ինչը վերջինս չի զլանալու տալ: Դրա մասին յուշում է Հ.Հ. նախագահի` ռուսական հեռատեսիլի ընկերութեանը տուած հարցազրոյցում արտայայտած այն միտքը, թէ Երեւանը ճիշտ է համարում Ետմ-ին անդամակցելու որոշումը եւ հաւատում է այդ միութեան հեռանկարայնութեանը: Բայց արդէն նաեւ Մոսկուային է պարզ, որ այդ խոստումներն այլեւս գրոշի արժէք չունեն, եւ դա չի խոչընդոտելու, որպէսզի իրավիճակը չփոխուելու պարագայում Երեւանը շարունակի արտաքին քաղաքականութիւնը շեղելու ուղղուած մանր քայլերը: Այս իմաստով Նալբանտեանի այցը Մոսկուա ոչ միայն զուտ հաշուետու լինելու, այլեւ, առաջին հերթին, առաւել բաց տեքստով Մոսկուայի առջեւ ռազմավարական գործակցութիւնից բխող ակնկալիքներն ու պահանջներն առաջադրելու իրական հնարաւորութիւն է: Իրանի “վերադարձը տալիս է ոչ միայն դրա  “քարթ պլանշ“ը, այլ նաեւ, ի վերջոյ, իրանական կազը եւրոպական շուկաներ հասցնելու համար հայաստանեան միջանցքը օգտագործելու հարցում Մոսկուայի համաձայնութիւնը ստանալու: Ի վերջոյ, Իրանը գտնելու է իր ածխաջրածնային աղբիւրները եւրոպական շուկաներ հասցնելու ճանապարհը, առաջին հերթին` Թուրքիոյ կամ նոյնիսկ Ատրպէյճանի միջոցով` NABUKO նախագծի վերակենդանացման կամ պարզապէս TANAP-ին միանալու ձեւով, որոնք հաւասարապէս Ռուսաստանի համար գործնականում անվերահսկելի են եւ անշահաւէտ: Եւ եթէ Մոսկուան ցանկանում է գոնէ ինչ-որ ձեւով ներգրաւուածութիւն ունենալ իրանական կազի արտահանման պրոցեսում, ապա դրա լաւագոյն միջոցը, թերեւս, այս “հայ-վրացական միջանցքի“ տարբերակին համաձայնելն է: Ողջ հարցն այն է, թէ ի՞նչ տրամադրուածութեամբ է Ետուարդ Նալպանտեանը գնում Մոսկուա` իրական դիւանագիտութիւն վարելո՞ւ, թէ՞ պարզապէս դիւանագիտութիւն խաղալու` որպէս ռուսական դիւանագիտական դպրոցի արժանի սան եւ ռուսական շահերի նոյնքան արժանի “դեսպան“ Հայաստանից:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles