
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
Հ.Հ. Ազգային ժողովը, գարնանային նստաշրջանի աւարտին, օրէնքով սահմանուած կարգով, լսեց Հ.Հ. Վերահսկիչ պալատի հերթական հաշուետուութիւնը:
Սովորաբար այս հաշուետուութիւնները որոշ ժամանակով ալեկոծութիւն են առաջացնում հասարակական-քաղաքական մթնոլորտում:
Աշխուժանում են յատկապէս լրատուամիջոցները, ելոյթներ են ունենում պատգամաւորմերը, մարդիկ առօրեայ զրոյցների ընթացքում անդրադառնում են ներկայացուած մեղադրանքներին եւ… եւ կարծես թէ վերջ: “Որոշ ժամանակը“ ձգւում է մի քանի օր եւ դրանով ամէն ինչ հանդարտւում է:
Անաչառ լինելու համար արձանագրենք ի հարկէ, որ երբեմն “Վերեւներից“ լիազօր մարմիններին յանձնարարութիւններ են իջեցւում հետամուտ լինելու ներկայացուած փաստերին` եղել են դէպքեր, երբ քրէական գործեր են յարուցուել: Ամէն պարագայում դժուար է յիշել որեւէ օրինակ, երբ ներկայացուած նախաձեռնութիւնները լուրջ ընթացք ունենային, վերջնական իրաւական գնահատականներ տրուէին եւ ինչ-որ մարդիկ պատասխանատուութիւն կրէին պետական միջոցների իւրացման, չարաշահումների, կամ անարդիւնաւէտ օգտագործման համար:
Ստացւում էր, որ բոլորն գոհ էին մնում տեղի ունեցածից: Փաստւում էր, որ մեր երկրում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները աշխատում են թափանցիկ, վերահսկողութիւնից դուրս չէ ոչ մի գերատեսչութիւն կամ պաշտօնեայ: Հրապարակուած փաստերին անդրադառնում էր նաեւ կառավարութիւնը եւ ի հարկէ սա գործադիր իշխանութեան հաշուին եւս գրանցուող միաւոր է:
Հ.Հ. Վերահսկիչ Պալատի մասին օրէնքի 1-ին յօդուածի 1-ին կէտի համաձայն. “Հայաստանի Հանրապետութեան վերահսկիչ պալատը (այսուհետեւ վերահսկիչ պալատ) պիւտճետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականութեան օգտագործման նկատմամբ արտաքին պետական վերահսկողութիւն իրականացնող անկախ պետական մարմինն է“:
Ժողովրդավարութեան ու օրինականութեան տեսանկիւնից լաւ չէ՞ արդեօք, որ երկիրն ունի անկախ վերահսկողական մարմին, որը կարող է ներքեւից վերեւ վերահսկել ողջ գործադիր համակարգը, եւ անհրաժեշտ պարագայում մեղադրանքներ ներկայացնել ցանկացածին:
2013 թուականի Յունիսի 13-ին ներկայացուած, նախորդ տարուայ գործունէութեան հաշուետուութիւնը, սակայն չընդունուեց, ինչպէս նախորդ դէպքերում այլ` արժանացաւ կառավարութեան նեարդային արձագանգին: Առաջին անգամ փոխ վարչապետը հանդէս եկաւ ներկայացուած զեկոյցին անհամաձայնութիւն յայտնող յարակից զեկոյցով, իսկ վարչապետը անդրադարձաւ դրան կառավարութեան նիստի ժամանակ: Հանրապետական խմբակցութեան մի շարք պատգամաւորներ օգտուեցին պատեհ առիթից, պաշտպան կանգնելով սիրելի կառավարութեանը, եւ իրենց հերթին մի քանի քար նետեցին վերահսկիչ պալատի “բոստանը“:
Կառավարութեանը նեարդայնացրել էր մասնաւորապէս այն, որ Վերահսկիչ պալատի նախագահը խօսելով գնումների եւ շինարարութեան ոլորտներում առկայ խնդիրների մասին, ասել էր, թէ այս ոլորտները ռիսկային են` այն դէպքում երբ տուեալ ոլորտներին է առնչւում ծախսային մասի 701մլն դրամը:
Աւելին, ուսումնասիրութեան արդիւնքում երկրի գլխաւոր վերահսկողական մարմինը յանգել էր եզրակացութեան, որ ռիսկային է /այլ խօսքով վտանգած վիճակի մէջ է/ երկրի պիւտճէի 70%-ը:
Թէ ինչն է այստեղ յատկապէս “ցաւ պատճառողը“ հասկանալի կը դառնայ եթէ ուղղակիօրէն մէջբերում կատարենք կառավարութեան նիստում վարչապետի արտասանած համապատասխան ելոյթից. “Եւ այն յայտարարութիւնը, որ պետական պիւտճէի 70 տոկոսը խիստ ռիսկային է եւ կոռումպցուած ձեւով է ծախսւում, վերաբերում է այս դահլիճում նստածներից իւրաքանչիւրին: Պետական պիւտճէի 70 տոկոսը` 700 մլրդը. դա նշանակում է, որ ասուածը վերաբերում է համատարած բոլոր ոլորտներին, ինչը չի կարող համապատասխանել իրականութեանը“:
Այսինքն այս դէպքում մեղադրանքն ուղղուած է ոչ թէ ինչ-որ առանձին գերատեսչութեան այլ ողջ կառավարութեանը: Աւելորդ է թերեւս նշել, որ երբ ասում ենք “Ողջ կառավարութիւն“ նշանակում է, թէ գլխաւոր պատասխանատուն չի կարող չլինել հէնց այդ կառավարութեան ղեկավարը:
Ինչ վերաբերում է պիւտճէի գերակշիռ մասի ռիսկային լինելու մտքի հետ պարոն Սարգսեանի անհամաձայնութեանը, ապա կարելի է վստահօրէն պնդել, որ այս հարցում նրա տեսակէտը ոչ միայն վերահսկիչ պալատի տեսակէտի հետ չի համընկնում, այլեւ թերեւս այս երկրի քաղաքացիների բացարձակ մեծամասնութեան տեսակէտի հետ: Համոզուելու համար, այդպէս է, թէ՛ ոչ, կարելի է պարզապէս փողոց դուրս գալ եւ պատահած մարդկանց հարցնել թէ օրինակ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման որ ոլորտներում է, որ պիւտճէի միջոցներին ձեռք չեն մեկնում:
Այս առիթով թերեւս կարելի է վկայակոչել ամենաթարմ օրինակներից մէկը` աղէտից տուժած գիւղացիներին բաշխուող օժանդակութիւնների գործընթացի ստուգումները պարզեցին, որ հինգ մարզերում տեղի են ունեցել չարաշահումներ: Հետաքրքիր է, նաեւ, թէ այս առիթով ինչ կ’ասէին մնացած մարզերի գիւղացիները:
Ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսեանի հետ եղած տարակարծութեանը, ապա դա մօտաւորապէս նման է այն պարագային, երբ ժողովրդի բացարձակ մեծամասնութիւնը մտածում է թէ իւրաքանչիւր հերթական ընտրութիւնները կեղծուած են, իսկ վարչապետն ու թիմակիցները պնդում են թէ “իւրաքանչիւր հերթականը“ լաւն էր ու շատ աւելի լաւն էր քան‘ նախորդողները:
Վարչապետը, ի պատասխան, նաեւ մեղադրեց Վերահսկիչ պալատի նախագահին քաղաքական յայտարարութիւններ կատարելու մէջ, ինչը ժխտեց վերջինս‘ իր հերթին վկայաբերելով ներկայացուած հաշուետուութիւնը:
Կարծում ենք վարչապետն աւելի ճիշդ արած կը լինէր, եթէ բաւարարուէր նոյն ելոյթի սկզբում ասուած մի քանի նախադասութեամբ.“Ես անձամբ խիստ շահագրգռուած եմ, որ բոլոր այն բացայայտումներին վերաբերող գործերը, որոնց մասին խօսում էր Վերահսկիչ պալատը, անհապաղ ներկայացուեն իրաւապահ մարմիններին, եւ տրուեն պատասխաններ: Եւ ես ամէն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան“:
Ի դէպ վարչապետի այս վերջին միտքը տրամաբանական է ոչ միայն քաղաքական այլեւ հէնց իրաւական առումով: Ինչ է նշանակում, որ երկրի Վերահսկող գլխաւոր մարմինը ներկայացնի լրջագոյն փաստեր եւ իրաւապահ մարմինները քննութեան առարկայ չդարձնեն դրանք: Այս մարմինները կոչուած են նրան, որ անգամ լրատուամիջոցների կամ պարզ քաղաքացիների կողմից հընչեցուած ահազանգերին արձագանգեն գործնականօրէն:
Ի դէպ կառավարութեան գըզրոցներում գոյութիւն ունի օրէնքի նախագիծ, ըստ որի քաղաքացու կողմից ոստիկանութեանը տրուած ցանկացած յանցակազմ պարունակող հաղորդման հիման վրայ մեխանիկօրէն քրէական գործ յարուցուի:
Յիշեալ հաշուետուութեան մէջ ներկայացուած կոնկրետ մեղադրանքներին անդրադառնալով, կառավարութեան ներկայացուցիչները, ինչպէս եւ նրանց ձայնակցող հանրապետական պատգամաւորները, փորձեցին մեղմել փաստերը մեկնաբանելով, թէ խօսքը ոչ թէ չարաշահումների մասին է, այլ միջոցների անարդիւնաւէտ տնօրինման, բացթողումների եւ այլն: Եթէ անգամ ընդունենք, թէ դա այդպէս է, արդիւնքում փոշիանում են հարկատուի գրպանից դուրս եկած միջոցներ եւ հետեւաբար ինչ-որ մարդիկ, ինչ-որ պատասխանատուութիւն պէ՞տք է կրեն թէ՞ ոչ: Քրէական օրէնսգիրքը պատիժներ է նախատեսում ոչ միայն յանցաւոր գործունէութեան այլեւ յանցաւոր անգործութեան համար: Եւ եթէ պատասխանատու պաշտօնեան ունակ չէ վերահսկել իրեն վըստահուած ոլորտը, ապա առնըւազն պէտք է փոխարինուի: Ի դէպ անկախ զբաղեցրած պաշտօնից:
Եւ վերջում:
Անկախութեան աւելի քան երկու տասնամեակի ընթացքում Հայաստանի հերթական կառավարութիւնների հիմնական անելիքներից մէկը եղել է կոռուպցիայի դէմ պայքարը: Այդ նպատակով տեղական բիւջէից յատկացուել են միջոցներ, արտերկրից ներգրաւուել են վարկեր ու դրամաշնորհներ:
Կառավարութեան յանձնարարութեամբ համապատասխան գերատեսչութիւնները, ըստ ոլորտների կազմել են հաստափոր թղթապանակներ այն մասին, թէ ինչ միջոցառումներ պէտք է ձեռնարկել տուեալ ոլորտներում կոռուպցիան վերացնելու համար: Որքան շատ են գրել ու պայքարել կոռուպցիան այս երկրում աւելի է ծաղկել ու փթթել:
Հետաքրքրուողները թող դիմեն կառավարութեանը ծանօթանալու նպատակով տարբեր ժամանակահատուածներում ստեղծուած այդպիսի կոթողային փաստաթղթերի հետ: Ուսումնասիրողի համար կարծում եմ մէկ բան առնուազն ակընյայտ կը դառնայ‘ կոռուպցիայի դէմ պայքարի խրամատներում, որոշ մարդիկ վատ փող չեն դիզել:
Ընդդիմադիր “չար լեզուները“ տարիներ շարունակ գոռացել են, թէ կոռուպցիայի դէմ պայքարը չի կարող ընթանալ կառավարական քուլիսներում: Այն առնուազն պէտք է հրապարակայնանայ եւ կրի անկախ բնոյթ: Մենք, որպէս երկիր, դրա համար բոլոր հնարաւորութիւնները ունենք: Իսկ, թէ մօտ ապագայում ինչպէս է լինելու, պարզ կը դառնայ թէկուզ Հ.Հ. Վերահսկիչ պալատի վերջին հաշուետուութեանը հետեւելիք կամ չհետեւելիք գործընթացներից: