Դաւիթ Իշխանեան Պաքուի Բանտէն Դիմած Է Հայաստանի Մարդու Իրաւունքներու Պաշտպանին
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ, Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեան Պաքուի բանտէն դիմած է Հայաստանի մարդու իրաւունքներու պաշտպանին՝ միջնորդելու մեղադրական գործին եւ դատավճիռին ամբողջական բնագիրը տրամադրելու իր ընտանիքին: Դաւիթ Իշխանեան յայտնած է.
Ողջունում եմ բոլորին:
Մամուլից տեղեկացանք, որ Ռուբէն Վարդանեանը դիմել է Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանին, որպէսզի այցելի իրեն: Ես չգիտեմ` յարգարժան պաշտպանը կ՛ունենա՞յ այդ պատասխանատուութիւնը եւ վճռականութիւնը` այցելելու, նաեւ մեզ տեսնելու, եւ այդ դէպքում աւելի մանրամասն տեղեկութիւններ կ՛ունենայ եւ կը ծանօթանայ, թէ ինչպէս է ընթացել ամբողջ քննութիւնը` ինչ լուրջ եւ կոպտագոյն խախտումներով է այն ընթացել` թէ՛ ամբողջ քննութիւնը, թէ՛ դատավարութիւնը` մարդու իրաւունքների, միջազգային իրաւունքի, միջազգային նորմերի, այդ թւում նաեւ Ատրպէյճանի Հանրապետութեան քրէական օրէնսգրքի ընթացակարգի կոպտագոյն խախտումներով:
Ես չկարողացայ դատապրոցեսի (դատական գործընթացի) վերջում` իմ վերջին խօսքի ժամանակ, ամբողջական իմ խօսքն ասել․ նուազագոյնը 30–40 տոկոսով այդպէս էլ չթողեցին իմ վերջնական խօսքը ասել: Բայց ես հասցրեցի ասել այն, ինչ հիմա կ՛ուզեմ ասել իմ ժողովրդին եւ փոքր մէջբերում անել․
Այս դատը բացուած չէ 15 հոգու դէմ, այս դատը բացուած է հայ ժողովրդի եւ հայոց պետականութեան դէմ` յստակ նպատակներով եւ հեռահար ռազմավարութեամբ: Այդ մասին ես կասկածներ ունեցայ քննութեան ընթացքում, իսկ դատապրոցեսի ընթացքում դա դարձաւ իմ համոզմունքը: Իմ ասած մտքերի եւ խօսքերի ճշմարտութիւնը ժամանակը ցոյց կը տայ:
Ինչ վերաբերում է Ատրպէյճանին մարդու իրաւունքների պաշտպանին` երէկ մեզ այցելեց Ատրպէյճանի մարդու իրաւունքների պաշտպան Սաբինա Ալիեւան, եւ մենք կարողացանք որոշ տեղեկութիւններ փոխանցել նրան: Ես Մարտի 12ից պատրաստել էի դիմում-նամակ` նրան փոխանցելու համար, բայց մօտ մէկ-երկու ամիս է` ինչ-ինչ պատճառներով չեմ կարողացել ո՛չ իրեն տեսնել, ո՛չ էլ փոխանցել այն: Երէկ փոխանցեցի իմ դիմում-նամակը, եւ այնտեղ յստակ մէկ խնդրանք ունէի` որպէսզի մեր վճռի ամբողջական` ատրպէյճաներէն եւ հայերէն տարբերակները ինքը միջնորդի եւ փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին:
Մարդու իրաւունքների պաշտպանը խոստացաւ, որ ատրպէյճաներէն տարբերակը կը փոխանցի իմ ընտանիքին եւ կը փորձի միջնորդել:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանին` ես հիմա ուզում եմ բանաւոր ձեւով դիմել նրան, որպէսզի միջնորդի եւ Ատրպէյճանի համապատասխան կառոյցներից, գուցէ նաեւ իր գործընկերոջ միջոցով, ստանայ հայերէն եւ ատրպէյճաներէն տարբերակներով մեր մեղադրականի ամբողջական տեքստերը (բնագիրները) եւ մեր դատավճռի ամբողջական տեքստը եւ փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին:
Ինչ վերաբերում է այս ծանր ժամանակներին` ես միայն մեր ժողովրդին կը ցանկանամ ոգու, կամքի եւ միասնութեան ուժ եւ պիտի ասեմ` պինդ եղէք:

