Դաշնակցականի Ճանապարհը

0 0
Read Time:3 Minute, 4 Second

Արտաշէս Շահպազեան
«Դրօշակ», թիւ 11 (1645), Նոյեմբեր, 2020

Հայ ժողովուրդն անցաւ դժոխքի միջով: Արցախին ու ողջ հայութեանը պարտադրուած պատերազմի հրդեհի մէջ այրուեց ազգի ծաղիկը, նրա սերուցքի մի մասը: Բազմաթիւ են անկրկնելի սխրանքների եւ անձնազոհ վարքի օրինակները, որոնք ակնառու վկայութիւններն են հայ ժողովրդի հերոսական ոգու, որ հպարտութիւն է ներշնչում նման որդիներ ծնող ժողովրդին պատկանելուդ համար: Հերոսներն ու նուիրեալները հաւասար են, նրանք բոլորը նոյն ազգի զաւակներն են, եւ մենք պարտաւոր ենք յիշել բոլորին ու իւրաքանչիւրին առանձնաբար, խոնարհուել բոլորի վաստակի առաջ: Միաժամանակ, որպէս մէկ ընտանիքի զաւակների, ցանկանում եմ խօսել Դաշնակցութեան անդամ, հայրենիքի փրկութեան համար կռուած եւ նահատակուած զինուորների մասին: Ովքե՞ր էին նրանք, որ մեր կեանքի մասն էին եւ մի ակնթարթային պահի պոկուեցին իրականութիւնից ու համբարձուեցին երկինք: Նրանք հայրենիքում վերածնուած կուսակցութեան երեսնամեայ երթի մասնակիցն ու դրօշակակիրներն էին: Նրանց կշիռն ու առաքինութիւնը դիրք, պաշտօն, հասարակական ճանաչում ունենալով չէր պայմանաւորուած, եթէ նոյնիսկ իրենց մէջ կային այդպիսիք: Մեզ համար նրանց առաքինութիւնը հայրենիքում վերընձիւղուած Դաշնակցութեան սիւները լինելն էր, եթէ անգամ նրանցից ոմանք աւելի ուշ են միացել ազգային պայքարի այդ երթին կամ միացել են հայրենի կառոյցին այլ վայրերում, բայց նոյն դրօշի ներքոյ որոշակի ճանապարհ անցնելուց յետոյ:
Հայրենիքում Դաշնակցութեան վերածնունդը տեղի ունեցաւ արցախեան ազատագրական պայքարի բովում: Կարելի է ասել, որ Դաշնակցութեան Հայաստանի ներկայ սերունդը արցախեան պայքարի սերունդն է, որպէս կուսակցական շրջան այս հաւաքականութիւնը ձեւաւորուել եւ գործում է ցայսօր այդ հոգեբանութեամբ: 1989 թուականից սկսած` ազգային ինքնագիտակցութեամբ օժտուած մարդիկ` երիտասարդ ու հասակաւոր, կին թէ տղամարդ, գալիս էին Դաշնակցութիւն, որպէսզի նրա ճանապարհով օգտակար լինէին այդ պայքարին, իւրաքանչիւրը` իր կարողութիւնների ու ընդունակութիւնների չափով:
Իհարկէ, Դաշնակցութեան գլխաւոր անելիքը արուեց Արցախում ու Հայաստանի սահմանների վրայ նրանց կողմից, ովքեր կամաւորագրուեցին զինեալ պայքարին: Նուիրեալների այդ բոյլից զգալի թուով ընկերներ նահատակուեցին, միւսները վերադարձան ու ներգրաւուեցին երկրի եւ կուսակցութեան խաղաղ աշխատանքներում: Լինելով գաղափարական մարտիկներ` նրանք երբեք չփորձեցին շահարկել իրենց մարտական կենսագրութիւնը, առաւել եւս չփորձեցին միւսներից շատ ուզել սեփական վաստակի դիմաց: Նախապէս այս տղաներին չճանաչած մէկը, նրանց կողքին երկար ժամանակ գտնուելով, այդպէս էլ դժուար թէ իմանար, որ իր ընկերն անցել է մարտական փառաւոր ուղի եւ իրական հերոս է, իսկ գործը հրապարակայնացուած չէ, որովհետեւ այդպիսին է Դաշնակցութիւնը:
Նրանք բոլորը, երէկուայ կամաւորները, պատերազմից վերադառնալով, եղան սովորական կուսակցականներ, ապրեցին այն առօրեայով ու հոգսերով, ինչ բոլորը: Մենք մեր ընկերների իրական սխրանքների մասին պատմութիւններ ենք լսել միայն այն ժամանակ, երբ նրանք այլեւս մեզ հետ չեն եղել: Չեմ կարող յիշել որեւէ դէպք, երբ անցած աւելի քան քսանհինգ տարուայ ընթացքում նրանցից որեւէ մէկը պատմէր, թէ այսինչ ժամանակ այսպիսի կարեւոր բան է արել: Նրանք խուսափել են նաեւ լրագրողներից ու տեսախցիկներից: Հաճելի տրամադրութեան, ուրախ առիթների դէպքում ընկերական միջավայրում եթէ ինչ-որ բան էլ յիշուել է նրանց մարտական կենսագրութիւնից, ապա հիմնականում զուարճալի միջադէպեր: Նրանք զատուեցին միւսներից միայն այն ժամանակ, երբ կրկին զինուորական համազգեստ հագնելու անհրաժեշտութիւն առաջացաւ: Այդպէս մեր վեթերանները երիտասարդների հետ զէնք վերցրին 2016 թուականին եւ ապա 2020 թուականին: Վերջին պատերազմը եղաւ առաւել դաժան ու ողբերգական, որովհետեւ այս անգամ աւելի շատ մարտադաշտից դուրս պարտութիւն պարտադրուեց մեզ, ու կրկնակի ողբերգական դարձան մեր կորուստները: Տեղն է, որ անուն առ անուն յիշենք մեր նոր նահատակներին, սակայն այս անգամ ես այդ բանն անել չեմ ցանկանում: Իմ խօսքը բոլորի մասին է` որպէս մէկ հաւաքականութեան` գործի, գաղափարի, նպատակի ու նահատակութեան:
Եթէ ցանկանում ենք հասկանալ, թէ ինչ է արել Դաշնակցութիւնը Հայաստանում անցած երեսուն տարուայ ընթացքում, ապա արժէ առաջին հերթին յիշել մեր կամաւորներին եւ նրանց կատարած գործը` առանց նսեմացնելու մնացած բոլորի գործունէութիւնը: Կարելի է ասել, որ Հայաստանում երկրորդ հարիւրամեակի շեմն անցնող Դաշնակցութեան ճանապարհը հէնց դաշնակցականների եւ մասնաւորապէս մարտական ուղի անցած ընկերների անցած ճանապարհը եղաւ:
Համեստ, պարզ, հայրենասէր ու անձնազոհ մարտիկներ, ովքեր Դաշնակցութեան մէջ ճանաչեցին իրենց ժողովրդի հերոսական անցեալն ու չաւարտուած դատը, անմնացորդ ու պատուախնդրօրէն նուիրուեցին հարազատ կուսակցութեանը` սեփական ուսերի վրայ բարձրացնելով նրա հզօր կառոյցը եւ սեփական մէջքին կրելով նրա գործի բեռը: Փառք մեր բոլոր մարտիկներին, յաւերժ յիշատակ անմահացածներին: Անկախ իրադարձութիւնների ընթացքից նրանց կամաւոր ընտրութիւնը եղել է գիտակցուած ու արդարացուած: Նրանց ապրած կեանքն օրինակ է դառնալու վաղուայ պայծառ Հայաստանը կերտողների համար:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles