
Նրանք հինգ էին: Այբուբենական կարգով` Սարգիս Աբրահամեան, Սեդրակ Աճէմեան, Արա Գըրճլեան, Սիմոն Եահնէյեան, Վաչէ Տաղլեան: Կեանքի արշալոյսի առջեւ կանգնած հինգ հայորդիներ, արիասիրտ հինգ կորիւններ, հայ ազատագրական արդի պատմութեան հինգ անվեհեր ռահվիրաներ, մէկն ամբողջացնելով միւսին, միասնաբար բռունձք ու գաղափար, գիտակից անձնազոհութեան հերոսներ, անշեղ ու անսկարկ, Քաջն Վարդանի զրահից մեզ հասաած հաւատքի լոյսը, Քրիստափոր Միքայէլեանի մտքի դարաւոր փայլը, ու տակաւին, Բաբգէն Սիւնիների եւ Սեբաստացի Մուրատների յանուն ազատութեան վառօրդի կարմիր տօնահանդէսը, մէկը Թիկունք միւսին, ամբողջութիւնը Հայրենիքին, որպէսզի Հայը այլեւս ռայա չլինի, չլինի՛: Չլինի՛:
Սարգիս- “Մեր այս գործողութիւնը քարոզչական նպատակ ունի: Գիտենք, որ Եւրոպացիք մարդկային իրաւունքներէն հասկցող ժողովուրդները են եւ ատոր համար ընտրած ենք Եւրոպական երկրներէն մէկը“: Արարքը դիւցազնական էր նպատակը յստակ եւ իրագործումը անսայթաք` միանգամայն Համաշխարհային լուսարձակի տակ դնելով Հայկական Դատը: Ուրեմն, տակաւին մարդիկ կան, որ ապրում, պայքարում ու զոհւում են գաղափարի համար: Ուրեմն, անյոյս չէ մարդկութիւնը: Ուեմն, կենդանի է Հայ ժողովուրդը:
Վաչէ- “Մեզի համար թուղթէ շերեփ չկայ: Համոզուած ենք, որ միայն զէնքով կայ Հայոց փրկութիւն“: Գարեգին Նժդեհի ձայնը դղրդրում է Զանգեզուրի լեռներում, հասնում Լիզպոն, Պրիւքսել ու Փարիզ եւ արձագանգում Ղարաբաղի անանցանելի կիրճերում, այնտեղ ուր Անդրանիկի եւ Գէորգ Չաւուշի որդիներն ու Թոռները որոշել են կռուելով պաշտպանել Հայութեան հողն ու պատիւն ու կեանքը: Լիզպոնի աղուամած հինգ տղաներն իրենց կեանքով ու մարտիրոսութեամբ ապացուցեցին, որ յանուն արդարութիւն է, եւ որ, Լիզպոնում հրդեհուած գաղափարականը առկայծում է Արցախի ազատամարտիկների հոգում ու սրտում:
Սեդրակ- “Մենք շատ համբերեցինք եւ դեռ կը համբերենք: Համբերելը նոր բան մը չէ մեզի համար: Ես Թուրքիոյ ուղղակիօրէն կ՛ըսեմ, եթէ իր շունչը երկար է, դեռ թող պայքարի մեզի դէմ: Մենք դեռ կը համբերենք“: Կը կռուենք ու կը համբերենք, կը կռուենք ու կը բանակցենք մինչեւ, որ ամբողջովին ազատագրուի Արցախի արծուաբոյնը, մինչեւ որ Հայ ժողովուրդը տէր կանգնի իր պապենական հողերին, իր երդիքին ու ծուխին, իր լեզուին ու դարաւոր մշակոյթին: Նահանջը նահանջ է` լինի երգով թէ առանց երգի: Մենք այլեւս նահանջի տեղ չունենք: Նահանջ բառն ու նահանջի հոգեբանութիւնը պէտք է ընդմիշտ Վերացուի Հայերէն լեզուից ու Հայկական իրականութիւնից: Այդ է պատգամը Լիզպոնում զոհուած մատղաշ հերոսների:
Սիմոն-“Կրնայ ըլլալ, որ մենք մեր նպատակին չհասնինք: Կրնանք բոլորս մեռնիլ: Բայց մեզի համար յստակ է, որ արշալոյսը շատ մօտ է եւ այդ ձեւով պէտք է դիտենք ապագան: Ես յոյսով եմ, որ մեզմէ ետք եկողները իրենց ամէն կարելին պիտի ընեն այս մէկը յաջողցնելու համար“:
Նրանց յաջորդները գրկել են Մարտակերտի ու հադրութի լերկ ժայռերը եւ ուխտել պաշտպանել իրենց նախահայրերի տունն ու աճիւնը, հողն ու յիշատակը: Նրանք ուխտել են այլեւս երբեք ծունկի չգալ ոսոխի եւ կեանքով յաղթանակել մահուան, այդ ժիր ու կայտառ տղաները, այդ խոհուն ու խելացի ուսանողները, Արցախի ու Հայաստանի ու նաեւ Սփիւռքի այդ անձնուրաց որդիները, այրերն ու կանայք, ամէն մէկը ուխտեալ կամաւոր յանուն Հայրենեաց, ազգի ու արդարութեան: Այո՛, սիրելի Սիմոն, Սեդրակ ու Վաչէ, Արա եւ Սարգիս, ձեզանից յետոյ եկողները իրենց կարելին անում են երկաթէ թեւերով բացելու հայոց արշալոյսը, որպէսզի յաւերժ ծնկայ ձեր յիշատակը, որպէսզի Հայոց հոգեղէն բագինում ընդմիշտ առկայծի յիշատակը յայտնի ու անյայտ բիւր Ֆետայիների, բոցաշունչ հայդուկների, եւ Ռոստոմների ու Զաւարեանների եւ խոնարհ ու հեզ բազում Աղբիւր Սերոբների, Դժոխք Հրայրների, Մարտիկների ու Պետօների: Այո`, սիրելի Սիմոն, բացուել է բոսոր արշալոյսը ու այս անգամ յաղթանա՛կն է մեր նշանաբանը:
Արա-“Ժողովուրդը թող գիտնայ, որ մեր հողերու ազատագրումը պէտք ունի զոհողութեան: Ազատութեան դաշտը ծարաւ է: Միայն արիւնն է, որ կը ջրէ այդ ծարաւ դաշտը եւ այն ատեն է, որ ծառերը կը բուսնին: Եթէ արիւն չթափենք, եթէ ջուր չտանք այդ ազատութեան դաշտին, չեմ կարծեր, որ այդ դաշտէն պտուղ կրնանք քաղել: Կը հաւատանք, որ առանց արիւնի, առանց մահի ազատութիւն չկայ“: Երբ անձնազոհութեամբ է պսակւում պատգամը, այն դառնում է հաւատքի վահան ընդդէմ բոլոր չարիքների ու արհաւիրքների: Ընդդէմ վհատութեան ու թուլութեան: Եւ այսօր Լիզպոնի այդ պայթիւնը արձագանգում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ այն բոլոր շրջաններում, ուր Հայ ազատամարտիկը որոշել է զարկի դէմ յաղթանակ:
Հայը կրկին անգամ ապացուցեց աշխարհին, որ Հայրենիքի ու գաղափարի համար ոչ միայն զոհուել գիտէ, այլ նաեւ յաղթանակել ու յարատեւել: Երէկ Վանն էր, Զէյթունը, Սասունը, Շապին Գարահիսարն ու Ուրֆան: Այսօր Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտն ու Քէլբաջարը: Զարկի դէմ զարկ, գրոհի դէմ գրոհ: Մահուան դէմ յաղթանակ:
Լիզպոն- Յուլիս 27, 1983, տեղական ժամանակով ժամը 14.00, ոստիկանութիւնը մտնում է թրքական դեսպանատան շէնքը ու փլատակների տակ գտնում ածխացած հինգ դիակներ: Ժամը 14.45- պետական աղբիւրները պաշտօնապէս յայտարարում են, թէ “գործողութիւնը աւարտուած է, որ ազատամարտիկները ռումբով ինքնապասպանութիւն են գործել“: Լուրը ցնցեց աշխարհը: Ովքեր էին: Ինչու: Ինչ էր նրանց պահանջը: Որտեղ է Հայաստանը: Ինչ է Հայկական Դատը: Լուրը հասաւ Երեւան: Լուրը հասաւ Ղարաբաղ: Լուրը ցնցեց ընդարմացած հոգիները: Արարքը հրդեհեց սառած հոգիները: Եւ հետզհետէ ժամանակի հետ ցասումը լեռնացաւ մէկ միլիոն հոգիներում եւ մէկ օրուայ մէջ Երեւանը դարձաւ ազգային զարթօնքի բոցաշունչ քաղաք: Լիզպոնի հինգ հերոսների ողջակիզումից ետք Հայը նոյնը չէ, Հայաստանը նոյնը չէ: Նրանք ապացուցեցին, որ գիտակից մահը անմահութիւն է:
Յուլիս 24, 1993
Պոսթըն
ՊՈՍԹԸՆ