ԳլխաւորԼրահոս

ՀԱՅՐԵՆԻ ԼՈՒՐԵՐ

Սոնա Յակոբեան

Շաբաթը Հայաստանում սկսուեց առանց Ազգային Անվտանգութեան ծառայութեան տնօրէնի։  Երկուշաբթի, Սեպտեմբեր 16-ին,  իր աթոռին հրաժեշտ տուեց Արթուր Վանէցեանը։ Հրաժարականի լուրից, բացի առաւել ցնցող էր ազգային անվտանգութեան ծառայութեան ղեկավարի հրաժարականի յայտարարութիւնը։ ՛՛Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կը յաղթանակի հայրենիքի հանդէպ պարտքը: Խաղաղութիւն ու անվտանգութիւն մեր երկրին՛՛,- այսպէս է մեկնաբանել Արթուր Վանէցեանը։
Այս հրաժարականի մասին վարչապետ Նիկոլ Փաշինեանն առաջինը հրապարակային խօսեց Վանաձորում՝ իր ասուլիսի ժամանակ։ Վարչապետը Վանէցեանի հեռանալու մասին տեղեակ էր, ասաց հրաժարականի միջնորդագիրը հաստատել է, բայց չշտապեց Վանէցեանի յայտարարութիւնը մեկնաբանել , ասաց բովանդակութեանը ծանօթ չէ։ Աւելի ուշ , սակայն, վարչապետի մամուլի քարտուղար Վլատիմիր Կարապետեանն անդրադարձել էր  ազգային անվտանգութեան ծառայութեան արդէն նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի՝ Սեպտեմբերի 16-ի յայտարարութեանը։   Նա  ասել  էր, որ  պէտք է պարզել, թէ ո՞վ է գրել Արթուր Վանէցեանին վերագրուող այդ գրութիւնը:  Աւելին նա յոյս է յայտնել , որ ՝ դրա հեղինակը քրէական պատասխանատւութիւնից «թիւրիմացաբար» խուսափած կոռուպցիա-ների համար յատուկ գրասենեակները չեն: Ըստ Վանէցեանի հիմա իր ուշադրութեան կեդրոնում ոտնագնդակի ազգային հաւաքականի յառաջիկայ հանդիպումներն են՝ հերքելով լուրերն այն մասին , որ իր հեռանալու պատճառը ներքաղաքական կեանքին այլ դիրքից մասնակցելն ու «հակայեղափոխական»  ուժերի հետ համագործակցելն է։
Յաջորդ օրն, առանց հեռանալու բացատրութեան, հրաժարական տուեց նաեւ ոստիկանապետ Վալերի Օսիպեանը։ Նա հեռացաւ ոստիկանութիւնից, բայց շարունակելու է աշխատել ներկայիս իշխանութիւնների հետ։ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի որոշմամբ՝ Վալերի Օսիպեանը նշանակուել է վարչապետի գլխաւոր խորհրդական: Օսիպեանը թէ՛ ներկայիս եւ թէ՛ նախկին իշխանութիւնների հետ  համագործակցելու փորձ ունի։ Իշխանափոխութիւնից հետոյ Օսիպեանի նշանակումը Փաշինեանը խորհրդանշական էր համարում, ըստ նրա մինչ յեղափոխութիւնը իրենք փշալարերի տարբեր կողմերում են եղել , քանի որ մէկ անգամ չէ Օսիպեանը փորձել հասարակական կարգ վերականգնել  այն բողոք-ցոյցերի ժամանակ ,որտեղ գլխաւոր նախաձեռնողների շարքերում հենց Փաշինեանն է եղել, յեղափոխութիւնից յետոյ՝ կ՛աշխատեն առանց այս փշալարերի ու միեւնոյն դաշտում։ Թէեւ Օսիպեանը իր հեռանալու որոշումը չի մեկնաբանել, ըստ որոշ տեղեկութիւնների այս հրաժարական առիթը Ամուլսարի ճանապարհը բացելու իշխանութիւնների առաջարկած տարբերակն է, որը Օսիպեանն անընդունելի է համարել՝ բացառելով ուժի կիրառումը։
Իսկ հրաժարականների թեման Վանէցեանի ու Օսիպեանի հեռանալուց յետոյ դեռ շարունակում է քննարկուել Հայաստանում ։ Որոշ աղբիւրներ պնդում են, որ այս շարքը շուտով լրացնելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը, արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականեանը, պաշտպանութեան նախարար Դաւիթ Տոնոյեանը, թէպետ պաշտպանութեան գերատեսչութեան ղեկավարը հետեւողականօրէն հերքում է այս լուրը: Իրենց նախարարական աթոռին հրաժեշտ կը տան նաեւ արտակարգ իրավիճակների  եւ Հ.Հ. շրջակայ միջավայրի նախարարները։ Փոփոխութիւններ են սպասւում նաեւ Ազգային ժողովում: Հրաժարականի դիմում կը ներկայացնի Լենա Նազարեանը. նա կը լքի նաեւ խորհրդարանի փոխնախագահի աթոռը:

***

Մինչ շատերը քննարկում էին անվտանգութեան երկու կարեւորագոյն կառոյցների ղեկավարների հրաժարականները՝ կրքերը լարուած էին Ազգային ժողովում։ Այստեղ էլ   «Իմ Քայլը»-ը խմբակցութեան պատգամաւորները փորձում են պաշտօնանկ անել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանին։ Խմբակցութեան ղելկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ իրենք որոշել են սահմանադրական դատարանի դատաւոր-անդամներից մէկի նկատմամբ սկսել գործընթաց՝ լիազօրութիւնները դադարեցնելու վերաբերեալ։ Իսկ այդ դատաւորը ըստ նրա, Հրայր Թովմասեանն է, որ թերացել է գործի մէջ։ Ըստ Մակունցի չեն քննուել օրինակ, Վահէ Գրիգորեանի դիմումները՝ Ռոպերթ Քոչարեանի գործի հետ կապուած, պարզ չեն, թէ ինչ ընթացակարգով են դիմել Վենետիկի յանձնաժողով եւ ՄԻԵԴ (Մարդու իրաւունքների եւրոպական դատարան) եւ այլն:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը կը շարունակի կալանքի տակ մնալ։ Դատարանը մերժել է Քոչարեանի պաշտպանների միջնորդութիւնը:Յիշեցնենք, որ Սեպտեմբեր 7-ին ՔոչարԵանի փաստաբանները միջնորդել են անյապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրէական հետապնդումը։ Դատարանում իր ելոյթի ժամանակ Քոչարեանը նշել է, որ երեւի դատախազութեան աշխատակիցների ու շատ շատերի համար դժուար է հասկանալ, որ ինքը «փախնող» չէ։ Ըստ նրա , եթէ ինքն այդպիսին լիներ, այսօր ատրպէյճանցիները Ստեփանակերտում թէյ խմելիս կը լինէին:

***
Վերջին ամիսներին, դատա-իրաւական համակարգի շուրջ ծաւալուող իրադարձութիւնները մտահոգում են  Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը։  Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմինն այս շաբաթ յայտարարութիւն է տարածել , որտեղ արտայայտել է իր մտահոգութիւները իշխանութեան կողմից դատարանների և դատաւորների նկատմամբ ճնշումներ գործադրելու անթոյլատրելիութեան վերաբերեալ:Ազգային Ժողովի նախագահի արտահերթ ելոյթ-կոչը եւ Ազգային Ժողովի «Իմ քայլը»  խմբակցութեան ղեկավարի յայտարարութիւնը ոչ միայն եկան հաստատելու մեր մտահոգութիւնը, այլեւամրագրելու այն իրողութիւնը, որ իշխող քաղաքական ուժը որդեգրել է ամբողջական մենիշխանութիւն հաստատելու եւ սահմանադրական կարգի տապալման ուղին:Հանրային պահանջի անուան տակ, իսկ իրականում առաջնորդուելով սեփական շահերով՝ պետութեան կառոյցը կազմաքանդող, երկրում անհանդուրժողականութիւնն ու ցնցումները խորացնող այս վարքագիծը ոչ մի աղերս չունի ժողովրդավարութեան հետ:Դատական համակարգի իւրացման նպատակադրումը անհամատեղելի է երկրին այդքան անհրաժեշտ դատա-իրաւական համակարգի բարեփոխումների հետ: Դաշնակցութիւնը, լինելով հայ ժողովրդի ներկայի եւ ապագայի համար պատասխանատու քաղաքական ուժ՝ Հայոց պետականութեանը սպառնացող ներկայ ընթացքը գնահատում է խիստ վտանգաւոր»,-  նշուած է կուսակցութեան յայտարարութեան մէջ։  Հ.Յ.Դաշնակցութիւնը կոչ է արել իշխանութեան օրէնսդիր եւ գործադիր ճիւղերին դադարեցնել հակասահմանադրական ընթացքը եւ զերծ մնալ հակապետական գործողութիւններից, դատաւորներին՝ հաւատարիմ մնալ սահմանադրութեամբ իրենց վերապահուած արդարադատութիւն իրականացնելու առաքելութեանը։ Դաշնակցութիւնը կոչ է արել երկրի ապագայի համար յանձնառու քաղաքական ուժերին եւ հանրութեանը համախմբուել իրական ազգային օրակարգերի շուրջ։

***

Advertisement Subscribe Today

Այս շաբաթ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացուել է Վեհարանը՝ Ամենայն հայոց կաթողիկոսների նստավայրը՝ մօտաւորապէս տաս տարուայ շինարարական աշխատանքներից ետք։ Նորոգուել է  նաեւ Սրբոց Հայրապետաց մատուռն ու հանդիսութիւնների սրահը։ Առաջիկայում կ՛աւարտեն նաեւ Մայր Տաճարի շինարարական աշխատանքները։

Հուսկ, շաբթուայ ամենայուզիչ լուսանկարը՝ Արցախից։ Ապրիլեան քառօրեայ պատերազմում զոհուած սպայ Տիգրան Պօղոսեանի անունը կրող փոքրիկն է կնքուած Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։  Նրան գրկել  է զոհուած հերոսի մայրը: Նրա կողքին է ապրիլեան պատերազմի ժամանակ մէկ օրում հակառակորդի երեք հրասայլ քանդած Շուլի Յակոբեանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button