
hhpress.am
Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանի Աղաւնոյ գիւղն Արցախ-մայր հայրենիք սահմանին է, այսօր` միջազգային բառակապակցութեամբ ասած, Լաչինի մարդասիրական միջանցքի սկզբում:
Շրջանի առաջին բնակավայրն էր, որտեղ դեռեւս 1992-ի ամռանը վերաբնակիչներ եկան Արցախի Մարաղայ, Չայլու, Գետաշէն եւ թշնամու տիրապետութեան տակ անցած այլ բնակավայրերից: Արցախեան վերջին պատերազմի պատճառով դատարկուեց Քաշաթաղի շրջանը, ստիպում էին, որ Աղաւնոյից էլ բնակիչները դուրս գային: Սակայն համայնքապետ Անդրանիկ Չաւուշեանի, ով, ի դէպ հինգ անչափահաս զաւակ ունի եւ բնակիչների հայրենասիրութեան, հողին տէր մնալու, հայրենիքը չլքելու վճռականութեան շնորհիւ ապրում է Աղաւնոն` որպէս հայոց բնակավայր եւ ունի դպրոց:
Քաշաթաղի շրջանի առաջին կրթօճախներից է, սկսել է գործել 1994-ի Սեպտեմբերից, եւ կոչւում է Գարեգին Նժդեհի անունով: Յատկացուած մեքենայով 9 աշակերտ եւ մէկ ուսուցիչ (պատմութեան մասնագէտ Գէորգ Մնացականեանը ժամանակաւորապէս շրջվարչակազմի ղեկավարի տեղակալն էր), Բերձոր քաղաքից են յաճախում: Այսօր հեռախօսով կապ հաստատեցի Աղաւնոյի գիւղապետի եւ դպրոցի տնօրէնի հետ: Տնօրէնն ասաց` արդէն գիւղում է դպրոցի պատմութեան հիմնական ուսուցչուհին` Տաթեւիկ Առաքելեանը եւ ուսուցիչների կարիք գրեթէ չունեն: Կար անգլերէնի դասաւանդման հարց, որը շուտով կը լուծուի: Այս օրերին դպրոցում ընթանում են նաեւ վերանորոգման աշխատանքներ: Հիմնանորոգւում են մի քանի դասասենեակ, դահլիճը, գրադարանը:
Գիւղը մշտապէս եղել է սփիւռքի մեր հայրենակիցների ուշադրութեան կեդրոնում: Տարիներ առաջ լիբանանեան ARI (Artsakh Roots Investment) հիմնադրամի ծրագրով մօտ 70 բնակելի առանձնատուն կառուցուեց այստեղ, իրականացուեցին այլ աշխատանքներ: Այժմ էլ սփիւռքն օգնում է Աղաւնոյին: Անցած Դեկտեմբերին Ամերիկայի Արեւելեան շրջանի Հայ մշակութային ընկերակցութէան Արցախ Ֆոնտի պատուիրակութիւնը ժամանեց Արցախի Հանրապետութէան մայրաքաղաք Ստեփանակերտ, յստակեցուեցին մի շարք ծրագրեր:
Այժմ Աղաւնոյում Արցախ Ֆոնտի ֆինանսաւորմամբ մանկապարտէզ է կառուցւում: Չաւուշեանը տեղեկացրեց` մինչեւ Սեպտեմբեր նախակրթարանը պատրաստ կը լինի եւ կ’ընդունի մօտ 10 երեխայի: Գոյքի հարցը կը լուծուի Հայ օգնութեան միութեան Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզի միջոցով: Այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ: