ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Նախորդ յօդուածում փորձեցինք պարզել անգլիական հասարակութեանը միաւորող Աւանդոյթի իմաստը: Ինչ-որ ուրուագիծ գծել մեզ յաջողուեց, սակայն գլխաւորը, ամէն դէպքում, ոչ թէ ուրուագիծ է, այլ բովանդակութիւնը: Աւանդոյթի հիմքում կայունութիւնն է, եւ դա զարգացման, առաջընթացի, գերակշռութեան կայունութիւնն է: Աւանդոյթով զինուած եւ “Իմ տունն իմ ամրոցն է“ սկզբունքով առաջնորդուող անգլիացին ամրոցի է վերածում նախ` իր կղզին, յետոյ` իր ամբողջ կայսրութիւնը: Նա ամբողջ աշխարհն իր տունն է դարձնում, տուն, որում տէր է:
Բրիտանացին գնում է Նոր Աշխարհ, Աւստրալիա, Հարաւային Ափրիկէ եւ վերաստեղծում այնտեղ Բրիտանիան` իր աշխարհը: Այդ աշխարհում նա ապրում է ինչպէս Անգլիայում, ենթարկւում է իր օրէնքներին, թէյ է խմում երեկոյեան ժամը 5:00-ին, կոլֆի մարգագետիններ է խուզում, ձեռքը մեկնում է կառքից դուրս եկող տիկնոջը, հագնում է թուիտից վանդակաւոր բաճկոններ եւ երբեք լորտին կամ պարոնեթին չի դիմում փլեպէյական “միսթր“ բառով: Չէ՞ որ կարեւոր է ոչ միայն հէնց Աւանդոյթը, այլ նաեւ այն անմիջականօրէն կրողների` այդ լորտերի ու պարոնեթների առկայութիւնը:
Իր ամրոց-աշխարհի սահմաններից այն կողմ անգլիացին կապուած չէ Աւանդոյթին: Նա կարող է խաբել, ոչնչացնել ամբողջ ցեղեր, հատել անտառներ, օտար հողերում գետեր թունաւորել, օտար երկրների ընդերքը թալանել, միմեանց դէմ հրահրել ցեղախմբեր, ժողովուրդներ եւ պետութիւններ, փտած գործարքների մէջ մտնել (օրինակ` Ատրպէյճանի նաւթային ոլորտը կառավարող պաշտօնեաների հետ):
Մեր հայրենակիցը նոյնպէս առաջնորդւում է “Իմ տունն իմ ամրոցն է“ սկզբունքով, սակայն ոչ մի բանով, բացի անձնական կենսունակութիւնից, զինուած չէ. նրա աւանդոյթը սահմանափակ է, հասարակական կեանքի ոլորտն այն չի ընդգրկում, այդ պատճառով հայը պարփակւում է իր ընտանիքի, իր տնակ-ամրոցի մէջ, եւ թող գրողի ծոցը գնա այն ամէնը, ինչ դրա պատերից դուրս է: Երբեւէ մտածե՞լ էք, թէ ինչու են մեր հայրենակիցները աղբը փողոց գցում պատշգամբից կամ մեքենայի պատուհանից: Այո, գցում են, եւ մի՛ ձեւացրէք, թէ չգիտէք դրա մասին: Իրենց փոքրիկ աշխարհի սահմաններից նրանք աղբը նետում են օտար, ոչ պիտանի երկիր: Տուն-ամրոցը մենք հասկանում ենք բառացիօրէն` բնակարան իմաստով: Ծառերը հասարակական այգում կտրելը, անտառն աղտոտելը, սեփական աշխարհի սահմաններից դուրս ու յանուն սեփական աշխարհի գողանալը դատապարտելի չէ: Ամօթ չէ գլուխ գովելը, որ կաշառքով հարց ես լուծել ու “փողոտ“ աշխատանքի ընդունուել, որդուդ ազատել ես քրէական պատասխանատուութիւնից կամ բանակում ծառայութիւնից, դստերդ համալսարան ես տեղաւորել: Դատապարտելի չէ, քանի որ այդ ամէնը տեղի է ունենում այլ աշխարհում, այլ ոչ թէ ընտանիքով, հարազատներով ու մտերիմներով սահմանափակուած քո աշխարհում: Իսկ հայի մանրաշխարհ-ամրոցում օրէնքն ու կանոնն իշխում են այնպէս, ինչպէս անգլիացիների մօտ, միայն թէ նրանց տուն-ամրոցը շատ անգամ աւելի մեծ է մեր առանձնացած, փոքրիկ աշխարհներից եւ ներառում է ամբողջ երկիրն ու բոլոր բրիտանացիներին: Մենք նման ընդգրկում չունենք, մեզ համար աշխարհը ընտանիքն է ու մտերիմները: Ասացէք խնդրեմ` ինչո՞վ աւանդոյթ չէ: Այո, հնարաւոր է` դա իւրատեսակ աւանդոյթ է, սակայն նպատակաուղղուած չէ առաջընթացին, զարգացում եւ գերակշռում դրանում չկայ, ընդհակառակը` դա գոյատեւման աւանդոյթ է: Խղճուկ գոյատեւման: Պարզենք, թէ ինչպէս, երբ եւ ինչու է այն ի յայտ եկել:
Տասը հարիւրամեակ առաջ Հայաստանում իրադրութիւնն ինչ-որ չափով նման էր ներկայիս վիճակին: Եթէ ոչ շատ նման, ապա, յամենայն դէպս, բաւականին ուսանելի: Հայաստանն անկախ էր: Այն ժամանակ նոյնիսկ ոչ թէ մէկ, այլ մի քանի Հայաստան կար` Անիի թագաւորութիւնը, Կարսի թագաւորութիւնը, Վասպուրականը, Տաշիր-Ձորագէտը, Սիւնիքի եւ Արցախի նախարարութիւնները եւ այլ տիրութիւններ: Ամէնուր իշխում էին հայ թագաւորներ ու նախարարներ, տիրում էր Հայոց եկեղեցին, հայկական դատաստանագրքերով եւ հայոց լեզուով դատում էին հայ դատաւորներ:
Ի դէպ, այն ժամանակ էլ երիտասարդութիւնն իր ուժերի ու ընդունակութիւնների կիրառման դաշտ չէր գտնում, եւ արտագաղթ երեւոյթը նոյնքան տարածուած էր, ինչպէս այսօր: Հարեւանութեամբ ուղղափառ կայսրութիւն կար. ոչ թէ Ռուսաստանը` իր Դաշնային գաղթի ծառայութիւնով, այլ Բիւզանդիան: Սակայն հայն իրեն այնտեղ օտար չէր զգում, ինչպէս ներկայիս Ռուսաստանում է կամ` խորհրդային ու ցարական ժամանակաշրջանների: Ընդհակառակը, հայերը Բիւզանդիայում իրենց աւելի յարմարաւէտ էին զգում, քան հայրենիքում: Նրանք, յոյների հետ միասին, պետականակերտ ազգ էին, որի ներկայացուցիչների համար ոչ մի խոչընդոտ չկար բարձր պաշտօններ ստանձնելու, անգամ` կայսերական գահին բազմելու հարցում: Իսկ նախնիների հողում, փոքր ու աղքատ հայկական նախարարութիւններում, որոնք սահմանակից էին յարձակողապաշտ մահմետական հարեւանների վտանգաւոր աշխարհին, ինքնահաստատման, տաղանդի արտայայտման, հասարակական ճանաչման, հարստացման ձգտումը բաւարարելու հնարաւորութիւնները սահմանափակ էին:
Բիւզանդիայում, որտեղ, ի յաւելումն, իշխում էին հայկական հարստութեան կայսրեր, հնարաւորութիւններն աւելի մեծ էին. դրանք միշտ էլ աւելի մեծ են կայսրութիւններում: Հայ իշխանաւորները, ովքեր հայրենիքում ատամները կճրտացնելով էին ընդունում Բագրատունիների կամ Արծրունիների գերիշխանութիւնը, կայսրութիւնում անցնում էին զինուորական կամ պետական ծառայութեան եւ մեծ բարձունքների հասնում` հնարաւորութիւն ստանալով բարձրից խօսել Անիի կամ Վանի` իրենց երէկուայ թագաւորների հետ: Ի դէպ, այս պահուածքը ձեզ չի՞ յիշեցնում, արդեօք, արտասահմանի (յատկապէս` Ռուսաստանի) ներկայիս հայ հարուստներին` նրանց գոռոզ վերաբերմունքը երէկուայ հայրենիքի նկատմամբ` կայսերական շահերի ներդրողները դառնալու քաղաքական նկրտումներով: Իսկ Բիւզանդիայի ժամանակներում` 1000 տարի առաջ, նրանց նախորդներին դա յաջողուեց` Հայաստանի համար կործանարար արդիւնքով:
Սակայն ինչո՞ւ յաջողուեց: Պատճառը պարզ է` այն ժամանակուայ հայկական վերնախաւը, ի դէպ` նաեւ ներկայիս, ազգային ներուժի զօրաշարժով ուժեղ միասնական պետութիւն կառուցելու ամուր կողմնորոշում չունէր: Դրա ներկայացուցիչներն իրենք չունէին անհրաժեշտ բարոյական եւ կամային յատկանիշները: Նրանք կողմնորոշուած էին միայն դէպի գոյատեւումը: Արդէն այն ժամանակ հայկական վերնախաւը սկսեց անփառունակ կերպով վերածուել կեղծ վերնախաւի: Թէ դա ի՛նչ բան է, խօսել ենք նախորդ յօդուածաշարում: Աւելի՛ն. չհասկանալով, թէ որն է իրենց իրական կոչումը, հայրենիքում իշխող հայ թագաւորներից ու իշխաններից շատերը նախանձով էին նայում նրանց, ովքեր “երջանկութիւն“ էին ունեցել բարձր պաշտօնների հասնել Բիւզանդիայում ու այլ պետութիւններում: Այդ պատճառով իրենք էին հէնց առաջին յարմար հնարաւորութիւնը կամ առիթը օգտագործում կայսրութեան ծոցում կայուն գոյութիւն ապահովելու նպատակով հայրենիքը լքելու համար: Յիշէք Վասպուրականի Սենեքերիմ Արծրունի թագաւորին, որն իր տոհմին պատկանող բոլոր կալուածքները յանձնեց Բիւզանդիայի կայսր Վասիլ Պուլկարայաղթին (ի դէպ` հայ է)` փոխարէնը ստանալով պատրիկի կարգ եւ ինչ-որ հողեր Փոքր Ասիոյ կենտրոնական շրջաններում` թուրքերից հեռու: Նրա հարեւանութեամբ տեղաւորուեցին նաեւ Գագիկ Անեցին եւ Գագիկ Կարսեցին, ովքեր նոյնպէս զիջեցին իրենց թագաւորութիւնները, այսինքն` մեր երկիրը, բիւզանդացիներին եւ շուտով սպաննուեցին: Ընդ որում` նրանք հեռանում էին ոչ մենակ, այլ` ընտանիքներով, հարազատներով, պալատականներով, ծառաներով, իսկ ամենակարեւորը` ռազմական ջոկատներով, այսինքն` բնակչութեան մարտունակ մասի հետ:
Նրանք` հայ ժողովրդի առաջնորդները, անպաշտպան, անղեկավար, անյոյս թողեցին ժողովրդին ու երկիրը: Արդիւնքում` Հայաստանի պատմական շրջանները դատարկուեցին, աղքատացան եւ թուլացան` հեշտ աւար դառնալով թուրք-սելճուքների համար:
Սակայն սա առանձին պատմութիւն է, իսկ մեզ հետաքրքրում է` արդեօ՞ք այդ, թւում է, թէ ոչ այնքան (դեռեւս) սարսափելի ժամանակներն իրենց ազդեցութիւնը չեն թողել, ինչպէս հիմա ընդունուած է ասել, ազգային հոգեկերտուածքի վրայ: Կարո՞ղ էք պատկերացնել գիւղացիների, արհեստաւորների, հոգեւորականների, մի խօսքով` ամբողջ հասարակ ժողովրդի անելանելի յուսալքութիւնը, որին նրա ղեկավարները, նրա պաշտպանները թողեցին ճակատագրի քմահաճոյքին: Եթէ այդ վերնախաւը, այդ պաշտպանները մինչեւ վերջին մարդը զոհուէին մարտի դաշտում` կատարելով իրենց պարտքը, ինչպէս զոհւում էին նրանց նախնիները պարսիկների, արաբների դէմ ազատագրական պատերազմներում, ժողովրդի ոգին կ՛ամրանար, ու կ՛ամրանար ամբողջ երկիրը: Եւ ի յայտ կը գային նոր պաշտպաններ, նոր վերնախաւ: Աւանդոյթը կը շարունակուէր: Եթէ Հայաստանի ԺԱ.-ԺԳ. դարերի ղեկավարները գոնէ խուսանաւէին, դիւանագիտական խորամանկութիւններ կիրառէին, ձեւի համար իսլամ ընդունէին, սակայն պաշտպանէին ժողովրդին ստիպողական դաւանափոխումից եւ չհրաժարուէին ժողովրդի համար պատասխանատուութիւնից, ինչպէս անում էին վրացի իշխաններն ու թագաւորները, նոյնիսկ այդ ժամանակ ժողովուրդը դեռ յոյս կ՛ունենար ու կը հաւատար իր իշխանութիւններին: Սակայն նրանք պարզապէս լքեցին ժողովրդին` երկիրը թողնելով ճակատագրի քմահաճոյքին: Հէնց այդ ժամանակ, իմ կարծիքով, հայ ժողովուրդը կորցրեց հաւատն իր վերնախաւի, իշխանութիւնների նկատմամբ եւ, որպէս հետեւանք, հաւատը ինքնուրոյն պետական կարգի հմտութիւն ունենալու նկատմամբ:
Դրան յաջորդած իրադարձութիւնները եւ նոյնիսկ դրա հետեւանք համարուող Կիլիկիան Հայաստանի փայլուն ժամանակաշրջանը չկարողացան հին հայրենիքում վերականգնել պետականութիւնը եւ դրան ձգտումը: “Իշխանութեան հեղինակութիւն“ արտայայտութիւնը ոտնատակ արուեց հէնց իշխանութեան անպատասխանատու վարքի պատճառով: Եւ ժողովրդի ազատագրական ոգու հատուկենտ բռնկումները մարւում էին վերածնունդը գլխաւորելու ունակ` անհերքելի հեղինակութեան բացակայութեան պատճառով, իսկ եթէ նոյնիսկ նման կերպարներ ի յայտ էին գալիս (օրինակ` Դաւիթ Բեկը), նրանց ճակատագիրը որոշում էր հասարակութեան այն ներկայացուցիչների կայացած իշխանութիւնը, որոնց տիրող իրավիճակը բաւարարում էր:
Հայաստանը պահպանուեց տների օճախներում եւ եկեղեցիների պատերի ներսում, դրանցից դուրս այն գոյութիւն չունէր: Դրանցից դուրս օտար երկիր էր, որտեղ իշխում էին օտար ցեղեր, օտար, բարբարոս օրէնքներ: “Քաղաքական հեղինակութիւն“ հասկացութիւնը երկարատեւ լեթարկիական քուն մտաւ, իսկ միայն բարոյական հեղինակութիւնը, որը դարձաւ Եկեղեցու մենաշնորհը, բաւարար չէր:
Բաւարար չէր ինչի՞ համար` կը հարցնէք դուք: Դրա մասին շուտով կը խօսենք: