«Սա Քաղաքական Պատուէրով Դատավարութիւն Է». Դաւիթ Իշխանեան

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դաւիթ Իշխանեան Պաքուի բանտէն յղեց հետեւեալ ձայնագրուած պատգամը.-
«Խաղաղութեան» դատավարութիւնը շարունակւում է: Ինչպէս տեղեակ էք, այն այժմ վերաքննիչ դատարանում է: Մենք շատ լաւ հասկանում եւ գիտակցում ենք, որ այս փուլը կրում է առաւելապէս պաշտօնական բնոյթ, եւ առաջին ատեանի դատավճռի հետ կապուած որեւէ փոփոխութիւն դժուար թէ լինի: Սակայն գիտակցելով, որ միջազգային դատարան տանող ճանապարհն անցնում է հէնց այս փուլով, մենք դիմել ենք վերաքննիչ դատարան: Այդ մասին էլ դատարանում յայտարարել ենք. որեւէ գաղտնիք չկայ:
Նոյնիսկ որոշ պաշտպաններ արդէն դատական նիստում մտահոգութիւն են յայտնում, որ այսպիսի դատավարութեամբ եւ այսպիսի փաստերով միջազգային դատարան գնալը իրենց համար շատ ծանր եւ ամօթալի կը լինի: Նրանք պաշտօնապէս, դատական ամպիոնից յայտարարում են, որ չեն ցանկանում այս ընթացքով հասնել միջազգային դատարան եւ պարտուել: Թէ ի՛նչ կը լինի հետագայում` այլ հարց է:
Դատարանը շարունակ խօսում է բաց դատավարութեան, արդարութեան եւ արդարադատութեան մասին, սակայն ինչպէս առաջին ատեանի դատարանում, այնպէս էլ հիմա որեւէ էական փոփոխութիւն չկայ:
Անցած շաբաթ իմ ելոյթն էր: Ներկայացրի, թէ ինչո՛ւ եմ դիմել վերաքննիչ դատարան: Իմ խօսքը գրեթէ նոյնն էր, ինչ առաջին ատեանի դատարանում վերջին խօսքիս ընթացքում: Ես կրկին ընդգծեցի, որ սա քաղաքական պատուէրով իրականացուող դատավարութիւն է, որը որեւէ կապ չունի քրէական յանցագործութիւնների հետ: Սա ցեղային պատկանելութեան եւ ազգային ատելութեան հողի վրայ իրականացուող դատավարութիւն է, եւ ամբողջ գործընթացն ընթանում է այդ մթնոլորտում:
Նշեցի նաեւ, որ առաջին ատեանի դատարանը կոպտօրէն խախտել է Ազրպէյճանի Հանրապետութեան քրէական դատավարութեան օրէնսգրքի պահանջները, ինչպէս նաեւ մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքները:
Իմ խօսքը, բնականաբար, բազմիցս ընդհատւում էր դատախազների եւ նաեւ դատաւորի անհիմն միջամտութիւններով: Այնուամենայնիւ, ելոյթս հասցրեցի աւարտին եւ յօդուած առ յօդուած ներկայացրեցի, թէ ինչպիսի՛ անհիմն ձեւակերպումների, զրպարտութիւնների, առանց ապացոյցների եւ յստակ փաստերի վրայ է հիմնուած դատավճիռը: Ցոյց տուեցի, թէ ինչպէ՛ս են Ազրպէյճանի Հանրապետութեան քրէական օրէնսգիրքի յօդուածները կամայականօրէն կիրառուել եւ կոպիտ կերպով վերագրուել ոչ միայն ինձ, այլեւ բոլորիս: Նոյնիսկ ասացի, որ սա ոչ թէ «կարուած գործ» է, այլ պարզապէս «կարկատան»:
Օրինակ` 1993 թուականին ծնուած անձին վերագրում են 1991-1994 թուականների ռազմական գործողութիւններին մասնակցութիւն, պնդում են, թէ դա դատարանում ապացուցուել է, արտացոլում են դատավճռում եւ արդիւնքում դատապարտում 15 տարուայ ազատազրկման:
Ինչպէս ասել եմ առաջին ատեանի դատարանում, այստեղ եւս յստակ յայտարարեցի, որ սա հայ ժողովրդի եւ հայկական պետականութեան դէմ բացուած դատավարութիւն է` յստակ ռազմավարութեամբ եւ հեռահար նպատակներով:
Մեզ համար ամենակարեւորը ողջախոհութիւնն է: Մենք համբերատար, հետեւողական եւ նպատակային շարունակում ենք մեր քայլերը: Մեր ելոյթները արժանապատիւ են:
Ինչ վերաբերում է միջազգային դատարաններին եւ միջազգային ատեաններին, ապա դրանց նկատմամբ այստեղ վերաբերմունքը բացայայտ արհամարհական է: Ամենածանրը, սակայն, այն է, որ մեր երեսին ասում են. «Եթէ ձեր իշխանութիւնները ոչինչ չեն անում եւ շահագրգռուած չեն ձեր վերադարձով, ապա ի՞նչ էք ուզում միջազգային դատարաններից: Նրանք ի՞նչ կարող են անել»:
Սա է իրական վիճակը:
Արդէն լուրեր են շրջանառւում, որ հաւանաբար Գերագոյն դատարանը մեր գործերը չի ընդունի: Փորձում են կանխակալ մթնոլորտ ստեղծել եւ տարբեր արհեստական միջամտութիւններով ազդել գործընթացի վրայ: Օրինակ` արդէն մէկ տարի է, ինչ չի լուծւում մեր լիազօրութիւնների հարցը: 2025 թուականի օգոստոսից ի վեր թէ՛ ես, թէ՛ միւսներից մի քանիսը չենք կարողացել լիազօրութիւններ ձեւակերպել մեր հարազատների կամ իրաւապաշտպանների անունով:
Պատկերացրէք` մինչ այս պահը պաշտպանները դեռեւս իրենց տրամադրութեան տակ չունեն ո՛չ մեղադրական աքթը, ո՛չ մեղադրական եզրակացութիւնը, ո՛չ էլ դատավճիռը: Մեր պահանջներից յետոյ դատաւորը միայն որոշում կայացրեց, որ պաշտպաններին թոյլատրւում է դատավճռին ծանօթանալ ելեկտրոնային տարբերակով: Այսինքն` նրանք նոյնիսկ չեն կարող ունենալ դրա պատճէնը իրենց մօտ:
Կրկնում եմ` մենք արժանապատիւ ելոյթներ ենք ունենում, սպասում ենք այս փուլի աւարտին եւ շարունակելու ենք հետեւողականօրէն իրականացնել մեր քայլերը:
Մնացած ամէն ինչ բնական է:
Լաւ մնացէք եւ պինդ եղէք»:
Ձայնագրութիւնը՝ ստորեւ
Video Player

