Լրահոս

Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն Մարմինի Ուղերձը Մայիս 28-ի Առիթով

Սիրելի՛ հայրենակիցնէր,

1918 թուականի Մայիսի 28-ը հայոց պատմութեան բեկումնային կէտն է: Հէնց Մայիսի 28-ին ցեղասպանութիւնից մազապուրծ եղած ժողովուրդը մահուան դատավճիռը փոխարինեց պետականութեան ստեղծմամբ:

Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում մենք ապացուցեցինք` աշխարհում չկայ այնպիսի զէնք, որն ի զօրու լինի յաղթել սեփական հողում ապրելու կամքին:

Հաւատարիմ իր առաքելութեանը` ծանրագոյն պայմաններում պետականաշինութեան գերմարդկային առաքելութիւնը ստանձնեց Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը: Որբերով ու գաղթականներով լեցուն, սովի ու պատերազմների մէջ գտնուող երկրում Հանրապետութեան հիմնադիր սերունդը` Արամ Մանուկեանը, Յովհաննէս Քաջազնունին, Գարեգին Նժդեհը, Դրօն, Ռուբեն Տէր-մինասեանը եւ միւս նուիրեալները, արեցին անհնարին թուացողն ու բեկեցին մեր ժողովրդի ճակատագիրը:

Այսօր կրկին ճակատագրական հանգրուանում ենք: Կասկածի տակ է մեր պետականութեան ընթացքը, հարուածի թիրախում է մեր ինքնութիւնը, հալածւում է մեր եկեղեցին, գաղթական է մեր ժողովուրդը, կորսուած է հայկական Արցախը:

Advertisement Subscribe Today

Բայց մենք գիտենք, որ հայ ժողովրդի մէջ դեռ կենդանի է Մայիսեան հերոսամարտերի ոգին, որ մեր սերունդներն իրենց ճանաչում են հէնց Սարդարապատից:

Ուստի՛, ժամն է սթափուելու, համախմբուելու եւ համազգային դիմադրութեամբ տէր կանգնելու մեր արժէքներին: Սա պայքար է յանուն ինքնութեան եւ պետականութեան, սա մի նոր Սարդարապատ է:

Մենք տէր ենք կանգնելու հայոց անկախ պետականութեանը, վերականգնելու ենք մեր ազգային արժանապատուութիւնը եւ թոյլ չենք տալու, որ հայութեան ճակատագիրը գրուի օտարի թելադրանքով:

Մենք կա՛նք, մենք կը պայքարե՛նք եւ մենք կը յաղթե՛նք:

Շնորհաւոր Մայիսի 28:

Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն մարմին

28 Մայիս, 2026

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button