Ազգային Համախմբում Ծրագրի Եւ Ճանապարհային Քարտէսի Շուրջ
«Դրօշակ» թիւ 1, 2025
Առաջնորդող Յօդուած
Մուտք գործելով 2025 թուական` Հայաստանի բնակչութիւնը բախուեց հարկերի, տուրքերի, զգալի մեծացման, համատարած յայտարարագրման նոր իրողութեան հետ: Մայրաքաղաքի բնակչութեան գլխին սպառնալիքի պէս կախուեց երթեւեկութեան հանրային միջոցների զգալի թանկացման հեռանկարը: Շատ-շատերն, ովքեր հաւատացել էին, թէ իրենք այս երկրի 3 մլն. վարչապետերի թւում են, սկսում են իրենց հաշիւ տալ, որ 2018 թուականին արուած սիրոյ խոստովանութիւններից յետոյ վարչապետ Փաշինեանը, միանձնեայ եւ կուսակցական թիմի անվերապահ համաձայնութեամբ, արել է այն, ինչ ցանկացել է, մասնաւորապէս եւ այն թէ սահմանած հարկատուրքերը ինչպիսի անտանելի բեռ կը դառնան ժողովրդի համար: Ընդ որում, յատկանշական է, որ «թաւշեայ» իշխանութիւնն իր հակաժողովրդական «բարեփոխումներ»-ն իրականացնում է յատկապէս այն ոլորտներում, որոնք ժամանակին ինքը դարձրեց թիրախ նախկիններին հարուածելու եւ հոգագարութեան հասած զանգուածներից իշխանութեան մանտաթ կորզելու համար: Հարցն այս դէպքում վերաբերում է ոչ միայն հարկերին, տուրքերին ու համընդհանուր թանկացումներին, այլեւ օրինակ բնապահպանական խնդիրներին, մայրաքաղաքում ծաւալուած շինարարութիւնը:
Նախկինում մեղադրելով իշխանութեանը կառավարման բրգաձեւ համակարգ ձեւաւորելու մէջ` փաշինեանական իշխանութիւնն իր ձեռքին կեդրոնացրեց ոչ միայն համապետական եւ տեղական իշխանութեան մարմինները, այլեւ տնտեսական, սոցիալական, գիտական, կրթական եւ կենսագործունէութեան միւս ոլորտների կառավարումը անկախ հանգամանքից, թէ մասնագէտներին փոխարինող ՔՊ-ականները որքանով էին տիրապետում ստանձնած պարտականութիւններին: Թիրախ դարձնելով իշխանութեան թեւերի հակակշռելիութեան եւ ներքին ժողովրդավարութեան հարցերը նոր իշխանութեան աւտորիտար առաջնորդը հլու կամակատարի վերածեց խորհրդարանն ու կառավարութիւնը, ուժային կառոյցներն ու արդարադատութեան համակարգը` Սահմանադրական դատարանով հանդերձ: Արդարադատութեան եւ ուժային կառոյցները վերածուել են կոյր գործիքի, որոնք ժողովրդի նկատմամբ որդեգրել են պատժիչ գործառոյթ ու ապահովում են իշխանութեան անուերահսկելի գործունէութիւնը, թէ՛ երկրի ներքին, եւ թէ՛ արտաքին հարթակներում: Հայաստանի անկախացման օրերից սկսած իրաւապահ համակարգը երբեք չի իրականացրել նման զանգուածային եւ աղաղակող քաղաքական հետապնդումներ: Աւելին, ընտրութիւններում թիմակիցների պարտութեան դէպքում, ընտրուած պաշտօնեաների նկատմամբ յարուցւում են քրէական գործեր, իրականացւում են բանտարկութիւններ, այս ճանապարհով հասնելով նրանց հրաժարականին եւ նոյն պաշտօնում ՔՊ-ականի նշանակմանը: Իշխանութեանը քննադատող մասնագէտները հեռացւում են աշխատանքից, կամ սահմանափակւում է նրանց պաշտօնական գործունէութիւնը: Կառավարութեան օրակարգերը քննարկւում են գրեթէ ամբողջովին փակ ռեժիմով, գնումներն ու տնտեսական այլ գործարքներն իրականացնում են հանրութեան աչքից հեռու: Նոյն կերպ անուերահսկելիօրէն տնօրինւում է պետական պիւտճէն, ակնյայտ են փտածութեան խայտառակ դրսեւորումները, որոնք իրականացւում են հակա փտածութիւն պայքարի մեծադղորդ ճառերին զուգահեռ: Աննախադէպ է նաեւ արտաքին քաղաքական գործընթացների ամբողջովին փակ բնոյթը, որոնց մասին ժողովուրդը սովորաբար տեղեկանում է թշնամական ուժերին հերթական զիջումների ժամանակ: Եւ սա մի մարդու «ժողովրդավարական ու թափանցիկ» գործելաձեւն է, ով 2018 թուականի Օգոստոսին Հայաստանի Հանրապետութեան բազմամարդ հրապարակում իրեն ճղելով յայտարարում էր, թէ այդուհետ երկրի համար բոլոր կարեւորագոյն վճիռները կայացուելու են այդ հրապարակում` հանրութեան հաւաքական կամքով: Ասւում եւ արւում էր առաջին ու վերջին անգամ:
Լրատուամիջոցներն ու ընկերային ցանցերը լի են տեսանիւթերով, որոնք ներկայացնում են մինչեւ իշխանութեան հասնելը կամ իշխանութեան առաջին շրջանում երկրի ղեկավարի արած յայտարարութիւններն ու նոյն խնդիրների շուրջ նրա` 180 աստիճանով հակառակ բնոյթի մեկնաբանութիւնները յետագայ տարիներին: Սա փաստում է, որ այս իշխանութիւնն, իր առաջնորդի գլխաւորութեամբ, խորութեամբ գիտակցում է այն քայլերի հակապետական ու հակազգային բնոյթը, որոնցում նա մեղադրում էր նախկիններին, այժմ ինքն է իրականացնում` փորձելով արդարանալ իրեն յատուկ կեղծ, ճղճղան ու ամբոխավարական մտավարժանքներով:
Բայց հնարաւոր չէ անվերջ անել մէկ բան եւ ներկայացնել այն մէկ այլ լոյսի ներքոյ: Այս իշխանութեան դէմքն ու վարած քաղաքականութիւնը որոշակի հանգամանքների պարտադրմամբ ժամանակի ընթացքում դարձան պարզ ու տեսանելի: Երբ երկիրը ղեկավարւում է մէկ անձի անզսպելի ու անուերահսկելի կամայականութեամբ, բռնութեամբ ու անօրինականութեամբ, կարելի՞ է դեռ պատրանքներ ունենալ արեւմուտքի ականջին հաճոյ ժողովրդավարական բարեփոխումների մասին յայտարարութիւնների անկեղծութեան հարցում: Միւս կողմից ակնյայտ չէ՞, որ Արեւմուտքի որդեգրած սկզբունքի համաձայն, աւելի լաւ է խամաճիկ հեղինակապետութիւններում իշխեն իրենց շանորդիները, քան ինքնուրոյն, սեփական երկրների շահերով առաջնորդուող ազգային ուժերը: Արդեօ՞ք այդ մասին չեն վկայում Վրաստանի, Մոլտովայի, Ուքրայինայի իրադարձութիւնները:
Պատերազմում պարտուած եւ պարտութեան խայտառակ յայտարարութիւն (իրականում պայմանագիր, որի սահմանադրական ընթացակարգով վաւերացման հարցը շրջանցուեց փաստաթղթի վերնագիրը փոխելով) ստորագրած իշխանութիւնը որքան էլ փորձի նախկինների վրայ բարդել դաւաճանութեան մեղքը, կարո՞ղ է արդարանալ, երբ ոչ միայն ամբողջովին հրաժարուեց պաշտպանել Արցախն ու արցախցիններին, այլեւ վերջիններիս օրինական իրաւունքների բարձրաձայնումն արգելում ու հետապնդում է Հայաստանում:
Եթէ Ատրպէյճանի ղեկավարի հետ հայ ղեկավարը յանցակից չէ նաեւ Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարների հետապնդման հարցում, ինչո՞ւ նա եւ ողջ իշխանական համակարգը ծպտուն չեն հանում, երբ Արցախի ղեկավարութեան նկատմամբ իրականացւում է խայտառակ դատավարութիւն: Այս հարցում աւելորդ է անգամ կ’ասկածնէր ունենալը, եթէ նկատի ունենանք, որ Արցախի պաշտպանութեանը մասնակցած բարձրաստիճան ռազմական գործիչների միւս մասն էլ գտնւում է Հայաստանի բանտերում եւ հալածւում է Հայաստանի իշխանութեան կողմից: Քրէականի անուան տակ քաղաքական հալածանքների, գործունէութեան սահմանափակման են ենթարկւում նաեւ Արցախի վարչական ու քաղաքական ղեկավարները` սկսած Արցախի Հանրապետութեան վերջին նախագահից:
Քաղաքական անօրինական դատավարութիւն կազմակերպելով Արցախի առաջնորդների դէմ` Ատրպէյճանի ղեկավարին անհրաժեշտ է արդարացնել իր գործողութիւնները` վերջիններին որակելով անջատողականներ, ահաբեկիչներ, քրէական յանցագործներ:
Այդպէս ներկայացնելու համար նրան անհրաժեշտ է խեղաթիւրել այն իրողութիւնը, որ օրինական հանրաքուէների եւ ընտրութիւնների ճանապարհով ինքնորոշուած Արցախի Հանրապետութիւնը փաստացի ճանաչուել է, պաշտօնական փոխյարաբերութիւններ է իրականացրել բազմաթիւ պետութիւնների պաշտօնական ներկայացուցիչների հետ, Արցախի վերջնական կարգավիճակի հարցով տարիներ շարունակ գործել է գերտերութիւնների ու շահագրգիռ միւս ուժերի կողմից ստեղծուած միջազգային միջնորդական խումբ:
Ալիեւը պարտադրում է, որ Հայաստանը պահանջի ԵԱՀԿ Մինսքի խմբի լուծարումը եւ ետ քաշի միջազգային ատեաններից Ատրպէյճանի յանցագործութիւնների դէմ ներկայացուած բողոքներն ու իրաւական հայցերը: 20 թուականի պարտութիւնից յետոյ Ալիեւից սարսափած Հայաստանի ղեկավարն անմիջապէս արձագանգեց այս պահանջին` յայտարարելով, թէ այն ճիշտ է եւ ընդունելի: Ո՞ւմ է ծառայում եւ ում շահերն է արտայայտում այն իշխանութիւնը, որը մշտապէս արհամարհել է հայ ժողովրդի շահերն ու պահանջները եւ մշտապէս ենթարկուել է թշնամի երկրի ղեկավարի պարտադրանքին եւ չկայ հայկական կողմի ներկայացրած մէկ պահանջ, որը կ’ընդունէր հակառակորդ կողմը: Հայաստանի բարձրագոյն ղեկավար կազմում գործում են մարդիկ, ովքեր, ժողովրդի համոզմամբ, օտար երկրների շահերն են արտայայտում, եւ այդ մարդկանց միջոցով երկիրը, մասնաւորապէս եւ նրա արտաքին ու անվտանգային համակարգերը, ղեկավարւում են արտաքին ուժերի կողմից:
Հայաստանի իշխանութիւնը կայացնելով անհեռանկար ու անմիտ որոշում Եւրոմիութեանը միանալու մասին, ըստ էութեան, սկսում է Էատմ-Եւրասիական միութիւնից դուրս գալու գործընթաց: Տնօրինելով երկրի գործերին` այս ղեկավարութիւնը բոլորից լաւ գիտի, որ Եւրասիական միութեան հետ յարաբերութիւնները խզելու դէպքում Հայաստանը սոցիալ-տնտեսական ու ելեկտրուժի հայթակթման առումով ուղղակի կը փլուզուի: Ինչո՞ւ է ուրեմն իշխանութիւնը գնում երկրի համար կործանարար քայլի: Ինչո՞ւ Ա.Մ.Ն. հեռացող ղեկավարութեան հետ, այս իշխանութիւնը կնքեց «ռազմավարական գործընկերութեան քարտէս» ըստ որի, ռազմական դիտորդներ պէտք է յայտնուեն Հայաստանի սահմանին, սակայն չեն նախատեսւում երկրի դէմ ծառացած սպառնալիքներին հակազդելու իրական մեխանիզմներ: Հէնց այս օրերին աչքի առաջ ունենալով աշխարհաքաղաքական հակամարտութեան արանքում փլուզուող Ուքրայինայի օրինակը, ինչո՞ւ է Հայաստանի իշխանութիւնը դիմում արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերի եւ որոշումների, որոնք նրան դարձնում են թիրախ գերտերութիւնների բախման մէջ, շօշափելի ոչինչ չեն տալիս փոխարէնը թշնամացնում են տարածաշրջանում դերակատար եւ հիմնարար շահեր ունեցող դաշնակիցների հետ: Հայաստանի իշխանութիւնը ի՞նչ հաշուարկով է կտրում այն ճիւղը, որի վրայ նստած է, դա անում է ի՞ր կամքով, թէ ենթարկւում է արտաքին այն ուժերի թելադրանքին, որոնց ազդեցութիւնից չի կարող ձերբազատուել: Ընդհակառակը, նրան ստիպում են անընդհատ փաստարկել, որ ինքը գնում է Ռուսաստանի հետ յարաբերութիւնների խզման, թոյլ չեն տալիս մօտենալու Իրանին, Չինաստանին եւ այլն: Ընդ որում, պահանջողները Ատրպէյճանի ու Թուրքիոյ հետ դաշնակից նոյն ուժերն են, որոնք Հայաստանի շահերի հաշուին ողջ Անդրկովկասը` ձգտում են ենթարկեցնել Թուրքատրպէյճանական տանդեմին ստեղծելով տարածաշրջանում իրենց ծրագրերի իրագործման բարենպաստ կացութիւն: Ակնյայտ է, որ ռուսական զօրքը Հայաստանի սահմաններից հեռացնելու պահանջի կատարումից յետոյ Հայաստանն առանց դիմադրութեան ընկնելու է Թուրքիայի գերիշխանութեան տակ: Եւ արդեօ՞ք հէնց այս հեռանկարը նկատի ունենալով չէ, որ Հայաստանի իշխանութիւնն այժմուանից հրաժարւում է մեր ինքնութեան բոլոր հիմնասիւներից` սկսած պատմական անցեալից, ցեղասպանութեան հարցից` ազգային կրթութիւնը, գիտութիւնը, մշակոյթը մերժելուց, հասնելով մինչեւ ազգային բառից հրաժարմանը:
Այնուամենայնիւ ինչո՞ւ ժողովրդի պետական-անվտանգային հարցերը ոտնահարելու հետ, իշխանութիւնը շարունակում է խորացնել ու ընդլայնել իր նկատմամբ հանրութեան անգամ լօյալ շերտերի դժգոհութիւնը` պարտադրելով ներքին կեանքում իրականացուող փոփոխութիւնների ծանր բեռը: Պէտք է ընդունել, որ իշխանութիւնը չի վախենում ժողովրդի հնարաւոր ընդվզումից: Իշխանութիւնը համարում է, որ ժողովրդական որեւէ նոր ընդվզում իր համար վտանգաւոր չէ, քանի դեռ այն տարին-տարուայ վրայ կրկնւում է նոյն սցենարով: Երբ հանրութեան լայն զանգուածները չեն հաւատում, թէ ազգային ուժերն իրատեսական եւ ծրագրուած գործողութիւններով կարող են սպառնալ իշխանութեանը, իսկ ազգային ուժերն այդ անելու համար անբաւարար են համարում ժողովրդական ըմբոստացման թափը եւ երկու կողմն էլ յայտնւում են փակ պատի առջեւ: Իշխանութիւնը տեսնում է, որ ընդդիմադիր դաշտում պայքարի սլաքները ոչ պակաս չափով ուղղուած են միմեանց դէմ եւ անհեռանկար է թւում այս դաշտի համախմբումը: Իշխանութիւնն իր միջոցներով խորացնում է անվստահութեան այս մթնոլորտը: Տարեվերջին նշել էինք․ «Ակնյայտ է, որ մեր գլխաւոր խնդիրը մենք ենք` հայ ժողովուրդը, որը, կամ հետեւելով նիկոլփաշինեանական հաւաքական անպատասխանատուութեան քարոզին, երկրի հետ կը գնայ կործանման, կամ ճիգ կ’անի փրկելու իրեն ու երկիրը»:
Մենք տեսնում ենք ինչ ճարպիկ մեթոդներով Նիկոլ Փաշինեանը կարողանում է պահպանել իր ապազգային թիմի ամբողջականութիւնը եւ նոյն ճարպկութեամբ վարկաբեկում, պառակտում է ազգային ճամբարի եւ երկրի առողջ, մտահոգ մեծամասնութեանը, վիժեցնում է համախմբման հնարաւորութիւնը:
Ամէն օր փողոցներում, խանութներում եւ այլուր իրենց ընդվզումն լսելի են հասարակական տարբեր շերտերի համարձակ բողոքները, սակայն փոքր հրաբուխների նմանուող բազմաթիւ ժայթքումները չեն վերածւում մեծ հրաբխի: Ճի՞շտ է արդեօք այն տեսակէտը, թէ համապատասխան առաջնորդի բացակայութիւնն է պատճառը: Իսկ ո՞վ է յաղթող առաջնորդը` նա, ով հրապարակ է գալիս իրատեսական, յաջորդական քայլերից բաղկացած ծրագրով, ինչպէս նաեւ տարբեր իրավիճակների համար փոփոխուող մարտավարութեան տարբերակներով: Այո, դժուար է փոխել իշխանութիւնը, երբ յեղափոխութիւնը կազմակերպուած չէ դրսից եւ չունի «դրսի» նիւթական, քաղաքական եւ այլ հովանաւորութիւնը, կամ թէ չի իրականացւում ներիշխանական պառակտման հետեւանքով: Դժուար է երկրում իշխանութիւն փոխելը, երբ ընտրում ես պայքարի օրինական ճանապարհը, իսկ իշխանութիւնը քո դէմ պայքարում է` ոտնակոխելով օրէնքն ու օրինականութիւնը:
Անցած վեց տարիների ընթացքում մենք մի քանի անգամ տեսել ենք իշխանութեան խուճապը ժողովրդական ըմբոստացումներից: Նման ընդվզումներին իշխանութիւնը հակադարձել է քաշուելով պատեանի մէջ եւ սպասելով մինչեւ ազգային ուժերը յայտնուելով ուժայինների պատի առջեւ կը սպառեն իրենց անելիքն ու ըմբոստացած զանգուածների համբերութիւնը: Միաժամանակ իշխանութիւնը ընտրել է ոչ թէ կրաւորական սպասման քաղաքականութիւնը, այլ իր ձեռքն է վերցրել նախաձեռնութիւնը, այս ու այնտեղ հարուածներ հասցնելով փորձել է զանգուածներին համոզել, թէ նրա առաջնորդներն անզօր են իշխանութեան ուժի առջեւ եւ, միւս կողմից, շեղել է, մասերի է բաժանել ընդդիմադիր ներուժը, ստիպելով գնալու տարբեր խնդիրների ետեւից (նորանոր ձերբակալուողների ազատ արձակման պահանջ, բողոքներ ոստիկանների դէմ, արձագանք տարբեր կալիբրի իշխանաւորների բարձրաձայնած հերթական անհեթեթութիւններին, իշխանական բանակի լայնածաւալ յարձակում շարժման դէմ, շարժման առաջնորդների վարկաբեկման արշաւ, ուշադրութեան շեղում դէպի բանակցային, սահմանային եւ արտաքին քաղաքական այլ խնդիրները):
Երկրի ղեկավարման գործում անկարող, իսկ քաղաքական ինտրիգանութեան հարցում յաջողակ Փաշինեանը ցայսօր կարողացել է լուծել ազգային ըմբոստացումները լռեցնելու իր խնդիրը, բլիթի ու ճիպոտի միջոցով միասնական պահելով իր թիմը եւ ազգային ճամբարում խաղալով քաղաքական մեծ յաւակնութիւններ ունեցող անհատների, մանր ու մեծ խմբերի թուլութիւնների վրայ, ինչպէս եւ քաղաքական ու հանրային դաշտերի միջեւ անվստահութիւն մտցնելու ճանապարհով:
Առնուազն ի՞նչ պէտք է անեն ազգային ուժերը երկիրը կործանարար այս փակուղուց դուրս բերելու համար:
– Նախ եւ առաջ պէտք է հրաժարուեն նստելուց եւ սպասելուց, թէ երբեւէ ողջ ժողովուրդը փողոց դուրս կը գայ` այդպէս չի լինում ոչ մի յեղափոխութեան ժամանակ, այլ ճիշտ հակառակ յաջորդականութեամբ: Ժողովրդական ուժը շոգին է, բայց գնացքը դէպի նախանշուած նպատակակէտ պէտք է առաջնորդի շոգեքարշը: Որքան յստակ լինի շոգեքարշի ընթացքը, այնքան կ’աւելանայ շոգու ուժը: Ճահիճը չի կարող ալեկոծուել, եւ պատը ճեղքեր չի տայ եթէ նստես ու սպասես դրանց, այդ ամէնը հնարաւոր է, եթէ կան նպատակակէտ տանող շղթային մաս կազմող իրարայաջորդ, բազմազան, գործողութիւններ:
Հայ ժողովուրդը արտաքին հովանաւորութեամբ պաշտպանուած բռնատիրական ռեժիմից կարող է ազատագրուել միմիայն համընդհանուր միասնականութեամբ, ընդհանուր նպատակի շուրջ բոլոր քաղաքական եւ այլ ուժերի համախմբմամբ, ինչն էլ կ’իրականանայ, եթէ միջոցն ու նպատակը յստակօրէն բանաձեւուեն եւ ամրագրուեն ըստ համապատասխան ճանապարհային քարտէզի: Միաժամանակ ժամանակաւորապէս հրաժարուելով գաղափարական կամ այլ բնոյթի տարբերութիւններից ու տարակարծութիւններից, որոնք կարող են հիմնական դաշինքների ձեւաւորման հիմք դառնալ անցումային փուլից յետոյ:
– Հասարակական դաշտի միաւորումը հնարաւոր է, եթէ տեղի է ունենում քաղաքական դաշտի, մտաւորականութեան, մշակութային եւ այլ ոլորտների ներկայացուցիչների համախմբումը: Սա իր հերթին հնարաւոր է, եթէ ի սկզբանէ յստակեցւում է, թէ ինչպէս է տեղի ունենալու ապագայ ազգային իշխանութեան ձեւաւորումը: Այս հարցում գիւտեր անելու անհրաժեշտութիւն չկայ` դրա օրինական ճիշտ եւ համընդհանուր մասնակցութեամբ իրականացումը հնարաւոր է միայն ընտրութիւնների ճանապարհով: Սակայն, որպէսզի նրանք, ովքեր այսօր առաջին գծում են, վաղը չդառնան նաեւ ընտրութիւնների կազմակերպողը, անհրաժեշտ է ի սկզբանէ յստակեցնել արդար (հաւասար ելակետային հնարաւորութիւններով) ընտրութիւնների անցկացման մեխանիզմների հարցը:
– Մինչ ընտրութիւնների անցկացման եւ իշխանութեան ձեւաւորման սահմանագիծը, Սրբազան պայքարը կարող է հանդիսանալ միասնականութեան եւ գործակցութեան ոգով տեղի ունեցող գործընթացների օրինականութեան գլխաւոր երաշխաւորը:
– Պէտք է յայտարարուի, որ ապազգային իշխանութիւնների ինքնապահպանմանն ուղղուած ապօրինութիւնների համար իշխանափոխութիւնից յետոյ պատախանատու են լինելու բոլոր նրանք, ովքեր այդ ընթացքում կը շարունակեն մաս կազմել յանցաւոր թիմին, եւ պատախանատուութեան չեն ենթարկուի նրանք, ովքեր երկրի համար ճակատագրական պահին կը լինեն ժողովրդի կողքին:
– Պէտք է յայտարարուի, որ տարիներ շարունակ հասարակութեան մէջ ատելութիւն սերմանող, կեղծիքներ տարածող, ժողովրդին պառակտող, քաղաքական եւ հանրային դաշտի ներկայացուցիչներին վարկաբեկող իշխանութեան ստեղծած ֆեյք»-երի գործարանի ներկայացուցիչներն իշխանափոխութիւնից յետոյ խստագոյն պատասխանատուութեան են ենթարկուելու իրենց յանցաւոր գործունէութիւնից օր առաջ չհրաժարուելու դէպքում:
– Անհրաժեշտ է մերկացնել եւ ամենօրեայ պարսաւանքի ենթարկել արդարադատութեան համակարգի եւ ուժային կառոյցների այն ներկայացուցիչների գործունէութիւնը, որոնք իշխանութեան հրահանգով մասնակցում են ազգային ուժերի եւ հասարակական գործիչների նկատմամբ ձեռնարկուող հետապնդումներին, ֆիզիքական բռնութիւններին եւ կեղծ դատավարութիւններին:
– Ազգային ուժերը պէտք է վերահաստատեն աւանդական եւ մնացած դաշնակիցների հետ հաւասարակշիռ եւ կանխատեսելի փոխգործակցութիւնը շարունակելու հաստատակամութիւնը:
Կրկնենք, Նիկոլ Փաշինեանի ստեղծած հակապետական հակազգային իշխանութիւնը շարունակում է գոյատեւել իր հաստատած բռնիշխանական համակարգի շնորհիւ, եւ ազգային ուժերի անմիաբանութեան, ժողովրդի ու ազգային ուժերի միջեւ եղած վստահութեան պակասի պատճառով: Պէտք է հասկանալ, որ այս պայմաններում նրանք, ովքեր պէտք է իշխանութեան դէմ պայքարը շեղեն ներազգային եւ ընդդիմադիր ուժերի միջեւ պարզաբանումների դաշտ, նրանք, ովքեր օրուայ ճակատագրական հարցերը թողած հանրութեան ուշադրութիւնը կը շեղեն դէպի «նախկիններ» եւ կը խառնեն տարբեր հարցերն իրար, կամայ թէ ակամայ ջուր կը լցնեն իշխանութեան ջրաղացին եւ կ’օգնեն երկարաձգելու նրա կործանարար գործունէութիւնը:
Իհարկէ շարադրուածը «դրօշակիէ մօտեցումն է, եւ մենք չենք յաւակնում դիտարկելու դրանք որպէս անվերապահօրէն ընդունելի կամ ամբողջական դիրքորոշումներ: Գուցէ եւ միասնական ուժերով հնարաւոր է ստեղծել տարբեր, մանրամասն եւ կատարեալին մօտ մի ծրագիր: Գլխաւորն ազգային փրկութեան ծրագրի շուրջ համընդհանուր միասնականութեան կայացումն է, որի անհրաժեշտութեան մէջ շահագրգիռ են բոլորը, բացի իշխանութիւններից, նրանց արբանեակներից եւ երկրի կործանման հաշուին սեփական հանգստութիւնն ապահոված փոքրամասնութիւնից: Ժամանակի թաւալգլոր ընթացքը մեր եւ մեր պետութեան օգտին չէ, եւ ժամանակի հրամայականն է անկումի ընթացքի կասեցումը, երկրի նոր վերածննդի հիմքերի ձեւաւորումը:
Մենք այսօր ապրում ենք մի իրականութեան մէջ, երբ քաղաքական եւ բարոյական առումով սպառուած իշխանութիւնն արժանանում է համընդհանուր անհանդուրժողութեան, յեղափոխութեան ստուերը հետապնդում է սպառուած համբերութեամբ ժողովրդին, ազգային ուժերը, իւրաքանչիւրն իր զանգակատնից անընդհատ ազդարարում է պայքարի անհրաժեշտութեան մասին, սակայն բոլոր այս հանգամանքները չեն բորբոքում Սրբազան պայքարը, չեն ծնում յեղափոխութիւն: Պայքարի անհրաժեշտութիւնը ոչ թէ մենաշնորհ, այլ պարտականութիւն ու պատասխանատուութիւն է բոլոր նրանց համար, ովքեր յաւակնում են խօսելու պետութեան եւ ժողովրդի շահերի պաշտպանութեան մասին: