Տիգրան Չանտոյեան
Երեւան
Հինգշաբթի օրը սկսուել է Թուրքիոյ նախագահի եւ խորհրդարանի նոր կազմի ընտրութեան քուէարկութիւնն արտասահմանում: Կեդրոնական ընտրական յանձնաժողովի աւելի վաղ ընդունած որոշման համաձայն` 75 երկիրներում բացուել են 156 ընտրատեղամասեր: Դրանք գտնւում են թուրքական դիւանագիտական ներկայացուցչութիւններում: Հանրապետութեան սահմանակէտերում, ցամաքային անցակէտերում, օդանաւակայաններում եւ ծովային նաւահանգիստներում ստեղծուել է արտասահման մեկնողների կամարտայայտման 4,6 հազար կէտ: Թուրքիոյ սահմաններից դուրս կարող են քուէարկել աւելի քան 3,6 միլիոն քաղաքացիներ: Քուէարկութիւնն արտասահմանում եւ սահմանակէտերում կ’աւարտուի Մայիս 9-ին, ինչից յետոյ բոլոր ընտրաթերթիկները կը հաշւուեն եւ կ’ուղարկուեն կեդրոն: Ընտրատեղամասերը բաց են լինելու շուրջօրեայ` ինչպէս մեկնողների, այնպէս էլ հանրապետութեան սահմաններից դուրս գտնուող քաղաքացիների համար: Արտասահմանում ներկայ ընտրութիւններում առաջին անգամ կը կարողանան քուէարկել աւելի քան 277 հազար թուրքեր:
Քուէարկողներին կը տրուի երկու ընտրաթերթիկ` նախագահի թեկնածուների եւ կուսակցութիւնների ցուցակի: Կուսակցական ընտրաթերթիկը մէկ մեթրից աւելի երկարութիւն ունի, ինչը պայմանաւորուած է նրանով, որ ընտրութիւններին մասնակցում է 26 կուսակցութիւն, իսկ ընտրաթերթիկում կուսակցութեան անուանումն է, նրա խոշոր նշանակը եւ տրուելիք ձայնի տեղը: Տեղամասում գրանցուելուց յետոյ ընտրողին կը տրուեն կնիքներ` «այո» բառով, որոնք նա պէտք է դնի ընտրաթերթիկի համապատասխան տեղում: Ձայնը չի հաշւուի, եթէ քուէարկողը չնշի ոչ մի թեկնածուի, կնիքը դնի տարբեր դաշինքների մէջ մտնող կուսակցութեան դիմաց կամ ինչ-որ ձեւով փճացնի քուէաթերթիկը:
Թուրքիայում նախընտրական քարոզարշաւը լարուած է ընթանում, երկրի շրջաններում տեղի են ունենում զինուած յարձակումներ կուսակցութիւնների շէնքերի վրայ: Իշխող «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութիւնը գրասենեակներից մէկն աւելի վաղ յարձակման էր ենթարկուել Պոլսում։ Երկու յանցագործները Պահչելիեւլեր շրջանում անցել են կուսակցութեան շէնքի կողքով եւ հինգ անգամ օդ կրակել: Կուսակցութեան գրասենեակի վերին յարկում յայտնաբերուել են չորս փամփուշտի հետքեր: Նմանատիպ յարձակում է տեղի ունեցել նաեւ «Լաւ» կուսակցութեան (İyi parti) դէմ, որի առաջնորդ Մերալ Աքշեները դրանում մեղադրել է իշխանութիւններին: Աքշեները յայտարարել է, որ Էրտողանը ընդդիմութեան միաւորման շնորհիւ Էրտողանը յոյսեր չունի ընտրուելու: Նա շեշտել է, որ Մայիսի 14-ի երեկոյեան Էրտողանին թոշակի են ուղարկելու ընտրութիւնների արդիւնքներով:
Իսկ «Լաւ» կուսակցութեան փոխնախագահ Ահմետ Քամիլ Էրոզանը յայտարարել է, որ Թուրքիան պարտաւոր չէ պահպանել Ռուսաստանի դէմ արեւմտեան երկրների սահմանած պատժամիջոցները, որոնց որոշումների կայացման մեքանիզմներին ինքը չի մասնակցում: «Թուրքիան Արեւմուտքի մի մասն է, սակայն սեփական սկզբունքներից ելնելով` մեր երկիրը պարտաւոր չէ ենթարկուել միջազգային կազմակերպութիւնների որոշումներին, որոնց կայացման մեքանիզմներին նա չի մասնակցում»,-ասել է Էրոզանը եւ նշել, որ Եւրոմիութեան երկրները պատժամիջոցնէր սահմանելու մասին որոշումներն ընդունել են առանց Թուրքիոյ ներկայացուցիչների: Նրա խօսքով` Թուրքիոյ եւ Ռուսաստանի համատեղ նախագծերի ապագան կախուած է ոչ թէ ուրիշների սպասումներից, այլ ազգային որոշումներից եւ երկու երկրների միջեւ նոր բանակցութիւններից, որոնք կարող են անհրաժեշտ լինել դրանց իրականացման համար: Նա ընդգծել է, որ Թուրքիան Եւրոմիութեան անդամ չէ եւ կապուած չէ պատժամիջոցային որոշումների ընդունման նրանց մեքանիզմի հետ: Նա յաւելել է, որ Թուրքիան ստիպուած կը լինի հետեւել եւրոմիութեան պատժամիջոցներին, եթէ ապագայում երբեւէ միանայ միութեանը, սակայն ներկայումս երկիրն այլ կերպ կը գործի:
Ինչպէս արդէն անդրադարձել ենք, Թուրքիայում ընտրական քարոզարշաւը առանց գերտերութիւններին «ներգրաւելու» չի անցնում: Վերոնշեալը դրա դրսեւորումներից է: Դրա դրսեւորումներից է նաեւ «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութեան կողմից պատգամաւորի թեկնածու առաջադրուած Թուրքիոյ ներքին գործոց նախարար Սուլեյման Սոյլուի որդեգրած խօսոյթը: CNN-ին տուած հարցազրոյցում նա յայտարարել է, թէ Ամերիկան ցանկանում է Թուրքիոյ կողքին ահաբեկչական պետութիւն ստեղծել: Նրա խօսքով` Թուրքիան դրա դէմ խոշոր գործողութիւններ է իրականացրել: Սայլուն ասել է, որ պայքարելով ահաբեկչութեան դէմ` Թուրքիան իրականում պայքարում է Ա․Մ․Ն․-ի դէմ: «Մենք հետապնդում ենք բոլորին, բոլոր կազմակերպութիւններին, ինչպիսին են Ֆեթուլլահ Կիւլենի կազմակերպութիւնը եւ նրա կողմնակիցները, Քիւրտիստանի ազատագրութեան բանակը: Մենք չենք պայքարում այս կազմակերպութիւններուն դէմ, մենք պայքարում ենք Ա․Մ․Ն․-ի դէմ: Մի՞թէ մենք այնքան միամիտ ենք, որ չգիտենք դա: Մենք դա գիտենք: Ա․Մ․Ն․-ն ցանկանում է այնտեղ ստեղծել ահաբեկչական պետութիւն»,- ասել է նա: Սոյլուն նաեւ ասել է, որ Կեզիում տեղի ունեցած իրադարձութիւններին յաջորդած գործընթացները յանգեցրել են ներդրումների կրճատման, ինչը խորացել է Պսակաձեւ ժահրի հետեւանքներով եւ որ Թուրքիան լուրջ գաղթի հոսքի է բախուել: Բնականաբար այս մեղադրանքների թիրախը եւս Ա․Մ․Ն․-ն է:
***
Ռուսաստանի Դաշնութեան, Իրանի, Սուրիոյ եւ Թուրքիոյ պաշտպանութեան նախարարները Մոսկուայում քննարկել են Սուրիայում անվտանգութեան ամրապնդման եւ Թուրքիոյ հետ յարաբերութիւնների կարգաւորման հարցերը: Ապրիլ 25-ին Մոսկուայում տեղի ունեցած Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի եւ Թուրքիոյ պաշտպանութեան նախարարների միջեւ քառակողմ բանակցութիւնների ընթացքում քննարկուել են գործնական քայլեր` Սուրիայում անվտանգութեան ամրապնդման եւ յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ:
Յատուկ ուշադրութիւն է դարձուել ահաբեկչական սպառնալիքների բոլոր դրսեւորումներին դիմակայելու, Սուրիոյ տարածքում բոլոր ծայրայեղական խմբաւորումների դէմ պայքարի հարցերին: Պաշտպանութեան գերատեսչութիւնների ղեկավարներն ընդգծել են այս ձեւաչափով կայացած երկխօսութեան կառուցողական բնոյթը եւ այն շարունակելու անհրաժեշտութիւնը` ի շահ Սուրիայում եւ ամբողջ տարածաշրջանում իրավիճակի յետագայ կայունացման»: Նախարարները նաեւ քննարկել են Սուրիոյ տարածքից թրքական զօրքերի դուրսբերումը եւ M4 միջազգային մայրուղու վերաբերեալ համաձայնագրի իրականացումը:
Թուրքիոյ ազգային պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը օգտակար եւ դրական է անուանել Սուրիոյ վերաբերեալ մոսկովեան բանակցութիւնները եւ յոյս ունի, որ դրանք կը շարունակուեն առաջիկայում: «Այդ հանդիպումները եւ խորհրդակցութիւններն օգտակար էին եւ դրական: Կարեւոր աւանդ է ներդրուել: Մենք համաձայնել ենք կողմերի հետ, որ այդ ջանքերն անհրաժեշտ են տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան եւ հանդարտութեան հաստատման համար: Մենք յոյս ենք յայտնել, որ բանակցութիւնները կը շարունակուեն առաջիկայում»,- ասել է Աքարը: Իսկ արտաքին գործոց նախարար Չաւուշօղլուն յայտնել է, որ Մայիսի սկզբին նախատեսուած էր Թուրքիոյ եւ Սուրիոյ նախագահների միջեւ հանդիպում, սակայն ծրագրերը փոխուեցան, քանի որ Իրանի նախագահն է այդ ժամանակ մեկնելու Սուրիա: Ըստ Չաւուշօղլուի` կողմերը աշխատում են Էրտողան-Ասատ հանդիպման ժամանակացոյցի վրայ:
***
Էրտողանը Սուտանում զինուած հակամարտութեան կողմերին առաջարկել է բանակցութիւններ անցկացնել Անգարայում եւ քննարկել հակամարտութեան դադարեցման պայմանները:
Երկրի փաստացի առաջնորդ, բանակի հրամանատար Ապտել Ֆաթթահ Ալ-Պուրհանի գլխաւորութեամբ Սուտանի զինուած ուժերի եւ Արագ Միջամտութեան Ուժերի հրամանատար Մոհամէտ Համտան Տակալոյի միջեւ, որը յայտնի է Հեմեթի անունով, հակամարտութիւնը Ապրիլ 15-ի առաւօտեան անցել է բաց փուլ: Վերջին երկու օրուայ ընթացքում բանակցութիւններ կազմակերպելու համար Էրտողանը բազմիցս զանգահարել է Հեմեթիին եւ Ալ-Պուրհանին: Կողմերը դեռ հանրութեանը չեն տեղեկացրել առաջարկի վերաբերեալ իրենց վերաբերմունքի մասին, սակայն Ապրիլ 23-ին արագ արձագանգման ուժերի ղեկավարն ասել է, որ պատրաստ է երկխօսութիւն վարել Սուտանի զինուած ուժերի հրամանատարութեան «յարգելի» անդամների հետ, բայց ո՛չ Ալ-Պուրհանի հետ:
Մէկ այլ դիւանագիտական նուաճում է Իրանի շահերի ներկայացումը Ալպանիայում` Թուրքիոյ դիւանագիտական կազմի միջոցով: Իրանի արտաքին գործոց նախարարութիւնը համաձայնել է Թուրքիայի միջոցով Ալպանիայում իրանական շահերի գծով բացմանը եւ շնորհակալութիւն է յայտնել Անգարային այդ հարցում ծառայութիւնների համար:
***
Թուրքիոյի ոստիկանութիւնը ձերբակալել է Քիւրտիստանի ազատագրութեան բանակի հետ կապի մէջ կասկածուող 110 անձի: Գործը իրականացուել է աւելի քան 20 նահանգում, սակայն կենտրոնացած է եղել Տիարբեքիրում (Տիգրանակերտ): Մասնաւորապէս, յարձակումներ են իրականացրել Պուրսայում, Սղերդում, Մարտինում, Այնթապում, Պոլսում, Պինկէօլում, Զմիւռնիայում, Մերսինում, Ուրֆայում, Վանում, Մուշում, Պիթլիսում, Սվազում, Մալաթիայում, Անգարայում եւ Ատըյամանում: Թրքական լրատուամիջոցների տուեալներով` ձերբակալուածների թւում կան տասնեակ քաղաքական գործիչներ, լրագրողներ, իրաւաբաններ: Յատկանշական է, որ ձերբակալութիւններն իրականացուել են Թուրքիայում կայանալիք համընդհանուր ընտրութիւններին ընդառաջ:
***
Ատրպէյճանը եւ թրքական «Պայրաքտար» ընկերութիւնը ստորագրել են անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրութեան մտադրութեան արձանագրութիւն: Փաստաթուղթը ստորագրել են գլխաւոր տնօրէն Հալուք Պայրաքտարը եւ Ադրբեջանի պաշտպանութեան փոխնախարար Աքիլ Ղուրպանովը:
Թրքական արտադրութեան գերձայնային ինքնաթիռը կատարել է իր առաջին թռիչքը: Գերձայնային ռէակտիւ ինքնաթիռը մշակել է թրքական Havacılık ve Uzay Sanayii (TUSAŞ) ընկերութիւնը:
Պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը տեղեկացրել է․ որ Թուրքիոյ բանակըտեղական արտադրութեան «Ալթայ» մարտական կրասայլերը կը ստանան այս օրերուն: Հրասայլի արտադրութիւնը նախատեսւում էր սկսել 2020-ին, բայց Գերմանիան արգելք հանդիսացած էր եւ այդ պատճառաւ ուշացում արձանագրուած էր։