ՀՀ նախագահ՝ Սարգսեան, Երեքշաբթի Հոկտեմբեր 13-ին, ընդունեց »Գալուստ Կիւլպէնկեան« հիմնարկի Լոնտոնի գրասենեակի տեսուչ, Բրիտանիոյ եւ Իրլանտայի հայ համայնքներու բաժանմունքի ղեկավար, մեծ բարերար, Գալուստ Կիւլպէնկեանի ծոռ Մարթին Եսայեանը եւ հայկական բաժանմունքի ղեկավար Զաւէն Եկաւեանը:
Հանդիպումին ընթացքին քննարկուեցան հայապահպանման վերաբերող հարցեր:
»Մենք բարձր ենք գնահատում »Կիւլպէնկեան« հիմնարկի գործունէութիւնը, որուն, բնականաբար ես քաջատեղեակ եմ. բարձր ենք գնահատում հիմնարկի կողմից ոչ միայն Հայաստանի ներսում կատարուածն, այլեւ ողջ աշխարհում մեր շահերի պաշտպանութեան, հայապահպանութեան ուղղութեամբ աշխատանքը: Չափազանց կարեւորում ենք հաստատութեան կրթական ծրագիրը եւ այն համարում համահունչ Հայաստանի զարգացման մեր պատկերացումներին: Հայաստանում վերջերս ստեղծել ենք Լոյս հիմնադրամը, որը կրթաթոշակ է տրամադրում աշխարհի լաւագոյն տասը բուհերն ընդունուած հայ երիտասարդներին, եւ կարծում եմ, այստեղ կարող է լինել համագործակցութեան լայն դաշտ«: ըսաւ նախագահ Սարգսեան:
Նախագահը շնորհակալութիւն յայտնեց Մարթին Եսայեանին (նախագահ՝ Սարգսեանի կողքին) եւ Զաւէն Եկաւեանին (ձախին) իրենց հայանպաստ եւ ազգանուէր գործունէութեան համար: Նշենք թէ Սեպտեմբեր 17-ին, Հայաստանի վերանկախացման 18-ամեակին առթիւ, յատուկ հրամանագրով մը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրուած էր հիմնարկի հայկական բաժնի պատասխանատու տոքթ. Զաւէն Եկաւեան:


