Լինել Արժանի Ժառանգորդը

«Դրօշակ» Թիւ 5, 2026
Առաջնորդող Յօդուած
Ապրիլեան տխուր ու ճնշող հոգեվիճակին, կարծես մի վերին նախախնամութեամբ, հետեւում է մայիսեան ոգեկոչումների, հոգեպէս ամրապնդուելու, զօրեղանալու, սեփական պատմութեամբ եւ մեր պատմական ինքնութեամբ ոգեղէն վերածնութեան ժամանակը: Այդպէս եղել է տասնամեակներ շարունակ, եւ այլ կերպ չէր կարող լինել, եթէ հայ ժողովուրդը ցանկանում էր ապրել եւ ոչ թէ ընկրկել ճակատագրի հարուածների, մեզ բաժին հասած ոչ դիւրին ճակատագրի դէմ: Այն երբեք չի եղել ինքնախաբէութիւն, այլ` միանգամայն արդարացուած հոգեվիճակ եւ ձգտում, ինչի առհաւատչեան մեր բազում յաղթանակներն են, ձեռքբերումները, նուաճումներն ու արարումները:
Վերջապէս, այն գրեթէ 2000-ամեայ մաքառումներից յետոյ հայ ժողովրդի գոյութիւնն ու ներկայութիւնն է պետականութեամբ օժտուած յաղթական ժողովուրդների կողքին: Մի՞թէ անհաւատալի սխրանք չէ 1918 թ. մայիսին` չաւարտուած ցեղասպանութեան պայմաններում, անկախ պետականութեան հռչակումը` որպէս Ա. հանրապետութիւն: Չնայած թերահաւատ շուրթերից երբեմն հնչող մոլոր մտքերին` ոչ մի կասկած չի կարող լինել, որ անկախութիւնն ուղղակի արդիւնքն էր մայիսեան անօրինակ յաղթանակների` Սարդարապատի, Ապարանի եւ Ղարաքիլիսէի սխրանքի:
Իսկ եթէ արտաքին ուժերը ցանկանային մեր ինքնահաստատումն ու անկախութիւնը, չէին ձեռնարկի կամ թէ կը կանխէին լայնածաւալ արշաւանքները փոքրացած ու ջլատուած Արեւելահայաստանի դէմ:
Չլինէին մայիսեան յաղթանակները` ծվատուած ու բզկտուած երկիրը բաժան-բաժան էին անելու վրացիք ու կովկասեան թաթարները:
Վերջին տասնամեակներին մեր հպարտութիւնն իրաւացիօրէն բազմապատկուեց նոր Սարդարապատի` Արցախի ազատագրման իրողութեամբ: Որքան էլ անհաւատալի թուայ, սակայն անկրկնելի փաստ է, որ 150.000 բնակչութեամբ Արցախը, չորս կողմից շրջափակման մէջ գտնուելով, կարողացաւ յաղթել 7 միլիոնանոց Ատրպէյճանին: Այո՛, այդ գործում հայութիւնը աջակցեց նրան, բայց անժխտելի է, որ արցախահայութիւնը միայնակ ընդունեց իր վրայ պատերազմի ողջ արհաւիրքը, դիմակայեց ու դիմագրաւեց անհամեմատ մեծ ուժին: Սեփական պատմութեամբ ու արժէքներով հպարտանալը սնափառութիւն չէ. աշխարհի ժողովուրդները բոլոր ժամանակներում էլ ամուր լինելու, դժուարութիւնները յաղթահարելու եւ առաջ գնալու համար զօրացել են` սնուելով ու ամրանալով սեփական պատմութեան ակունքներից:
Եւ այսօր էլ ուրիշ յիմարացածներին խաբելով վերազգային գայթակղիչ գաղափարներով` աշխարհի հզօրներն իրենց պատմութեան հետ են, սեփական ինքնութեան փառաբանումը չեն համարում ազգայնամոլութիւն, նեղմտութիւն կամ յետամնացութիւն:
Եւ հակառակը, սեփական ուժի ու ինքնութեան աղբիւրից հրաժարումը, հերոսական անցեալը, յաղթանակներն ու հայրենասիրական դաստիարակութեան մերժումը մարդկանց եւ ժողովուրդներին զրկում է ոտքի տակի ամուր հողից, դարձնում է գաղափարապէս ու ոգեպէս սնանկ, հետեւաբար եւ տկար ու ճորտական կախման մէջ է գցում օտարից, ստրկամտօրէն ապաւինելու է մղում վերջինիս ողորմածութեանը: Ճիշդ նոյն գաղափարախօսութիւնը դաւանեց Հայաստանում իշխանութեան հասած ուժը, որն իր առաջնորդի բերանով ասում է. «Պատմական Հայաստանն ու ներկայ Հայաստանը հակադրութեան մէջ են իրար հետ, պատմական Հայաստանը վտանգում է ներկայ Հայաստանի գոյութիւնը»:
Մերժելով սեփական պատմութիւնը, չհաւատալով սեփական ժողովրդի ներուժին` այս իշխանութիւնը փորձեց օտարին ենթարկուելու եւ նրա կամքը անվերապահօրէն կատարելու ճանապարհով վերացնել իր երկրի նկատմամբ վերջինիս յարձակողապաշտ յաւակնութիւններն ու այդ մարտավարութեամբ հասնելու խաղաղութեան: Թէեւ կոպիտ կը հնչի այս օրինակը, կարծում եմ, սակայն, շատ նման է տուեալ հոգեվիճակին` բռնաբարուողը կարող է չէզոքացնել բռնաբարել ցանկացողի մտադրութիւնը` դադարեցնելով դիմադրութիւնը եւ ամբողջովին ենթարկուելով վերջինիս… Ի հարկէ դա չի նշանակում, թէ նա կը խուսափի անարգումից ու նուաստացումից եւ կը մարի իրեն հարճի վիճակի մէջ պահելու վերջինիս ցանկութիւնը:
Իսկ մի՞թէ նոյն հոգեբանական վիճակի մէջ չեն Հայաստանի իշխանութիւնների եւ հայութեան երէկուայ թշնամիների «բարեկամական» փոխյարաբերութիւնները: Հայաստանի իշխանութեանը ծաղրում են, յայտարարում են, որ նրանց ղեկավարած երկիրն իրենց է պատկանում, եւ սա երեւի աշխարհի միակ իշխանութիւնն է, որը լուռ տանում է այդ ամէնը, օրինականօրէն չի ընդվզում եւ շարունակում է թութակի նման բարբաջել խաղաղութեան մասին: Ոխերիմ բարեկամը պարտադրում է նորանոր զիջումներ, եւ Հայաստանի իշխանութիւնը կատարելով դրանք` սեփական ժողովրդին փորձում է համոզել, թէ այդ ամէնն ինքն անում է իր իսկ կամքով:
Ինչպիսի՛ զուգադիպութիւն. Ատրպէյճանը Հայաստանից պահանջում է փոխել սահմանադրութիւնը եւ հրաժարուել Հռչակագրից, իսկ Հայաստանի իշխանութիւնը նոյն ժամանակ ինքն է որոշում փոխել պետական կարգը սահմանող երկրի գլխաւոր փաստաթուղթը: Ատրպէյճանի ղեկավարութիւնը իր մօտ դատում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը, իսկ Հայաստանի իշխանութիւնը զուգադիպութեամբ այդ ղեկավարութեանը դատում ու հալածում է Հայաստանում: Ատրպէյճանը չի ճանաչում Արցախի հայկական գոյութիւնը, նրա պատմութիւնը, նրա ղեկավարութեանը, նոյնը` Հայաստանի իշխանութիւնը: Ատրպէյճանը մերժում է Հայ առաքելական եկեղեցին եւ սփիւռքը, ի հարկէ, այդ ամէնը Թուրքիայի հետ միասին, եւ նոյնը, «բոլորովին անկախ ձեւով», անում է Հայաստանի իշխանութիւնը: Թուրքական դաշինքը ժխտում է հայոց պատմական իրաւունքները, արժէքները, Ցեղասպանութեան խնդիրը, եւ նոյնն անում է Հայաստանի իշխանութիւնը` հասնելով մինչեւ Մեսրոպ Մաշտոց, յայտարարելով, թէ այսօրուայ Հայաստանի տարածքում օտար պետութիւններ են եղել, հայութիւնը փոքրամասնութիւն է եղել: Ի՜նչ զարմանալի զուգադիպութիւններ:
Չափազանցուած չէ, որ մի քանի օրից սպասուող ընտրութիւնները հայ ժողովուրդն ու ազգային ուժերը համարում են ճակատագրական` ընտրութիւն Հայաստանի մնալու կամ Ատրպէյճան դառնալու միջեւ: Այսօր արդէն Հայաստանի համար սկսուել են այն աղէտալի հետեւանքները, որոնք կործանարար բնոյթ են ստանալու, եթէ յանկարծ Հայաստանի իշխանութիւնն այլեւայլ ճանապարհներով յաջողացնի վերարտադրուել: Արդէն իսկ տարածաշրջանի գլխաւոր ազդեցիկ ուժը որոշել է համարժէքօրէն արձագանգել Հայաստանի իշխանութիւնների հակառուսական քայլերին, եւ արդէն իսկ տեսանելի է, որ անհամեմատ թոյլ ներուժով Հայաստանին սպառնում է Ուքրանիայի ճակատագիրը:
Ատրպէյճանն ու Թուրքիան հետեւողականօրէն ամէն ինչ արեցին Հայաստանին կտրելու եւ հակադրելու համար դաշնակից Ռուսաստանին, որպէսզի զրկեն նրան հնարաւոր աջակցութիւնից, իսկ իրենք ճկուն ձեւով շարունակում են բարեկամութիւն խաղալ նոյն Ռուսաստանի հետ: Հայաստանին թուրքաԱտրպէյճանական դաշինքի, ինչպէս եւ Արեւմուտքի կողմից թելադրուած է դանդաղօրէն խզել կապերը ԵԱՏՄ-ի հետ, եւ ՔՊ-ական իշխանութիւնը ծրագրաւորուած ձեւով իրականացնում է այդ պահանջը:
Ընտրութիւններում յաղթելու դէպքում այս ուժը Հայաստանը դուրս է բերելու նաեւ ՀԱՊԿ-ի կազմից, որից յետոյ երկիրը լիարժէք կերպով կ՛ընկնի Ատրպէյճանաթուրքական ռազմաքաղաքական ազդեցութեան տակ` նմանուելով այն վիճակին, որի մէջ էր Արեւմտեան Հայաստանը` Ցեղասպանութեան նախօրեակին: Հայաստանի իշխանութեանը թելադրուած է խզել բոլոր այն կապերը, որոնք նրան կապում են Ռուսաստանի հետ, որպէսզի կարողանան վերջնականօրէն դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից: Հայաստանի նիկոլական իշխանութեան պահպանման դէպքում խզուելու են կապերը «Ռուսկազարդ»-ի հետ, փակուելու է հայկական հիւլէական կայանը, երկաթուղու կառավարման իրաւունքը վերցուելու է Ռուսաստանից: Այս քայլերից, ինչպէս եւ երկրի առջեւ ռուսական շուկայի փակուելուց յետոյ Հայաստանը յայտնուելու է շատ աւելի վատ վիճակում, քան էր անցած դարի 90-ականների առաջին տարիներին:
Հայաստանի արկածախնդիր իշխանութիւնը Ռուսաստանի հետ ունեցած կապերը ցանկանում է փոխարինել գլխաւորաբար Ատրպէյճանի ու Թուրքիայի հետ կապերով: Ռուսաստանի գիւղատնտեսական շուկայի փակուելուց յետոյ մեռնելու է հայկական գիւղատնտեսութիւնը եւ նրան փոխարինելու է Թուրքական էժան գիւղարտադրանքը` զանգուածօրէն քայքայելով հայկական գիւղը, իսկ գիւղացուն մղելու է արտագաղթի կամ վերածելու է օտարի երկիրը շէնացնող խոպանչու:
Ոչ մէկի համար գաղտնիք չէ, որ տնտեսութիւնը քաղաքականութեան բաղկացուցիչ մասն է, եւ մեծ խելք պէտք չէ պատկերացնելու համար, որ տնտեսական այդ կախումների դիմաց Հայաստանից այնպիսի զիջումներ են պահանջելու, որ երկրի անունը կը մնայ միայն… Եթէ ի հարկէ չվերանուանուի Արեւմտեան Ատրպէյճան:
Զարմանալի զուգադիպութեամբ, թէ պարտադրանքով, Հայաստանի իշխանութիւնը պատրաստւում է վերարտադրուելու դէպքում փակել 229 դպրոց, ի դէպ, որոնցից 48-ը Սիւնիքի 100 դպրոցների շարքում են: Կարելի է պատկերացնել, թէ հիմնականում սահմանային կամ հեռաւոր այդ դպրոցների փակումից յետոյ ինչպէ՛ս են դատարկուելու ռազմավարական նշանակութեան տուեալ տարածքները: Հայաստանի իշխանութիւնը քայլ-քայլ քայքայում է Հայաստանի ազգային ակադեմիան, ընտրութիւններից յետոյ նա փակելու է 42 ակադեմական հիմնարկները` իբր թէ գիտնականներին ուղարկելով բուհեր: Այնինչ իրենք` բուհերն, այսօր աշխատում են թերի ծանրաբեռնուածութեամբ եւ դժուարութեամբ են պահում սեփական դասախօսական կազմերին: Հետեւաբար այս քայլն ամբողջովին ցրիւ կը տայ երկրի գիտական ներուժը:
Ժողովրդին անվերջ ու ամէնուր սէր խոստովանող իշխանութեանը բացարձակապէս չի յուզում, թէ իր կատարած քայլերի վերաբերեալ ի՛նչ կարծիք ունի նոյն ժողովուրդը:
Ինչ վերաբերում է աւանդական կապերը նորերով փոխարինելու քայլերին, այս պահին իշխանութեան իրականացրածն ուղղակիօրէն նշանակում է կտրել այն ճիւղը, որի վրայ նստած են: Վրաստանի, Ուքրանիայի եւ ուրիշ երկրների օրինակը կարող է վկայել, թէ որքա՛ն է իրական եւրոպական տարազ հագնելու հեռանկարը, եւ որքանո՛վ է իրական, որ Եւրոպան իր յագեցած շուկաներում տեղ կ՛անի նաեւ հեռաւոր Հայաստանից հասցուած մթերքների համար: Նոյն չափով հեքիաթ է, որ Արեւմուտքն իր զինուած ուժերը կ՛ուղարկի մեզ պաշտպանելու: Եւրոպային այս տարածաշրջանում ներկայացնում է Թուրքիան: Նրանք, որոնք փրփուրը բերանին առաւօտից գիշեր Ռուսաստան են հայհոյում իրենց հայրենասիրութեան եւ իմաստնութեան բարձր մակարդակը ցոյց տալու համար, լաւ կը լինէր մտածէին, թէ իրենց տակի ճիւղը կտրելուց յետոյ ինչի՛ վրայ են նստելու: Թւում է, որ այդ փքուն խօսքերի ետեւում թաքցւում են նիկոլականի կերպարները, կամ թէ` ոմանք հաշուետուութիւն են տալիս Արեւմուտքին` ստացած փողերի համար:
Ինչ վերաբերում է իշխանութեան գործողութիւններին, ապա դրանցում ազգային-պետական շահեր փնտռելն անիմաստ զբաղմունք է: Իշխանութիւնն ու նրա վրայ առաջնորդը կաշուից դուրս գալով` փորձում են արտաքին շահագրգիռ ուժերին ապացուցել, որ պատրաստակամ են նրանց իւրաքանչիւր պահանջի կատարմանը` վերջիններիս աջակցութեան դիմաց: Այդ պատճառով էլ թէ՛ իրենց եւ, թէ՛ երկրի համար անպատեհ պահին ցուցադրում են իրենց անվերապահ հակառուսականութիւնը, հետապնդում են արցախցիներին եւ գոռում են, թէ արցախեան շարժում թոյլ չեն տայ, Եկեղեցու նկատմամբ հալածանքների հետեւողականութեան մասին արձանագրում են նախընտրական ծրագրում, ստորանալով վազում են օդանաւակայան եւ արագ ստորագրում երկրի բնական պաշարները ամերիկացիներին յանձնելու պայմանագիրը, եւ այդպէս` շարունակ: Հայաստանը սրանց համար այն գրաւն է, որը շռայլօրէն կարող են բաժան-բաժան անել եւ բաշխել աջ ու ձախ, միայն թէ պահպանեն սեփական անպատժելիութիւնը երաշխաւորող իշխանութիւնը: Այդ իշխանութիւնը կորցնելու վախից ընտրութեան շեմին նրանք քաղաքական ահաբեկչութեան մթնոլորտ են ծաւալել երկրում` մեկուսացնելու նպատակով հեղինակաւոր ու գործուն ընդդիմադիրներին, ինչպէս եւ` վախի միջոցով նուազեցնելու համար ընտրութիւններին մասնակցելու հանրային տրամադրութիւնները:
Հայաստանի գործող իշխանութիւնը կենդանի վկայութիւնն է այն օրինաչափութեան, թէ ինչի՛ են վերածւում ամբոխավարները, որոնք պատահականօրէն յայտնուել են պետութեան ղեկի մօտ եւ գաղափար չունեն, թէ ինչպէ՛ս պէտք է վարել այդ ղեկը: Հայրենասիրական փքուն եւ մեծադղորդ ճառերից յետոյ իշխանութիւնը դարձաւ ինքնանպատակ եւ, 180 աստիճան պտոյտ կատարելով, վերածուեց արտաքին ուժերի գործիքի` ընդդէմ սեփական ժողովրդի: Այդ իսկ պատճառով այս ընտրութիւնը վերածուեց Հայաստանի լինել-չլինելու ընտրութեան:
Այո՛, չափազանցութիւն չէ, որ կրկին կանգնած ենք հայրենիքը փրկելու փորձութեան շեմին, իսկ ժողովուրդը պէտք է ապացուցի, որ ժառանգորդն է Սարդարապատի ու արցախեան ազատագրական պայքարի զտարիւն, աննահանջ, անպարտ սերունդների:

