Ամերիկեան Միջնորդութիւնը Սիւնիքի Միջանցքի Հարցում

«Դրօշակ» – Թիւ 7, 2027
Զանգեզուրի միջանցքը շարունակում է մնալ տարածաշրջանային ամենավիճելի եւ քննարկուող հարցերից մէկը։ Ատրպէյճանն օգտագործում է իւրաքանչիւր հնարաւորութիւն՝ պահանջելու անարգել մուտք Հայաստանի տարածքով դէպի Նախիջեւան։ Այս առումով, Ամերիկան, կարծես, որոշակի հետաքրքրութիւն է ցուցաբերել՝ միջնորդի դերում հանդէս գալու համար։ Թուրքիոյ Հանրապետութիւնում Ամերիկայի դեսպան Թոմաս Պարաքը վերջերս առաջարկել է Ամերիկային հարիւր տարուայ վարձակալութեամբ վերահսկողութիւն ստանձնել 32 քիլոմետրանոց ճանապարհի նկատմամբ, եւ որպէսզի բոլոր կողմերը կարողանան օգտուել դրանից (1):
Այս առաջարկին նախորդել էր ամսուայ սկզբին «Քարնեկի»ի փորձագէտ Օլեսեա Վարդանեանի տարածած այն լուրը, որով վերջինս պնդում էր, որ ամերիկեան մասնաւոր ընկերութիւնը կարող է ներգրաւուել այս հարցում` որպէս կայունացնող ուժ։ Պաշտօնական աղբիւրներին յղում անելով՝ Վարդանեանն ասել է, որ Ամերիկան կարող է առաջ մղել այն տարբերակը, որի շրջանակում ամերիկեան մասնաւոր ընկերութիւնը կը ներգրաւուի որպէս անկախ օտարերկրեայ գործավար՝ երթուղու փոխադրական հարցերու կառավարման համար։ Քանի որ դժուար կը լինի ճնշում գործադրել Ատրպէյճանի վրայ՝ հրաժարուելու իր պահանջներից, Ամերիկան, ամենայն հաւանականութեամբ, յոյսը կը դնի Երեւանի վրայ՝ հետեւելու Ամերիկայի առաջարկած տարբերակին (2):
Դեսպանի առաջարկից առաջ, պետքարտուղար Մարքօ Ռուպիոն նախագահ Թրամփի հետ նիստի ժամանակ յոյս էր յայտնել շուտով տեսնել «Ատրպէյճանի եւ Հայաստանի միջեւ կնքուած խաղաղութեան համաձայնագիրը (3):
Յայտարարութիւնը արուել էր հէնց այն օրը, երբ Ապու Տապիում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Պետքարտուղարութիւնը որեւէ լրացուցիչ մեկնաբանութիւն չտուեց, բացի այն, որ. «Սա այն վարչակազմն է, որը աշխատում է խաղաղութեան համար։ Նրանք կ՛անեն այն, ինչ անհրաժեշտ է եւ կը գնան այնտեղ, որտեղ անհրաժեշտ է» (4):
Իրականում Թրամփի վարչակազմի հետաքրքրութեան աշխուժացումն է ուշագրաւ էր, քանզի նախագահի պաշտօնը ստանձնելուց ի վեր որեւէ լուրջ յայտարարութիւն կամ քայլեր չեն եղել, առնուազն հանրային կերպով, Հայաստան-Ատրպէյճան յարաբերութիւնների կարգաւորման հարցում՝ բացառութեամբ Ամերիկայի պետքարտուղարի կողմից բանակցութիւնների աւարտը ողջունելու յայտարարութեան։ Սա բաւական տարբերւում է Պայտընի վարչակազմի քաղաքականութիւնից, ով ստանձնել էր գործօն միջնորդի դեր եւ պաշտօնավարման ամիսներին աշխուժօրէն յորդորում էր կողմերին աւարտին հասցնել եւ ստորագրել խաղաղութեան պայմանագիրը։
Ի հակադրութիւն Պայտընի՝ Թրամփը գործարարական մտածելակերպ ունեցող նախագահ է, ով չի ներգրաւուում որեւէ հարցում, քանի դեռ նրանում առկայ չեն ամերիկեան հետաքրքրութիւններ եւ շահեր։ Ուստի, հարկ է նշել, որ Հարաւային Կովկասի տարածաշրջանը Թրամփի համար մեծ հետաքրքրութիւն ներկայացնող տարածաշրջան չէ։ Ուստի, Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը եւ հայ-Ատրպէյճանական յարաբերութիւնները որեւէ հետաքրքրութիւն չէին ներկայացնի նրա համար, եթէ չլինէր վերջինիս ձգտումը ներկայանալու որպէս հակամարտութիւններ կարգաւորող Ամերիկայի նախագահ։
Ուստի, ոչ միայն Թրամփի վարչակազմը Հայաստան-Ատրպէյճան յարաբերութիւնների գործընթացին առնչուող յայտարարութիւն տարածեց վերջերս, այլեւ դրան յաջորդեց այդ թեմային անձամբ նախագահ Թրամփի կատարած անդրադարձը։ 2025ի Յուլիսի 14ին Սպիտակ տանը ՆԱՏՕի գլխաւոր քարտուղար Մարկ Ռյուտէի հետ հանդիպման ժամանակ Թրամփն ասաց. «Կարծես, հայ-Ատրպէյճանական հակամարտութիւնը յաջող աւարտի է յանգում» (5): Նախագահ Թրամփը եւս մէկ անգամ անդրադարձաւ այս հարցին, Յուլիսի 19ին՝ Սպիտակ տանը հանրապետական ծերակուտականներին հիւրընկալելիս ունեցած իր ելոյթի ժամանակ։ Նա յայտարարեց, որ Ամերիկան «Այնտեղ հրաշքներ է գործել եւ Հայաստանի ու Ատրպէյճանի միջեւ խաղաղութեան համաձայնագիրը բաւականին մօտ է կնքուելու, եթէ այն դեռ չի կնքուել» (6):
Ամերիկա մասնաւոր ընկերութեանը որպէս անկախ օտարերկրեայ գործավար ներգրաւելու առաջարկի առնչութեամբ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի արձագանգը երկար սպասեցնել չտուեց։ Շուշիում լրասփիւռներու հաւաքի ժամանակ վերջինս անդրադարձաւ Ամերիկայի կողմից արուած առաջարկին՝ յայտարարելով․ «Մեր տարածքում չի կարող լինել ոչ մի գործավար, ոչ մի առեւտրական, ոչ մի վարձակալ», յաւելելով, որ Յուլիսի 10-ին Ապու Տապիում կայացած Նիկոլ Փաշինեանի հետ անձնական բանակցութիւնների ժամանակ ինքը Նիկոլ Փաշինեանին ասել է, որ Ատրպէյճանը պէտք է ունենայ անարգել եւ անվտանգ անցում Ատրպէյճանից Ատրպէյճան եւ․ «Մեր բեռները եւ քաղաքացիները չպէտք է ամէն անգամ այնտեղ տեսնեն հայ սահմանապահի դէմքը։ Սա մեր պահանջն է։ Սա օրինական պահանջ է, արդարացի պահանջ։ Հակառակ դէպքում մեր քաղաքացիները վտանգի տակ կը լինեն» (7):
Ատրպէյճանի նախագահի այս յայտարարութեանը պատասխանել է վարչապետ Փաշինեանի մամուլի խօսնակ Նազելի Բաղդասարեանը՝ կոչելով այն․ «Թաքնուած տարածքային պահանջ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, ինչը ընդունելի չի կարող լինել եւ հակասում է մինչեւ այս տեղի ունեցած բանակցութիւնների, համաձայնութիւնների ոգուն եւ տառին»։ Այնուամենայնիւ, Ալիեւի այս պահանջն էլ կարող է բաւարարուել, քանի որ ըստ ՀՀ վարչապետի խօսնակի. «Փաշինեանը յայտարարել է Յուլիս 16-ի իր ասուլիսում․ այդ հանդիպումները (ՀՀ սահմանապահ ծառայութիւնների հետ) Հայաստանի Հանրապետութեան սահմանային եւ մաքսային կէտերում կարող են տեղի ունենալ ժամանակակից տեխնոլոգիաների (արհեստագիտութիւններու) կիրառմամբ, երբեմն առանց հպումի, կենսաչափական անձնագրերով ու բեռների առցանց յայտարարագրմամբ ու սքանաւորմամբ (նկարահանումով)» (8): Ուստի, այս տեխնոլոգիաների ներդրմամբ, Ատրպէյճանցիները ստիպուած չեն լինի ՀՀ սահմանապահների հետ առնչուել, իսկ Ատրպէյճանական բեռները կարող են առանց ՀՀ սահմանապահների անմիջական ստուգումների տեղափոխուել երկրի տարածքով»։
Ատրպէյճանի եւ Հայաստանի ղեկավարների յայտարարութիւններից պարզ է դառնում, որ Հայաստանի իշխանութիւններն աւելի պատրաստակամ են ամերիկեան մասնաւոր ընկերութեան՝ որպէս անկախ օտարերկրեայ գործավարի ներգրաւմանը, քան Ատրպէյճանական կողմը։ Նախկինում նման առաջարկ արդէն իսկ եղել է Եւրամիութեան կողմից, որը, որպէս այդպիսին, նման է Ռուսաստան-Վրաստան բանակցութիւնների ընթացքում անկախ օտարերկրեայ գործավարի ներդրման առաջարկին, որի միջոցով պէտք է վերահսկուէր Աբխազիոյ եւ Հարաւային Օսեթիոյ վիճելի տարածքներով անցնող երթուղիները եւ տուեալները փոխանակուէին բոլոր կողմերի հետ (9):
Ներկայումս, նախագահ Թրամփը ցանկանում է դառնալ այս հարցում միջնորդ, ինչը իրականում պատահական չէ։ Լինելով գործարար մտածելակերպ ունեցող նախագահ, Հարաւային Կովկասի այս տարածաշրջանը թէեւ դուրս է իր հետաքրքրութիւնների եւ շահերի շրջանակից, սակայն Դոնալդ Թրամփի այս նախագահական շրջանի գլխաւոր նպատակներից է հակամարտութիւններ կարգաւորողի դերի ստանձնումը եւ իրեն դիրքաւորելը որպէս աշխարհում խաղաղութիւն հաստատող ղեկավար՝ փորձելով հասնել իր վաղուցուայ բաղձալի նպատակին՝ Նոպելեան Խաղաղութեան մրցանակի արժանանալուն։ Ուստի, այս նպատակից ելնելով, Թրամփը փորձում է ցանկացած առիթ օգտագործել Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ խաղաղութեան պայմանագրի ստորագրման հարցում մեծ դեր խաղալու համար։
1. Strengthening U.S.-Turkiye Relations and Advancing Relations with Syria, https://www.state.gov/briefings-foreign-press-enters /strengthening-us-turkiye-relations-and-advancing-relations-with-syria, (21.07.2025).
2. Vartanyan O., Why Armenia Is Seeking to Normalize Relations With Turkiye,https://carnegieendowment.org/russia-eurasia/politika/2025/06/ armenia-turkiye-rapprochement?lang=en, (21.07.2025).
3. Department Press Briefing – July 10, 2025, https://www.state.gov/briefings/department-press-briefing-july-10-2025/, (21.07.2025).
4. Նոյն տեղում։
5. NATO Secretary General meets President Trump to bolster support for Ukraine, https://www.nato.int/cps/en/natohq/news_237031.htm, (22.07.2025).
6. Trump speaks to GOP senators at White House dinner, https://www.youtube.com/watch?v=69BIhm6wB4U, (22.07.2025).
7. Trump says US ‘worked magic’ in Armenia–Azerbaijan peace talks, as debate over corridor continues, https://oc-media.org/trump-says-us-worked-magic-in-armenia-azerbaijan-peace-talks-as-debate-over-corridor-continues/, (22.07.2025)
8. «ՀՀ-ն երբեւէ որեւէ մէկի հետ չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու Ատրպէյճանի նախագահի նշած անուանաբանութիւնը եւ դրանից բխող տրամաբանութիւնը. Վարչապետի խօսնակ», https://armenpress.am/hy/article/1225308 , (07.2025).
9. Vartanyan O.-ի նշուած յօդուածը։
ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀԵՏԱԶՕՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵԴՐՈՆ

