Արցախի Ազգային Ժողովը Դատապարտեց Ալիեւի Մայիս 28-ի Յայտարարութիւնը

0 0
Read Time:1 Minute, 27 Second

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ․- Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի լրատուութեան եւ հանրութեան հետ կապերու բաժանմունքը հետեւեալ մեկնաբանութիւնը լոյս ընծայած է Ատրպէյճանի նախագահի Մայիս 28-ի յայտարարութեան վերաբերեալ:

Ազգային Ժողովը կը յայտնէ, թէ․

«Ատրպէյճանի նախագահի Մայիս 28-ի յայտարարութիւնները հերթական անգամ ընդգծուած սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի եւ իշխանութիւնների հանդէպ` ոտնահարելով միջազգային իրաւունքի հանրայայտ կանոնները եւ Ատրպէյճանի կողմից ստանձնած միջազգային պարտաւորութիւնները:

Այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրուած մարմինների` նախագահի եւ Ազգային ժողովի, ինչպէս նաեւ պետական մնացած հաստատութիւնների կազմաքանդումը` Ատրպէյճանի ղեկավարը հերթական անգամ ապացուցել է, որ պատրաստ է ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմամբ շարունակել Արցախի ժողովրդի ցեղային զտման եւ տարածքների բռնազաւթման քաղաքականութեան իրականացումը: Սա եւս մէկ ապացոյց է, որ Արցախի ժողովուրդը պարզապէս չի կարող Ատրպէյճանի կազմում ապրել` այնտեղ տիրող հայատեաց ու հայամերժ քաղաքականութիւնից բխող գոյաբանական վտանգների պատճառով:

Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանութեան ու պետականակերտման ճանապարհը, որոնց յենասիւներից են նախագահն ու Ազգային ժողովը: Ուստի, վճռականօրէն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի, ինքնիշխանութեան եւ անվտանգութեան, ինչպէս նաեւ տարածաշրջանի խաղաղութեան հանդէպ այսպիսի յարձակումները եւ ռազմական գործողութիւնների վերսկսման սպառնալիքները:

Դիմելով միջազգային հանրութեան բոլոր դերակատարներին, այդ թւում` 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը ստորագրած Ռուսաստանի Դաշնութեանն ու Հայաստանի Հանրապետութեանը, ինչպէս նաեւ` տարածաշրջանում խաղաղութեամբ ու կայունութեամբ շահագրգռուած բոլոր ենթականերին` ակնկալում ենք նրանց գործնական ու աշխուժ գործողութիւնները` վերացնելու Արցախի գրեթէ վեցամսեայ շրջափակումը եւ այլ շարունակական ոտնձգութիւնները, ինչպէս նաեւ` կանխելու Ատրպէյճանի կողմից Արցախի ժողովրդի դէմ ուղղուած նոր յանցագործութիւնները, այդ թւում` հնարաւոր ռազմական նախայարձակումը:

Միջազգային հանրութեան պարտաւորութիւնն է երաշխաւորելու նաեւ Արցախի ժողովրդի անվտանգութիւնը, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում միջազգային խաղաղութեան հանդէպ եւ պարզապէս ձգտում է ազատ ու արժանապատիւ կերպով ապրել իր հայրենի հողում` միջազգային իրաւունքի հիմնարար կանոնների հիման վրայ:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը, որպէս ժողովրդի կողմից ընտրուած բարձրագոյն մարմին, անկախ Ատրպէյճանի կողմից պարբերաբար կրկնուող սպառնալիքներից, կը շարունակի իրագործել պետականակերտման իր հիմնական առաքելութիւնը եւ ազատ ապրելու մեր իրաւունքների պաշտպանութիւնը»:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles