
Տիգրան Չանտոյեան
Երեւան
Թուրքիայում շարունակւում է նախընտրական քարոզարշաւն ու մեքենայնութիւնները:
Մայիս 14-ին կայանալիք ընտրութիւներում երաշխաւորուած յաղթանակ տանելու նպատակով Էրտողանը տարբեր խորամանկութիւններ է բանեցնում: Վերջինս որպէս պատգամաւորի թեկնածու առաջադրել է նախարարների, ովքեր զգալի ֆինանսական, մարդկային, ընկերային եւ այլ աղբիւրների են տիրապետում եւ ընտրութիւններին իր կուսակցութեան եւ համակիրներուն համար կարող են մեծ թիւով ձայներ ապահովել:
Թուրքիայում համընդհանուր ընտրութիւններին մասնակցող քաղաքական կուսակցութիւնները աւելի վաղ բարձրագոյն ընտրական յանձնաժողով էին ներկայացրել թեկնածուների ցուցակները, եւ Էրտողանը ցուցում է տուել կառավարութեան բոլոր անդամներին առաջադրել պատգամաւորի թեկնածու: Ընտրուելու դէպքում Էրտողանը կը ներկայացնի լիովին թարմացուած կառավարութիւն: Կառավարող կուսակցութեան ցուցակի համաձայն` Թուրքիոյ ներքին գործոց նախարար Սուլէյման Սոյլուն առաջադրուելու է Պոլսից, փոխնախագահ Ֆուաթ Օքթայը` Անգարայից, արտաքին գործոց նախարար Մեւլութ Չաւուշօղլուն` Անթալիայից, ազգային պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը` Քայսերիից, ելեկտրականութեան նախարար Ֆաթիհ Տոնմեզը` Էսքիշեհիրից:
Պատգամաւորի թեկնածու ՍուլԷյման Սոյլուն յայտարարել է, որ ըստ հարցումների` Էրտողանը հաւաքում է ընտրողների ձայների աւելի քան յիսուն տոկոսը եւ յաջողութեան յոյս ունի արդէն առաջին փուլում: Նա չի նշել, սակայն, թէ ինչ հետազօտական կեդրոննէր են ներկայացրել այդ տուեալները: «Այսօր, Աստծոյ օգնութեամբ, մենք յաղթանակ ենք տանում նախագահական ընտրութիւնների առաջին փուլում: Մէկուկէս բալ բարձր յիսուն տոկոսից: Սա ասում եմ շատ յստակ: Մենք կարող ենք քայլեր ձեռնարկել, որոնք կարող են այս տարբերութիւնը հասցնել շատ աւելի լաւ կէտի, մենք մեր արշաւը կ’անցկացնենք այդ կերպ»,- ասել է Սոյլուն:
Ըստ Optimar հետազօտական կեդրոնի ապրիլի սկիզբին մօտ հինգ հազար մարդու մասնակցութեամբ անցկացրած հարցման` Էրտողանի եւ ընդդիմութեան միակ թեկնածու Քեմալ Քըլըչտարօղլուի միջեւ տարբերութիւնը կազմում է մօտ երկու տոկոս: «Նախագահական ընտրութիւններում ո՞ւմ օգտին էք քուէարկելուէ հարցին հարցուողների 45,9 տոկոսը պատասխանել էր` Էրտողան, 43,9 տոկոս` Քըլըչտարօղլու:
Սոյլուն շարունակել է քարոզարշաւը` խիստ քննադատութեան է ենթարկելով Ա․Մ․Ն․-ի վարած քաղաքականութիւնը աշխարհում: Նա յայտարարել է, թէ Ա․Մ․Ն․-ում եւ Եւրոպայում ժողովրդավարութիւնը չի դիմանում քննութիւններին` մէջբերելով Մեծն Բրիտանիայում իրար հետեւից 3 վարչապետ փոխելը: Սոյլուն նաեւ պնդել է, թէ այսօր Եւրոմիութիւն գոյութիւն չունի եւ այն ընդամէնը Ա․Մ․Ն․-ի կցորդն է: «Ա․Մ․Ն․-ն գնալով կորցնում է հեղինակութիւնը եւ ամբողջ աշխարհը ատում է»,–ասել է նա:
Քարոզարշաւն սկսել է նաեւ արտաքին գործոց նախարար Մեւլութ Չաւուշօղլուն, ով, ինչպէս արդէն նշեցինք, եւս առաջադրուել է որպէս պատգամաւորի թեկնածու: Սակայն քանի որ նա պաշտօնի բերումով չի կարող թիրախաւորել Ա․Մ․Ն․-ին, որպէս թիրախ է ընտրել ընդդիմութեանը: Չաւուշօղլուն Թուրքիոյ ընդդիմութեանը մեղադրել է երկիրը պատերազմի մէջ ներքաշելու փորձի մէջ: Նա յայտնել է, որ Թուրքիան տարածաշրջանում իրականացնում է հաւասարակշռուած քաղաքականութիւն: Նա շեշտել է, թէ իրենք դէմ են ընդդիմութեան այն պնդմանը, որ պէտք է Ռուսաստան-Ուքրայինա հակամարտութեան մէջ կողմերից մէկին պաշտպանեն: «Աստուած չանի, եթէ նրանք (ընդդիմադիր ուժերը) գան իշխանութեան, Թուրքիոյ պատերազմի մէջ կը ներքաշեն: Անգարան չպէտք է կողմերից մէկին պաշտպանի, նոյնիսկ այն դէպքում, որ Թուրքիան չի ճանաչում Խրիմի միացումը Ռուսաստանին»,–ասել է Չաւուշօղլուն:
Թուրքիոյ խորհրդարանական ընտրութիւնների քուէաթերթիկն ունենալու է մէկ մեթր երկարութիւն: Այս մասին տեղեկացրել է խորհրդարանի պատգամաւոր եւ Բարձրագոյն ընտրական յանձնաժողովում կառավարող Արդարութիւն եւ Բարեկարգում կուսակցութեան ներկայացուցիչ Ռեճէպ Օզելը, եւ յաւելել, որ քուէաթերթիկների, որոնց ձեւաչափը հաւանութեան է արժանացրել ընտրական յանձնաժողովը, տպագրութիւնն արդէն սկսուել է արտասահմանում:
Քուէաթերթիկներում ներառուել են կուսակցութիւնների հինգ դաշինքներ, այդ թւում կառավարող կուսակցութեան դաշինքը` «Հանրապետական»-ը, եւ վեց ընդդիմադիր կուսակցութիւնների դաշինքը` «ժողովրդական»-ը»:
Բարձրագոյն ընտրական յանձնաժողովի վերջնական ցուցակում ներառուած են 24 կուսակցութիւննէր եւ 151 անկախ թեկնածուներ:
***
Թուրքիոյ ելեկտրականութեան նախարար Ֆաթիհ Տոնմեզը յայտարարել է, որ եւրոպական մի շարք երկրներ, այդ թւում` Հունգարիան եւ Սերպիան, շահագրգռուած են Թուրքիոյ արեւմուտքում ստեղծուող կազային հանգոյցի միջոցով կազ գնելու հարցում: Նրա խօսքով, Թուրքիան տարեկան մօտ 100 միլիառ խորանարդ մեթր կազ է ստանում ինչպէս կազատարներով, այնպէս էլ հեղուկ բնական գազի «թանքըր»-ների օգնութեամբ: «Այս ծաւալից մենք օգտագործում ենք 55-60 միլիառ խորանարդ մեթր, մնացած 40 միլիառը կարող ենք հանգիստ վաճառել Եւրոպային…։ Խօսքը Կեդրոնական Եւրոպայի մի շարք երկրների մասին է, հնարաւոր է հանգոյցով մատակարարուող կազը միացնել կազի բաշխման եւրոպական համակարգին»,- ասել է Տոնմեզը:
Էրտողանը մասնակցել է Սեւ ծովում յայտնաբերուած ՍաքարԻա Կազահանգի շահագործման բացմանը, որտեղից նախատեսւում է սկզբնական շրջանում արդիւնահանել 10 միլիոն խորանարդ մեթր կազ: Սաքարեայ գազահանքը համարւում է Սեւ ծովի ամենամեծ հանքը, որտեղ կայ 710 միլիառ խորանարդ մեթր կազ: Թուրքիան նախատեսում է արդիւնահանուող կազի շնորհիւ պիւտճէն մեծ գումարներ բերել եւ թեթեւացնել Եւրոպայի կազի խնդիրը:
***
Թուրքիոյ ամերիկեան Էֆ-16 կործանիչների վաճառքի գործընթացն արագացել է ՆԱԹՕ-ին Ֆինլանտայի անդամակցութիւնից յետոյ: Այս մասին յայտարարել է Իպրահիմ Քալընը: «Ա․Մ․Ն․-ի վարչակազմը նախկինի պէս ցանկանում է, որ գործընթացն առաջ գնայ, այժմ գործը հասել է Քոմկրէսին: ՆԱԹՕ-ում Ֆինլանտայի անդամութեան հաստատումից յետոյ գործընթացն արագացել է»,- ասել է նա:
Աւելի վաղ Թուրքիոյ արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն յայտարարել էր, որ Անգարան Ուաշինկթընից սպասում է Էֆ-16 կործանիչների գնման «դրական արդիւնքներ»-ի: Ա․Մ․Ն․ նախագահ Ճօ Պայտընի վարչակազմը պէտք է սկզբում հանի Քոնկրրէսի առարկութիւններն այս հարցի շուրջ, եւ թրքական կողմին յայտնի է, որ վարչակազմն «անկեղծ ջանքեր է գործադրումէ: Մարտին Թուրքիոյ նախագահին կից անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան խորհրդի անդամ Չաղրը Էրհանը յայտարարել էր, որ Թուրքիան կարող է հրաժարուել ամերիկեան Էֆ-16-ների գնումից եւ դիտարկել դրանք այդ թւում եւ ռուսական կործանիչներով փոխարինելու տարբերակները:
Պայտնի վարչակազմը նաեւ մտադիր է առաջ տանել Թուրքիոյ ունեցած Էֆ-16 կործանիչների համար արդիականացուած պահեստամասերի վաճառքի գործընթացը այն բանից յետոյ, երբ ստացել է Ա․Մ․Ն․ Քոնկրէսի յանձնաժողովների նախագահների ոչ պաշտօնական համաձայնութիւնը:
Ա․Մ․Ն․ կարող է արդէն երկուշաբթի պաշտօնական ծանուցում ուղարկել փոքրածաւալ վաճառքի մասին, որը ներառում է ռատարներ եւ արդի կազմածներ: Այս փաթեթը, հաւանութեան արժանանալու դէպքում, կը դառնայ վերջին տարիներին Թուրքիային ռազմական թեքնիքի վաճառքի մասին առաջին ընդունուած փաթեթը՝ Քոնկրէսում:
***
Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել Թուրքիոյ հետ սուզանաւերի կառուցման հարցով, յայտարարել է Էրտողանը: Թուրքիան աւելի վաղ շահագործման է յանձնել աշխարհում առաջին աւիակիրը, որը նախատեսուած է հարուածային անօդաչու սարքեր տեղակայելու համար:
«Կան երկրներ, որոնք պատրաստ են Թուրքիայից օդանաւակիրներ եւ սուզանաւեր պատուիրել: Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել թրքական կողմի հետ սուզանաւերի կառուցման հարցով»,- ասել է Էրտողանը: Թուրքիոյ նախագահը ուշադրութիւն է հրաւիրել նաեւ հայրենական սուզանաւի ստեղծման նախագծի իրականացմամբ:
Նոր նշաձողերից մէկն էլ թուրքական առաջին IMECE դիտորդ-արբանեակի արձակումն է, որը տեղի է ունեցել Ամն-ի Ռօու-ի Վանդենբերգի կայանից (Կ’ալիֆոռնիայի նահանգ): Արձակումն ուրբաթ, տեղի ժամանակով ժամը 23.47-ին իրականացրել է SpaceX ընկերութիւնը: Այն բազմիցս յետաձգուել է, վերջին անգամ դա տեղի է ունեցել մէկ օր առաջ` ուժեղ քամու պատճառով:
Թուրքիոյ պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը, աւելի վաղ նշել էր, որ նախատեսւում է արբանեակի հնարաւորութիւնները գործադրել ռազմական կարիքների համար: Նրա խօսքով` արբանեակային լուսանկարների օգտագործման շնորհիւ «կը բարձրանան հետախուզութեան եւ մարտական կառավարման առաջադրանքների կատարման հնարաւորութիւնները»:
***
Թուրքիոյ ներքին գործոց նախարար Սուլէյման Սոյլուն յայտնել է, որ Փետրուար 6–ի Մարաշի երկրաշարժի հետեւանքով զոհերի վերջնական թիւը 50․500 է: Նա նաեւ նշել է, որ երկրաշարժից յետոյ փլատակներից հանուած 1020 քաղաքացիների աճիւնները նոյնականացուած չեն, որի համար աշխատանքներ են տանում միանգամից մի քանի պետական կառոյցնէր:
Ըստ Սոյլուի` երկրաշարժից յետոյ արդէն 39 հազար զոհերի հարազատներ ստացել են դրամական փոխհատուցում: Բնակարանները կորցրածներիմասով Սուլեյման Սոյլուն ասել է, որ նրանց մինչ նոր բնակարան յատկացնելը ամսական գումար է տրամադրւում տան վարձի համար, իսկ ովքեր ժամանակաւոր կացարաններում են ապրում այդ գումարը չեն ստանայ: