Պարզւում Է` Փտածութիւնը Չի Վերացել
Գրեթէ ամէն օր լրատուական աղբիւրներից տեղեկանում ենք փտածութեան բնոյթի յանցագործութիւնների բացայայտման, համապատասխան քրէական գործերի յարուցման մասին: Փաստը, բնականաբար, վկայում է այն մասին, որ փտածութեան մեր երկրում չի վերացել, չնայած որ այդ մասին, իշխանութեան ղեկը ստանձնելուց շատ չանցած, յայտարարեց երկրի նոր վարչապետը: Աւելի՛ն. հրապարակուող փաստերը վկայում են ընդամէնը երեւոյթի գոյութեան մասին, իսկ ինչպիսի՞ք են դրա ծաւալները, մենք դեռ չգիտենք:
Մանաւանդ որ իշխանափոխութիւնից եւ նոր իշխանութեան «սահմռկեցուցիչ» սպառնալիքներից յետոյ տրամաբանական կը լինէր, որ այս բնոյթի յանցագործութիւնների մէջ ներգրաւուողները գործէին շատ աւելի զգուշօրէն: Չնայած դրան` պարբերաբար լսում ենք նմանաբնոյթ յանցագործութիւնների բացայայտումների մասին:
Յուլիսի 17-ին, օրինակ, տեղեկատուութիւն հրապարակուեց այն մասին, որ սոյն թուականի առաջին կիսամեակում Սիւնիքի մարզում յարուցուել է փտածութեան բնոյթի 18 քրէական գործ: Մէկ մարզի օրինակն, ի հարկէ, որպէս վիճակագրական օրինաչափութիւն չի կարող դիտարկուել ողջ երկրի համար, սակայն որոշակի միտումներ բացայայտում է եւ արժէ հպանցիկ անդրադառնալ դրանց:
Տեղեկատուութիւնից պարզւում է, որ 18 յանցագործութիւններից 11-ը իրականացուել են պետական եւ տեղական ինքնակառավարման համակարգերում, մնացածից 4-ը ընկերային ապահովութեան, մէկական` կրթութեան, անտառների պահպանութեան եւ ջրօգտագործման զգայուն եւ, աւանդաբար փտածութեան յանցագործութիւնների ռիսքեր պարունակող ոլորտներում: Դարձեալ խուսափելով նախորդող նոյն ժամանակահատուածի յանցագործութիւնների հետ քանակական համեմատութիւնից` արձանագրենք, որ դրանց բնոյթը կարծես թէ մնացել է նախկինը:
Քանակական համեմատութեան հնարաւորութիւն ունենք աւելի ներքեւում` կարդալով, որ` «Նոյն ժամանակահատուածում քրէական հետապնդման մարմինների վարոյթում քննուել են փտածութեան բնոյթի 38 քրէական գործեր` նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի 31-ի փոխարէն»: Այս թուերը մեզ յուշում են, որ նախորդ իշխանութեան օրօք էլ եղել է որոշակի պայքար փտածութեան դէմ, որի արդիւնքները նոյնպէս լայնօրէն լուսաբանւում էին, բայց դրանք, աւելի շուտ քարոզչական արժէք ունէին, քան թէ հետապնդում էին երեւոյթը արմատախիլ անելու նպատակ: Այդպիսին լինելու համար պատժիչ գործողութիւնները պէտք է ուղեկցուէին համալիր միջոցառումներով եւ համակարգային բարեփոխումներով, որոնք կ՛ընդգրկէին իրաւական, ընկերային, տնտեսական եւ այլ ոլորտներ` միտում ունենալով հարուածելու քաղցկեղի պէս հասարակական-պետական կեանքը շօշափուկների մէջ առած երեւոյթի արմատներին: Նոյնը կարելի է հաստատել նոր իշխանութեան դէպքում: Ի դէպ, այս պայքարի անկեղծութեան ու վճռակամութեան մասին է վկայում նաեւ այն փաստը, թէ յանցագործութիւնների բացայայտման գործընթացը որքանով վեր կը բարձրանայ ու կը թակի բարձրագոյն իշխանութեան դռները, որոնց ետեւում տրամաբանօրէն ու օրինաչափօրէն սկսում են «հոտել ձկների գլուխները»: Բայց անցնենք առաջ:


