Պայքարին Այլընտրանք Չկայ

«Դրօշակ»-ի Առաջնորդող Յօդուած
2026 թուականի խորհրդարանական ընտրութիւններում վերարտադրուելու համար Նիկոլ Փաշինեանը մեծ խաղադրոյք կատարեց, եւ այժմ եկել է այդ մեծ գինը վճարելու ժամանակը: Խօսքն այս դէպքում այն մասին չէ, որ պաշտօնը եւ դրանից բխող անձնական անձեռնմխելիութեան երաշխիքները պաշտպանելու համար Փաշինեանը դիմեց ընտրական խարդախութիւնների, շանթաժի, սպառնալիքների ու մրցակիցների հետապնդումների` բացայայտելով ժողովրդական առաջնորդի, արդարութեան մարտիկի իմիջի քաղաքական ողջ սնանկութիւնը:
Երկրի ղեկավարը ընդգծուած արկածախնդրական վարք դրսեւորեց արտաքին յարաբերութիւնների ոլորտում` ակնյայտ դարձնելով թուրք-ադրբեջանցիների եւ Արեւմուտքի բացայայտ քաղաքական ու ֆինանսական աջակցութիւնը, ինչպէս եւ հովանաւորութիւնը Փաշինեանի աղաղակող անօրինականութիւնների հարցում: Միւս կողմից այդ հովանաւորութիւնն ապահովելու համար դրածոյ ղեկավարը հարկադրուած եղաւ ընդգծուած ձեւով փաստելու Ռուսաստանի հետ եղած տնտեսական, ելեկտրական, ռազմական եւ այլ բնոյթի կապերը խզելու, Անդրկովկասից վերջինիս դուրս մղելու գործում իր ստանձնած պարտաւորութիւններն անշեղօրէն իրականացնելու վճռականութիւնը: Ռուսաստանի դէմ այս քայլերին Հայաստանի իշխանութիւններին հետեւողականօրէն մղում են, մասնաւորապէս, Թուրքիան ու Ատրպէյճանը` այն պարագայում, երբ այս երկու պետութիւններն էլ փորձում են Ռուսաստանի հետ պահպանել կեղծ բարեկամութիւնը, երբեք չգնալով ակնյայտ առճակատման:
Ընդգրկուած լինելով հակառուսական ճակատում եւ փայփայելով Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու դարաւոր երազանքը, այս տանդեմը ձգտում է, որ Հայաստանը թշնամանալով Ռուսաստանի հետ հեռանայ ու քաղաքականօրէն հակադրուի նրան, իրենց դիմաց մնա միայնակ: Եւ Նիկոլ Փաշինեանը, որպէս նրանց ձեռքին կոյր ու բութ գործիք, իրականացնում է այս հակահայ ծրագիրը: Թռուցիկ հայեացք նետելով պատմական անցեալին` կարող ենք անդրադառնալ, որ մեր նախնիները մահմետական Ովկիանոսում հայութեան համար փրկութիւն չտեսնելով, փորձեցին տարածաշրջան հրաւիրել Եւրոպայի քրիստոնեայ տէրութիւններին, որոնք այստեղ կը մրցակցէին իսլամական աշխարհի հետ, եւ հակադիր շահերի բախման շրջագծում կ’ապահովուէր հայութեան գոյատեւման հնարաւորութիւնը: 18-րդ դարի սկզբներից, Քրիստոնեայ Եւրոպայից աջակցութեան որեւէ խոստում չստանալով, հայ գործիչները դիմեցին Ռուսաստանին, որը գրեթէ մէկ դար անց յայտնուեց Անդրկովկասում:
Նպատակ չունենք այստեղ պատմական էքսկուրս կատարելու, լաւ յայտնի է նաեւ թէ ռուսական կայսրութեան երկիմաստ քաղաքականութիւնն ինչպիսի կորուստնէր է արժեցել մեր պատմական հայրենիքի համար, մանաւանդ Արեւմտեան Հայաստանի ողբերգական ճակատագրում: Միւս կողմից հնարաւոր չէ ժխտել, որ տարածաշրջանում հէնց ռուսական շահերի հաստատման հետ հնարաւորութիւն ընձեռուեց Արեւելեան Հայաստանի վերահայեացման ժողովրդագրական շրջադարձն ապահովել: Վերջին երկուհարիւր տարուայ ընթացքում, Առաջին Հանրապետութեան կարճատեւ շրջանը չհաշուած, ռուսական ու թուրքական հակադրութեան դաշտում է հայ ժողովուրդը կարողացել ապահովել իր գոյատեւումը: 1920 թուականին այս երկու ոխերիմ թշնամիները դաշնակցեցին, եւ մեծ խաղերի մէջ մենք կորցրինք մեր պետականութիւնը: Երկու դարերի ողբերգական ու յաղթական իրողութիւնները նկատի ունենալով, ինչպէսեւ արտաքին այս կամ այն ուժին սիրելու կամ ատելու զգացմունքային զեղումները մի կողմ թողնելով, սառը դատողութեամբ, փաստենք, որ երբ այժմ Հայաստանի իշխանութիւնները ձգտում են ռուսական զինուժը հեռացնել Հայաստանից, նրանք շատ լաւ հասկանում են, որ դրանով բացում են Հայաստանի դարպասները թուրքերի, ինչպէս նաեւ ատրպէյճանցիների առջեւ (վերջիններս, արդէն Հայաստանում են):
Ի դէպ, հայ պատմաբանը, քաղաքագէտը կամ գաղափարական ազդեցութեան ներքոյ գտնուող շարքային հայը, երբ անդրադառնում են պատմական իրողութիւններին եւ յանգում այն եզրակացութեան, որ Ռուսաստանին պէտք է դուրս մղել Անդրկովկասից, կամայ թէ ակամայ դառնում են Նիկոլի քաղաքականութեան դաշնակիցը` ռուսական ազդեցութիւնը թուրք-ադրբեջանական ազդեցութեամբ փոխարինելու հարցում: Առանց չափազանցնելու կարելի է եզրակացնել, որ Հայաստանից ՀԱՊԿ-ի զինուժի հեռացումից յետոյ Հայաստանի Հանրապետութիւնը քաղաքականօրէն կը յայտնուի 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարասկզբի Արեւմտահայաստանի իրավիճակում: Չեմ ցանկանում որեւէ մէկին վախեցնել. թուրքական զօրքերի ներխուժման եւ մեր երկրում կոտորածնէր սարքելու հեռանկարով, նոյնիսկ դրա կարիքը չի լինելու:
Թրքական թանտեմը Եւրոպայի անունից կը գայ եւ ոչ երկար ժամանակահատուածում Հայաստանը կը կլանի, տնտեսական, էներգետիկ, հաղորդակցական ու սրանցից բխող քաղաքական զէնքերի կիրառմամբ: Որ Եւրոպան չի գալու այստեղ իր զօրքով մեզ պաշտպանելու, այլ նրա անունից տարածաշրջանում յայտնուելու է թուրքը. այսօր կարծես թէ Նիկոլի աղանդաւորներից բացի, բոլորն են հասկանում, եւ եւրոպացիք էլ չեն թաքցնում այդ հեռանկարը: Մասնաւորապէս այս մասին յայտարարել է Եւրամիութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Կայայ Կալասը: Սոյն թուականի Յունիսի վերջին, Թուրքիայում գտնուած ժամանակ, Եւրոպայի գլխաւոր դիւանագէտը յայտարարել է, որ Թուրքիան թիւ մէկ ռազմավարական գործընկեր է եւ աւելացրել է. «նկատի ունեմ այնպիսի հարցեր, ինչպիսիք են գաղթը, պաշտպանութիւնը եւ տարածաշրջանային կայունութեան ապահովումը:
Եթէ խօսենք Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձութիւնների մասին, ապա Թուրքիան այնտեղ կարեւոր դեր է խաղում: Իսկ եթէ դուրս գանք Մերձաւոր Արեւելքի սահմաններից, ապա կայ նաեւ Կովկասը, որտեղ Թուրքիան նոյնպէս շատ կարեւոր դեր ունիէ:1
Թուրքիան եւ Ատրպէյճանը Նիկոլ Փաշինեանի միջոցով կը հասնեն իրենց մէկ այլ վաղուցուայ երազանքի իրականացմանը` Հայկական ատոմակայանի փակմանը, ինչը Ռուսաստանի հետ Հայաստանի կապուածութեան կարեւորագոյն եւս մէկ օղակի վերացումը կնշանակի: Այս առիթով վկայաբերենք Իլհամ Ալիեւի յայտարարութիւնը, որը նա արել է Նախիջեւանում, ատրպէյճանական հեռուստատեսութեան համար տրուած հարցազրոյցի ժամանակ: Ատրպէյճանի ղեկավարը խօսել է. «Մեծամորի աթոմակայանի փակումից յետոյ Հայաստանում ելեկտրականութեան ճգնաժամի ռիսկի մասին եւ յայտարարել, որ Բաքուն պատրաստ է երկիրն ապահովել էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբիւրովէ: Այնուհետեւ նա աւելացրել է. «ատրպէյճանցի մասնագէտներն արդէն իսկ անհրաժեշտ հետազօտութիւններ են անցկացրել Հայաստանում եւ որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրուել էլեկտրահաղորդման գծերի յենարաններէ: «իսկ առաւել ուշագրաւ դրուագն այն է, որ Փաշինեանը, ի պատասխան Ալիեւի յայտարարութեան, նշել էր, որ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ ենթակառուցուածքների շուրջ երկկողմ աշխատանք է իրականացւում: Իր ընկալմամբ, երկկողմն այն է, որ Ադրբեջանն ասում է` իրենք անում են Հայաստանի հետ…է:2
Այս շղթայի կարեւոր օղակներից մէկն էլ Հայկական երկաթուղիների հարցն է, որոնց կառավարման իրաւունքը Նիկոլ Փաշինեանը ցանկանում է վերցնել Ռուսաստանից եւ յանձնել թրքական պետութիւնների կազմակերպութեան ակտիւ անդամներից մէկին` Ղազախստանին: Հայաստանը թուրք-ադրբեջանական կառավարման յանձնելուց առաջ Նիկոլ Փաշինեանը, ցանկանում է նաեւ երկրի ներսում այնպիսի պայմաններ ստեղծել նոր տէրերի համար, որ վերջինները խնդիր չունենան ոչ երկրի, ոչ էլ նրա կառավարման ղեկին Փաշինեանի մնալու հանգամանքի հետ: Արցախից յետոյ Փաշինեանը Հայաստանում ոչնչացնում է այն ամէնը, ինչը կապւում է Արցախի եւ Արցախեան պատերազմի հետ: Որպէսզի թրքական թանտեմը որեւէ մտահոգութիւն չունենայ, թէ մի օր ազգային ինքնութիւնը հայ ժողովրդի մօտ կարող է արթնանալ, Փաշինեանը փորձում է վերացնել այն ամէնը, ինչը կապւում է այդ ինքնութեան հետ` արժէքային համակարգ, ազգային եկեղեցի, պատմական անցեալ: Քանի որ թուրքերը մշտապէս ցեղասպանութեան հարցի հետապնդումը կապում են Սփիւռքի գործօնի հետ, Փաշինեանը ցեղասպանութեան հարցի հետ մերժում է նաեւ Սփիւռքը, նրա կապը հայրենիքի հետ:
Երրորդ հանրապետութեան էջի փակումը եւ մոգոնուած 4-րդ հանրապետութեան հռչակման ցանկութիւնը նշանակում է հէնց մերժումը վերը թուարկուած արժէքների, 36 տարուայ անցած ճանապարհի ջնջումը եւ հայութեան վերածումը անհող, անինքնութիւն ու անողնաշար զանգուածի, նոյնպիսի անբովանդակ էութեամբ տարածքի վրայ: Նիկոլ Փաշինեանը Արեւմտաթուրքական հովանաւորներին ճգնում է հաւաստիացնել, որ եթէ ինքը մնա, պատրաստ է Հայաստանի հաշուին գնալու ցանկացած տեսակի զիջումների ու փոփոխութիւնների, իսկ իր չլինելու դէպքում կը գան «ռուսաստանին ծառայող ազգայնականներըէ եւ ամէն ինչ գլխիվայր շուռ կը տան: Հնարաւոր պատերազմի մասժն Փաշինեանի նախընտրական հիստերիկան ուղղուած էր ոչ միայն ներքին լսարանին, այլեւ ուղերձ էր արտաքին ուժերին, որ իր պարտութեան դէպքում եկող նոր իշխանութիւնների հետ առճակատուելու են, որովհետեւ վերջինները չեն դառնալու արտաքին ուժերի հլու կամակատարը:
Փաշինեանն ասում է, թէ TRIPP-ը Հայաստանի անվտանգութեան երաշխիք է, սակայն այն հսկայական զիջում է, որը կարող էր տեղի ունենալ, օրինակ, Ամն-ին պատերազմում պարտուելուց յետոյ: Ժողովրդից գաղտնի` Հայաստանի իշխանութիւնների կողմից Սիւնիքի ընդերքի ազգային հարստութեան հարցում հերթական զիջումն արուեց: Ընդ որում, նոյնիսկ Հայաստանի իշխանութիւններին բանի տեղ չդնելով` պարզապէս Արարատ Միրզոյեանին կանչեցին «զուարթնոցէ օդանաւակայան, որտեղ նա ԱՄՆ պէտքարտուղարի հետ ստորագրեց ղազագիր, որից յետոյ Ռուպիոն հեռացաւ Հայաստանից: Ոչ մի այցելութիւն Հայաստանի Հանրապետութեան պետական հաստատութիւններ եւ ոչ մի դիւանագիտական ընդունելութիւն, եւ ոչ էլ որեւէ պատշաճ արարողակարգ: Իսկ մի՞թէ արտաքին ուժերի համար դրածոներն արժանի են այդ պատուին: Փաշինեանն իր բոլոր արտաքին յարաբերութիւնների մէջ Հայաստանի փոխարէն փորձում է բարձրացնել իր արժէքը: Սա միաժամանակ այն հանգամանքն է, որն, ըստ Փաշինեանի, պէտք է շահագրգռի ամերիկացիներին եւ միւսներին իր իշխանութեան վրայ մնալու հարցում, այլապէս, ուրիշները եթէ գան, կարող են վերանայել հակահայ ու գլխաւորաբար թրքամէտ գործարքները:
Իրականում հէնց այս է սկզբունքը Նիկոլ Փաշինեանի վարած 8-ամեայ արտաքին քաղաքականութեան` համոզել արտաքին ուժերին, թէ իրենց շահերի առումով միայն Փաշինեանի իշխանավարումն է նպաստաւոր, այլապէս միւսները չեն ենթարկուի եւ կը պաշտպանեն Հայոց պետութեան ինքնիշխան շահերը: Ինչպէս մեր ասելիքի սկզբում նշեցինք, Նիկոլ Փաշինեանը մեծ գրաւ դրեց եւ այժմ կանգնած է մեծ գին վճարելու իրողութեան առջեւ: Նա իր բոլոր յայտարարութիւններով խաբեց ժողովրդին, եւ այդ խաբէութիւններն այսօր դուրս են եկել ջրի երես: Նա չկարողացաւ շտկել յարաբերութիւնները Ռուսաստանի իշխանութիւնների հետ եւ լայն առումով, վերջինի շուկայի փակուելու հետ, ոչ միայն հայ արտադրողն է մնում առանց եկամտի, այլեւ Հայաստանը զրկւում է հսկայական առեւտրաշրջանառութեան օգուտներից: Նիկոլ Փաշինեանը խաբեց խոստանալով, թէ Հայաստանի առջեւ կը բացուեն Եւրոպական շուկաների դռները, լաւ իմանալով, որ Եւրոպան անորոշ հեռանկարում նման բան թոյլ չի տայ: Իշխանութիւնն ուզուրպացրած ղեկավարը խօսեց կայացած խաղաղութեան ու բարիդրացիութեան մասին, իսկ դրա դիմաց այսօր նրանից թուրքական տանդեմը պահանջում է նորանոր եւ անյապաղ զիջումներ` անքլաւների յանձնում, Ադրբեջանի ցանկացած Սահմանադրութեան ընդունում, ադրբեջանցիների վերադարձ, հայ եկեղեցու եւ հայ ազգային-պետական գործիչների հալածանք եւ այլն:
Այս իշխանութիւնը սարսափի ու կատաղութեան նոպա է ունենում, երբ քաղաքական գործիչը, վերլուծաբանը, սփիւռքահայը, հոգեւորականն ու պարզ քաղաքացին որեւէ ակնարկ են անում Արցախի ու արցախահայութեան իրաւունքների, հայ ժողովրդի անցեալի յաղթական էջերի կամ թէ ցեղասպանութեան վերաբերեալ, աղաղակելով, թէ դա վտանգում է խաղաղութեան գործընթացին: Միեւնոյն ժամանակ իրեն խուլի ու յիմարի տեղ է մեր երկիրը Արեւմտեան Ադրբեջան յայտարարելու, Հայաստանից կենսական նշանակութեան զիջումներ պահանջելու ամենօրեայ խօսոյթի ու գործողութիւնների պարագայում, որոնք գեներացւում, գործնականօրէն զարգացւում ու պաշտօնական բնոյթ են ստանում Ադրբեջանի իշխանութիւնների կողմից: Ուրեմն սա՞ է կայուն խաղաղութիւնը եւ այսպիսի խաղաղութիւնը պահպանելու երաշխիքը:
Նիկոլ Փաշինեանի իրարայաջորդ, ռեպրեսիւ գործողութիւնները ցոյց են տալիս, որ նա այրում է օրինականութեան եւ արդարադատութեան հետ ունեցած բոլոր կամուրջները եւ գնում է վա բանկ` երբ իր դաւաճանական, անօրէն քայլերի համար պատասխանատուութիւնից խուսափելու միակ միջոցը իր իշխանութեան ժամկէտը հնարաւորինս երկարաձգելն է: Որքան արտաքին գործօններն աւելի ճնշեն Փաշինեանին, նա աւելի շատ է գնալու ներքին հալածանքների: Նա փորձելու է շեղել ժողովրդին արտաքին լրջագոյն խնդիրներից, փորձելու է չէզոքացնել ժողովրդական կազմակերպուած ըմբոստացման հնարաւորութիւնը, ի սկզբանէ զրկելով հաւանական շարժումներին հաւանական ղեկավարութիւնից, ինչպէս եւ սարսափ սերմանելով ստիպել, որ պարզ մարդկանց մտքով իսկ չանցնի վատթարացող իրավիճակը չհանդուրժելու գաղափարը:
Փաշինեանն ընտրութիւններում դէմ առ դէմ առերեսուեց իր նկատմամբ ժողովրդի ատելութեանը, բայց որովհետեւ ողջ ժողովրդին պատժել չի կարող, վայրենի կրքով փորձում է նսեմացնել ազգային աչքի ընկնող գործիչներին: Վերջիններիս խորապատկերի վրայ ընդգծւում էր, Փաշինեանի բռի-գեղջկական, սանձարձակ եւ դատարկ էութիւնը: Եթէ միւսները խօսում էին Հայաստանի զարգացման ծրագրերից, 8 տարուայ վարչապետը շարունակում էր հայհոյել նախկիններին, սպառնալ, թէ կը նստացնի, կը կզացնի, ունեցածները ձեռքերից կխլի: Կարելի է ասել, որ խարդախութեամբ ընտրութիւնների արդիւնքները սեփականած Փաշինեանի համար սկսուել է քաղաքական հոգեվարքը, որը կարող է երկար տեւել, եթէ կուտակուած հասարակական ելեկտրականութիւնը չլինի: Այսօր Հայաստանին անհրաժեշտ է համախմբուած ազգային ուժերի միասնական պայքար, ինչը կ’իրականացուի երկարատեւ ժամանակի համար կազմուած գործողութիւնների ճանապարհային քարտէսով: Պէտք է ընդունենք, որ դժուարին մարտահրաւէրների առջեւ է ոչ միայն իշխանութիւնը, այլեւ ընդդիմութիւնը: Իրականութիւնը թելադրում է նաեւ ընդդիմութեան անելիքը, որը նոյնպիսի քննութեան առջեւ է քաղաքական դաշտում իր առաքելութեան իրականացման հարցում:
Ընդդիմութեան անունից հանդէս եկող մի շարք ուժեր ու անհատներ նախընտրական շրջանում իրենց քննադատութեան սլաքն ուղղել էին աւելի շատ մրցապայքարի մէջ մտած ազգային ուժերի դէմ, դրանով ոչ միայն պառակտելով ազգային ընդդիմադիր դաշտը, այլեւ տրամաբանական հարց ծնելով, թէ իրականում ում հետ են եւ ում դէմ են իրենք:
Առաջատար ընդդիմադիր ուժերը պէտք է միաւօրէն քաղաքական-հասարակական դաշտը, որտեղ այսօր առողջ ուժեր եւ բազմաթիւ կարող անհատներ կան, ինչպէս եւ հսկայական դժգոհ ժողովուրդ, որի մօտ կամաց-կամաց հասունանում է դժգոհութիւնը նաեւ ընդդիմադիր դաշտի կրաւորական պահուածքի համար: Անցած ընտրութիւններում ընդդիմութեան անվիճելի յաղթանակին խանգարեցին նաեւ փոքր ուժերի ու անհատ գործիչների մասնաւոր յաւակնութիւնները եւ մասնատուած գործունէութիւնը: Այնինչ Հայաստանի այսօրուայ տագնապալի իրավիճակը բոլոր առողջ ազգային ուժերին պարտադրում է յաւակնութիւնները առժամանակ մի կողմ թողնել եւ համախմբուել յանուն երկրի փրկութեան: Խնդիրների լուծումը ժամանակի դատին թողնելը յանցանք կը լինի պետութեան ճակատագրի հանդէպ: Մինչեւ ընդհուպ 2023 թուականի աշունը դժուար էր հաւատալը, թէ մենք ամբողջովին կը կորցնենք Արցախը (յուսանք ժամանակաւորապէս): Այսօր էլ կարծես չենք ցանկանում ընդունել, որ լինել-չլինելու ճակատագրական իրողութեան առջեւ է Հայաստանի Հանրապետութիւնը: Գործնական եւ հրապարակային պայքարը այլընտրանք չունի, իւրաքանչիւրը պէտք է յանձնի իր քննութիւնը կամ մի կողմ քաշուի:
Ծանօթագրութիւններ
1. https://iravunk.com/?p=343746&l=am (մուտք` 28.08.2026):
2. https://hraparak.am/am/post/5950ffdc3ffa7d680b8400b297a322aa), (մուտք` 28.08.2026):

