Նայէ՛ք Ձեր Թողած Հետագծին Եւ Յետոյ Համարձակութիւն Եւ Բարոյականութիւն Ունեցէ՛ք Գնահատելու Սփիւռքն Ու Դաշնակցութեանը

Լիլիթ Գալստեան
Յապաւումով
Ինձ միշտ զարմացրել է չիմացած բաներից ինքնավստահ եւ աժան խօսող մարդկանց համարձակութիւնը, նոյնքան եւ աւելի` չիմացած բաները դիտաւորութեամբ եւ նենգամտաբար սեւացնելը` այն էլ Ազգային Ժողովի ամպիոնից:
Սա սովորական ՔՊ-ական ձեռագիր է եւ ուրիշ անուն ունի, բայց գերադասում եմ ժշմարտութիւնը․․․
Օրերս, ՔՊ-ն ներկայացնող պատգամաւորուհիներից մէկը Ազգային Ժողովի ամպիոնից` հաւանաբար նախընտրական սքանչանքի ու շէֆին հաճոյանալու մոլուցքի մէջ, հետեւեալ մերկապարանոց յայտարարութիւնն արեց․ «Դաշնակցութիւնը սփիւռքում կրթում էր երիտասարդների․ չենք ուզում նման կրթութիւն, եթէ դա այն կրթութիւն է, որ նախորդ օրը մենք տեսանք համացանցում, ինչպէս մարդատեատութիւն սովորեցնել․․․է»:
Ընկերային ցանցում յայտնուած, Դաշնակցութեան հետ որեւէ առնչութիւն չունեցող ինչ-որ մասնաւոր անձի, ինչ-որ կիսագրագէտի անձնական րիլզի վրայ եզրակացութիւն կառուցելը, այն կրթութիւն համարելը, յետոյ էլ սա թիրախաւորելը բառիս ուղիղ իմաստով ամբոխավարութիւն է, ոչ արհեստավարժ ու նախնական չարախօսութիւն: Սա նաեւ սեփական լսարանը չյարգելու աժան ամբոխահաճ վարք է, այն էլ` կրթութեամբ իրաւաբանի համար: Սա ՔՊ-ական ձեռագիր է․ ութ տարի ստով եւ ծարդածութիւնով ժողովիդին կերակրող․․․
Իհարկէ, մարդիկ, որոնց միտքը, խիղճն ու պարկեշտութիւնը մթագնել է նախընտրական մոլուցքից, դժուար թէ ընդունեն սեփական սխալը կամ` փորձեն կողքից ընկալել իրենց յայտարարութիւնների մեղկութիւնն ու դատարկութիւնը:
Եւ, այնուամենայնիւ, Սփիւռքն ու դաշնակցութիւնն այնքան պիտի չիմանալ, կամ` այնքան չսիրել, չյարգել, տառապել սեւացնելու մոլոուցքով` այսպիսի դատարկ ու անպատասխանատու յայտարարութեան համար:
Դե՜ արի սրանց ուղեղը մտցրու, որ Սփիւռքը հայադէմ պահելու համար, դեռեւս 1928-ին Աղբալեանն ու Շանթը Համազգային կրթական եւ մշակութային միութիւնը հիմնեցին: Որ Համազգայինի Լիբանանի ճեմարանն այս տարի իր հիմանադրոթեան 95- ամեակն է նշում եւ, որ այն Սփիւռքի մտաւորական փաղանգի քանի սերունդ է տուել, դե՜ արի ու էս ոչնչատեսիլներին բացատրի, որ Համազգայինի Մարսէյի ճեմարանը Ֆրանսայի լաւագոյններից է, որ տարիներ շարունակ ճանաչւում է տարածաշրջանի լաւագոյն ճեմարան եւ այդպիսին լինելու համար Ֆրանսային կառավարութիւնից պետական աջակցութիւն է ստանում:
Որ շուտով արդէն հարիւր տարի Դաշնակցութեան հիմնադրած ազգային վարժարաններում սովորոեւնում են Վրացեանի պատգամը` «Ամէն բանէն վեր` Հայրենիք ու Հայաստան»:
Ո՜չ, ձեր ուղեղում սա չի տեղաւորուի․․․․
Դե՜ արի ու էս չիմացեալներին հասկացրու, որ Համազգայինի Սիտնիի Գոլսթըն ճեմարանը կրթութեան գերազանցութեան համար ընդգրկուել է նահանգի յիսուն առաջատարների ցանկում:
Չէ՜, ձեր պոլշեւիկաբարոյ ուղեղներին չի էլ հասնի, որ աշխարհի տարբեր ծագերում Համազգայինի-Դաշնակցութեան բացած 50-ից աւելի կիրակնօրեայ վարժարաններում հարիւրաւոր հայ երեխաներ մայրենին են սովորում, որ հայ մնան․․․
Վերջերս Ա․Մ․Ն․ Արեւմտեան շրջանում էի, ուր Լոս-անճելըս նահանգի Ֆերահեան, Շամլեան, Ալեք- Փիլիպոս, Փիլաւճէան, Սան Ֆրանսիսքոյի Զաքարեան-Վապուրական ազգային վարժարաններում, Թուֆենքեան նախակրթարանում բարձորակ ազգային կրթութիւն եւ դաստիրակութիւն են ստանում հազարաւոր հայ պատանիներ: Ափսոսում եմ, որ աւելի շատ վարժարաններ այցելելու ժամանակ չունեցայ․․․
Երախտագիտութեան, ակնածանքի ու յարգանքի զգացումս անափ էր` տեսնելով, թէ ինչ հրաշալի պայմաններում են բարձրօրակ կրթութիւն ստանում հայ աշակերտերը, ինչպիսի հոգածութեամբ եւ սրտացաւութեամբ են շրջապատուած նրանք, ազգային ինքնութիւնն ու ազգային դաստիարակութիւնը ինչպիսի տեղ է զբաղեցնում նրանց առօրեայում ազգային ինքնութիւնն ու ազգային դաստիարակութիւնը, հայոց լեզուն:
Ի դէպ, մինչ դուք ձեր լեզուամտածողութիւնից ջնջում էք ԱՐՑԱԽԸ, բոլոր դպրոցներից հեռացնում էք Փառքի անկիւնները, նոր սերնդի յիշողութիւնից ջնջելով մեր հերոսներին, մեր հերոսամարտն ու, ըստ էութեան մեր արժանապատուութեան պատմութիւնը, ես բոլոր ազգային վարժարաններում` Հ․Հ․ եւ Ա․Մ․Ն․ դրօշների կողքին տեսայ ծածանուող Արցախի դրօշը, տեսայ մեր բոլոր սրբազան խորհրդանիշները, ներկայ եղայ Վարդանանց պատմութեան ը նուիրուած բաց դասին, լսեցի Հայաստանին ու Հայրենիքին նուիրուած երգեր, լսեցի Հայոց Պատմութեան տարբեր դրուագները ներկայացնող ներկայացումներ, Թումանեանից, Տէրեանից ու Իսահակեանից ցուցադրական պաստառներ, եւ ամէնուր ՄԱՇՏՈՑ, որ դուք` ՔՊ, ջնջել էք անգամ Այբբերանարանից: Այս վարժարանները նահանգային իշխանութիւններ կողմից լաւագոյն կրթական հաստատութիւններ են ճանաչուել, սրանց թիկունքում թեմական խորհուրդների-ազգային վարչութիւնների, խնամակալ մարմինների, բարեգործների, ծնողների, դաշնակցութեան տասնամեակների նուիրումն է:
Բայց դաշնակցաֆոպիան եւ սփիւռքատեացութիւնը ձեր քաղաքական թիմի կրետոնի կտաւն է, ձեր ուրացումն հայրասպանութեան է վերածուել․ պոլշեւիկեան մաղձի․․․այսպէս պետութիւն, այն էլ` ազգային պետութիւն, չեն կառուցում:
Նայէ՛ք ձեր թողած հետագծին` աւէր, կորուստ, արիւն, մաղձ, պառակտում եւ ատելութիւն․․․եւ յետոյ համարձակութիւն եւ բարոյականութիւն ունեցէք գնահատելու ՍՓԻՒՌՔՆ ու Դաշնակցութեանը․․․
Յ․Գ․- Իսկ թէ ինչի մասին է ձեր կրթական քաղաքականութիւնը, շատ եմ խօսել եւ էլի եմ խօսելու․․․:

