ՅԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԵԱՑՔ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ ՈՒ ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ
Նիւ Եորք
Անցած ամիս Ուաթըրթաունում կայացաւ Համազգայինի Ա.Մ.Ն.-ի Արեւելեան Նահանգների 37-րդ Ներկայացուցչական ժողովը: Նախորդող ժողովներին մասնակցել եմ … տասնամեակներով, բայց այս մէկը երկար մտածել տուեց: Գուցէ, որովհետեւ այդ քաղաքը ինձ համար դեռ պարունակում է Մինաս Թէօլէօլեանի շունչը` տարիներին քամահրող ու երբեք չխամրող “ներկայութիւնը“: Գուցէ Գոհար Թէօլէօլեանի մի՛շտ հմայիչ ոգի՞ն մղեց մտածելու: Գուցէ եւ սիրելի, յղկուած, բովանդակալից Թաթուլ Սոնենց-Փափազեանի յայտնուե՞լն էր դադարի ընթացքում: Խմբագիր Զաւէն Թորիկեանի հետ ցաւալիօրէն կարճատեւ, բայց արուեստով կայծկլտող զրո՞յցը: Ի վերջոյ, գուցէ պարզապէս մտածելու ժամանակ ունեցայ տուն վերադառնալու երկար ճանապարհին: Մի խօսքով, մտահանգումս այն էր, որ այս ժողովը դրականօրէն տարբերուեց նախորդների երկար շարանից:
Շարանի մեջ եղել է, որ զարմացել, զայրացել, ձանձրացել եմ: Աւելի յաճախ` տխրել եմ, տեսնելով, որ կեանքից հեռացել են մեր փայլուն ընկեր-ընկերուհիներից շատերը, իրենց հետ տանելով վառ անհատականութիւնների հետ շփուելու ուրախութիւնս: Ու եղել է, որ լուրջ ու իմաստալից մտքերի կողքին ծիծաղս հազիւ եմ զսպել, լսելով ճամարտակութիւններ, ճոռո՜մ մենախօսութիւններ, յագեցած հռետորական հարցումներով ու նաեւ պարզապէս շաղակրատանք: Բայց այս ժողովը սիրելի դարձաւ հէնց նրանով, որ ներկաները մտքեր էին յայտնում, ուղիներ որոնում, համարձակ ծրագրեր առաջարկում` պարզումէկին, առանց ճարճատուն ճառերի, թէկուզ եւ երբեմն կաղացող հայերէնով: Ճիշդն ասած, ինձ համար ոգեւորիչ էին Հայաստանի Ամերիկեան Համալսարանի հետ ստեղծուող ելեկտրոնային կապը, Արեւմտեան Հայաստանի պատմա-մշակութային յուշարձանների նկարագրութիւնն ու զետեղումը համացանցում, պատանիների համար նախատեսուած հայագիտական նիւթերով խաղ-մրցոյթը: Ա՜յ քեզ բան … Հրաշալի է, որ շրջանաւարտ Շրջանային Վարչութիւնը իր գործունէութեան կողքին, հասցրել է նաեւ վերոյիշեալ ու դեռ մի քանի այլ ծրագրերի հիմքը դնել: Է՛լ աւելի հրաշալի է, որ պատկառելի տարիքի հասած մեր միութիւնը այսպէս երիտասարդանում է, համարձակօրէն ու համընթաց քայլելով 21-րդ դարի պայմաններին, ելեկտրոնային միջոցները ծառայեցնելով իր բուն նպատակին` Հայ մշակոյթի տարածմանն ու պահպանմանը: Ժողովից արդէն իսկ գոհ վերադարձայ հիւրանոց, բայց առջեւում դեռ համերգի վայելքն էր:
Փոխանակ վերջում յետգրութեան պէս (չգիտեմ էլ թէ ինչո՞ւ է այդպէս ընդունուած), այստե՛ղ կ՛ուզենայի շնորհակալութիւն յայտնել կազմակերպիչ յանձնախմբին ու շրջանաւարտ Շրջանային վարչութեան անդամներին այս երկօրեայ բազմաբնոյթ ձեռնարկները կատարելապէս կազմակերպելու համար: Պատկերացնում եմ, թէ ինչքա՜ն աշխատանք է տարուել համադրելու համար Ուրբաթ օրուայ հաւաքոյթը, ժողովի ընթացքը, Շաբաթ օրուայ համար սրահի նախապատրաստումն ու նրբաճաշակ զարդարանքը, բազմակողմանի յայտագրի ընթացքը, համերգային մասի ծրագրումը եւ ի վերջոյ հիւրասիրութիւնը:
Ճիշդ էր ու տեղին, որ “Մայիլեան Եռեակի“ մեծատաղանդ երգչուհիները Ուրբաթ երեկոյեան ներկայ էին համախմբման բացմանը, առիթ ընծայելով ներկաներին շփուել Հայրենի արուեստագիտուհիների հետ, վաստակուած մեծարանքի խօսքեր ասել նրանց: Սրտաբաց տանտէրերի հիւրընկալ օջախում էր, որ նոյն ազգի ու նոյն մշակոյթի հաւատաւորները մեկտեղուեցին: Ի վերջոյ, “Մայիլեան Եռեակի“ երգչուհիներն` իրենց փայլուն տաղանդով, մեր միութենականներն` իրենց ջանքերով ծառայում են նոյն նպատակին, այն է` ամենուր վառ պահել հայ արուեստը ու այն հասցնել ժողովրդին: Դարձեալ շնորհաւորում եմ նրանց, ովքեր հետեւողականօրէն պատրաստել էին մրցանակների տուչութեան կարգը, ընտրել թեկնածուների մէջ լաւագոյններին, հրաւիրել հոգով ու արուեստով լիարժէք ՀԱՅ Էրիք Նազարեանին եւ մասնաւորաբար “Մայիլեան Եռեակի“ն: Թէ, հայ չենք լինի, եթէ դժգոհութիւն չյայտնենք (կարծեմ, սա ինքնահաստատման դրսեւորում է դարձել), երբեմն նոյնիսկ յանուն այդ “ինքնահաստատման“ ոմանք պատրաստ են ծուռ հայելու մէջ արտացոլուած նկարագրել իրականութիւնը: Ինչեւէ, ուրեմն ես էլ շտապեմ ազգային պատկանելիութեանս գրաւականը ներկայացնել. Թովմաս Սամուէլեանի ելոյթի ինքնակենսագրական մասը հարկ էր կրճատել, քանի որ ամբողջութեամբ կրկնուեց ծրագրում տպագրուած կենսագրականը: Այլապէս` կեցցէ՛ք, կազմակերպողներ: Դահլիճից հեռացանք “Մայիլեան Եռեակ“ի թողած սքանչելի տպաւորութեան տակ եւ ունկնդիրների յոտնկայս ու որոտընդոստ ծափահարութիւններից ոգեւորուած ու հպարտ, որ հայաբնակ բոլոր համայնքների բարբառներով ու լեզուներով խօսող ունկնդիրները նո՛յն յուզախառն ներշնչումն արտայայտեցին Հայրենի երաժիշտների հանդէպ:
Վստահ ենք, որ այդ ոգով էլ Համազգայինը կը շարունակի իր օգտաշատ գործունէութիւնն ամէնուրէք, միշտ փարած մնալով Հայ արուեստին ծառայելու բարձր նպատակին, անտեսելով խոչընդոտներն ու յոռետեսներին:


