ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԹՈՒՐՔԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Ցեղասպանութեան բոլոր դէպքերը պէտք է քննարկուեն, որպէս համաշխարհային պատմութեան մաս: Եթէ հաւատում ենք «Այլեւս երբեք» կարգախօսին եւ ցանկանում ենք կանխարգիլել ցեղասպանութիւններն ապագայում, պէտք է այս դարակազմիկ իրադարձութիւններին վերաբերուենք որպէս համընդհանուր կենսափորձի եւ բոլորիս անհանգստութեան մի մասը:
«Նիւ Եորք Թայմզ»ի Հոկտեմբեր 18-ի համարում Տենիըլ Կոլհակընի նոր գրքի գրախօսութեան մէջ, որը վերնագրած է Պատերազմից էլ վատ. Ցեղասպանութիւնը, բացառումը եւ մարդկութեան նկատմամբ շարունակուող վիրաւորանքը, Ճէյմս Թրաուպը գրում է.
Սակայն զանգուածային ջարդերի դուրս թողնումը գիտակցական գործողութիւնների տիրոյթից ինքնին դառնում է արդարացում եւ մարդասպանների, եւ մեզ համար, ասել է թէ ինչպէ՞ս մենք՝ հասարակ ժողովուրդս, ովքեր գնահատում են կեանքը, կարող էինք գնալ այդպիսի խելագարութեան: Այսպիսի ազդեցիկ եւ խորապէս անհանգստացնող զանգուածային ջարդերի “բնական պատմութեամբ” Տենիըլ Ճոնահ Կոլդհակընը կոչ է անում վերջ տալ նման գիտակցուած կուրութեանը… Կոլհակընը պնդում է, որ նոյնիսկ ամենավատ դաժանութիւնները ծնւում, այնուհետեւ իրագործւում են մի շարք բաւականին գիտակցուած հաշուարկների հիման վրայ որքան առաջնորդների, այնքան էլ հետեւորդների կողմից: «Մենք այլեւս պէտք է վերջ տանք զանգուածային ոչնչացումն ու դրա տարատեսակ հանդիսացող զանգուածային սպանութիւնը քաղաքականութեան մեր ըմբռնումներից տարանջատելուց», գրում է Կոլդհակընը… Դաժանութիւնները յիշեցնում են մէկը միւսին: Դրանց տարբերութիւնները դրսեւորւում են իրագործողների գաղափարախօսութեան, մաքրազերծուած աշխարհի մասին նրանց բնորոշ երեւակայութեան, ոչնչացման ենթակայ զոհերի մասին իրենց հայեացքներով…
Սակայն եթէ մեր վերջնական նպատակն է վստահ լինել, որ Ռուանտայի նման ցեղասպանութիւնների դէպքում այլեւս երբեք չենք լինելու դիտորդի դերում, հանրային կարծիքը չպէտք է կառուցուի ազգային շահերի խիստ հաշուարկմամբ, այլ խղճի կանչով… Նա կասկածանքով է վերաբերւում Միացեալ Ազգերի Կազմակերպութեանը, որի՝ ինքնավարութեան նկատմամբ յարգանքի եւ ներքին գործերին չխառնուելու հիմնարար սկզբունքները, ծառայում են, ինչպէս ինքն է արդարացիօրէն մատնանշում, որպէս վահան առաջնորդների համար Սուտանում եւ այլուր, ովքեր հակուած են կոտորելու իրենց սեփական ժողովրդին:
Այս յօդուածը հետաքրքիր է որպէս մամուլի հրապարակում ինչպէս թուրք-հայկական արձանագրութիւնների ստորագրումից առաջ, այնպէս էլ յետոյ: Առաջանում է անընդհատ ծամծմուող թեմա յատկապէս այն երկրներում, որոնք դեռեւս պաշտօնապէս չեն ճանաչել 1915 թուականին հայերի նկատմամբ իրագործուած զանգուածային ջարդը որպէս ցեղասպանութիւն. Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ առկայ վէճը Ցեղասպանութեան շուրջ իրենց քննարկման առարկան է: Օրինակ, Պի.Պի.Սի.-ին Հոկտեմբերի 10, 2009-ի արձանագրութիւնների մասին իր զեկոյցում նշել է, որ արդիւնքում՝ հայերն ասում են, որ դա Ցեղասպանութիւն էր, իսկ Թուրքիան ասում է Ցեղասպանութիւն չէր, ուստի ընթերցողը չգիտի ինչին հաւատայ:
Հայերը քարոզարշաւ են կազմակերպել այդ սպանութիւնները միջազգայնօրէն որպէս Ցեղասպանութիւն ճանաչելու ուղղութեամբ, եւ աւելի քան քսան երկրներ արդէն ճանաչել են այն: Թուրքիան ընդունում է, որ բազմաթիւ հայեր են սպանուել, սակայն նշում է, որ նրանց մահը պայմանաւորուած էր Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ ընթացող լայնածաւալ մարտերի պատճառով:
Դեռեւս 2005-ին, մարդու իրաւունքների ճանաչուած գործիչ եւ Նոպէլեան մրցանակի դափնեկիր Էլի Ուիսելը բնութագրում էր, որ հայ-թրքական յարաբերութիւնները կապուած են որոշ բարդութիւնների հետ, քանի որ «ժառանգական ատելութիւնը դժուար է ջնջել»: Այնպիսի տպաւորութիւն է ստեծում, որ երկու երկրների միջեւ եղած հիմնախնդիրն աւելի շուտ անուղղելի դարաւոր պատմութիւնն է, քան մի քաղաքական հիմնախնդիր, որն առաջացել է յստակ պատմական իրադարձութիւնից՝ 1915թ.-ին Օսմանեան Թուրքիոյ կողմից իրագործուած Հայոց Ցեղասպանութիւնից:
Ապրիլի 9, 2009-ին, երբ նախագահ Պարաք Օպաման Թուրքիայում էր, զգուշանալով հայ-թրքական խնդիրներին ուղղակիօրէն միջամտելուց, նշեց.
Ես ցանկանում եմ լինել այնքան քաջալերող, որքան հնարաւոր է այս բանակցութիւնների հարցում, որոնք ընթանում են եւ կարող են արագօրէն, շատ շուտով արգասաբեր լինել: Եւ որպէս հետեւանք, այն ինչ ցանկանում են անել ոչ թէ կենտրոնանալն է իմ հայեացքների վրայ, այլ կենտրոնանալն է թուրք եւ հայ ժողովուրդների հայեացքների վրայ, եթէ նրանք կարող են առաջ անցնել եւ դէմ առ դէմ կանգնել իրենց դժուար եւ ողբերգական պատմութեանը, կարծում եմ այդ ժամանակ ամբողջ աշխարհը կը խրախուսի նրանց: Ուստի այն, ինչ ասել եմ նախագահին, այն է, որ ես ցանկանում եմ լինել այնքան կառուցողական որքան հնարաւոր է այս խնդիրներն արագօրէն առաջ տանելու հարցում: Եւ իմ գնահատմամբ, դրանք արագօրէն ընթանում են առաջ: Որպէս Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ, ես չեմ ցանկանում առաջ ընկնելով բացայայտել հարցի կարգաւորման հնարաւոր տարբերակներ կամ անել յայտարարութիւններ, որ մօտ ապագայում հնարաւոր է որ արուեն: Ես միայն ցանկանում եմ նշել, որ այս հարցերի լուծման ուղղութեամբ մենք հանդէս ենք գալու որպէս գործընկեր այն ձեւով, որ ամենակարեւոր կողմերը՝ թուրքերն ու հայերը, ամենակառուցողական եղանակով գան ընդհանուր յայտատարի:
Թւում է, թէ կայ որոշակի տեսակէտ, որը յաղթանակած յայտարարում է, որ միայն Թուրքիան եւ Հայաստանն իրաւունք ունեն շահագրգռուած լինելու Հայոց Ցեղասպանութեան մէջ եւ դա ոչ մի այլ կողմի խնդիրը չէ:
Հետաքրքիր է, արդեօք Ռուանտայի ցեղասպանութիւնը կարելի՞ է բնութագրել որպէս միայն հութուների եւ թութցիների քննարկման առարկայ: Ռուանտայի իրավիճակի բարդութիւններն, օրինակ, ներառում էին Պելճիքան, Ֆրանսան, Պուրունտին, Ուկանտան, Քոնկոյի Ժողովրդավարական Հանրապետութիւնը, Միացեալ Նահանգները եւ Մ.Ա.Կ.-ը: «Ցեղասպանութիւն» բառից խուսափելու նպատակով Ա.Մ.Ն. աղաւաղումները 1994-ին, եւ Ցեղասպանութեան անխուսափելիութեան մասին զօրավար Տալերի նախազգուշացումն ընդունելու Մ.Ա.Կ.-ի մերժումը, որն արւում էր, որպէսզի խուսափէին ներգրաւուել այդ խնդիրների մէջ, բաւականին լաւ հիմնաւորուած են փաստերով: Այսպիսի ակնյայտ քաղաքական ոճ վրդովմունք առաջացրեց շատերի մօտ, եւ այն տառապանքը, որ առաջ եկաւ 800 հազար զոհերի դաժան սպանութիւններից, ստիպեց մեզ կիսել այդ ծանր ցաւը մեզ նման մարդկային էակների հետ: Ցեղասպանութեան սարսափը, երբ մի խմբի տղամարդիկ, կանայք, երեխաներն ու ծերերը թիրախի տակ էին վերցուել ոչնչացուելու նպատակով, միջազգային իրաւունքի բացայայտ խախտում էր եւ ցուցադրւում էր բոլորիս պատկերասփիւռի կայաններէն՝ բոլորիս տուն բերերով այդ անարդարութիւնը: Որոշ մարդկանց համար, թերեւս, աւելի հեշտ էր ուղղակի դիտորդ լինել այդ ցեղասպանութեանը, սակայն ոչ ոք այսօր չի կարող պնդել, որ այդ ողբերգութիւնը միայն հութուների եւ թութցիների գործն է:
Նոյնը ճիշդ է նաեւ Ողջակիզման եւ Հայոց Ցեղասպանութեան պարագայում: Իրականում Հայոց Ցեղասպանութիւնը գիտնականների կողմից ճանաչուած է որպէս ժամանակակից ցեղասպանութեան տիպար, որի դասերն ունեցել են համաշխարհային կիրառութիւն: Դասերից մէկը, որ մասնաւորապէս կապւում է Հայոց Ցեղասպանութեան հետ այն է, թէ ինչպէս է յանցագործութեան մերժումը խրախուսում ապագայ ցեղասպանութիւն իրագործողներին, ինչպէս օրինակ գիտենք Ատոլֆ Հիթլերի եւ Ալպերթ Սպիրի մասին: Որպէսզի կարողանանք կանխարգիլել ցեղասպանութիւնն ապագայում, մենք պէտք է բարձրացնենք տեղեկացուածութիւնը ցեղասպանութեան մասին որպէս աղէտ մարդկութեան համար եւ ուսուցանենք մեր հասարակութիւններում դրա մասին: Մենք պէտք է պայքարենք ցեղասպանութեան ցանկացած դէպքի արժէքը նսեմացնելու կամ անտեսման ցանկացած փորձի դէմ: Այն պահից երբ զիջում ենք որեւէ ցեղասպանութեան համամարդկային նշանակութիւնը, ցեղասպանութեան կանխարգելման ողջ համաշխարհային ջանքերը յօդս են ցնդում:
Ցեղասպանութեան կանխարգելումը եւ խօսքի եւ մտքի ազատութեան ապահովումը սահմանուած են Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրում եւ Մ.Ա.Կ.-ի Ցեղասպանութեան կանխարգելման եւ պատժի մասին խորհրդաժողովում: Այս հիմքի վրայ է, որ Զօրեան հիմնարկը նուիրուել է Ցեղասպանութեան մասին տեղեկացուածութեան բարձրացմանը եւ դրա կանխարգելման անհրաժեշտութեանն ու համամարդկային իրաւունքների խթանմանը: Սրանք այն սկզբունքներն են, որոնք արտացոլուած են թուրք-հայկակական հաշտեցման յանձնաժողովի 2001 թուականի մեր զեկոյցում, 2005-ին պատմաբանների յանձնաժողով ստեղծելու վարչապետ Էրտողանի առաջարկին ի պատասխան իրեն ուղղուած մեր բաց նամակում, 2006-ին Ֆրանսայում ցեղասպանութեան ժխտումը որպէս յանցագործութիւն ճանաչելու օրէնսդրական առաջարկին ընդդէմ մեր յայտարարութեան մէջ, 2009-ի Մարտին Օլպրայթ-Քոհէն Ցեղասպանութեան կանխարգելման յատուկ յանձնաժողովի հաշուետւութեան շուրջ (որն այլ հարցերի շարքում հիմնուած էր կեղծ դրոյթների եւ անցեալ պատմութեան անտեսման վրայ) մեր համակազմակերպած գիտաժողովում եւ անցեալ ամիս Արձանագրութիւնների վերաբերեալ նախագահ Սարգսեանին ուղղուած բաց նամակում:
Մեր դիրքորոշումն արձանագրութիւնների հարցում այն է, որ համոզուած լինենք, որ Հայոց Ցեղասպանութեան անվիճելիութիւնը ոչ անտեսուած է, ոչ էլ կասկածի տակ է դրուած: Այս նկատառմամբ ենք գրել նախագահ Սարգսեանին.
…բազմաթիւ առաջադէմ պատմաբաններ, քաղաքագէտներ, ընկերաբաններ, իրաւագէտներ, ինչպէս նաեւ մի շարք հեղինակաւոր հիմնարկներ բազմաթիւ անգամ ուսումնասիրել են Ցեղասպանութիւնը, հրատարակել մի շարք ակադեմական յօդուածներ ու գրքեր եւ նոյնիսկ հանդէս են եկել հանրային յայտարարութիւններով: Այս գիտնականներն իրենց մասնագիտական կեանքը նուիրել են ակադեմական ազնութեան բարձրագոյն մակարդակով գիտական հետազօտութիւններ անցկացնելուն: Իրենց հետազօտութիւնների արդիւնքում այս գիտնականները Հայոց Ցեղասպանութիւնը համարում են ժամանակակից ցեղասպանութիւնների տիպարը, որի կազմակերպման եւ իրագործման տիպարը մի շարքգայ դէպքերի հետ:
Այն, թէ ինչ են անում կամ ինչի շուրջ են համաձայնում հայկական եւ թրքական կառավարութիւնները որպէս երկու ինքնավար ազգեր, իրենց իրաւասութիւնն է: Սակայն մեր խնդիրն է բարձրացնել այս արձանագրութիւններում ներգրաւուած բոլոր կողմերի (երկու ստորագրող երկրների, ԵԱՀԿ երեք հսկող երկրների՝ Ա.Մ.Ն.ի Ռուսաստանի եւ Ֆրանսայի, եւ Եւրոմիութեան ներկայացուցչի) տեղեկացուածութիւնը, որ Հայոց Ցեղասպանութիւնը պատմական փաստ է, համամարդկային կենսափորձի մասն է եւ որեւէ փոխզիջման ենթակայ չէ:
Աւելին, այս ցեղասպանութիւնը հերքման, այս ահաւոր յանցագործութիւնը պարզունակ դարձնելու կամ որպէս Թուրքիոյ եւ Հայաստանի միջեւ առկայ մի հարց դիտարկելու ցանկացած փորձ խստօրէն քննադատուելու է այս ոլորտի գիտնականների, իրաւաբանների եւ մարդու իրաւունքների գործիչների կողմից: Վերջերս փրոֆ. Ուիլիըմ Շապասի կողմից գրուած ներքովիշեալ բաց նամակը այս որոշման ցայտուն վկայութիւնն է.
Յարգելի վարչապետ Էրտողան եւ նախագահ Սարգսեան.
Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ առաջադրուած արձանագրութիւնները պահանջում են ստեղծել «անկողմնակալ պատմական յանձնաժողով» որն ուսումնասիրելու է այն, ինչ յայտնի է աշխարհին որպէս 1915-ի Հայոց Ցեղասպանութիւն:
Որպէս առաջատար գիտական կազմակերպութիւն, որը ներգրաւուած է ցեղասպանութեան ուսումնասիրութիւններում՝ մենք ողջունում ենք շարունակական ուսումնասիրութիւնը, որ կÿընդլայնի 1915-ի ջարդերի մասին մեր ըմբռնումը: Սակայն մենք մեծապէս զգուշանում ենք այնպիսի՝ իբր թէ անկողմնակալ հետազօտութիւններից այն հարցերի շուրջ, որոնք արդէն յստակօրէն հաստատուած պատմական փաստեր են:
Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը պէտք է հանդիսանայ ցանկացած «անկողմնակալ պատմական յանձնաժողովի» մեկնակէտը, այլ ոչ թէ դրա հնարաւոր եզրահանգումներից մէկը: Աշխարհը չի ընդունի որեւէ կասկած ո°չ նացիստական Ողջակիզման, ո°չ Ռուանտայում թութցիների ոչնչացման հարցերում, եւ ոչ էլ ան կարող է ընդունել հայերի ցեղասպանութեան դէպքում:
Ուիլիըմ Շապաս, Նախագահ,
Ցեղասպանութեան Ուսումնասիրութիւնների Միջազգային Ընկերակցութիւն
1915-ին մօտաւորապէս 1.5 միլիոն հայեր կոտորուեցին ՝ Օսմանեան Կայսրութեան ներքին խնդիրներին միջամտելու մեծ երկրների քաղաքականութեան եւ Առաջին Համաշխարհային Պատերազմի պատմական ֆոնի ներքոյ: Մինչ Մայիս 24, 1915-ին Դաշնակից Երկրները (Ֆրանսան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը) զգուշացնում էին Օսմանեան առաջնորդներին, որ իրենք պատասխանատւութեան են ենթարկուելու «մարդկութեան դէմ յանցագործութիւնների» համար, Ա.Մ.Ն. դեսպան Հենրի Մորկընթոն Յունիս 16, 1915-ին նկարագրում էր այն, ինչ տեղի էր ունենում որպԷս «ազգային բնաջնջում»: ՌաֆայԷլ ԼեմՔինը՝ այն իրաւագէտը, որ շրջանառութեան մէջ մտցրեց «Ցեղասպանութիւն» եզրը 1944-ին, նկարագրելով իր անձնական յիշողութիւնը, թէ ինչպէս այս ուսումնասիրութիւնների մէջ, գրում էր.-
Ես աւելի ու աւելի էի նոյնացնում ինձ այն զոհերի տառապանքների հետ, որոնց թիւն աճում էր, եւ շարունակում էի պատմութեան իմ ուսումնասիրութիւնը: Ես հասկացայ, որ յիշողութեան գործառոյթը ոչ միայն անցեալի իրադարձութիւնների գրառումն է, այլ նաեւ մարդկային խղճի խթանումը: Շուտով հետեւեցին Ցեղասպանութեան ժամանակակից օրինակները, ինչպիսին էր հայերի բնաջնջումը:
Մենք նշում ենք, որ Արձանագրութիւնների ստորագրման արարողութեան դիտորդները՝ Ռուսաստանը, Ֆրանսան, Եւրոպական Միութիւնը եւ Զուիցերիան (բանակցութիւնների միջնորդ կողմը), բոլորն արդէն ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը իրենց համապատասխան խորհրդարանների միջոցով: Ա.Մ.Ն.-ը, որի պաշտօնական դիւանագիտական արխիւը Հայոց Ցեղասպանութեան ամենահարուստ աղբիւրներից մէկն է, ինքնին ստիպուած է լինելու վերջապէս դադարեցնել զիջել ճշմարտութիւնը քաղաքական նպատակայարմարութեանը: Նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981թ.-ին անուանել է այն ցեղասպանութիւն: Նախագահ Ճորճ Պուշը 2004-ին այն նկարագրել է որպէս «բռնի տեղահանումների եւ սպանութիւնների արդիւնքում աւելի քան 1.5 միլիոն հայերի բնաջնջում Օսմանեան Կայսրութեան վերջին տարիներին»: Նախագահ Օպաման 2008-ի Յունուարին նշել է.
Ամերիկահայերի հետ, որոնց մեծ մասը Ցեղասպանութեանը վերապրողների սերունդներ են, ես նոյնպէս կիսում եմ սկզբունքային նուիրուածութիւնը ցեղասպանութեան յիշատակմանը եւ վերջ տրմանը: Դա սկսում է համաշխարհային պատմութեան մէջ ցեղասպանութեան ողբերական օրինակների ճանաչմամբ: Որպէս Ա.Մ.Ն. սենատոր, ես կանգնած եմ ամերիկահայ համայնքի կողքին՝ Թուրքիայից պահանջելու ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Երկու տարի առաջ ես քննադատել եմ Ազգային անվտանգութեանը՝ Հայաստանում Ա.Մ.Ն. դեսպան Ճոն Էվընզին աշխատանքից ազատելու համար, այն բանից յետոյ, երբ նա պատշաճ կերպով օգտագործել է «Ցեղասպանութիւն» եզրը՝ բնութագրելու համար հազարաւոր հայերի կոտորածը Թուրքիոյ կողմից, որ սկսուել է 1915-ից: Ես պետքարտուղար Ռայսի հետ կիսել եմ իմ խիստ համոզուածութիւնը, որ Հայոց Ցեղասպանությունը քուէարկութիւն, անձնական կարծիք, կամ տեսակէտ չէ, այլ աւելին՝ լայնօրէն փաստարկուած իրողութիւն, որ հիմնուած է հսկայածաւալ պատմական վկայութիւնների վրայ: Փաստերն անհերքելի են: Այն պաշտօնական քաղաքականութիւնը, որ պահանջում է դիւանագէտներին աղաւաղել պատմական փաստերը, անպաշտպանունակ քաղաքականութիւն է: Որպէս ծերակուտական՝ ես մեծապէս աջակցում եմ Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւի անցկացմանը եւ որպէս նախագահ՝ ես կը ճանաչեմ Հայոց Ցեղասպանութիւնը:
Չնայած վերոգրեալին՝ մենք այն կարծիքին ենք, որ չնայած թուրքերն այսօր մեղաւոր չեն Ցեղասպանութիւնն իրագործելու մէջ, նրանք պատասխանատու են, քանի որ ընդունում եւ թոյլ են տալիս Թուրքիոյ պաշտօնական պետական ժխտումը: Ժխտումը համարւում է ցեղասպանութեան վերջին փուլը, որը շարունակում է իր զոհը դարձնել վերապրողներին եւ նրանց սերունդներին՝ աւելի խորացնելով այն բաց վէրքը, որ չի կարող բուժուել: Այն անգնահատելի ցաւը, որ հայն է զգում, չի տարբերւում այն ցաւից, որ հրեան, լեհը կամ գնչուն է զգում այն մարդկանց պատճառով, ինչպիսիք են Իրանի նախագահ Ահմէտինեժատը, որը ժխտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի Ողջակիզմանը, կամ ինչպէս թութցին է զգում, երբ Ռուանտայի ցեղասպանութիւնն է ժխտւում:
Որպէս եզրակացութիւն, անհրաժեշտ է նշել, որ Հայոց Ցեղասպանութիւնը համաշխարհային պատմութեան մի մասն է: Եթէ ցանկանում ենք կանխարգիլել ցեղասպանութիւններն ապագայում, ապա մենք պէտք է վերաբերուենք ցեղասպանութեան բոլոր դէպքերին որպէս համընդհանուր կենսափորձի եւ բոլորիս անհանգստութեան առարկայ:
ՌՈՃԸՐ ՍՄԻԹ
Նախագահ, »Զօրեան« Հիմնարկի
Հոկտեմբեր 21, 2009

