
Հայաստանում նախագահական ընտրութիւնների միջոցով նոր նախագահ չի ընտրւում: Պարզապէս տեղի է ունենում իշխանութեան վերարտադրութիւն: Եւ դա այնքան օրինաչափ է դարձել, որ այլեւս ոչ մէկի չի զարմացնում, տխրեցնում կամ ուրախացնում: Բայց նախագահական ընտրութիւնների միջոցով Հայաստանում միշտ, բոլոր դէպքերում “ընտրւում“ է նոր ընդդիմութիւն:
1996-ին “ամենայն հայոց ընդդիմադիր“ ընտրուեց Վազգէն Մանուկեանը, 1998-ին` Կարէն Տէմիրճեանը, 2003-ին` Ստեփան Տէմիրճեանը, 2008-ին` Լեւոն Տէր Պետրոսեանը: 2013-ի Փետրուարեան ընտրութիւններում ամենայն հայոց նոր ընդդիմադիր ընտրուելու հերթը Րաֆֆի Յովհաննէսեանինն էր:
Վերջիններիցս նա տարբերւում է երկու առումով:
Առաջին` նա նախորդներից աւելի շատ ձայներ հաւաքեց եւ պատմութեան մէջ կը մնայ, որպէս հոգեբանական 500 հազարի շէմը առաջինը յաղթահարած այլընտրանքային թեկնածուն: Պարզուեց, որ սեփական քուէն սեփական հայեցողութեամբ տնօրինելու եւ անպայման յանձինս ինչ-որ մէկի Սերժ Սարգսեանի եւ իշխանական համակարգի դէմ քուէարկելու ոչ հաւաքական քաղաքացիական կեցուածքն ի զօրու է վերածուելու քաղաքական այնպիսի հզօր գործօնի, որ ընդամէնը ինը ամիս առաջ Ազգային Ժողովի ընտրութիւններում 5 տոկոս քուէ ստացած քաղաքական ուժի ղեկավարին տայ ընդհուպ նախագահական ընտրութիւնների արդիւնքները վիճարկելու եւ երկրորդ փուլի պահանջ դնելու բաւարար քաղաքական հիմքեր:
Երկրորդ` այդ կարգավիճակը նա ձեռք բերեց անգամ իր համար այն աստիճան անսպասելի, որ հիմա պարզապէս չգիտի` ինչպէս վարուել այդ աղբիւրի հետ: Րաֆֆի Յովհաննէսեանն ակնյայտօրէն պատրաստ չէր այս “առանձնաշնորհը“ ստանալուն. նախընտրական շրջանում նա գրեթէ չշօշափեց այն հարցը, թէ ինչ է անելու, եթէ համարի, որ ընտրութիւնների արդիւնքները կեղծուել են, չյայտարարեց նաեւ, թէ մինչեւ ուր է գնալու, գնալու՞ է արդեօք առհասարակ, կամ եթէ գնալու է, ապա ի՞նչ ճանապարհով: Այսօր նա ընդամէնը կարողանում է Սերժ Սարգսեանին եղբայրաբար իշխանութիւնը խաղաղ յանձնելու եւ այդ կապակցութեամբ նրա ձեռքը սեղմելու առաջարկ անել` առանց հաշուի առնելու ընդամէնը երկու տարուայ վաղեմութեան ՏէրՊետրոսեանական նմանատիպ առաջարկների, տխրահռչակ երկխօսութիւնների անփառունակ վախճանը եւ այն հանգամանքը, որ Սերժ Սարգսեանի գլխաւոր զէնքը հէնց նմանատիպ առաջարկութիւններից օգտուելն է ու նման նախաձեռնութիւնները հէնց նախաձեռնողների դէմ շրջելը: Առաւելագոյնը, ինչ այս պահին փորձում է անել Րաֆֆի Յովհաննէսեանը, որոշակի ժամանակ շահելն է` յետագայ մարտավարութիւնը ճշդելու համար:
Սակայն հայաստանեան նախագահական ընտրութիւններն ի յայտ են բերում նաեւ տխուր օրինաչափութիւններ: Եւ դրանցից գլխաւորն այն է, որ բոլոր նոր ժամանակների ընդդիմութիւնների ղեկավարներն էլ (բացառութեամբ, թերեւս, Կարէն Տէմիրճեանի) վերջին հաշուով խաղը տանուլ են տալիս, որոնց հետեւանքը լինում է նրանց անխուսափելի լուսանցգայնացումը:
Րաֆֆի Յովհաննէսեանի ամենամեծ փորձութիւնը լինելու է հէնց այս հեռանկարից խուսափելը, թէեւ դրան ամենամօտը հանգամանքների բերումով հէնց նա է գտնւում: Պատճառը թէ՛ նրա` իբրեւ քաղաքական գործչի, տեսակի, բնաւորութեան առանձնայատկութիւնների մէջ է, թէ՛ այն ծրագրերի կամ յոյսերի, որոնք, ըստ ամենայնի, իշխանութիւնն է կապում Յովհաննէսեանի հետ:
Բանն այն է, որ անցած յատկապէս երկու տարուայ ընթացքում Րաֆֆի Յովհաննէսեանն իր մարդկային, բարոյական հիրաւի բարձր յատկանիշներից բխող հեղինակութիւնն ու ժողովրդականութիւնը վատնեց հակասական, որոշ դէպքերում տրամաբանական, ընդհանուր շղթայի մեջ չտեղաւորուող քայլերով ու որոշումներով: Թէեւ դրանք իսկապէս բխում էին ազնիւ մղումներից, հասարակական որոշակի տրամադրութիւններ ստեղծելու, արժէքներ ձեւաւորելու նպատակադրումներից, սակայն աւելի շատ թողնում էին յընթացս, պահի տակ կայացուող տաք եւ անշրջահայեաց քայլերի տպաւորութիւն, որը բացարձակապէս չէր տեղաւորւում ճկուն եւ հաստատակամ, սառնասիրտ ու ողջախոհ առաջնորդի կերպարի համատեքստում:
2011-ի աննպատակ նստացոյց-հացադուլը, Ազգային Ժողովի պատգամաւորի յանձնարարութիւնը յանձնել-ետ վերցնելը, կուսակցութեան ղեկավարի պաշտօնը թողնելը եւ սեփական կուսակցութեան պառակտման գնով այն նորից “ետ վերցնելն“ իսկապէս ստեղծել են հակասական գործչի մի տիպաժ, որն առաջնորդւում է ոչ այնքան իրաւացի մտածողութեամբ, որքան զգացմունքներով: Մի կողմից սա կարող է կասկածներ առաջացնել, թէ որքանով է նման կերպարը համապատասխանում երկրի ղեկավարման համար անհրաժեշտ որակներին, իսկ միւս կողմից` թէ ինչպէս է ստեղծուած ներկայիս վիճակում նա կարողանալու խոյս տալ այն տարատեսակ թակարդներից, որոնք նման դէպքերում սովորաբար լարվում են իշխանութեան կողմից: Սա իսկապէս փորձութիւն է, որը յաղթահարելով` Րաֆֆի Հովհաննէսեանը պէտք է կարողանայ փոխել իր անձի վերաբերեալ ձեւաւորուած այս հակասական ընկալումները:
Բայց շատ աւելի էական է այն, թէ իշխանութիւնն ինչպէս է փորձելու վերաբերուել հէնց Յովհաննէսեանի` ընդդիմութեան փաստացի ղեկավարի վերածելու ընթացող պրոցեսին: Բանն այն է, որ նախընտրական շրջանում իշխանական կամ իշխանամերձ քարոզչամեքենան ամէն կերպ ձգտում էր հէնց Յովհաննէսեանից կերտել “ամենայն հայոց ընդդիմադիրի“ կերպարը, այսինքն` ի դէմս նրա եւ նրա առաջնորդութեամբ ապագայ որակապէս նոր ընդդիմութեան կերտման նախադրեալներ ստեղծել: Դժուար է ասել` Յովհաննէսեանն ինքն ինչպէս էր վերաբերւում նման ակնյայտ միտումներին, բայց փաստն այն է, որ անգամ ընտրութիւններից յետոյ իշխանութիւնը, ըստ էութեան, չի հրաժարուել իր այս մտայղացումն իրականացնելուց: Այս առումով խիստ հետաքրքրական էր Հ.Հ.Կ. խորհրդի անդամ Գագիկ Մինասեանի արած դիտարկումը. որ “Եթէ Ր. Յովհաննէսեանը կատարի ճիշտ քաղաքական քայլ եւ փորձի ապացուցել, որ ինքը այս զանգուածի յոյզերի արտայայտիչն է, ապա կարծում եմ` քաղաքական դաշտում Ր. Յովհաննէսեանն ու “Ժառանգութիւն“ կուսակցութիւնը կը համարուեն առաջին ընդդիմադիր ուժը“:
Պէտք է ենթադրել, որ եթէ իսկապէս Րաֆֆի Յովհաննէսեանին առաջին ընդդիմադիր ուժը ճանաչելու հարցում իշխանութիւնը շահագրգռութիւն է հանդէս բերում, ապա դա միայն այն պատճառով է, որ այսպէս կոչուած Րաֆֆիական ընդդիմութիւնն առնուազն համարում է շատ աւելի նախընտրելի, քան Ծառուկեանական կամ Լեւոն ՏէրՊետրոսեանականը: Սա կարող է էլ աւելի հեռուն գնացող նպատակներ հետապնդել` կապուած ընդհանրապէս քաղաքական ներկապնակը փոխելու հետ: Բանն այն է, որ Րաֆֆիի միանշանակ գերխշխանութիւնը անխուսափելիօրէն կառուցուելու է Հ.Յ.Դ.-.Հ.Ա.Կ.- “Բարգաւաճ Հայաստան“ (այս վերջինը` վերապահումներով) մինչընտրական ընդդիմութեան փլատակների վրայ: “Ժառանգութիւն“ի “թիւ 1“ ընդդիմութիւն դառնալը ուղիղ համեմատական է այդ եռեակի` երկրորդ-երրորդը դառնալուն կամ առժամանակ լուսանցգային դաշտ տեղափոխուելուն, մանաւանդ եթէ հաշուի առնենք, որ նրանք իրենք ցանկացան ինքնամէկուսանալ եւ գործընթացներին հետեւիլ պարզ դիտորդի կարգավիճակով: Այսինքն` իշխանութիւնը փորձում է օգտուել ստեղծուած հնարաւորութիւնից եւ Րաֆֆիի ձեռքով վերջնական “նաք-աութ“ի ենթարկել սեփական հարուածից “նաք-տաուն“ում յայտնուած այս ուժերին ու վերջնականապէս տարածութիւնից զրկել Լեւոն ՏէրՊետրոսեանին ու յատկապէս Գագիկ Ծառուկեանին:
Մեծ հաշուով, սա հարուած է առաջին հերթին “Բարգաւաճ Հայաստան“ին, որովհետեւ Րաֆֆի Յովհաննէսեանը եւ “Ժառանգութիւնը“ սկսում են զբաղեցնել այն տարածութիւնը, որը սկզբում զբաղեցնում էին ՏէրՊետրոսեանն ու Հ.Ա.Կ.-ը, իսկ նրանցից յետոյ արդէն` Գագիկ Ծառուկեանն ու “Բարգաւաճ Հայաստան“-ը: Իշխանութիւնն ուղղակի ձգտում է այնպէս անել, որ ֆինանսական եւ կազմակերպչական անհամեմատ աւելի մեծ աղբիւրների տիրապետող “Բարգաւաճ Հայաստան“ը իր անունացանկի մեծամասնութեամբ կանգնի իշխանութեան մէջ վերջնականապէս տարրալուծուելու եւ այդպիսով խաղից դուրս գալու միակ նախընտրելի տարբերակի առջեւ: Եւ որքան Րաֆֆիի “ամենայն հայոց“ ընդդիմադիրի կարգավիճակը երկար շարունակուի, այնքան աւելի իրատեսական կը դառնայ “Բարգաւաճ Հայաստան“-ի էֆթանազիան:
Սակայն հարցն այն է` որքանո՞վ է Յովհաննիսեանն ինքն իրեն համարում այս գաղափարի մասը, եւ որքանո՞վ է պատրաստ դառնալու իշխանութեան գործիքը այսպէս կոչուած հին պահապան ընդդիմութեան դէմ իշխանութեան “թաքթիք“ական պայքարում: Այս հարցի պատասխանն է, որ Րաֆֆին հիմա, կամայ թէ ակամայ, տալիս է… “Ազատութիւն“ հրապարակում: